Գրքեր

Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ...

Երկնքի և երկրի Արարիչ Աստված, որ Իր անհուն սիրուց մղված` ստեղծեց համայն աշխարհն ու տիեզերքը և մեզ` մեղավորներիս համար երկնքից երկիր խոնարհվեց, խաչի անարգ մահը հանձն առավ հանուն աշխարհի փրկության, Իր համբարձումից առաջ խոստացավ մշտապես մեզ հետ լինել. «և ահա ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչև աշխարհի վախճանը»: Այո, Տերն, ըստ Իր անսուտ խոստման, մշտապես մեզ հետ, մեր կողքին է: Նա գթած Հայր է, որ հանապազ խնամում և հոգ է տանում մեզ նույնիսկ այնժամ, երբ մենք երես ենք դարձնում Նրանից, ընտրում դեպի կորուստ տանող ճանապարհը, վշտացնում ու դառնացնում ենք Աստծուն: Երբեմն էլ վշտի ու տառապանքի մեջ ըմբոստանալով Աստծու նկատմամբ` համարձակվում ենք ասել, թե լքել է մեզ Աստված…: Դա մի հուսահատական ճիչ է` ուղղված Բարձրյալին, Ով երբեք մեզ չի լքում և վշտի, և ուրախության ժամանակ: Ամեն օր և ամեն վայրկյան մեզ հետ է Աստված. «Մի  վախեցիր, քանզի քեզ հետ եմ»,-ասում է Տերը, Որ հավատարիմ է Իր խոստմանը: Ինչպե՞ս կլքի մեզ Նա, Ով մեզ համար լեղի խմեց, ապտակ կերավ և ծաղրվեց, որպեսզի մենք փրկվենք մեղքի ու մահվան իշխանությունից ու ծառայենք այլևս ոչ թե մեղքին ու չարին, այլ Իրեն` մեր Փրկիչ Աստծուն: Քանզի մեզ համար` «Տերը ծառա եղավ, Հավիտենականը` ժամանակավոր, Անչափը` փոքրիկ, Վերնագույնը` ստորագույն, Անբովանդակելին` բովանդակելի, Պարզը` բաղադրյալ, Անտեսանելին` տեսնվում է, Անշոշափելին` շոշափվում է, Հացը հրեշտակներին է կերակրում, տկարանում է երկնքի Զորությունը: Ամբարշտի պատճառով ձաղկվում է Գթությունը, տխմարի պատճառով ծաղրվում է Իմաստությունը, ստի պատճառով մեռնում է Ճշմարտությունը, անօրենի պատճառով մեռնում է Արդարությունը, անողորմի պատճառով տանջվում է Ողորմությունը, թշվառականի պատճառով մերժվում է Երջանկությունը, քացախով ու լեղիով արբենում է Քաղցրությունը» (Ընդհանրական վարդապետներ): Գիտակցու՞մ ենք, արդյոք, իմաստն այս խոսքերի, հասկանու՞մ ենք, արդյոք, թե ինչու` «Տերը ծառա եղավ»: Մեզ համար ծառա եղավ, մեզ համար խոնարհվեց երկնքից, որպեսզի մեզ բարձրացնի: «Ոչ թե Իր համար մեռավ, այլ մեզ` մեռյալներիս համար, դրա համար էլ Ինքն ընդունեց մեր աղքատությունն ու անարգանքը, որպեսզի Իր ամբողջ հարստությունը մեզ շնորհի, որովհետև Նրա չարչարանքները մեր անչարչարությունն են, Նրա մահը` մեր անմահությունը, և Նրա արտասուքը` մեր խնդությունը, Նրա թաղվելը` մեր հարությունը, Նրա մկրտությունը` մեր սրբությունը, և նրա վերքերը մեր բժշկությունն են, քանզի` «Նրա վերքերով մենք բժշկվեցինք», և Նրա պատիժը մեր խաղաղությունն է, քանի որ` «Մեր խաղաղության համար Նա պատիժ կրեց», և Նրա անփառությունը մեր փառքն է, Նրա էջքը մեզ համար բարձրանալ է…»: Որքան մեծ է Աստծու մարդասիրությունը, և որքան անսահման է Նրա ողորմածությունը…

Մինչդեռ մենք այսօր, հետևելով մեր ցանկություններին, ծառայում ենք մեղքին` գործակից լինելով բանսարկուին, ուրանում ենք Աստծուն մեր չար գործերով և ոչ միայն ուրանում, այլև հայհոյում, անարգում, գործում ամեն պղծություն` դառնացնելով մեր Արարչին և ապրում ենք այնպես, կարծես թե Աստծո Որդին ամենևին չի խաչվել մեզ համար: Մեղավոր և հանցավոր ծառաներս համարձակվում ենք երես թեքել Աստծուց, Ով մարմնացավ մեզ համար և հանապազ մեղանչում ենք ու չենք դադարում չարիք խորհելուց ու գործելուց: Որքան անգութ ու դաժան ենք վարվում մեր Արարչի ու Տիրոջ նկատմամբ և չենք ցանկանում փրկվել: Տերն ասում է. «Իմ շնորհը քեզ բավ է, միայն հավատա և կփրկվես»: Բազմագութ է Աստված, ներող ու համբերող, անեզր է Նրա քաղցրությունը, քանզի սպասում է յուրաքանչյուր մեղավորի դարձին, ապաշխարությանն ու անկեղծ զղջմանը: Նա Եսայի մարգարեի միջոցով ասում է. «Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի գթա իր որովայնի ծնունդներին և եթե կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա» (Եսայի 49:15): Այո, մոռանում ենք Աստծուն, ոչ թե Աստված է մոռանում մեզ, այլ մենք ենք մոռանում, և ոչ թե Աստված է լքում մեզ, այլ մենք ենք լքում Աստծուն…:

Որքան դյուրին է ընթանալ լայն ճանապարհով, որ դեպի կործանում է տանում և մեզնից շատերն են ընտրում այդ կործանարար ճանապարհը, ընտրում, ընթանում և կորստյան մատնվում: Բայց եթե զղջանք, սթափվենք ու ետ կանգնենք մեր ընտրած չար ճանապարհից, այդժամ Տերը, որ մեր ողջ ընթացքին մեր կողքին էր և սպասում էր մեծ համբերությամբ մեր դարձին, պիտի օգնի մեզ, վեր բարձրացնի, հայրաբար խնամելով` սփոփի և գթությամբ ընդունի: «Այնպես պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտված` պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխոսած` պիտի ասեմ, թե ինչ եք ուզում» (Եսայի 65:24),-ասում է դեպի երկինք մեր հայացքների դարձին սպասող ամենակարող Աստված, քանզի` «Որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորեղ է Տիրոջ ողորմությունն Իրենից երկյուղ կրողների վրա» (Սղմ. 102:11): Այո, Աստված մեր փրկությունն է կամենում և համբերող է մեր նկատմամբ: Ուստի չկարծրացնենք մեր սրտերն Աստծու Խոսքի նկատմամբ, բացենք մեր սրտերն Աստծո առջև, նախանձախնդիր լինենք բարու մեջ, արթուն լինենք աղոթքների մեջ, կառչենք մեր Հույսից` Ճշմարտության առհավատչյայից` Հիսուս Քրիստոսից և «…համարձակությամբ մոտենանք Նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք և շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք» (Եբր. 4:16): Գիտենք, որ Տերը մեզ հետ է մշտապես, մեր կողքին, մեզ չպիտի թողնի և ոչ էլ պիտի լքի, միայն թե մենք հավատարիմ լինենք Նրան, համարձակորեն մերժենք չարը, ընթանանք դեպի Աստված տանող անձուկ, բայց քաղցր և լուսավոր ճանապարհով, հավատանք, որ բազումողորմ Աստված սպասում է մեզ: Մտաբերենք Ահեղ և Անաչառ Դատաստանը, որ լինելու է, երբ Աստվածորդին երկրորդ անգամ գա` դատելու աշխարհը, հավատանք, սիրելիներ: Դառնանք դեպի Տերը, և Նա կդառնա դեպի մեզ և աղոթենք, որ «այստեղ մեղքերի փորձություններից, իսկ այնտեղ տանջանքների հրից մեզ փրկի մեր Բազմագութ և Ողորմած Տեր Քրիստոս Աստված, Որին փառք և զորություն և երկրպագություն հավիտյանս. ամեն» (սբ. Գր. Տաթևացի):

                                                            

Անժելա Խաչատրյան

06.07.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․