13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր

Քրիստոնեական կյանքի հիմքը

Սերը Աստծո և մերձավորի նկատմամբ քրիստոնեական բարոյականության սկիզբն է: Սիրո պատվիրանն իր մեջ խտացնում է բոլոր պատվիրանները, առանց անձնազոհ սիրո չի կարող լինել իրական քրիստոնեական կյանք: «Սերը քրիստոնեական կյանքի հիմքն է» (Ս. Մակար Մեծ): Աստծո նկատմամբ սերն անհնար է առանց մերձավորի հանդեպ սիրո: Սիրո միջոցով քրիստոնյան հասնում է Աստծու հետ հաղորդակցության, որովհետև «Աստված սեր է: Ով մնում է սիրո մեջ, նա միացած է մնում Աստծուն, և Աստված էլ՝ միացած նրան» (Ա Հովհ. 4:16): Հետևաբար, սեր ունեցողը Աստծուն է, որ ունի իր մեջ: «Սեր ունեցողը,- ասում է Պողոս առաքյալը,- համբերատար է լինում, քազցրաբարո: Սեր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավարության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը: Սեր ունեցողը միշտ զիջում է, միշտ հավատում, միշտ հույս է տածում, միշտ համբերում» (Ա Կորնթ. 13:4-7):

Քրիստոնեական իրական սերը հավիտենական կյանքի նախավայելումն է, այն սկսվում է այստեղ, իսկ հավիտենական կյանքում՝ կատարելագործվում: Քրիստոսի աշակերտները, Տիրոջ խոսքի համաձայն, չգիտեին սիրուց բացի այլ բարեգործություն. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:35):  

«Ով հոգ չի տանում մերձավորին,- ասում է Ս. Հովհան Ոսկեբերանը,- չի կարող փրկվել»:  Նա, ով սիրում է իր եղբորը, այդպիսին «լույսի մեջ է մնում», իսկ նա, ով ատում է իր եղբորը, այդպիսին «խավարի մեջ է, խավարի մեջ է քայլում և չգիտի, թե ուր է գնում», «Ով չի սիրում իր եղբորը, ենթակա է մնում մահվան: Ով ատում է իր եղբորը, մարդասպան է» (Ա Հովհ. 2:10-11; 3:14-15): Սերն Աստծո և սերը մերձավորի հանդեպ անխզելիորեն կապված են միմյանց հետ: «Այն մարդը, որ ասում է՝ «Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, ստախոս է: Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում: Մինչդեռ Քրիստոսի՝ մեզ տված պատվերն է, որ Աստծուն սիրողը, պետք է իր եղբորն էլ սիրի» (Ա Հովհ. 4:20-21): «Առանց մերձավորի նկատմամբ սիրո,- ասում է Ս. Իսահակ Ասորին,- միտքը չի կարող լուսավորվել և զրուցել Աստծո հետ»:

Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք, որ Աստծո թշնամին չի կարող մարդկանց ընկերը լինել: Ինչպես վառարանն առանց կրակի չի կարող տաքացնել, այդպես էլ Աստծուց օտարացած մարդը չի կարող իրական սեր ունենալ մերձավորի նկատմամբ: Մերձավորի հանդեպ իրական սերը հիմնավորվում է Աստծո հանդեպ սիրով: Եթե մենք սիրում ենք Աստծուն, ապա պետք է սիրենք և Աստծո պատկերին՝ մարդուն՝ անկախ նրա ազգությունից և կրոնական պատկանելությունից: Անհրաժեշտ է հարգել Աստծո պատկերը յուրաքանչյուր մարդու մեջ: Ով էլ որ լինի մեր մերձավորը, նրա համար Քրիստոս Իր արյունը հեղեց, յուրաքանչյուր մարդ Քրիստոսի արյան գինն է: Եթե սիրում ենք Աստծուն, ապա պետք է սիրենք նաև նրան, ում Աստված է սիրում, իսկ Աստված սիրում է բոլոր մարդկանց և ցանկանում է, որ բոլորը փրկվեն:  

Քրիստոնեության մեջ մենք միացած ենք Քրիստոսին, Ով եկեղեցու գլուխն է, Նրան հավատացողները կազմում են եկեղեցու մարմինը, իսկ յուրաքանչյուրն առանձին անդամն է մեկ մարմնի (Հռոմ. 12:5; Ա Կորնթ. 12:12-17; Եփես. 1:22-23; 5:23), այդ մարմնի ներդաշնակությունը պայմանավորված է անդամների սիրո միությամբ: Իսկ սիրո հիմնական մղումն այն է, որ Աստված  այնքան սիրեց մարդկանց, որ Իր Միածին Որդուն իսկ չխնայեց, այլ Նրան մինչև անգամ մահվան մատնեց մեզ համար, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա (Հովհ. 3:16; Հռոմ.8:32): «Եթե Աստված այսպես սիրեց մեզ,- ասում է առաքյալը,- ապա ուրեմն մենք ևս պետք է սիրենք միմյանց» (Ա Հովհ. 4:11): Քրիստոնեական սերը պետք է տարածվի բոլոր մարդկանց հանդեպ առանց բացառության: Մեր մերձավորները, ըստ էության, բոլոր մարդիկ են: «Հետևաբար, քանի դեռ ժամանակը մեր ձեռքերում է, բարիք անենք բոլորին, մանավանդ հավատի ճանապարհի մեր հարազատներին» (Գաղատ. 6:10):

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը      

 

20.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․