Գրքեր

Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով մատուցվեց Ս. Պատարագ

Փետրվարի 18-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերից ու կառույցներից Ս. Էջմիածնում համախմբված 237 եկեղեցականներ Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին), մասնակցեցին Պատարագի սրբազան արարողությանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Ս. Պատարագի ընթացքում Արշակ Սրբազանը, անդրադառնալով Ս. Ղևոնդյանց տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց. «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, դեպի անմահություն մեր ուխտագնացության մեջ աշխարհասփյուռ մեր սուրբ եկեղեցիներում հավատավոր մեր ժողովուրդն այս օրերին ժամադրված է Ավարայրի քաջակորով այրերի՝ Սրբոց Ղևոնդյանց քահանաների և Վարդանանց անձնազոհ ու նվիրյալ զինվորների ու զորականների անմահ հոգիների հետ:

Մեր Սուրբ Եկեղեցին, պանծացնելով Սրբոց Վարդանանց և Ղևոնդյանց հոգևոր սխրանքը, սրբության պսակ է հյուսել նրանց անուններին և իր տոնացույցում սահմանել առանձին տոներ նրանց հիշատակին՝ որպես վասն հավատո և վասն հայրենյաց նահատակված հոգիներ։ Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնն առիթ է ոչ միայն վերաբացահայտելու մեր եկեղեցու առաքելությունը մեր ժողովրդի կյանքում ու նրա ինքնության պահպանության գործում, այլև այդ լույսի ներքո չափագրելու քահանայի կերպարը և ուղենշելու նրա ծառայությունը ժողովրդի կյանքում»:

Խոսելով Ս. Ղևոնդյանց անմահ սխրանքի մասին` Պատարագիչ Սրբազանը մեջբերեց Սուրբ Եղիշե վարդապետի հետևյալ խոսքերը. «Մահ ոչ իմացեալ մահ է, իսկ մահ իմացեալ՝ անմահություն»` ընդգծելով, որ այստեղ է ամփոփված քրիստոնյայի առաքելության իրական բանաձևը:

«Սա կարգախոս է, որը մարմին է առել Քրիստոսի կյանքի պատմությամբ` Նրա չարչարանքներով, Նրա խաչելությամբ ու Նրա մահվամբ և, որ ամենակարևորն է, Նրա Հարությամբ։ «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար»,- ասում է մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս։

Ահա՛ Ղևոնդյանց քահանայից և Վարդանանց քաջերի անձնազոհության բանալին, ահա քրիստոնեության սիրտը։ Սիրել նշանակում է ընծայաբերել։ Ընծայաբերել անգամ ամենաթանկը՝ կյանքը, նրան, ում սիրում ես, ընծայաբերել կյանքն այն նպատակին, ինչին հավատում ես: Այսպիսի սիրով մահը անմահություն դարձրին Ղևոնդյանց նահատակները։ Նրանց առջև, ինչպես հաճախ շատերի առջև, ծառացած էր ճակատագրական նույն հարցը` ընտրել կենսաբեր մա՞հը, թե՞ մահաբեր կյանքը, հավատքն ու ինքնությունը վճարել որպես փրկագին բարեկեցության ու հարմարավետությա՞ն, թե՞ կյանքով հատուցել հավատքի ու ինքնության դիմաց»,- ասաց Արշակ Սրբազանը:

Իր քարոզում Սրբազանն ընդգծեց նաև, որ լինել աստվածապաշտ և քրիստոնյա, նշանակում է ապրել հավատքի, համոզումների, ազատության ու ինքնության համար, և պատերազմել հանուն քրիստոնեական հավատքի և ինքնության, նշանակում է պահել հավատարմությունը Քրիստոսի հարության ու անմահության ուղերձին։

Ցավով հաստատելով, որ ժամանակակից աշխարհը բազում մարտահրավերներ ու դժվարություններ է առաջադրում մեր Եկեղեցուն և հոգևորականներին՝ Արշակ եպիսկոպոսը հորդորեց հոգևոր դասին հաստատուն մնալ այն մտքի մեջ, որ Աստված մարտահրավերների դիմաց նաև կամք ու զորություն է պարգևում իր Սուրբ Եկեղեցուն և նրա սպասավորներին՝ հաղթահարելու խոչընդոտները, խիզախ ու անկոտրում մնալու մեղքի դեմ պայքարի դիրքերում և Ղևոնդյանց նահատակների քաջարի ոգով ամրորեն կառչած մնալու անմահության կենսաբեր իր պատգամին։

Տոնի կապացությամբ, Սրբազան Հայրը շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայոց Եկեղեցու ողջ հոգևոր դասին` հայցելով Ս. Ղևոնդյանց քահանայից բարեխոսությունը մեր Եկեղեցու հոգևորականների քաջառողջ ու արևշատ կյանքի և արգասաբեր ծառայության համար՝ ի պայծառություն մեր Ս. Եկեղեցու, ի շինություն մեր երկրի և ի բարօրություն մեր ժողովրդի:

 

18.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․