Գրքեր

Քարոզ Տյառնընդառաջի

«Տեսին աչք իմ զփրկութիւն Քո. զոր պատրաստեցեր առաջի ամենայն ժողովրդոց: Լոյս ի յայտնութիւն հեթանոսաց եւ փառս ժողովրդեան Քում Իսրայէլի»:

«Աչքերս տեսան փրկությունը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի Քո ժողովրդի համար» (Ղուկաս 2:30-32):

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Այսօր միասնաբար տոնում ենք քառասնօրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայումը: Սիմեոն Ծերունին և Աննա մարգարեուհին «Հոգով առաջնորդված» եկան տեսնելու խոստացված Մեսիային, Որին Մարիամն ու Հովսեփը տաճար էին բերել: Տերը նրանց հայտնեց և ցույց տվեց Իր խոստման իրականացումը, քանի որ նրանք ցանկանում էին տեսնել մարդկության Փրկչին, Որի մասին այդքան մարգարեություններ էին գրվել: Հին ուխտը իր լրումին էր հասնում, և Սիմեոնն ու Աննան, որոնք աներկբա հավատում էին Փրկչի Գալստյանը, տեսան Նոր ուխտի հաստատումը Հիսուս Քրիստոսով: Տիրոջը տաճարին ընծայմամբ կարծես ավարտվում է Հին ուխտը և սկսվում Նորը, և Քրիստոսին տաճարին ընծայումը Հին և Նոր ուխտերի միաժամանակ թե՛ զատորոշումն է և թե՛ միակցումը: Սիմեոն Ծերունին և Աննա մարգարեուհին՝ իբրև Հին ուխտի ներկայացուցիչներ և կրողներ, սպասում էին Մեսիային և Աստծո կողմից արժանացան տեսնելու Նրան, Որով պետք է սկիզբ առներ Նոր Ուխտը և մի նոր դարաշրջան: Նրանք տեսան Հիսուս Քրիստոսին, հավատացին, ինչպես մոգերն ու հովիվները տեսան Նրան մսուրում, հավատացին ու երկրպագեցին Նրան և այլևս չփնտրեցին ապացույցներ: Մինչդեռ հրեա ժողովրդին Քրիստոսի երեք տարվա քարոզչությունը, հրաշագործություններն ու բժշկությունները, անգամ մահն ու հարությունը բավական իսկ չեղան, որ նրանք հավատան Նրա ճշմարիտ Աստվածությանը: 

Տեառնընդառաջի տոնը, սիրելինե՛ր, ցույց է տալիս, որ Աստված անչափ մոտ է մեզ: Առանց մեր խնդրելու՝ Նա եկել է մեզ ընդառաջ, Ինքն է հոգում մեր մաքրության, սրբության և Իրեն ըստ արժանվույն և հավուր պատշաճի ներկայանալու մասին: Մինչև մեր սիրելը՝ Նա է սիրում մեզ: Նրա հոգատարությունը մեր բարօրության համար է: Երբ զավակը փոքր է և անգիտակից, ոչինչ չի հասկանում, տեսնում է միայն ծնողի խնամքը: Սակայն երեխան հասունանում է և մի օր գիտակցում ծնողի անսահման հոգատարությունն ու սերը իր նկատմամբ, այն, որ ծնողը ամեն ինչ պատրաստ է զոհել հանուն իր առողջության, երջանկության և հաջողության: Մեր Երկնավոր Հայրն էլ այնքան է սիրում մեզ, որ Իր Միածին Որդուն է զոհում հանուն մեր փրկության, քանի որ Աստված մեզ կյանք է պարգևում և ցանկանում է նաև հավիտենական կյանքը շնորհել մեզ, միայն թե հավատանք Հիսուս Քրիստոսին: Հետևաբար՝ մենք՝ որպես զավակներ, գիտակցաբար պետք է գնանք Տիրոջն ընդառաջ և ոչ թե հրեական համառությամբ մերժենք Աստծուն, ցանկանանք լինել Արքայության սեղանի մասնակիցը և ոչ թե անառակ որդու պես հավատանք, որ այլ եզերքներում կարելի է գտնել իրական երջանկությունը, գնահատենք Հոր ապահով ժառանգությունը և ոչ թե նախընտրենք անգիտակից և աղտերով լեցուն կյանքը, հետևենք Քրիստոսին և ոչ թե անհնազանդությամբ հրաժարվենք ընդունել Նրա կամքը:

Աստված մեզ հետ է և անխելքություն է մարդու կողմից հեռու և անմասն մնալ Երկնավոր Ծնողի սիրուց և հոգատարությունից, Նրա պարգևներից և Իր Որդու արյան հեղմամբ շնորհած փրկությունից: Եկեք ընդառա՛ջ ելնենք Աստծուն, լինե՛նք խոհեմ և Աստվածասեր, որպեսզի իմաստությամբ ապրենք մեր կյանքը և խավարի փոխարեն նախընտրենք լույսը, անազատության փոխարեն՝ ազատությունը, աղտերի ու հիվանդության մահճի փոխարեն՝ մաքրությունն ու բժշկությունը, հոգու սնանկության փոխարեն՝ շնորհների լիառատությունը, քաղցածության փոխարեն՝ առատ հացը, դատապարտության փոխարեն՝ սերն ու օրհնությունը, ծարավի փոխարեն՝ անմահական ջուրը և վերջապես՝ մահի փոխարեն՝ կյանքը:

Սիրելինե՛ր, Տեառնընդառաջի տոնը արդեն երկար տարիներ վեհափառ հայրապետի կողմից հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր: Այս օրը մենք մեր օրհնությունն ենք բերում բոլոր նորապսակ զույգերին և մաղթում Քրիստոս վեմի վրա կառուցել սեփական տունն ու ընտանիքը: Լեռան քարոզում Հիսուս Քրիստոս ասում է. «Ով որ լսում է իմ այս խոսքերը և կատարում է դրանք, կնմանվի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա. անձրևները թափվեցին, և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին այդ տանը, բայց չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված: Իսկ ով որ լսում է Իմ այս խոսքերը և դրանք չի կատարում, կնմանվի մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա. անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և զարկեցին տանը, և նա ընկավ, և նրա կործանումը շատ մեծ եղավ» (Մատթեոս 7:24-27): Քրիստոնեական պատվիրանապահությամբ կառուցենք մեր տներն ու ընտանեկան կյանքը, սիրով և խնամքով, մեծ պատասխանատվություն ունենալով Աստծո առաջ, քանի որ Աստծո առաջ ենք ուխտ անում տեր կանգնել կանանց և հնազանդվել ամուսիններին: Աստված է օրհնել տղամարդու և կնոջ միությունը, Աստվածակերտ է ընտանիքը, և Քրիստոս, աշխարհ գալով, Իր առաջին հրաշքը կատարեց՝ Կանայում օրհնելով սուրբ պսակը: Աշխարհում փորձություններն ու փոթորիկները բազում են, մարդ կարող է դժվարանալ ղեկավարել ընտանեկան նավը և մի ակնթարթում կորցնել ընտանիքը, սխալ ու թյուր ընթացքով ոչնչացնել Աստվածաշեն կառույցը: Կյանքի ալիքների տարուբերումից մեր նավերը կարող են փրկվել միայն Քրիստոսի խարիսխով:

Ավետարանական ճշմարտության նպատակն է փրկել ընտանիքն ու ամուսնական սուրբ հարաբերությունները, օրհնել մանուկների ծնունդն ու կյանքը ընտանեկան ապահով հարկի ներքո, ծնող-զավակ փոխադարձ սիրո և հոգատարության միջավայրում: Ինչպես տիեզերքը հաստատուն է մնում Աստծո օրենքներով, և ամեն ինչ իր տեղում է ներդաշնակ ու գեղեցիկ, այնպես էլ ընտանիքը, որ Աստծո ձեռքի գործն է, օրհնվում է այն ժամանակ, երբ կառուցվում է պատվիրանապահությամբ և Աստծո կամքին հնազանդվելով:

Մաղթում եմ, որ այս տոնի խորհրդով զորացած՝ գնանք Տիրոջն ընդառաջ, և ունենանք հոգևոր տեսողություն, որպեսզի մեր հոգու աչքերով տեսնենք Աստծո լույսը և զորանանք մեր հավատքի մեջ: Թող քրիստոնեական լույսը լցնի նաև նրանց կյանքն ու հոգին, որոնք դեռ բարեբախտություն չեն ունեցել զգալու այդ փրկարար լույսի կենսատու շողերը, և մեր բոլորի ընտանիքները թող արժանանան Աստծո օրհնությանը և աճեն ու բազմանան քրիստոնեական ջերմ սիրո ներքո:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

14.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․