Գրքեր

Քրիստոսի Հարությունը

«Հիսուս Քրիստոս կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով» (Բ Տիմ. Ա 10):

Եթե կասկածամիտ մարդու կյանքում սոսկում առաջացնող, սրտի լարերը պրկող և նյարդերը գրգռող մի բան կա, դա անշուշտ մահն է: Մահը ներկա է ամենուրեք, նրա մեջ և նրա հետ ենք ապրում, նա իր սոսկալի իրողությամբ ազատորեն թափանցում է ամենուրեք, աղքատի անշուք և խարխլված խրճիթից սկսած մինչև հոյակապ կառույցների խաղաղ մթնոլորտն է վրդովում: Նա, երբ գալիս է իր ահաբեկող և մռայլ ներկայությամբ խլելու մեր ընտանիքի անդամներից, կամ մեր սիրելիներից մեկին, որքա՜ն է այրում և տոչորում մեր սրտերը: Այդ կորստի համար իզուր արտասվում ենք, իզուր խոսում ենք, իզուր մտածում և պիտի ասեմ նաև՝ այդ կորուստից հետո իզուր ենք ապրում:

Ասում են՝ մահվան երկյուղը ավելի տիրապետել է վայրենի ազգերին և անհավատներին, Իրենց կյանքի ընթացքում նրանք գլխավորապես մտածում էին, թե ինչպես խուսափեն մահվանից: Մահը, որպես ահարկու մի ճիվաղ, միշտ իրենց աչքերի առջև կանգնած էին տեսնում: Նրանք երկյուղ էին կրում ոչ թե մահվան ճգնաժամի տանջանքներից, այլ մահվան խորհրդավորությունից, որն Աստծու անըմբռնելիությունից հետո եկող ամենաանըմբռնելի գաղտիքն էր նրանց համար: Մահվանից այսպես վախենալը բնական է, քանզի նրանք չունեն որևէ որոշակի կամ աղոտ պատկերացում հանդերձյալ կյանքի վերաբերյալ: Ո՜հ, հենց կյանքն իսկ, առանց այդպիսի հավատի ի՞նչ է, որքա՜ն չնչին և անօգուտ է այդպիսի կյանքը, որքա՜ն ձանձրալի և անհույս:

Վա՜յ նրան, ով չգիտի, թե ինչ է նշանակում հանդերձյալ կյանք ասելը, հավիտենական և երկնային կյանքը: Որքան է շփոթվում, ցնորվում, երբ տեսնում, զգում է, որ իր կյանքն այստեղ սահմանափակվում է, երբ համոզմունք ունի, որ իր գոյության ամբողջ ընթացքը այստեղ է վերջանում:

Ինչպիսի՜ աղետալի իրողություն պիտի լիներ մահը, եթե չլիներ մեռելների հարությունը, երբ իմանայինք և հավատայինք, թե մահվամբ հող ենք դառնում, թե մեր մարմինն ու հոգին հավիտյան պիտի մնան նեխած և փտած ու հավիտենապես խառնված կոշտ ու կարծր հողի հետ, մի այսպիսի գաղափար մեզ համար սոսկալի պիտի լիներ:

Բայց փա՜ռք Աստծու, երանի, հազար երանի հավատացյալներիս՝ մենք այլևս մի այսպիսի երկյուղ, կամ մի այսպիսի սոսկում չունենք, գիտենք և հավատում ենք, որ մահվամբ չենք անէանում, այլ, մի վճակից փոխվում ենք մեկ այլ վիճակի մի նոր անվախճան կյանքի մեջ նորովի ծնվելու համար: Մեր համար մահը քուն է և ոչ մի այլ բան. թող մահը քայքայի, փտեցնի մարմինը և դադարեցնի նրա կենդանությունը, թող գերեզմանը նրան կլանի իր խաբեպատիր գրկում, մենք դեռ հավատում ենք և պիտի հավատանք, թե այդ սոսկալի քայքայումից հետո, մի նոր կյանք ունենք, այդ խավարային արհավիրքներից հետո խաղաղ առավոտյան արշալույս, թող մահը ձայնի և գոչի իր հաղթության մասին, մենք այդ ամենը հեղհեղուկ պիտի համարենք, թող ձայնի, թե ինքը մի անէացում է, դարձյալ պիտի համարենք, թե քուն է, երկար, խորը և անձայն մի քուն: Թող հավատացյալները հարյուրավորներով և հազարավորներով զոհվեն մահվան մանգաղից, մենք դեռևս հավատում ենք, որ նրանք կծնվեն մի որ կյանքի արշալույսին:

Մեր այս հավատն իր սեփական թվականն ունի, այս համոզումը, իր սկիզբն ունի: Քրիստոս է, որ իր վարդապետությամբ ներշնչեց այս հավատը և հաստատեց իր հարությամբ: Մահը հաղթվեց Հիսուս Քրիստոսով, Նրա զորությամբ՝ հարությամբ, քանդվեցին մահվան կապանքները, այն տկարացավ իր սպառնալիքներով հանդերձ, և Հիսուսով հավիտենական կյանքն իր գեղածիծաղ արբեցումով երևաց: Հիսուսով, նոր օրվա արշալույսի ներքո, նոր ոգեշնչում, մի նոր ակնկալիք երևան եկավ մարդկային սրտում, առանց դրա մարդը մարդ լինելուց պիտի դադարեր, առանց դրա մարդը մի անբան պիտի լիներ:

Միթե՞ կարող էր բանական արարածը իրագործել մահվան հանդեպ հաղթանակը, երբե՛ք: Միայն Քրիստոս, Աստծու Որդին, կարողանալու էր մահվան ամենասոսկալի կապանքները քանդել. Քրիստոս չարչարանքներով քանդեց մահվան կապանքները, դրանք ոչնչացրեց Իր զորությամբ և խաղաղությամբ, փարատեց գերեզմանի վրա ծանրացած մշուշը, որպեսզի ցույց տա դրանից հետո եղող հավիտենական կյանքը: Հարություն առավ առանց ձայնի, առանց շշուկի, առանց հուզումի: Ոչ ոք չօգնեց, ոչ ոքի չկանչեց, վերջապես Հիսուս կատարելապես հաղթեց մահվանը, քանզի մահը ոչինչ չկարողացավ Նրանից հափշտակել, ոչինչ այն սքանչելի կարողություններից, որոնցով զգեստավորված էր Հիսուս, ո՛չ իր իմաստությունից, ո՛չ կարողությունից, ո՛չ փառքից, ո՛չ Իր բարությունից, այն ամենն, ինչ հարությունից առաջ թողել էր երկրի վրա, հարությունից հետո վերացավ և վերահաստատեց հարությունից հետո, միայն, եթե կարելի է այսպես ասել, իր փշե պսակի փոխարեն նոր պսակ կրեց, այն մի լուսապսակ է, հավիտենական փառքի նշանը:

Ահա այսպես հաղթեց Հիսուս մահվանը, տիրեց կյանքին և դրա պահապանը եղավ: Նա եղավ կյանքի Իշխանը, նույն ինքը կյանքը, ինչպես որ ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը»: Ավետարանում հայտարարած այս կյանքը չպետք է շփոթել այժմյան կյանքի հետ:

Ավետարանը, այս անստույգ օրերում անցկացրած հաճախ խղճալի կյանքը, որը սահմանափակվում է օրորոցի և գերեզմանի մեջ, որում ամեն ինչ մաշվում և փտում է, չի ցանկանում կյանք անվանել: Մեկ այլ կյանք կա, որը բացված գերեզմանի առջև կանգնած մեզ ցույց է տալիս Հիսուս, հավիտենական կյանքն է դա, ճշմարիտ և երկնային կյանքը: Ավետարանն է, որ ուսուցանում է, թե մարդ ասվածը աշխարհի համար չէ ծնված, որ մի բարձր կոչում ունի նա, որն է կատարելությունը և այդ կատարելությանը միայն կարող է հասնել հոգևոր առումով: Ուրեմն Պողոս առաքյալի հետ վստահությամբ ասենք. «Հիսուս Քրիստոս կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով» (Բ Տիմ. Ա 10), այժմ էլ մենք կարող ենք վերանալ այս աշխարհի աղմուկից և սրտի խորքից սքանչացած գոչենք. «Ո՞ւր է մա՛հ , քո հաղթությունը, ո՞ւր է գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կոր. 15:55):

Հավիտենական կյանքն ու հարությունը աղոտ պատկերված են Հին Կտակարանում: Քրիստոսով է, որ բացահայտ հռչակվեցին և հաստատվեցին: Հին ազգերի մեջ էլ հարության մասին աղոտ գուշակություններ են եղել, սակայն մշտական ազնվացնող համոզում, ճշմարիտ լույս չկար: Հեթանոս փիլիսոփաները հարությունը համարելով ոչ ամբողջապես հաստատուն իրականություն, ամբողջապես մերժեցին այն. ոչ մի հեթանոս առհասարակ չի ընդունել մարմնի հարության վարդապետությունը, մինչև որ հռչակվեց Ավետարանի վարդապետությունը: Քրիստոս ոչ միայն մահը հաղթեց Իր համար, այլ նաև նրանց համար, ովքեր Իրեն կհավատան՝ Իրենն են (Եբր. Բ 14,15): Ով հավատում է Քրիստոսին չի մահանում, այլ ննջում է միայն, և այդ քնին պիտի հաջորդի օրհնյալ և փառավորյալ արթնացումը:

Հավիտենական կյանքն անհատական ընտրության խնդիր է, այն յուրացնելու համար կամավոր հավատք է պահանջվում, պետք է Ավետարանի կյանքը, Քրիստոսի կյանքը ցոլացնենք մեզ վրա, անմահանալու համար պետք է Ավետարանի հոգու համաձայն բարությամբ նորոգել մեր սրտերը, մեր հավատացյալներին սիրել որպես եղբայրներ, քանի որ մեկ Հայր ունենք երկնքում, մեր քայլերը ուղղել դեպի կատարելություն, բարձրագույն կատարելության ձգտում ունենալ, Աստծու ձգտում: Ահա այդ ժամանակ ճշմարիտ քրիստոնյաներ կլինենք և մահվան կապանքներից ազատված հավիտենական կյանքից ներս մտնելու ամենալավ պահն ընտրած կլինենք:

Ո՛վ հավատացյալներ, Քրիստոս Իր հարությունից առաջ և հետո շատ լավ է ներկայացրել անմահությունը՝ մի հավատ, մի ակնկալիք դնելով մարդկային սրտի խորքերում: Մի հավատ, որ քրիստոնյայի սրտի ամենասուրբ ամենանուրբ գանձն է, այդ հավատը հանեք քրիստոնյայի սրտի խորքերից, հանեք հարության հավատը և այլևս ոչինչ չի մնա, և Ավետարանի ողջ վարդապետությունը կանեանա, այլևս ամեն ինչ հուսահատություն, հոռետեսություն և կյանքի քայքայում ու հավիտենական մահ է: Նա, ով Քրիստոսի հարության հավատը չունի, չի կարող հավատալ Ավետարանի որևէ հատվածին, այդպիսին դադարում է քրիստոնյա լինելուց, այդպիսին մահացած է և չի կարող հարություն առնել Քրիստոսով. «Արդարև, եթե չհավատաք, որ Ես եմ՝ կմեռնեք ձեր մեղքի մեջ» (Հովհ Ը 24): Հավատին համարժեք ոչինչ չենք կարող դնել՝ ո՛չ հույսը, ո՛չ բարոյականությունը, ո՛չ էլ փիլիսոփայությունը:

Եթե Քրիստոս, որպես մի մահկանացու հասարակ մարդ, դեռևս գերեզմանում է, ուրեմն դադարել է Փրկիչ լինելուց, եթե Քրիստոս հարություն չի առել, ապա քամո՛ւն տվեք քրիստոնեությունն էլ, Քրիստոսի անունն էլ, գործն էլ, հավատն էլ: Պողոս առաքյալն ասում է. «Եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է ձեր հավատը» (Ա Կոր. ԺԵ:14), բայց ո՛չ «Արդ, մեռելներից հարություն է առել Քրիստոս՝ ննջեցյալների առաջին պտուղը»: Անհավատ հրեաները նույնիսկ չկարողացան սուտ հանել Քրիստոսի հարությունը, թեև ամեն ինչ արեցին, որպեսզի կործանեն ճշմարտությունը:

Ուրեմն ի լուր ամբողջ աշխարհի հռչակենք. «Քրիստոս հարություն առավ մեռելներից», հաստատապես հավատանք, որ Հիսուս Քրիստոսը ջախջախել և անէացրել է մահվան շղթաները, խափանել է մահը, իր խաղաղեցնող հարությամբ ցրել է գերեզմանի վրա կուտակված մշուշը, և դեպի երկինք է բարձրացել՝ լուսավորելով կյանքը և անմահությունը, օրհնյա՛լ լինի նրա հարությունը. ամեն:

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ա հատոր, Կ. Պոլիս 1907 թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

14.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․