Գրքեր

Քրիստոսին միացածն ապրում է այնպես, ինչպես Քրիստոսն Ինքը ապրեց

Մայիսի 28-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ռուզաննա Խուդոյանին (38 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Տիգրան Մակարյանը: Ռուզաննան իր ամուսնու և երկու որդիների հետ վարձակալությամբ բնակվում է Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի 3շ. 4 բն հասցեում: Ընտանիքի հայրը տարիներ շարունակ մեկնում է արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանա հնարավորինս լուծել ընտանիքի խնդիրները: Պատմելով որդիների մասին՝ Ռուզաննան ասաց, որ ավագ որդին հուլիս ամսին բանակ է զորակոչվելու, իսկ կրտսերը՝ Տաշչյան Տիգրանը (16 տ.), որ ծնվել է Դաունի համախտանիշով, սովորում է Զվարթնոցի թիվ 2 հատուկ օժանդակ գիշերօթիկ դպրոցում:

«Տիգրանին բոլորն են սիրում, նա շատ անմիջական է, սիրում է ընկերների հետ խաղալ, զբաղվում է համակարգչային խաղերով, աղավնիներ ենք պահում, սիրում է զբաղվել նրանց և փոքրիկ շնիկի խնամքով: Նա շատ խելացի է, բայց խոսքի հետ կապված խնդիր ունի, ինչն այսօր լուծած կլինեինք, եթե կարողանայինք ժամանակին համապատասխան մասնագետի մոտ տանել, իսկ Տիգրանին հատկացվող հաշմանդամության, նաև ընտանեկան նպաստի գումարները չեն բավարարում անգամ, որ հոգանք մեր ամենօրյա կարիքները»,-ասաց Ռուզաննան և շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ իրենց սատարելու համար: Ռուզաննային ուրախություն պատճառեց այն հանգամանքը, որ Տեր Գրիգորի միջնորդությամբ՝ «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի միջոցով կլուծվի Տիգրանի խոսքի, նաև բուժհետազոտության և բուժման հետ կապված խնդիրները:

Մերձավորի հանդեպ ամենափոքր ուշադրությունն ու հոգածությունն աստվածահաճո ծառայություն է: Տկարներին և կարոտյալներին ծառայելու գաղափարը ոչ մի կրոնում այդքան շեշտված չէ, որքան քրիստոնեական կրոնում: Սիրո կրոնի հիմնադիրը՝ Քրիստոս, Իր երկրային կյանքի ընթացքում ծառայասիրության մեծագույն օրինակը հանդիսացավ՝ ցույց տալով, որ անձնազոհությունը անհուն և անսահման սիրո արդյունք է: «Ով ասում է, թե ինքը միացած է մնում Քրիստոսին, պետք է ապրի այնպես, ինչպես Քրիստոսն Ինքը ապրեց» (Ա Հովհ. 2:6):

 

Կարինե Սուգիկյան

28.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․