Գրքեր

Քրիստոսի հարությունը

Քրիստոսի Հարության դրվագը` հանդիպումը յուղաբեր կանանց հետ, կամ էլ նման հրաշալեցուն պատմությունները երբեք չեն կարող երևակայական իրադարձություններ լինել: Երբեմն որոշ գիտնականներ աստվածաշնչյան պատմություն կամ աստվածաշնչյան ճշմարտություն արտահայտությունների փոխարեն գործածում են աստվածաշնչյան առասպել արտահայտությունը` Քրիստոսի վերաբերյալ պատմությունները համարելով մտացածին, երևակայական: Մինչդեռ երևակայական պատմություններ կարող ենք գտնել հենց գիտության մեջ: Գիտենք, որ գիտությունը միշտ գործ ունի հստակ փաստերի և դրանց ուսումնասիրման հետ: Բայց ահա մարդկության կամ տիեզերքի առաջացման հարցին պատասխանելիս գիտությունը շեղվում է այս սկզբունքից և տեսություններ ստեղծելով` դուրս է գալիս իր սահմաններից ու մտնում երևակայության սահմանների մեջ: Սակայն Աստվածաշնչի ճշմարտությունները, հատկապես Քրիստոսի Հարության դրվագը հիմնված են միմիայն ճշգրիտ փաստերի վրա: Դեռ Խորհրդային Միության տարիներին շատ հմուտ կերպով սքողում էին աստվածաշնչյան ճշմարտությունները հաստատող բազում պատմական փաստերը: Բայց այդ ժամանակաշրջանում ստեղծված հսկայական հակակրոնական գրականության հեղինակների շարքում չկա ոչ միայն ակնառու, այլև նույնիսկ շարքային գիտնական: Այդ բոլոր գրքերն էլ պնդում են, որ հատկապես Քրիստոսի Հարության ժխտման համար հիմք է ծառայում Հարության մասին պատմական վկայությունների բացակայությունը: Սակայն իրո՞ք դա այդպես է: Ռուս հայտնի լեզվաբան, ակադեմիկոս Ալեքսանդր Բելեցկին (1884-1961) իր աշխատություններից մեկում ներկայացնում է Քրիստոսի Հարության հետևյալ պատմական ապացույցները: Խորհրդային կոմունիստների իդեալները համարվող Ֆրիդրիխ Էնգելսը և Կարլ Մարքսը Քրիստոսի Հարության փաստը վավերական իրողություն են համարել: Նախ Քրիստոսի Հարության մասին է պատմում Ավետարանում նկարագրված դեպքերի ժամանակակից, հրեա պատմիչ Հովսեփոս Փլավիոսը: Նա երբեք էլ Քրիստոսի համակիրը չի եղել, սակայն իբրև պատմիչ` սերունդներին հաղորդել է այս դեպքի մասին: Եվ պատմական նոր փաստաթղթերի հայտնաբերումից հետո Էնգելսը հավաստի և վավերական էր համարում պատմության մեջ տեղի ունեցած մեծագույն հրաշքը` Քրիստոսի Հարությունը: Իսկ Կարլ Մարքսն ասում էր. «Հավաստի պատմությունը կարող է գրվել միայն այնպիսի փաստաթղթերի հիման վրա, ինչպիսիք են Հովսեփոս Փլավիոսի երկերը»: Հովսեփոս Փլավիոսն իր «Հրեական հնություններ» գրքում նշում է, որ հրաշքներ գործող և մեծ իմաստության տեր մի մարդ` Հիսուս Քրիստոս անունով, եթե միայն կարելի է նրան մարդ անվանել, հրեա առաջնորդների սադրանքով Պիղատոսի կողմից խաչվեց, Քրիստոսի հետևորդները երկմտեցին, բայց Քրիստոս երրորդ օրը նորից կենդանի հայտնվեց նրանց: Հարության հակառակորդները նշում էին, որ Հովսեփոսի պատմության մեջ այս հատվածը հետագա դարերում ավելացվել է քրիստոնյաների կողմից: Սակայն Հովսեփոսի պատմության ավելի հին երեք բնագրերի հայտնաբերումը ցույց տվեց, որ սույն հատվածն առկա է հնագույն տարբերակներում, և ներկայումս գիտնականներից ոչ ոք չի կիսում այն միտքը, թե Հովսեփոսի պատմության մեջ հետագայում ինչ որ բան է ավելացվել: Հաջորդ պատմիչը հույն Հերմիդիոսն է, ով Հրեաստանի կառավարիչների պաշտոնական կենսագիրն է եղել և գրել է նաև Պիղատոսի կենսագրությունը: Նրա շարադրանքի սկզբունքների և ոճի մասին պատմաբանները շատ լավ գիտեն, որ այս պատմիչն ամեն ինչ պատմել է լուսանկարչական ապարատի ճշգրտությամբ: Նրա վկայություններն արժեքավոր են հատկապես նրանով, որ նա Քրիստոսի Հարության ժամանակ մոտ է գտնվել այդ վայրին, երբ ուղեկցելիս է եղել Պիղատոսի օգնականներից մեկին: Նա հայտնում է, որ գերեզման գնալիս տեղանքը հանկարծակի խիստ լուսավորվել է, ամպրոպի ձայն է լսվել ոչ թե երկնքում, այլ երկրի վրա, ու երբ իրենք մոտեցել են գերեզմանին, թաղված մարդու մարմինն այլևս գերեզմանում չի եղել: Մեկ այլ հետաքրքիր հանգամանք. Քրիստոսի դատավարության ժամանակ Պիղատոսի կինը փորձում էր համոզել իր ամուսնուն Քրիստոսին չդատապարտել, որովհետև Քրիստոսի վերաբերյալ գիշերը երազներ էր տեսել և բավականին ազդված էր դրանցից (Մատթ. 27.19): Իսկ Հերմիդիոսը, որ հակառակ տրամադրվածություն է ունեցել Քրիստոսի հանդեպ, ինչպես ինքն է հաղորդում, համոզել է Պիղատոսի կնոջը, որ նա ետ չպահի ամուսնուն Քրիստոսի առնչությամբ մահվան դատավճիռ կայացնելուց: Քրիստոսի Հարության մասին պահպանված մեկ այլ գրավոր հիշատակության հեղինակը Պիղատոսի մտերիմ բարեկամը և անձնական բժիշկն է` իր ժամանակի ականավոր մարդկանցից մեկը, սիրիացի` Էյշու անունով: Այս հանրահայտ բժիշկը մեծ հեղինակություն էր վայելում Արևելքում, հետո նաև` Հռոմում, թողել է բժշկագիտական աշխատություններ, որոնք մեծ նշանակություն են ունեցել գիտության մեջ: Գիտնականները համարում են, որ նա` որպես բժիշկ, արժանի տեղ է գրավում Հիպոկրատի, Գալենի կողքին, իսկ որպես կազմախոս` Լեոնարդո դա Վինչիի: Պիղատոսի հանձնարարությամբ այս բժիշկն իր հինգ օգնականներով Հարությանը նախորդող երեկոյից գտնվել է Քրիստոսի գերեզմանի մոտ: Իմանալով Քրիստոսի Հարությանը վերաբերող մարգարեությունների մասին` բժիշկն ու իր օգնականները դրանով հետաքրքրված էին նաև որպես գիտնականներ: Բայց ահա տեսեք, թե նա ինչ է գրում. «Մենք բոլորովին չէինք հավատում, որ մեռածը կարող է հարություն առնել: Բայց Նա, իրոք, հարություն առավ, և մենք դա տեսանք մեր սեփական աչքերով»: Նշվում են նաև Քրիստոսին ժամանակակից այլ հեղինակների աղբյուրներ, որոնցում խոսվում է Քրիստոսի Հարության մասին` Եպիփան Ափրիկեցի, Եվսեբիոս Եգիպտացի, Սարդոնիոս Պանիդոր, Հիպողիտոս Մակեդոնացի, Ամոն Ալեքսանդրացի, Սաբելին Հույն, Իսահակ Երուսաղեմացի և ուրիշներ: Ճիշտ է խոշորագույն գիտնականներից մեկի այն միտքը, թե Քրիստոսի Հարությունը պատմական հայտնագործությունների այնպիսի հավաստիությամբ է հաստատված, ինչպիսին Իվան Ահեղի և Պետրոս Մեծի գոյությունն է: Եթե ժխտենք Քրիստոսի Հարությունը, ապա պետք է ժխտենք Պիղատոսի, Հուլիոս Կեսարի, Ներոնի, Տրայանոսի, Մարկոս Ավրելիոսի և պատմական շատ այլ անձերի գոյությունը: 20-րդ դարի սկզբի ուսումնասիրությունների համաձայն` Քրիստոսի Հարության մասին բոլոր գիտնականների համար միանգամայն հուսալի հեղինակների վկայությունների թիվն անցնում է 230-ից:

Իրեն կասկածանքով վերաբերվող փարիսեցիներին Քրիստոս ասաց` Քննեցեք գրքերը (Հովհ. 5.39): Քրիստոնեական հավատքը ոչ թե կույր, այլ գիտակցական և խորը ըմբռնված հավատք է, որովհետև Քրիստոս երբեք դեմ չի լինում, որպեսզի մենք էլ թերահավատության դեպքում Թովմաս առաքյալի նման փոխաբերական իմաստով երբեմն ձեռքներս մտցնենք Նրա կողը և շոշափենք Նրա վերքերը:

Քրիստոսի վարշամակը

Հովհաննես Ավետարանիչը մի հետաքրքիր տեղեկություն է հաղորդում Քրիստոսի թափուր գերեզմանի վերաբերյալ: Երբ Հովհաննեսը Պետրոսի հետ դատարկ գերեզման է մտնում, տեսնում է, որ վարշամակը, որը Քրիստոսի գլխին էր, առանձին ծալված և դրված է մի կողմում (Հովհ. 20.7): Շատ ուշագրավ է այս տեղեկությունը, քանի որ ծալված վարշամակը շատ այլ փաստերի հետ ցույց է տալիս, որ Քրիստոսի մարմինը չեն գողացել, որովհետև գողը չէր ծալի վարշամակը և խնամքով մի կողմ չէր դնի:

Քրիստոսի արգելքը

Քրիստոս Հարությունից հետո Մարիամ Մագդաղենացուն արգելեց մոտենալ Իրեն (Հովհ. 20.17): Այս արգելքի մասին մի քանի կարծիքներ կան: Ըստ կարծիքներից մեկի` Մարիամը խոնարհությամբ չցանկացավ մոտենալ, ինչպես այլ կանայք, ովքեր Քրիստոսի ոտքերը համբուրեցին (Մատթ. 28.9), այլ հպարտությամբ ցանկացավ այտը համբուրել, իսկ Տերը, կամենալով նրան խոնարհություն ուսուցանել, արգելեց մոտենալ: Ցույց տալու համար, որ այսուհետ միայն տղամարդիկ պետք է պատարագեն` դիպչելով Քրիստոսի մարմնին, իսկ կանայք` ոչ, Քրիստոս արգելեց Մարիամին Իրեն մոտենալ: Ըստ մեկ այլ կարծիքի` Քրիստոս բավական համարեց կանանց տված պատիվը, քանի որ առաջինը նրանց էր մոտեցել ծննդյամբ:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

21.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․