Գրքեր

Քրիստոնյա դառնալու համար պետք է բանաստեղծի հոգի ունենալ, դառնալ պոետ

- Մեր շուրջն ամեն բան Աստծու սիրո կաթիլներն են,- վստահեցնում էր հայր Պորֆիրիոսը։- Ուրախացեք այն ամենի համար, ինչ շրջապատում է մեզ։ Ամեն ինչ մեզ սովորեցնում է և տանում դեպի Աստծու սերը։ Մեզ շրջապատող ամեն բան Աստծու սիրո կաթիլներն են՝ և՛ շնչավորը, և՛ անշունչը, և՛ բույսերը, և՛ կենդանիներն ու թռչունները, և՛ լեռներն ու ծովը, և՛ մայրամուտն ու աստղազարդ երկինքը։ Դա փոքր սեր է, որի միջոցով գալիս ենք դեպի մեծ Սերը՝ Քրիստոս։ Օրինակ՝ ծաղիկներն իրենց գեղեցկությունն ունեն։ Նրանք մեզ սովորեցնում են իրենց անուշ բույրով, իրենց վեհությամբ։ Նրանք մեզ պատմում են Աստծու սիրո մասին։ Նրանք տարածում են իրենց բույրը, իրենց գեղեցկությունը և՛ մեղավորների, և՛ արդարների վրա։

Քրիստոնյա դառնալու համար պետք է բանաստեղծի հոգի ունենալ, դառնալ պոետ։ Քրիստոս չի կամենում Իր կողքին «բիրտ» հոգիներ ունենալ։ Քրիստոնյան, որը թեկուզ պոետ է դառնում այն ժամանակ միայն, երբ սիրում է, թող մնա պոեզիայի մեջ։ Սերը խորն է ներթափանցում բանաստեղծական սրտերը։ Դրանք այն իրենց ներսում են պահում, գրկում են ու խորությամբ զգում»։

- Օգտվե՛ք սքանչելի պահերից,- խնդրում էր հայր Պորֆիրիոսը։- Դրանք հոգին մղում են աղոթքի, դարձնում են այն նուրբ, ազնիվ ու բանաստեղծական։ Առավոտյան վաղ արթացեք, որպեսզի տեսնեք, թե արեգակն ինչպես է ծագում ծովից․ ամեն ինչ բոսոր ծիրանիով է պատված։ Երբ որևէ հրաշալի վայր, որևէ փոքրիկ եկեղեցի, որևէ այլ հմայիչ բան ոգեշնչում է ձեզ, կանգ մի առեք դրա վրա, այլ շարունակեք, անցեք փառաբանության ողջ գեղեցկության համար, որպեսզի ապրեք միայն Սքանչելիով։ Ամեն բան սուրբ է՝ և՛ ծովը, և՛ լողալը, և՛ կերակուրը։ Ուրախացեք ամեն ինչով։ Ամեն ինչ հարստացնում է մեզ՝ ուղղորդելով դեպի մեծ Սերը, ամեն ինչ մեզ Քրիստոսի մոտ է բերում։

Ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչ ստեղծել է մարդը՝ տներին, մեծ ու փոքր շենքերին, քաղաքներին, գյուղերին, մշակույթին։ Հարցրեք, լրացրեք ձեր գիտելիքները, անտարբեր մի՛ եղեք։ Դա կօգնի ձեզ ավելի խորն ուսումնասիրել Աստծու հրաշալի հատկությունները։ Այդ ամենը լավ առիթ է հանդիսանում մեզ միացնելու բոլորին և ամեն ինչին։

Ամեն ինչում Աստծուն աղոթելու և շնորհակալություն հայտնելու պատճառ կա։ Ապրեք բնության, ամեն ինչի մեջ։ Բնությունը խորհրդավոր Ավետարան է։ Սակայն երբ շնորհը բացակայում է մարդու ներսում, ապա բնությունն էլ չի օգնի նրան։ Բնությունն արթնացնում է մեզ, սակայն չի կարող դրախտ տանել։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

24.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․