Գրքեր

Քարոզ Գյուտ Խաչի

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, որ միավորված եք Քրիստոսի սուրբ խաչով,

Այսօր մեր Մայր եկեղեցին նշում է Գյուտ Խաչի, այսինքն խաչի գտնվելու տոնը: Մեր թվարկության սկզբներին, երբ Հռոմեական կայսրությունում որևէ մեկը խաչի մահվան էր դատապարտվում, ընդունված էր թե՛ նրա մարմինը, թե՛ խաչափայտը գցել մահապատժի վայրին կից աղբանոցում՝ համարելով, որ դա հանցագործի արժանի պատժի շարունակությունն է: Սակայն Ավետարանից գիտենք, որ Տիրոջ մարմինը չմնաց այդտեղ, այլ Հովսեփ Արիմաթացի անունով մի արդար և բարեգործ մարդ, որ հրեաների ատյանի անդամ էր, բայց համաձայն չէր նրանց որոշմանն ու արածին, օրվա կառավարչի՝ Պիղատոսի մոտ գնաց և խնդրեց, որ Հիսուսի մարմինն իրեն տրվի (Ղուկ. 24:50-53): Խաչափայտը սակայն մնաց այնտեղ, զանազան նենգ ու խարդախ միջոցներով թաքցվեց հրեաների կողմից և հետագա դարերի ընթացքում դրա գտնվելու վայրը երկու անգամ մոռացվեց և վերստին հայտնաբերվեց Տիրոջ նախախնամությամբ, նախ՝ Պատրոնիկե, այնուհետև՝ Հեղինե բարեպաշտ թագուհիների շնորհիվ: Փա՜ռք ու պատիվ այս երանելի տիկնանց, որ իրենց առաքինությամբ, հավատով և բարեպաշտությամբ Աստծո կողմից արժանացան լինելու այն անձինք, որոնց միջոցով վեր հառնեց մոռացության մատնված սուրբ խաչն ու հանձնվեց համայն քրիստոնյաներին՝ երկրպագության համար:

Սիրելինե՛ր, այսօրվա տոնի ոգուն, խաչի խորհրդին ընդառաջ՝ օրվա ընթերցվածքներից ընտրեցի Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված առաջին նամակի տողերը, որոնցում կարդում ենք. «Որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն. քանի որ գրված է. «Պիտի կործանեմ իմաստունների իմաստությունը և հանճարեղների մտածումները պիտի արհամարհեմ»: Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր՝ բանգետը, ո՞ւր՝ այս աշխարհի քննողը: Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը. քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն նրա իմաստությամբ: Աստված էլ հաճեց փրկել հավատացյալներին այդ քարոզության հիմարությամբ: Իսկ որովհետև հրեաները նշան են հայցում, և հեթանոսները իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին՝ ի գայթակղություն հրեաների և ի հիմարություն հեթանոսների» (Ա Կորնթ. 1:18-28):

Սիրելի՛ հավատացյալներ, մարդն իր պատմության ակունքներից սկսյալ, երբ մեղսագործության հետևանքով զրկվեց Աստծո անմիջական ներկայությունից, գիտակցաբար կամ անգիտակցորեն, զանազան կերպերով, երբեմն մոլորություններով փնտրում է Նրան: Բոլոր ժամանակներում ու հասարակություններում, եթե նույնիսկ մարդն իրեն անաստված է համարել, չի հավատացել Արարչի գոյությանը, միևնույն է, ենթագիտակցաբար հասկացել է, որ իրենից վեր կա մի բարձրագույն Էակ, զորություն կամ ուժ, ինչպես ուզում եք անվանեք, որն իրենից գերակշիռ ուժ է ներկայացնում Տիեզերքում: Հելենները կամ հույներն էլ էին հասկացել, որ իրենցից վեր կա մի բարձր իմաստություն և իրենց համար բազմաթիվ չաստվածներ ու չաստվածուհիներ էին հորինել, սակայն քանի որ դրանք չէին կարող տալ այն իրական, բարձրագույն իմաստությունը, որը միայն ճշմարիտ Աստծուց է բխում, ուստի տրվել էին փիլիսոփայությանը, այսինքն մարդկային իմաստությանը, որի շուրջ էլ կերտել էին իրենց մշակույթը: Նրանք իրենց երկրում հիմնել էին փիլիսոփայության բազմաթիվ դպրոցներ՝ ամեն մեկն իր առաջնորդով և հետևորդներով: Հիշենք հայտնի Սոկրատեսին, Արիստոտելին, Պլատոնին, Դեմոկրիտեսին… Անուններն ու ուղղությունները շատ էին, և նրանցից յուրաքանչյուրն իր հայացքներն ուներ մարդու ստեղծման, կյանքի իմաստի, մարդ-աստված հարաբերությունների և այլնի մասին: Ուստի խաչի քարոզությունը խորթ ու բոլորովին հակառակ էր նրանց մտածելակերպին, տեսակետներին, փիլիսոփայությանն ու ժամանակի ոգուն, այդ պատճառով էլ հիմարություն էր թվում նրանց: Ինչ վերաբերում է հրեաներին, ապա նրանք հավատում էին իրենց հայրերի Միակ Աստծուն, որի զորությունը մեկ անգամ չէ, որ տեսել էին դարերի ընթացքում, և սպասում էին Նրա խոստացյալ Մեսիային, որը փրկություն պիտի պարգևեր Աստծո ընտրյալ ժողովրդին: Ինչպես հիշում ենք, նրանք արդեն բավականին երկար ժամանակ տառապում էին հռոմեական լծի ներքո և իրենց փրկությունն առաջին հերթին տեսնում էին այդ լծից ազատվելու մեջ: Իսկ Քրիստոս նրանց աչքերում մի հասարակ հյուսնի որդի էր, որ շրջում էր անուս ձկնորսների ուղեկցությամբ, մարդկային տեսակետից ո՛չ զորություն ուներ, ո՛չ բանակ, ո՛չ իշխանություն, և դա էլ բավարար չէր՝ խաղաղություն էր քարոզում և հորդորում սիրել թշնամիներին: Այնուհետև էլ անփառունակ և անարգ մահվան ենթարկվեց խաչի վրա՝ որպես հասարակ մի հանցագործ, ուստի խաչի ու Խաչյալի քարոզությունն իսկական գայթակղություն էր աշխարհին կառչած, աշխարհիկ նպատակներ ու արժեքներ հետապնդող և աշխարհի վրա փրկություն փնտրող հրեաների համար: Այս պատճառով էլ Պողոս առաքյալը վկայում է, որ մարդկային իմաստությունն ու տրամաբանությունը ի զորու չէ հասկանալ Աստծո զոհաբերությունը, այն փրկությունը, որ Աստվածորդու մարդեղացման ու խաչի տառապանքի միջոցով եղավ: Սակայն այս ամենով հանդերձ, ահա երկու հազարամյակից ավելի տարբեր ազգերի ու մշակույթների մարդկանց սրտերն ու հոգիները ձգվում են դեպի խաչն ու Խաչյալը: Ասում եմ սրտերն ու հոգիները, քանի որ մարդկային մտքից վեր է Աստծո խորհուրդների ու գործերի անհատակ խորությունը գիտակցելը, և մենք մի ճանապարհ ունենք միայն դրան հասնելու՝ սրտի ու հոգու ճանապարհը: Մենք հենց սրտով ենք ընդունում Քրիստոսին, հասկանում, թե Ով է նա մեզնից յուրաքանչյուրի և բոլորիս համար: Մեր սիրտն է, որ բացվում է հավատի առջև, և եթե հավատքի գործերում սիրտը չի մասնակցում, ուրեմն խաբում ենք ինքներս մեզ և դրանք ամենևին էլ հավատքի գործեր չեն, այլ՝ լոկ ծիսակատարություն, ցուցամոլություն կամ ձևականություն: Որովհետև միայն սիրտն է, որ կարող է հասկանալ Աստվածորդու զոհաբերության միակ պատճառը, գտնել այն բանալին, առանց որի Քրիստոսի քարոզությունը գայթակղություն ու հիմարություն է թվում: Հենց այդ պատճառն էր, որ մորը գամեց խաչյալ Որդու ոտքերի մոտ և այնտեղ պահեց հավատարիմ աշակերտին: Եվ հենց այդ հավատարիմ աշակերտն էլ իր Ավետարանում բացահայտեց այն պատճառը, որն Աստծուն անասելի տառապանքների ու ինքնազոհության տարավ: «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3:16), նաև՝ «Մենք սերը նրանով ճանաչեցինք, որ Քրիստոսն իր կյանքը զոհեց մեզ համար» (Ա Հովհ. 3:16): Այո՛, միայն սերն է, որ կարող է տանել ինքնազոհության: Ոչ մի այլ պատճառ չէր կարող Ամենակարող, Արարիչ Աստծուն մղել մարդկային կերպարանք առնել ու Իր վրա վերցնել մարդկային մեղքերի ու խաչի տառապանքի ողջ ծանրությունը: Միայն իսկական սերն էր, որ ապրեցրեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ յոթ օր փլատակների տակ մնացած երեք ամսական դստերն ու մորը, ով կաթ չունենալու պատճառով կտրել էր մատն ու սեփական արյունով սնել իր զավակին: Իսկական սերն էր, որ Ամերիկայում ծնված, աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատություններում փայլուն կրթություն ստացած Մոնթեին բերեց պատմական հայրենիք՝ կյանքի գնով պաշտպանելու իր ազգն ու հայրենի հողը: Ինչպես նաև մյուս բոլոր ազատամարտիկներին ու զինծառայողներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին Հայրենիքի և ընկերոջ համար: Քանի որ ոչ մի պարտքի զգացում, ոչ մի վախ կամ հրաման չի կարող ստիպել մարդուն իր կյանքը զոհել հանուն ինչ-որ մեկի կամ գաղափարի: Միայն Տիրոջ ասած այն մեծագույն սերն է, որ մարդուն մղում է ինքնակամ զոհաբերության (Հովհ. 15:13):

Արդ, թող աշխարհիկ ոչ մի իմաստություն, մարդկային ոչ մի փիլիսոփայություն և սին արժեք գայթակղություն չլինեն ձեզ՝ Աստծո սիրելիներիդ համար: Իսկ խաչի քարոզությունը թող զորություն լինի ձեզ համար, որ Նրա պատկերն եք կրում ձեր հոգում: Որ թույլ եք տվել Նրա անսահման սիրո լույսը ձեր սրտերում էլ վառվի: Ուրեմն ինչպես սիրո առաքյալ Հովհաննեսն է ասում. «Որդյակնե՛ր, մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլ գործով արտահայտված ճշմարիտ սեր: Ահա այսպես կիմանանք, որ հետևող ենք ճշմարտությանը» (Ա Հովհ. 3:18, 19): Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

29.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․