Գրքեր

Քրիստոսի հարությունը

«Մարդը թե մեռնի՝ կապրի՞ դարձյալ» (Հոբ ԺԳ 14):

«Ես իսկ եմ հարությունը և կյանքը, ով որ հավատա Ինձ, թեպետև մեռնի` կապրի» (Հովհ. ԺԱ 25):

Մի օր՝ իր տառապանքի սև ու տխուր օրերին, հուսահատեցնող ու դժնդակ դեպքերից վհատված` Հոբը հարցնում է իր բարեկամներին. «Եթե մարդ մեռնի, մահից հետո է՞լ պիտի ապրի»: Այս աշխարհում ապրող յուրաքանչյուր անհատ այս միևնույն հարցումն ունի իր շուրթերին. «Արդյո՞ք գերեզմանը կյանքի վերջին հանգրվանն է: Արդյո՞ք գերեզմանից անդին կյանքը շարունակում է իր գոյությունը»: Սա լուրջ և կարևոր հարց է ամենքի համար:

Ամեն ոք կցանկանար իմանալ, թե մահվամբ վերջանո՞ւմ է ամեն ինչ: Անշնչացած մարմնի՝ գերեզմանի մեջ նեխելով ու փտելով ամեն բան ավարտվո՞ւմ է: Երբ մարմինը հող է դառնում, հոգի՞ն էլ է նրա հետ հողանում, մարդու մարմինը՝ հոգու հետ, մնում է փտած ու նեխած վիճակում կոշտ ու կարծր հողին միախառնվա՞ծ: Եվ, վերջապես, ամեն ոք էլ կցանկանար իմանալ՝ մահը քո՞ւն է, թե՞ անէացում: Մարդը մահվամբ գերեզմանի խավարում անէանո՞ւմ է, թե՞ կենդանանում մի նոր կյանքի արշալույսի առաջ: Մահը ե՞լք է փակուղուց, թե՞ կորուստ այդ փակուղում: Մահվամբ մենք ծնվում ենք նո՞ր կյանքում, թե՞ բոլորովին ջնջվում ենք աշխարհի երեսից: Վերջապես, մարդը մեռնելուց հետո ապրո՞ւմ է, թե՞ ոչ:

Այս հարցերի հարցը ոչ միայն քրիստոնեական կրոնի, այլև իմաստասիրական աշխարհի համար մշտապես ամենամեծ ու կարևորագույն հարցերից է եղել, և բոլոր դարերում իմաստասիրական ու կրոնական աշխարհներն այս հարցով են զբաղվել: Նույնիսկ նյութապաշտ սկեպտիցիզմի դարաշրջանում այս հարցը խորագույն շահեկանություն և կարևորություն ունեցող հիմնական հարցադրում է եղել: Հակառակ նյութապաշտության բացարձակ ուրացումներին՝ ոգեպաշտությունը զբաղվում է այդ հարցով և ի նպաստ իր «թեզի» մեծամեծ ապացույցներ է ձեռք բերել առ այն, որ հոգին հետմահու ապրում է: Այս կարևոր հարցման պատասխանից կախում ունի կյանքի ողջ ուղղությունը: Եթե այս հարցման պատասխանը «ոչ» է, այսինքն՝ եթե մարդը մեռնելուց հետո չպիտի ապրի, ուրեմն «ուտենք և խմենք, քանզի վաղը մեռնելու ենք» (Ա Կորնթ. ԺԵ 32):

Իսկապես, եթե մարդը չպիտի ապրի իր մահվանից հետո, ուրեմն քամո՛ւն տվեք ամեն բան՝ կրոնը, աստվածապաշտությունը, կրոնական ու վարդապետական ամեն հավատալիք: Այլևս բարոյականությունը, արդարությունն ու ճշմարտությունը ավելորդություննե՛ր համարեք, իսկ բոլոր բարոյախոսների խոսքերն էլ թող որ շաղակրատություն կոչվեն: Եթե մարդ չի ապրում մահվանից հետո, ուրեմն Աստծու գոյությունն էլ է կասկածանքի տակ դրվում, նրա իմաստությունն ու բարությունը՝ վտանգվում: Իսկ եթե ստույգ է, որ մարդ մեռնելուց հետո պիտի ապրի, եթե ստույգ է, որ մարդու հոգին հենց Աստծու շունչն է ու այդ շունչը չի մեռնում, և եթե ստույգ է, որ մահը չի «սպանում» կյանքը, այլ այն կերպարանափոխում է կատարելության, և եթե մարմինն է միայն, որ մեռնում է, որպեսզի հոգին անկաշկանդ ապրի հավիտենականության մեջ, ուրեմն ի՞նչ արժեք ունեն աշխարհային կյանքի բոլոր զվարճություններն ու ճոխությունները, երբ մարդ անկարող է դրանց միջոցով ազնվացնելու իր հոգին և վեհագույն ըմբռնումներով արժևորելու իր «ես»-ը. «Ի՞նչ օգուտ մարդուն, եթե ողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի և տուժի» (Ղուկ. Թ 25):

Ուրեմն, հարկ է գոնե որոշակիորեն իմանալ՝ մարդը հետմահու ապրելո՞ւ է, թե՞ ոչ: Հիմար ու անմիտ են բոլոր նրանք, ովքեր չեն ուզում այս խնդրով զբաղվել, չեն ուզում հետաքրքրվել և նույնիսկ չեն ուզում գեթ մի բառ լսել ու խոսել այդ մասին: Արդ, այս հարցին ի՞նչ են պատասխանում նյութապաշտությունը, (materialisme), դրականապաշտությունը (positivisme) և ոգեպաշտությունը (spiritualisme), այսինքն` մարդկային բանականությունը ներկայացնող ուղղությունները:

Նյութապաշտության հետևորդները, որոնց գլխավոր կարելի է համարել 19-րդ դարի գերմանացի բժիշկ և իմաստասեր Բյուխներին (Buchner), ընդունում են, որ արժանահավատ են միայն այն բաները, որոնք շոշափելի և տեսանելի, կշռելի ու չափելի են: Թվարկվածներից դուրս գտնվող որևէ բնության գոյությունը հավատալի և իրական չէ, այլ՝ երևակայական ու մտացածին: Նրանք պնդում են, որ «հոգի» ասվածը ուրիշ բան չէ, քան ուղեղից արտադրված մի ուժ, կամ, այլ խոսքով, ուղեղից է, որ արտադրվում են գիտակցությունը, մտքերը, գաղափարները և խոսքը: Մի խոսքով, մարդու գիտակցությունն ու հոգին ուղեղի «արգասիքն» են, և ինչպես որ լյարդը մաղձ է արտադրում, իսկ երիկամները՝ մեզ, նույնկերպ և ուղեղն էլ արտադրում է միտք ու գիտակցություն, ուստի և ուղեղի խանգարումից ու փոշիացումից հետո միտքը, գիտակցությունն ու խոսքը դադարում են գոյություն ունենալուց, իսկ մարդն էլ դադարում է ապրելուց:

Նյութապաշտության այս բանապայքարը խախուտ է և զուրկ ապացույցներից: Մարդու միտքը և զգացմունքները չեն կարող ուղեղի արգասիք լինել, քանի որ եթե ուղեղը լյարդի ու երիկամների նման արտադրող ուժ լիներ, պետք է որ միայն նյութ արտադրեր. միտքը, գիտակցությունը, խիղճը, զգացմունքն աննյութ են: Ինքնագիտակցությունը, իմացական ու հոգեկան կարողությունները նյութ չեն, որ նյութեղեն ուղեղից արտադրված լինեն: Հնարավոր է, որ ուղեղի միջոցով այդ կարողություններն ի հայտ գան, սակայն սխալ է ասելը, թե ուղեղն է ծնում ինքնագիտակցությունը: Երբ նյութապաշտն ասում էլ է, թե մահվամբ մարդը դադարում է ապրելուց, իր այդ կտրուկ ու աներկբա վճիռը, այնուամենայնիվ, չի կարող հաստատել նյութական ու դրական ապացույցներով: Նա անկարող է հաստատելու, թե գերեզմանից անդին մարդը չի ապրում, քանի որ չունի բավականաչափ և համոզիչ միջոցներ իր տեսակետը հաստատելու համար:

Իսկ դրականապաշտության հետևորդները, որոնք որպես իրենց գլխավոր ունեն ֆրանսիացի մաթեմատիկոս-փիլիսոփա Օգյուստ Քոնթին (Auguste Comte, 1798-1857), ասում են, թե «մեռնելուց հետո մարդը միայն իր գործերով ու թողած հիշատակով է, որ կարող է ապրել. ապագայի կյանքը միմիայն մարդու թողած հիշատակի մեջ է, ուստի և, ըստ այսմ, հարկ է մի որևէ հիշատակ թողնել. պետք է ճգնել որևէ գործով աշխարհում նշանավոր, ականավոր դառնալ: Պետք է հաջորդ սերունդներին մի որևէ հիշատակ թողնել, անմոռանալի մի գործով անմահացնել սեփական անունը, քանի որ այս աշխարհում չկա ավելի կարևոր ու մնայուն բան, քան ուշագրավ ու սիրտ շարժող հիշատակը: Աշխարհային ամեն բան կորչում-գնում է, սակայն անխախտ ու անսասան մի հիշատակ միայն մնում է մտքի ու սրտի մեջ. մարդ պետք է ջանա իր անունը պանծացնել դարեդար…»:

Ուրիշների մտքում ու սրտում ապրելը լավ բան է, սակայն շա՜տ դժվար է: Շատ ու շատ փոքր է այն մարդկանց թիվը, որոնք փայլուն և ուշագրավ գործերով կոչված լինեն փառահեղ անձնավորություններ լինելու: Մեզնից յուրաքանչյուրի կյանքը կազմված է շատ աննշան, շատ խոնարհ, շատ չնչին ու փոքր պարտականություններից, որոնք, սակայն, կյանքի համար խիստ կենսական ու անհրաժեշտ են: Բնականաբար, գեղեցիկ երևույթ է բարի գործերով հիշատակ թողնելը, ինչին Ավետարանը չի հակառակվում, սակայն ամենքին տրված չէ իր արտակարգ գործերով ինքն իրեն անմահացնելու կարողությունը:

Այս ամենից զատ, եթե հիշատակով է, որ մարդ ապահովում է իր հավիտենականությունը, ուրեմն իրենց ահավոր անգթություններով ու անարդարություններով հայտնի բոլոր ոճրագործները, որոնք այնքա՜ն անմեղների մահվան պատճառ են դարձել, «իրավունք ունեն» գործելու այդ ոճիրները: Ուրեմն, Հերոստրատեսը «իրավունք ուներ» այրելու Եփեսոսի տաճարը, ուրեմն Ներոնը իրավունք ուներ այրելու Հռոմը և իրագործելու քրիստոնյաներին հալածանքների ենթարկելու իր ծրագրերը: Անշուշտ, այսպիսի քարոզչությունը բոլորովին ընդվզեցուցիչ է և խիղճը ողջ ուժով բողոքում է սրա դեմ: Ուրեմն ի՞նչ պիտի լինի բոլոր նրանց հետ, ովքեր խոնարհ, բարի, համեստ ու ազնիվ կերպով են ապրել իրենց կյանքի ընթացքում՝ առանց անուն հանելու կամ համբավ ձեռք բերելու:

Իսկ հոգեպաշտության հետևորդներն էլ, որոնց գլխավորը եղել է գերմանացի փիլիսոփա Լայբնիցը (Leibniz, 1646-1716), ուսումնասիրելով մարդուն բնորոշ հոգեբանական բոլոր երևույթները, այսինքն` նրա իմացական, բարոյական և հոգեկան կարողություններն ու ընդունակությունները, ինչպես նաև դեպի կատարելություն վսեմ իդեալն ունեցած ձգտումները, այն եզրակացությանն են եկել, որ մարդը ներկա կյանքի նեղ շրջանակում իր վսեմ բաղձանքներին գոհացում չգտնելով՝ տենչում է անմահ հավիտենական կյանքին: Եվ, ինչպես որ տիեզերքում ոչինչ չի կորսվում, ո՛չ ծաղկի սերմը, ո՛չ նրա բույրը և ո՛չ գույնը, նմանապես և մարդու իմացական, բարոյական, հոգեկան կարողություններն էլ, ծաղիկների գույնի և բույրի նման, չեն կարող կորսվել: Ինչպես որ մարմինն է հող դառնում և միախառնվում ուրիշ տարրերի հետ, հոգին էլ, հոգեկան աշխարհի մասը լինելով, միանում է հոգիների աշխարհին: Եվ ինչպե՞ս կարելի է ասել, որ այսչափ անհուն կարողություններով ու կատարելություններով օժտված մարդը կարող է վերանալ աշխարհիս երեսից: Բնության մեջ գոյություն ունի հավիտենականության օրենքը և այսպիսի վսեմ ուժերը ենթակա են հավիտենականության ու անմահության այս օրենքին:

Այս ամենից զատ՝ հոգեպաշտության հետևորդները հավելում են նաև, որ մարդու ապրելու անհագ տենչը ըմբոստանում է մահվան դեմ. մարդու մեջ ապրելու, ավելի՛ն ապրելու անզուսպ մի տենչ կա և ֆիզիկական կյանքի այս անձուկ շրջանը չի գոհացնում այդ տենչը: Դողդոջուն ձեռքերով 90-ամյա ծերունին՝ գերեզմանի տխուր մահագույժն իր ականջներում, դարձյալ ճգնում է ապրելու, ավելի՛ն ապրելու, և եթե հնարավոր լինի՝ երիտասարդանալու և կյանքի շրջանը կրկին հոլովելու: Մարդկային բնության խորքերից բխող մահվան հանդեպ այս դժգոհությունը ցույց է տալիս, որ գերեզմանը կյանքի վախճանը չէ…

Ահա՛ նյութապաշտության, դրականապաշտության և հոգեպաշտության պատասխանները: Երեքն էլ իրենց տարտամ, անորոշ, անգոհացուցիչ պատասխաններով և ցուցմունքներով չեն կարող իմ հոգին, սիրտն ու միտքը գոհացնել: Ու դարձյալ տառապանքներով ընկճված արդար Հոբը ստիպված հարցնում է. «Եթե մարդ մեռնի՝ գերեզմանից անդին կապրի՞, թե՞ ոչ»:

Այս դարավոր հարցման վճռական պատասխանն Ինքը` շուրջ 500 000 000 հավատացյալների գլուխը եղող Նազովրեցի Հիսուսն է տալիս Իր այս պարզ ու հստակ հայտարարությամբ. «Ես իսկ եմ հարությունը և կյանքը, ով որ հավատա Ինձ, թեպետև մեռնի` կապրի»: Հիսուս տրամաբանական խորհրդածություններ, կարծիքներ ու տեսություններ չէր հայտնում հանդերձյալի, մահից հետո կյանքի մասին, այլ Իր հարությամբ՝ իրական ապացույցով հաստատում է, որ մահից հետո մարդ ապրում է: Քրիստոսի հարությամբ հայտնի է դառնում, որ հետմահու նոր կյանք գոյություն ունի:

Քրիստոսի հարությունը, իբրև պատմական ապացույց, մեզ համար մեծ լույս է սփռում գերեզմանից անդին կյանքի մասին: Նա ոչ միայն մահից հետո կյանքի գոյությունն է շեշտում, այլև պարզաբանում է այդ կյանքի բնույթը՝ Իր մահվանից հետո քառասուն օր շարունակ մեր երկրագնդի վրա երևալով: Այս դեպքը պատմական ճշգրիտ իրողություն է, այն վարդապետություն կամ դավանանք չէ, այլ բացարձակ իրողություն, որն իր ժամանակագրությունն ու տեղագրությունն ունի: Այդ իրողության վկաները դյուրահավատ և դյուրախաբ մարդիկ չէին, այլ թերահավատ և սկեպտիկ մարդիկ, որոնք հարուցյալ Հիսուսին տեսնելուց, շոշափելուց և Նրա հետ խոսելուց հետո անգամ շարունակում էին թերահավատություն դրսևորել. «և ոմանք երկմտեցին…»:

Նրանք գեթ ականջալուր վկաներ չէին, այլ ականատեսներ, որոնք ուղղակիորեն, իրենց իսկ ձեռքով շոշափել էին Նրա «հարուցյալ մարմինը»: Այդ իրադարձության վկաները որևէ շահ չունեին Հիսուսի հարության իրողությունն աշխարհով մեկ հռչակելու համար: Ընդհակառակը, Հիսուսի հարությունը վկայելու և քարոզելու համար նրանք ամեն տեսակի հալածանքի ու տանջանքների ենթարկվեցին՝ իրենց ունեցած-չունեցածը՝ տուն-տեղ, ընտանիք և մնացյալ ամեն բան կորցնելով: Հակառակորդ հրեաները ամեն ջանք գործադրեցին Հիսուսի հարության իրողությունը ջուրը գցելու համար, սակայն իրենց ձեռնարկումներից և ոչ մեկը հաջողություն չգտավ, քանի որ իրականությունն այնքան մեծ ազդեցություն էր թողել չորսբոլորը, որ նույնիսկ ամենից երկչոտ աշակերտներն էլ առյուծներ՝ աներկյուղ ու անվեհեր մարդիկ էին դարձել:

Պողոս առաքյալն իր նամակներից մեկում ասում է. «Եթե Քրիստոս հարություն չի առել, ապա իզուր է մեր քարոզությունը, իզուր է նաև ձեր հավատքը»: Հիսուսի հարության պատմական իրողությունը ոչ միայն Պողոս առաքյալի, Չորս Ավետարանների, ականատեսների ու Նրան հետևողների հավաստի վկայություններով է հաստատվում, այլև առաջին դարի երեք մեծ կենտրոնների՝ Երուսաղեմի, Հռոմի և Անտիոքի եկեղեցիների գոյությամբ ու այդ եկեղեցիների կողմից «կիրակին» իբրև «Հարության օր» ընդունած լինելու հանգամանքով:

Այս ամենից զատ առաջին դարի (36-97) ոչ-քրիստոնյա՝ հրեա հեղինակ Հովսեփոս Փլավիոսը իր «Հրեական հնախոսություններ» անունը կրող գրքում վկայում է Հիսուսի հարության դեպքի մասին հետևյալ տողերով. «Հիսուս անունով մի իմաստուն մարդ կար՝ եթե իհարկե կարելի է Նրան մարդ կոչել, քանի որ Նրա բոլոր գործերը զարմանալի էին և Նա շատ հետևորդներ ունեցավ թե՛ հրեաների, թե՛ հեթանոսների միջից»: Այնուհետև պատմիչը ավելացնում է. «Նա մեռավ՝ խաչվելով, բայց երրորդ օրը կենդանի երևաց Իր աշակերտներին» («Հրեական հնախոսություններ», ԺԸ գլուխ, Գ հատոր, 3):

Սկզբում Հովսեփոսի այս վկայությունը անվավեր էր կարծվում, սակայն աստվածաբանական գիտության ներկայացուցիչներից մեծագույն հռչակ ստացած աստվածաբան, Բեռլինի համալսարանի ուսուցչապետ Ադոլֆ Հառնակը բնագրագիտական ճշգրիտ հիմնավորումներով ապացուցեց, որ այս մեջբերված հատվածը Հովսեփոսի հարազատ գրչով է գրված: Որքա՜ն ազդու և ներգործիչ կլինի, եթե գոնե տարին մեկ անգամ Հովսեփոսի այս վկայությունը կարդացվի եկեղեցիներում՝ իբրև անկողմնակալ ու անաչառ պատմիչի մի վկայություն:

Հիսուսի հարության իրադարձությունը ցնորք, պատրանք կամ մի քանի կանանց մոլեռանդության հետևանք չէ, այլ ճշգրիտ, ապացուցված մի իրականություն:

Աշխարհում չկա պատմության մի այնպիսի հանգրվան, որն այնքա՜ն մանրակրկիտ ուսումնասիրության առարկա և այնքա՜ն փաստացի ապացույցներով ստուգված լինի, որքան Հիսուսի՝ մեռելներից հարություն առած լինելու պատմությունն է: Ուստի գիտենանք, որ Հիսուս հարություն առավ և հաղթեց գերեզմանին ու ապրեց գերեզմանից էլ անդին՝ այդպիսով մեզ ևս կարելիություն շնորհելով՝ հաղթելու գերեզմանին, աննյութ ու հոգևոր մարմնով հառնելու և վերստին, հավիտենապես ապրելու՝ գերեզմանի ցուրտ հողը հետևում թողած: Տիեզերքում անփոփոխելի մի օրենք գոյություն ունի, այն է՝ ուժի պահպանման օրենքը: Բնության մեջ ուժի հավելում կամ կորուստ չկա. այն էլ, ինչ կա, այդ ուժի փոփոխությունն է: Ուստի մահը ոչնչացում չէ, այլ փոփոխություն՝ ավելի ազնիվ, ավելի նոր ու ավելի երջանիկ կյանքի հավիտենականության համար:

Քրիստոսի հարության Ավետիսը սրտապնդում և հույս է ներշնչում բոլոր նրանց, ովքեր այս կյանքի անարդար ու դժնդակ պայմաններում որպես բաժին ունեն միայն ու միայն նախատինքն ու դժվարությունները՝ առանց քաղած լինելու, սակայն, իրենց առաքինության պտուղը: Ինչպիսի՜ ազնվացուցիչ և ինչպիսի՜ ներգործուն մի հույս է գալիս գոտեպնդելու բոլոր նրանց, ովքեր այս աշխարհի ներկայիս այլասերված ու ապականված մթնոլորտում արդարության, բարության և ճշմարտության հաղթանակին են նվիրվում: Նրանց վարձատրությունը մեծ պետք է լինի…

Մարդկային միտքը չի կարող համակերպվել նաև այն գաղափարի հետ, որ իր գոյության նպատակը միայն մի քանի րոպե աշխարհի թատերաբեմի վրա երևալն ու այնուհետ՝ առհավետ աներևութանալն է: Մարդու հոգին չափազանց վրդովված պիտի մնար այս տեսանելի աշխարհում և չպիտի կարողանար հագուրդ տալ իր ձգտումներին ու չպիտի հանդուրժեր, որ ամեն բան վերջանար գերեզմանի մթության մեջ: Անհունի, հավիտենականության կարիքն ունի մարդ:

Հավատացյալնե՛ր, մահն ամենքիս էլ գալու է ողջունելու: Շատ չանցած՝ մեր բոլոր լույսերը պիտի մարեն. այն ժամանակ ո՞ր ջահն է, որ պիտի լուսավորի մեզ: Ո՞վ պիտի մթաստվեր ամպերը շողարձակ լույսերի վերափոխի: Հավատացյալնե՛ր, հարկ չկա իմաստասերներին դիմելու՝ նրանց կարծիքն իմանալու համար. նրանք անորոշության մեջ են թողնում ամեն բան: Մինչև քսան դար հե՛տ գնացեք և այն հրաշափառ իրադարձությանը ներկա հրեշտակի ազդարարությո՛ւնը լսեք. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում. այստեղ չէ, այլ հարություն առավ»: Լսեցե՛ք նաև Հարուցյալի խոսքերը, որ ասում է. «Ես իսկ եմ հարությունը և կյանքը, ով որ հավատա Ինձ, թեպետև մեռնի՝ կապրի»:

Մեր մտքի առաջ բերենք այն օրը, երբ Հիսուսի աշակերտներն իրենց Վարդապետի մահից հետո բոլորովին վհատված էին. Խաչեցյալի հետ գնացել էր նաև նրանց հավատը, հույսը: Հիսուսի անշարժ, սառը Մարմինը, որ դրել էին Հովսեփ Արիմաթացուն պատկանող գերեզմանի մեջ, ճշգրիտ պատկերն էր նրանց սրտի: Նրանք, թեպետ չարչարանքի վայրից հուսախաբ փախչում էին, բայց հարության ցնցող և արթմնեցուցիչ լուրը՝ «Քրիստոս հարյավ»-ը, նրանց գոտեպնդում ու կենդանացնում է, ուրախացնում, ոգևորում ու այնպիսի՜ ոգևորված գործունեության է մղում, որի դեմ անգամ աշխարհի ամենաահեղ ուժերն անկարող են արգելք հանդիսանալ:

Այն ժամանակ միայն իրապես և ճշմարտապես հավատացած կլինենք Հիսուսի հարությանը, երբ մենք ներքնապես հարություն կառնենք: Հարություն առնելու համար նախ պետք է մեռնել ու մեռցնել անձնասիրությունը: Չկա Զատիկ առանց Ավագ Ուրբաթի: Եթե գիտեք խաչել ձեր կրքերը, ուրեմն դուք հաղթեցիք աշխարհին, ուրեմն դուք մասնակից պիտի լինեք Հիսուսի հարությանը. «Եթե Նրա մահվան նմանությամբ տնկակից եղանք Քրիստոսին,- ասում է Պողոս առաքյալը,- մասնակից պիտի լինենք նաև Նրա հարությանը» (հմմտ. Հռոմ. Զ 5):

Եթե մենք շարունակ մեր մեջ խաչել գիտենք ատելությունը, անձնասիրությունը, անմաքրությունը, հպարտությունը, ուրեմն գիտենանք, որ մեր մեջ հարություն պիտի առնի ներման, սիրո, սրբության և խոնարհության հոգին և այդկերպ հոգևոր մահվան դեմ էլ հաղթանակ տարած կլինենք: Շատերը կան, որոնք իրենց մահից առաջ արդեն մեռած են իրենց կյանքով, որովհետև մեղքն է տիրապետում նրանց մեջ: Մարմնական մահից առաջ իմանանք չմեռնել հոգով ու երբ մեռած չենք և մեր մեջ հարություն է առել հոգին, այն արդեն ունի մշտամնա հավիտենականության երաշխավորությունը:

Հռոմեական մի միաբանության վանականներ հանդիսացող Տրաբիսթները իրենց խնդիրն են համարում միմիայն մահվանը պատրաստվելը: Այդ է իրենց կարգ ու կանոնը, այդ է իրենց նպատակը: Իրարու հանդիպելիս նրանց ողջույնն է՝ memento mori (=հիշի՛ր, որ պիտի մեռնես): Նրանց սեղանի ափսեների կողքին գանգ է դրված և նրանց վերարկուներին ոսկորների պատկերներ է ասեղնագործված՝ մահվան մասին հիշեցնելու համար: Յուրաքանչյուր վանական ամեն օր պետք է գնա իր գերեզմանը փորելու աշխատանքներով զբաղվելու՝ միշտ իր մտքում խորհրդածելով մահվան մասին: Որքա՜ն մեծազդու ու տպավորիչ կլիներ, եթե յուրաքանչյուր վանական, փոխանակ շարունակ կրկնելու՝ «հիշի՛ր, որ պիտի մեռնես», այսկերպ ողջուներ դիմացինին. «հիշի՛ր, որ պիտի ապրես»: Ես հավատում եմ, որ սա ավելի ճիշտ ու ճշմարիտ է, որ սա մարդկային դարավոր իդեալն ու, միաժամանակ, աստվածային կամքն է: Ու չէ՞ որ Հիսուսի հարությամբ մենք էլ հաղորդում ենք աշխարհի մարդկությանն՝ ասելով. «Հիշի՛ր, որ պիտի ապրես»:

Պիտի ապրե՛ք, սիրելինե՜ր, անմահության կյանքով: Պիտի ապրեք ձեր փառավորյալ մարմնով, որ Աստծու տաճարն է: Պիտի ապրեք ձեր իմացականությամբ, որ կանթեղն է ճշմարտության: Պիտի ապրեք սիրով, որ հավիտենականություն է: Պիտի ապրեք Քրիստոսով, որ մեր Կյանքն է, ուստի և թո՛ղ որ Նոր Սիոնի զավակները երգեն Ներսես Շնորհալու հետ.

«Զարթնե՜ք, դուստրե՛ր դուք Սիոնի՝

Լույսի Հարսին ավետելու,

Թե՝ «քո Փեսան, որ հարությամբ

Հաղթեց մահվանն իշխանությամբ,

Գալիս է, տե՛ս, պսակելու

Փառքո՜վ քեզ Իր,

Ուստի Նրա առա՛ջ ելիր

Պճնանքներով քո զարդերի

Ու երգելով երգը Նրա՝ Հարուցյալի,

Որ կյանք դարձավ հանուն ամեն ննջեցյալի»:

Ամեն:

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Բ հատոր, Փարիզ, 1924 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

12.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․