Գրքեր

Քարոզ Տնտեսի կիրակիի

Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ ու քույրեր,

Եկեք այսօր կրկին անդրադառնանք տիեզերական մեր ճամփորդությանը, մեր այս աշխարհից մյուս աշխարհ մեկնումին:

Երբ այս եկեղեցուց դուրս ելնեք և մտնեք աշխարհ, կտեսնեք, որ քաղաքակրթության մեջ շատ քիչ բաներ կան, որ ձեզ պիտի հիշեցնեն այս ճամփորդությունը. մեր կարդացած բոլոր վեպերը, մեր տեսած բոլոր ֆիլմերը սկսվում են ծնունդով և ավարտվում մահով: Աշխարհում մարդու մասին մեր իմացածը մշտապես սկսվում է ծնունդով և իր ավարտին հասնում մահով: Միայն կրոնն է, որ մեզ ասում է, թե մարդու կյանքն ունի շարունակություն, որովհետև այս կյանքի Ճարտարապետը՝ Աստված, խենթ չէ: Երևակայեցեք մի ծառ, որ տարիներով աճում է, ջուր խմում, արև առնում, հետո մեծանալով բողբոջ տալիս և ապա պտղակալում: Իսկ երբ այդ պտուղն ընկնում է գետնին, չորանում է: Եթե մենք չիմանայինք, որ այդ պտղի մեջ անմահության հունդ կա, պիտի ասեինք, թե այս ինչ խենթություն է, ինչի համար է ծառի այսչափ ջանքը: Բայց իրականում Աստծո Լոգոսը՝ Բանը, այդ ոչ բանական ծառի մեջ դրել է նպատակակետային սխրանք՝ շարունակականության սխրանքը: Մեր հավատը մեզ ասում է, որ նաև տիեզերքի մեծագույն հրաշքը՝ մարդ արարածը և նրա ճամփորդությունը գերեզմանով չի ավարտվում, այլ շարունակվում է: Հետևաբար, եթե սա է մեր հավատքը, ապա այդ մտայնությամբ էլ պետք է ապրենք: Եթե կա մեկը, որ այլ կենսափիլիսոփայություն կորդեգրի, բան չունեմ ասելու: Եթե մեկն ասում է, որ Աստված չկա, կյանքն արկած է, մենք էլ միայն մի կյանք ունենք, կմեռնենք ու փոշի կդառնանք: Այսպիսիների համար Պողոս առաքյալն ասում է. «ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք» (Ա Կորնթ. 15:32), սակայն մեզնից, որ կոչվում ենք հավատացյալներ, Տեր Հիսուսը պահանջում է ապրել այլ փիլիսոփայությամբ...

Մի մարդ խոսող թռչուն է գնում և նրան սովորեցնում իր կյանքի փիլիսոփայությունն այսպիսի մի նախադասությամբ. «Երջանիկ եմ, ուրախ եմ, կյանքը գեղեցիկ է»: Առավոտյան արթնանում է, իսկ թռչունը ձայնում է. «Երջանիկ եմ, ուրախ եմ, կյանքը գեղեցիկ է», ճաշին թռչունը կրկին բղավում է. «Երջանիկ եմ, ուրախ եմ, կյանքը գեղեցիկ է», աշխատանքից վերադառնալիս նույնպես լսում է. «Երջանիկ եմ, ուրախ եմ, կյանքը գեղեցիկ է»: Մի օր, երբ այս մարդը տանը չի լինում, հրդեհ է ընկնում, և տունն այրվում է: Հրշեջները գալիս են, սակայն բոցն արդեն տարածված է լինում ամենուրեք, և բոցերի միջից մի աղաղակ է լսվում. «Երջանիկ եմ, ուրախ եմ, կյանքը գեղեցիկ է»: Վստահաբար, մեզանից շատերն այս թութակի օրինակը կարող են լինել: Մեր շուրջն ամեն ինչ մահվան բոցերի մեջ է: Պարզապես օրվա կամ տարվա խնդիր է, և մենք պետք է մեռնենք: Մնալու համար չեկանք այս աշխարհ: Կյանքում առկա ամեն բան ցույց է տալիս, որ մեզանից ոչ մեկն այստեղ չի մնալու, ինչպես չմնացին մեր հայրերը, չեն մնալու նաև մեր թոռները: Ամենքս պիտի գնանք: Հետևաբար պետք է պատրաստություն տեսնենք այդ ճամփորդության համար, որովհետև չգիտենք, թե ուր ենք գնալու, և ինչ է սպասում մեզ այնտեղ: Տեր Հիսուսն այս մասին տեղեկացնելու համար մեզ մի առակ պատմեց, որի անունով էլ կոչվում է այս կիրակին: Դա Տնտեսի առակն է: Նախ ուզում եմ Տնտեսի մասին մի փոքր լուսաբանում տալ: Տնտեսն այն անձն է, որին հարուստը կարգում է իր կալվածքների վրա, որ նա կառավարի դրանք և շահույթ բերի իրեն: Հետևաբար, այս Տնտեսն ազատ է այդ կալվածքները տնօրինելու իրավունքներում և հաշվետու է միայն կալվածատիրոջը: Ուրեմն, այսպիսի մի Տնտեսի մասին էր Տեր Հիսուսի պատմածը. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի Տնտես ուներ. և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է տիրոջ ունեցվածքը: Տերը կանչեց նրան և ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս Տնտես լինել չես կարող»: Տնտեսն իր մտքում ասաց. «Ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունս ինձնից վերցնում է. հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի տնտեսությունից հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները»: Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով՝ առաջինին ասաց. «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»: Եվ սա ասաց. «Հարյուր տակառիկ ձեթ», և տնտեսը սրան ասաց. «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն»: Ապա դարձյալ մյուսին ասաց. «Դու ինչքա՞ն պարտք ունես», և սա ասաց. «Հինգ հարյուր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասաց. «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարյուր»: Եվ տերը գովեց անիրավ Տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ», որովհետև վերջիններս իրենց խելքը ինչպես հարկն է չեն օգտագործում հավիտենական ճամփորդության համար:

Ամերիկայի մեծահարուստներից մեկը՝ Ռոքֆելլերը, երբ հանգստի էր անցել, թոռների խնամքով էր զբաղվում: Ուներ մի թոռնիկ, որն ուսումնատենչ չէր, անվերջ ծուլություն էր անում: Մի օր նա գալիս և պապից հարյուր դոլար է խնդրում: Ռոքֆելլերն ասում է. «Տղա՛ս, հարյուր դոլարը խնդիր չէ, ես քեզ հարյուր հազար կարող եմ տալ, բայց իմացիր՝ աշխարհում մարդիկ պետք է աշխատեն և այդպես դրամ վաստակեն: Հետևաբար դու էլ պետք է աշխատես այդ հարյուր դոլարը ստանալու համար»: Թոռը հարցնում է. «Իսկ ես ի՞նչ պիտի անեմ»: «Մեր ագարակի միջով մի առվակ է անցնում, նրա երկու կողմերում տնկիր հարյուր ծառ, օրվա վերջում կստանաս հարյուր դոլար»: «Շատ լավ»,- պատասխանում է թոռը: Կեսօրին պապը գնում է տեսնելու, թե ինչ է անում թոռը և տեսնում, որ սա մի ծառի տակ քնած է: Հարցնում է. «Ի՞նչ ես անում», և թոռը պատասխանում է, թե՝ աշխատում եմ: «Այս ի՞նչ աշխատանք է»,- հարցնում է պապը: «Մի՞թե չես տեսնում: Ես մի սևամորթի եմ վարձել ու աշխատեցնում եմ՝ ամեն ծառի համար 50 ցենտ տալով: Օրվա վերջում հիսուն դոլարը կտամ նրան, իսկ մնացյալ հիսունն ինձ այսօր բավական է»: Ռոքֆելլերը հասկանում է, որ այս թոռն առևտրի մեծ շնորհ ունի և սկսում է նրա հետ այս ուղղությամբ զբաղվել և հետագայում իր գործերի մեծ մասը փոխանցում է նրան: Սա նշանակում է, որ մենք միշտ գնահատում ենք խելամտությունը, այն միշտ հիացմունք է պատճառում մեզ: Եվ մեր Տերն էլ է ասում մեզ, որ Աստված շատ է ուրախանում, երբ մենք խելամտորեն ենք գործում՝ հանուն մեր հավիտենական ճամփորդության: Մենք պետք է սիրաշահենք Աստծուն և ձեռք բերենք Նրա բարեկամությունը: Երբ մենք այս աշխարհում բարեկամներ ենք շահում, նրանք այնտեղ՝ մյուս աշխարհում են մեզ դիմավորելու: Սա այն Տնտեսի հնարամտության պես ողջախոհություն է ենթադրում: Եվ Տեր Հիսուսն էլ այս առակով կամենում է ասել, որ մեզ տրված այս աշխարհի հարստությունը հավիտենական չէ, որովհետև մենք Տնտես ենք միայն և ոչ մի իրական կալվածք չունենք այս աշխարհի վրա, ոչինչ մեզ չի պատկանում, և այն ամենը, ինչ տրված է մեզ, Տվողը հետ պիտի վերցնի ու հաշիվ պիտի պահանջի: Հետևաբար մենք բոլորս էլ միայն անիրավ տնտեսներ ենք և ոչ կալվածատերեր, և մեզանից ոչ մեկը չի կարող հաշիվ չտալ Աստծուն: Մենք բոլորս էլ մեր տնտեսությունից դուրս պիտի ելնենք, այսինքն՝ պիտի մեռնենք: Այս աշխարհը մեզ տրված մի ագարակ է, այս մարմինը՝ ժամանակավոր սեփականություն: Եվ նրանք, ովքեր չեն պատրաստվել Տիրոջը հաշիվ տալու համար, խավարը պիտի դիմավորի նրանց, ուր լաց պիտի լինի, ու ատամների կրճտոց, որովհետև չպատրաստվեցին այդ խավարն ու ցուրտը դիմագրավելուն: Իսկ նրանց, ովքեր պատրաստված են, լույսը պիտի սպասի, և հրեշտակներն ու բարի հոգիները նրանց պիտի առաջնորդեն դեպի երկնային բնակարաններ: Սա Աստծո խոսքն է, որ ասում եմ ձեզ: Ուրեմն եկեք մտածենք, կշռադատենք ու հարց տանք մեզ՝ ճշմարի՞տ է այս խոսքը, թե՞ ոչ: Իսկապես, մեր կյանքը մինչև գերեզմա՞ն է, թե՞ հետո շարունակություն է ունենալու: Եվ երբ որոշենք, որ շարունակվելու է, ապա պետք է բարեկամներ ստեղծենք մեզ համար հենց այս աշխարհում՝ մարդկանց օգնելով: Նայե՛նք, թե ինչ կա պակաս, ով է տխուր, որտեղ արցունք կա, որտեղ վերք ու հիվանդություն կա, այնտեղ էլ պիտի հասնենք: Եվ սա չպիտի անենք պարտադրված: Եվ եթե գիտակցաբար գործենք, Աստված պիտի նայի մեզ ու ասի, թե այս մարդը շատ մեղավոր է, շատ անիրավություններ է արել, սակայն այժմ Ինձ մոտ գալու համար գործում է խելամտորեն:

Այժմ էլ ուզում եմ խոսել ձեզ հետ միստիկ աստվածաբանության մասին, որպեսզի հասկանալի լինի մեր բարիք գործելու բուն իմաստը: Այն ամենը, ինչ անում ենք մարդկանց, ոչ թե Աստծո աչքին երևալու համար է, այլ հենց Աստծո համար է: Չէ՞ որ Տեր Հիսուսն ասաց մեզ, որ Ինքը որթատունկն է, իսկ մենք՝ ճյուղերը: Ուրեմն՝ ես, դուք, մենք, բոլոր ազգերը Քրիստոսի մարմնի ճյուղերն ենք: Հետևաբար, եթե այդ ճյուղերից մեկին օգնենք, Քրիստոսին օգնած կլինենք, եթե այս ճյուղերից մեկի վերքերը բուժենք, Քրիստոսին բուժած կլինենք: Ուստի, եթե այս մոտեցմամբ չդիտարկենք մեր անելիքները, ապա մեր բարերարությունը ինչ-որ տեղ կնմանվի սակարկության: Երբ օգնում ես ուրիշին, քեզ ես օգնում, Քրիստոսի մարմնի բարգավաճմանն ես նպաստում: Սա է ճշմարիտ բարությունը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ Ի՛նձ համար արեցիք» (Մատթ. 25:40): Եվ, վստահաբար, վերջին Դատաստանի օրն էլ մեզ պիտի ասի. «... քաղցած էի, և Ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և Ինձ ջուր տվիք խմելու, օտար էի, և Ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և Ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և Ինձ այցի եկաք» (Մատթ. 25:34): Եվ մենք զարմացած պիտի հարցնենք. «Ե՞րբ արեցինք այս ամենը», իսկ Նա պիտի բացի վարագույրը մեր աչքերի առջև, և մենք պիտի տեսնենք տիեզերական եղբայրությունը, մեր եղբայրությունը ոչ միայն մարդկանց հետ, այլև հրեշտակների, ամենայն արարածոց, բուսականության ու անշունչ տարրերի: Երբ որևէ թշնամություն ենք անում մեկին, Աստված պիտի բերի մեր դեմ, իսկ երբ բարիք գործած լինենք, Աստված պիտի դիմավորի մեզ ժպտերես և ուրախ սրտով: Սա էր ահա Տնտեսի կիրակիի մեզ տալիք ճշմարտությունը: Եկեք, ուրեմն, մեր բարեգործությամբ բարեկամներ շահենք այս աշխարհում, և Աստված պիտի դիմավորի մեզ ժպտերես: Չհոգնենք բարիք անելուց, քանզի դրանով հարստություն ենք դիզում երկնային արքայությունում: Ձեզ, սիրելինե՛րս, մաղթում եմ հարստություն, այն հարստությունը, որ փոխանցվում է այն աշխարհը: Այս է քրիստոնեության խորհուրդը: Տերը օրհնի բոլորիդ:

 

Տ. Սահակ վրդ. Մաշալյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Տնտեսի կիրակիին մատուցված Ս. Պատարագին, 24 փետրվարի 2008 թ.)

 

19.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․