Գրքեր

Քրիստոնյաների ծածկագիր-խորհրդանիշը

Ինչպես հայտնի է, առաջին դարում Հռոմեական կայսրությունում քրիստոնյաները իրենց հավատքի համար բազմաթիվ հալածանքների էին ենթարկվում: Նրանք գաղտնի էին հավաքվում, քարոզում Ավետարանը: Այս պայմաններում հնարավոր չէր ոչ միայն բացահայտ ներկայանալ իբրև քրիստոնյա, այլ նաև խոսել հավատի մասին: Այդ պատճառով նորադարձ քրիստոնյաները սկսեցին օգտագործել ծածկագիր-խորհրդանշաններ, որպեսզի միմյանց գտնեին և ճանաչեին: Եվ որպեսզի իրար հայտնեին այն վայրը, որտեղ հավաքվում էին, քրիստոնյաները օգտագործում էին ձկան պատկերը: Քարերի վրա, հրապարակներում, մարդաշատ վայրերում, աղբյուրների մոտ պատկերված այդ նշանը օգնում էր տարբեր վայրերից եկած քրիստոնյաներին հասկանալ, թե որտեղ են հավաքվում իրենց հոգևոր եղբայրները: Ձկան պատկերը նորադարձների հավատքի լռելյայն դավանությունն էր, նրանց խորհրդանիշը, որով տարբերվում էին հեթանոսներից և անհավատներից: Այն պատկերում էին իրենց նամակների վրա, ժայռափոր` վիմափոր տաճարների, կատակոմբների (ստորերկրյա անցքեր`անձավներ), հագուստների և անգամ սպասքի վրա: Ինչպես որ հիմա մենք մեր պարանոցին խաչ ենք կրում, այն ժամանակ էլ նրանք` ապակե, սադափե կամ քարե ձկներ:

Նման ծածկագիտության մի օրինակ է բերում լեհ գրող Հենրիկ Սենկևիչը իր «Յո՞ երթաս» գրքում: Վեպը սկսվում է նրանով, որ հայտնի մի հռոմեացի սիրահարվում է երիտասարդ, գեղեցիկ, քրիստոնյա աղջկա: Նա պատմում է, թե ինչպես հանդիպեց այդ աղջկան, որն ավազի վրա ինչ-որ բան էր գծում.

- Իսկ ի՞նչ գծագրեց նա ավազի վրա: Արդյոք Ամուրի անունը չէ՞ր, նրա սլաքով ծակված սիրտը չէ՞ր կամ մի այսօրինակ բան, որից կարող էիր հասկանալ, որ սատիրները (Դիոնիսոսի ուղեկիցներն էին և հեշտասեր ու սանձարձակ կյանքի ոգիներ, ծույլ և աշխատանքից փախչող, երաժշտության, սիրո և գինու անձնատուր եղած, սիրում էին նիմֆաների ընկերությունը և նրանց հետ թափառում էին անտառներում, պարում ու ձանձրացնում իրենց սիրով: Ունեին այծի կերպարանք, մարդուն մի փոքր նմանեցրած կոպիտ և քմահաճ դիմագծեր, այծի կամ ձիու պոչ) այդ հավերժահարսի ականջին կյանքի զանազան գաղտնիքներ են շշնջացել արդեն: Ինչպե՞ս կարելի էր չնայել այն նշաններին:

- Ես այդ ինքս էլ գիտեի,- ասաց Վինիկիոսը,- փոքրիկ Ավլոսի գալուց առաջ ուշադրությամբ նայում էի այդ նշաններին: Ինքս էլ գիտեմ, որ թե՛ Հունաստանում, թե՛ Հռոմում շատ անգամ աղջիկներն ավազների վրա գծագրում են խոստովանանքներ, որ նրանց շրթունքները չեն կամենում արտասանել… Բայց իմացիր` ի՛նչ էր գծածը:

- Եթե մի ուրիշ բան, քան ենթադրում էի, չեմ իմանա:

- Ձուկ:

Աղջիկը քրիստոնյա էր, և այդ նկարը նա պատահական չէր գծել:

Ինչո՞ւ հատկապես ձուկ, ի՞նչ է այն խորհրդանշում:

Ձուկը շատ կարևոր խորհրդանիշ է քրիստոնեության մեջ:

Դա հապավում-արտահայտություն է: Այս կոդավորված խորհրդանիշը շատ կարևոր է եղել վաղ քրիստոնեության մեջ, քանի որ առաջին քրիստոնյաներին հետապնդում էին, և նրանք այդ խորհրդանշանով կարողանում էին տարբերակել «ընկերոջը թշնամուց» և պաշտպանվել հակառակորդի լրտեսներից, որոնք ձգտում էին գաղտնի սողոսկել քրիստոնյաների հավաքատեղիները, իսկ հետո էլ նրանց հանձնել հռոմեական իշխանություններին` մահապատժի:

Հիմնական և գլխավոր պատճառը այս խորհրդանիշի նշանակության կայանում է հինգ տառերի ծածկագրից, որոնք հինգ բառերի սկզբնատառերն են հունարեն լեզվում և կազմում են ձուկ բառը (IXΘΥΣ): Այս բառի մեջ առաջին քրիստոնյաները տեսել են գաղտնի ակրոստիքոս, նախադասության բառերի առաջին տառերից կազմված` քրիստոնեական հավատքի դավանանքի արտահայտությունը: Առաջին դարում հռոմեական լայնածավալ կայսրության մեջ հաղորդակցվելու հիմնական լեզուն հունարենն էր: Այդ իսկ պատճառով էլ Նոր Կտակարանի գրքերի հեղինակները գրել են հունարենով: Իսկ հունարենում IXΘΥΣ-ձուկ բառը կազմված է հետևյալ հինգ բառերի սկզբնատառերից.

I-Іησουç–Հիսուս

χ-χριστοç–Քրիստոս

θ-θεου–Աստծո

Υ-υιοç–Որդի

Σ- Σωτηρ – Փրկիչ:

Եթե հունարեն այս բառերի սկզբնատառերը միացնենք իրար, ապա կստացվի IXΘΥΣ, այսինքն` «ձուկ»: Ձկան անվան տակ գաղտնի հասկանում էին Հիսուս: Ուրեմն՝ ձուկը առաջին հերթին խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին:

Սակայն միայն սա չէ պատճառը, որ ձկան պատկերը դարձավ քրիստոնյաների խորհրդանշան: Ձկան խորհրդանիշի այս գլխավոր նշանակությունից էլ բխում են մյուսները: Նոր Կտակարանում ձկան խորհրդանիշը կապվում է քարոզելու հետ: Հիսուս Իր առաքյալներին, որ ձկնորսներ էին, կոչեց «մարդկանց որսորդներ» (Մատթեոս 4:19, Մարկոս 1:17):

Ձուկը խորհրդանշում է քրիստոնյաներին, բազմաթիվ ձկներով ուռկանները խորհրդանշում է Երկնային Արքայությունը (Մատթեոս 13:47): Աստվածաշնչում ձկան, ձկնորսության վերաբերյալ բազում ակնարկներ կան: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալներից Պետրոսը և Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսը ձկնորսներ էին: Մատթեոսի և Մարկոսի ավետարաններում կարդում ենք, որ Պետրոս և Անդրեաս առաքյալներին Հիսուս խոստացավ դարձնել «մարդկանց որսորդներ» (Մատթեոս 4:19, Մարկոս 1:17): Ձուկը բարի պարգևներից մեկն է. «Ձեր մեջ կա՞ մի հայր, որի որդին եթե հաց ուզի, նա քար տա նրան, կամ ձուկ խնդրի, և նա օձ տա նրան: Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր զավակներին բարի պարգևներ տալ, ապա ձեր երկնավոր Հայրը որքան ավելի լավ պարգևներ կտա նրանց, որոնք դիմում են իրեն» (Մատթեոս 7:9-11): Հիսուս Քրիստոս մի դեպքում` չորս հազար, մյուս դեպքում հինգ հազար մարդկանց կերակրեց հացով և ձկով (Մատթեոս 15:32-38, Մատթեոս 14:13-21): Հիսուս երբ հարությունից հետո երևաց Իր աշակերտներին, ասաց նրանց. «Ուտելու բան ունե՞ք այստեղ: Նրանք տվեցին Նրան խորոված ձկան մի կտոր և մեղրախորիսխ» (Ղուկաս 24:41-42):

Ձուկը նաև պտղաբերության, արգասավորության խորհրդանիշն է: Յուրաքանչյուր ձուկ հսկայական սերունդ է տալիս: Ինչպես և առաքյալները թվով քիչ էին, բայց ողջ աշխարհով մեկ տարածեցին քրիստոնեությունը և ունեցան միլիարդավոր հետևորդներ:

Ավետարանական պատկերներում, մասնավորապես մկրտության պատկերում Հորդանանի մեջ պատկերվում են ձկներ, որոնք խորհրդանշում են մարդկանց փրկագնված հոգիները («Ավետարանական պատկերներ, 1993 թ., հեղինակ-կազմողներ` Կարեն Մաթևոսյան, Ավետ Ավետիսյան»):

Ձկան վերաբերյալ կարող ենք կարդալ Մատթեոս 15:34, Հովհաննես 21:3-9 և Աստվածաշնչի շատ այլ էջերում:

Ձուկը մկրտության խորհրդանիշն է նաև: Ձկան սիմվոլիկան, պարզվում է, կապված է Մկրտության խորհրդի հետ: Ինչպես ասում է Ընդհանրական եկեղեցու հայրերից Տերտուղիանոսը (155-212). «Մենք ձկներ ենք և չենք կարող փրկվել այլ կերպ, եթե ոչ ջրում»,- այսինքն՝ Մկրտության միջոցով: Դա կարևոր և առաջին քրիստոնյաների կողմից հաճախակի կիրառվող խորհրդանշան է: Ձուկը նրանց համար, առաջին հերթին, ջրից վերածննդի` Սբ. Մկրտության խորհրդանիշն էր: Ջրամբարը, ուր տեղի էր ունենում Մկրտությունը, լատիներեն կոչվում էր ‹piscina› («պիսցինա»), որ նշանակում է` ձկների լողավազան: Իսկ նա, ով ընկղմվում էր նրա մեջ Մկրտության ժամանակ, կոչվում էր ձուկ, հունարեն` ihtis:

Տերտուղիանոսը ապա շարունակում է. «Կենդանարար է մեր ջրի խորհուրդը, որովհետև նրանով, մեր երեկվա կուրության մեղքերը լվանալով, մենք ազատագրվում ենք հավիտենակա´ն կյանքի համար… Իսկ մենք, ձկնիկներս, հետևելով մեր «ձկանը»` (ICHTHYS) Հիսուս Քրիստոսին, ծնվում ենք ջրում, պահպանում ենք կյանքը ոչ այլ կերպ, եթե ոչ մնալով ջրում»:

 

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

07.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․