Գրքեր

Ս. Անանիա առաքյալի հիշատակության ուխտի օրհնաբեր օրը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հոկտեմբերի 15-ին տոնախմբեց Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակությունը: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո։ Այդ պատճառով հոկտեմբերի 14-ի երեկոյան՝ ժամը 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, առաջին անգամ երեկոյան Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ միասին ուխտավորներն արարողության ընթացքում Ս. Անանիայի շիրիմի առջև միասնական աղոթք բարձրացրին առ Տեր՝ սրբի բարեխոսությունը հայցելով: 

Ուխտի օրհնաբեր օրն իր շարունակությունն ունեցավ, երբ վաղ առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Ս. Անանիայի մասնատուփ-աջը (17 դար): Հանդիսավոր թափորը Փարպեցի փողոցից, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի անդամների ու բազմաթիվ ուխտավորների մասնակցությամբ, առաքյալի մասնատուփ-աջը բերելու հատուկ արարողակարգով, իր խոնարհումը բերեց Ս. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Այնուհետև եկեղեցում շարունակվեց արարողակարգը: Ներկաներն ունկնդրեցին սրբի մասին պատմող ավետարանական ընթերցումները և մասնակից եղան ուխտի Սուրբ Պատարագին՝ Երուսաղեմի Սբ. Հակոբյանց միաբանության անդամ Տ. Ժիրայր ծայրագույն վարդապետ Տաշչյանի մատուցմամբ:

Արարողությանը քարոզխոսեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, որը շնորհավորեց ներկաներին օրվա կապակցությամբ և առաքյալի վարքագրությանն անդրադառնալով՝ մասնավորաբար ասաց. «Սուրբ Անանիան Տիրոջ կամոք և օրհնությամբ լույս է պարգևում Ս. Պողոս առաքյալի խավարած աչքերին, որից հետո ինքը՝ առաքյալն է պատճառ դառնում բազմաթիվ մարդկանց լուսավորության և առ Աստված դարձին: Յուրաքանչյուր քրիստոնյա Աստվածային այդ լույսի կարիքն ունի: Քրիստոնեական լույսի և սիրո կրողները պետք է լինենք և Սուրբ Անանիայի նման սեր և բժշկություն դառնանք մեզ շրջապատողների համար: Սուրբ Անանիայի նման ամեն մարդ բժշկության շնորհ կարող է չունենալ, բայց ամեն մարդ սեր ու մխիթարություն կարող է պարգևել իր նմաններին: Սուրբ Անանիայի և մյուս բոլոր աշակերտների ու առաքյալների բարեխոսությամբ թող բացվի մեր միտքը Աստվածային ճշմարտության առջև, թող ոչ մի խոչընդոտի առջև չնահանջի մեր հաստատակամությունը՝ հավատարիմ հետևորդներն ու աշակերտները լինելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի»:

Արդեն յոթերորդ տարին է, որ առաքյալի հիշատակության օրը մեծ թվով ուխտավորներ, ուխտի Ս. Պատարագին մասնակցելով, հաղորդակից են լինում Ս. Անանիայի մասնատուփ-աջի զորությանը և իրենց խոնարհումը բերում Ս. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Նշենք, որ առաքյալի մասունքներն, ըստ ավանդության, Հայաստան են բերվել սրբի նահատակությունից շատ քիչ ժամանակ անց և ամփոփվել Երևանում, ուր կառուցվել է մի գեղեցկազարդ մատուռ, որ կոչել են «Անանիայի դամբարան»: Այնուհետև այդ վայրում վանք է կառուցվել և տարածքը կոչվել է «Անանիայի անապատ», իսկ ավելի ուշ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի՝ կից ունենալով Ս. Անանիայի մատուռ-դամբարանը: Իսկ եկեղեցու «Զորավոր» անվանումը կապված է թե՛ Ս. Անանիայի մասունքների և թե՛ հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանի (13-րդ դար) հետ, որ ժամանակին այս եկեղեցում է պահվել:

Եկեղեցական հեղինակ Հովհաննես Դամասկացին սրբերի մասունքների հանդեպ հարգանքի և նրանցից բխող զորության մասին ասել է, որ անհրաժեշտ է սրբերին հարգել՝ որպես Քրիստոսի բարեկամների, Աստծո որդիների ու ժառանգակիցների. «Իսկ Իրեն ընդունողներին և Իրեն հավատացողներին Նա իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու» (Հովհ. 1:12), «իսկ եթե որդիներ ենք, նշանակում է, որ նաև ժառանգորդներ ենք»,- ասել է Ս. Պողոս առաքյալը (Հռոմ. 8:17): Սրբերը դարձել էին կենդանի Աստծո տաճար, ինչպես Աստված Ինքն ասաց՝ պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ընթանամ նրանց միջով (Բ Կորնթ. 6:16): «Բայց արդարների հոգիներն Աստծո ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց» (Իմաստ. Սող. 3:1): Սրբերի մահն ավելի շուտ քուն է և ոչ թե մահ: «Հավիտյա՛ն ջանք թափի՛ր, և դու կապրես անվերջ ու ապականություն չես տեսնի»,- կարդում ենք Սաղմոսներ գրքում (Սաղմ. 48:10): Տերը մեզ պարգևել է սրբերի մասունքները՝ որպես փրկարար աղբյուրներ, որոնք իրենց շուրջը միայն բազմապիսի օրհնություններ ու բարիքներ են սփռում:

 

Կարինե Սուգիկյան

15.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․