Գրքեր

Քրիստոսի հետևորդների հոգեշահ ուղին

Քրիստոնյայի ուղին ներքին հոգևոր պայքարի ուղի է, պայքար մեղքերի, կրքերի, չար հակումների և ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ պատերազմ ոչ թե մարդկանց, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների դեմ (Եփես. 6:12): Հոգևոր պայքարի այս ուղին քրիստոնյան անցել ու անցնում է աղոթքով, ապաշխարությամբ, Ս. Պատարագի մասնակցությամբ և առաքինաբար ապրելով: Անկախ կյանքի արտաքին պայմաններից՝ քրիստոնյայի գլխավոր առաքելությունը Քրիստոսին հետևելն է և որպես ուխտավոր բաղձալի վերջնանպատակին՝ հոգու փրկությանն ու Երկնային Արքայությանն արժանանալը:

Այս գլխավոր առաքելությունը որպես ուղենիշ ունենալով՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը օգոստոսի 11-ին, եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի առաջնորդությամբ, անցավ աղոթքի հերթական ուղին, որը հարուստ էր Արևագալի ժամերգության աղոթքներով և հոգևոր զրույցով: Բարեշնորհ սարկավագն ուխտավորների հետ զրուցեց Քրիստոսի մահվան ու հարության և Քրիստոսով հոգու վերափոխման մասին: Նա նշեց, որ եկեղեցու վարդապետներից մեկն ամենամեծ հրաշքը համարում է Քրիստոսով մարդկանց հոգիների վերափոխումը, ինչպես օրինակ Պողոս առաքյալը, որ հալածում էր քրիստոնյաներին, հետո դարձավ քրիստոնեության ջատագով, Պետրոս առաքյալը դարձավ Քրիստոսի հետնորդ և չուրացավ Քրիստոսին կայսրերի ու թագավորների առջև. «Մարդկային հոգու վերափոխումն անմիջապես կապ ունի Քրիստոսի մահվան և հարության ապրումի հետ: Երբ Քրիստոս խաչվեց ու մահացավ, առաքյալները հուսալքվեցին և կատարելապես հաղորդակից եղան աշխարհի դատարկությանը, իսկ հարությունից հետո գիտակցեցին, որ աշխարհի մեջ չկա ոչինչ, որ փոխարինի Քրիստոսին: Քրիստոսի հարությամբ իրենք հարության ուրախությունն ապրեցին, ճաշակեցին Աստծուն մերձ լինելու երկնային քաղցրությունը և Սուրբ Հոգու գալստյամբ վերափոխվելով՝ դարձան հարության ավետաբերները: Եվ այդպես էլ մեր կյանքում է, երբ նեղությունների մեջ համբերում ենք, փառք տալիս Աստծուն, խաչակից ենք լինում Քրիստոսին, իսկ երբ նեղությունների մեջ դժգոհում ենք և Աստծու դեմ տրտնջում, մենակ ենք թողնում Տիրոջը: Եվ եթե խաչի ճանապարհին խաչակից լինելով Քրիստոսին՝ փառք տանք Աստծուն, նեղություններին համբերելով, կճաշակենք մահը, այնուհետև հարութենակից կլինենք Քրիստոսին»,- ասաց Վաչագան սարկավագը:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորների հոգեշահ ուղին կանգ առավ Գոշավանքում, որի Ս. Աստվածածին եկեղեցում (1191 թ.) նրանք մասնակից եղան Ս. Պատարագին, որ մատուցեց Գոշավանքի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը: Տեր Հայրը մինչ քարոզը ողջունեց ուխտավորներին, մաղթեց, որ Տերն ի կատար ածի իրենցից յուրաքանչյուրի ուխտը, իր ուրախությունը հայտնեց նրանց՝ Գոշավանքի զորավոր սրբավայրում միասնաբար աղոթքի կանգնելու առթիվ, քանի որ յուրաքանչյուր սրբավայր ուխտավորի աղոթքի կարիքն ունի: Այնուհետև Տեր Թադեոսն անդրադարձավ օրվա ավետարանական հատվածին՝ անդամալույծի բժշկությանը (Մարկ. 2:1-12)՝ կարևորելով հավատքով միմյանց համար աղոթելու և միմյանց հոգիների փրկության համար ջանք թափելու հանգամանքը:

Ս. Պատարագի ավարտին տիկնանց միության անդամ Սիրանուշ Գումրույանն ուխտավորներին ներկայացրեց միջնադարյան վանքի հարուստ պատմությունը: Ուխտավորներն այցելեցին վանքի մյուս եկեղեցիները՝ իրենց անհատական աղոթքները միահյուսելով վանքի բազմադարյան աղոթքներին, հիացան Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևմտյան ճակատի առջև դրված «ասեղնագործ» մականունն ստացած խաչքարով (1291 թ.), որ կերտել է վարպետ Պողոսը: Այցելեցին նաև վանքի դիմացի բլրի վրա գտնվող Ս. Գևորգ եկեղեցին և Մխիթար Գոշի դամբարանը:

Դեպի հաջորդ սրբավայր՝ Մորո Ձորո վանք տանող ճանապարհի մի հատվածն ուխտավորները ոտքով անցան, ուր մասնակցեցին Հանգստյան ժամերգությանը: Մորո Ձորո վանական համալիրից այսօր կանգուն է միայն Ս. Աստվածածին եկեղեցին, որ կառուցվել է 5-րդ դարում: Լուսահովիտ գյուղում գտնվող Ս. Աստվածածին եկեղեցին հարուստ է վիմական արձանագրություններով: Եկեղեցու բակում ուխտավորները սիրո ճաշ և հոգևոր զրույց ունեցան:

Ավարտվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հոգին զորացնող և հավատքն ամրապնդող աղոթքի  հերթական ուղին, որ էլ առավել է օգնելու Քրիստոսի հետևորդներին՝ դեպի վերջնանպատակ ընթանալու: Եկեղեցու հայրերից մեկն ասում է, որ եթե երկրային արքաներն իրենց հետ պատերազմի մեկնողներին և հանուն իրենց կյանքը զոհաբերած անձանց չեն կարող կյանք վերդարձնել, ապա Երկնային Արքան հանուն Իրեն կյանքը զոհաբերած անձանց հատուցում է հավիտենական կյանքով:

 

Կարինե Սուգիկյան

11.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․