Գրքեր

Սաղմոս Բ

Եբրայական և ասորական բնագրերը հետևյալ կերպ են մեկնաբանում այս Սաղմոսը. մեկում այն միավորված է առաջին Սաղմոսի հետ, իսկ մյուսում՝ առանձնացված։ Իսկ մեկնիչներն այստեղ միակարծիք են, թե սա մարգարեություն է այն ամբոխի մասին, որ հարձակվեց մեր Տիրոջ վրա՝ Հերովդեսի և Պոնտացի Պիղատոսի գլխավորությամբ և որ Պետրոսը և մյուս աշակերտները [երբ բժշկեցին կաղին], ով նստում էր տաճարի գեղեցիկ կոչվող դռան մոտ, ասացին, թե իսկապես խռովություն եղավ քաղաքում Հերովդեսի և Պոնտացի Պիղատոսի, ազգերի և ժողովուրդների միջև Հիսուս Քրիստոսի պատճառով։

1. Ընդէ՞ր խռովեցան հեթանոսք. եւ ժողովուրդք խորհեցան ի սնոտիս:

Ինչո՞ւ խռովություն արեցին հեթանոսները, և ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին

Խռովեցին հարևան ազգերը, երբ Մովսեսն իսրայելացիներին հանեց Եգիպտոսից՝ Երուսաղեմ տանելու և Քրիստոսն էլ՝ հանեց [մարդկությանը] մարմնավոր տիղմից՝ նոր Երուսաղեմ տանելու, քանզի իրենց անձերը վնասեցին, այլ ոչ թե նրան, ով իր խաչով տիրեց ամբողջ աշխարհին՝ մարդկանց որդիներին ազատելով սատանայից:

2. Յանդիման եղեն թագաւորք երկրի, եւ իշխանք ժողովեցան ի միասին վասն Տեառն եւ վասն աւծելոյ նորա:

Հավաքվեցին երկրի թագավորները, և միավորվեցին իշխաններն ընդդեմ Տիրոջ և Նրա Օծյալի:

Առաքյալն ասում է. «Այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց այն, որովհետև, եթե ճանաչված լիներ, արդարև փառքի Տիրոջը չէին խաչի» (Ա. Կորնթ. 2:8): Ժողովրդի իշխաններին քահանաներ ու քահանայապետեր է կոչում, ինչպես որ Ավետարանն է ասում, թե. «Այդ ժամանակ քահանայապետները և ժողովրդի ծերերը հավաքվեցին» (Մատթ. 26:3): Տեր ասելով նկատի ունի Հորը և [Նրա Օծյալին]՝ Քրիստոսին, քանզի Որդու պատիվն ու անարգանքը Հորն էլ է, ըստ Տիրոջ այն խոսքի, թե ով Ինձ ընդունի, ընդունում է Հորը և ով Ինձ անարգի, անարգում է Հորը:

Իսկ եբրայեցիներն ասում են, թե այս իրադարձություններն այն ժամանակ եղան, երբ միաբանվեցին փղշտացիները, ամոնացիները, մովաբացիներն ու եդոմացիները և դուրս եկան Սիոնի դեմ: [Միավորվեցին իշխաններն ընդդեմ Տիրոջ և Նրա Օծյալի]. սրանով հաստատվեցին Սուրբ Հոգու և Հոգեկիր սրբերի խոսքերը:

3. Խզեսցուք զկապանս նոցա, եւ ընկեսցուք ի մէնջ զլուծ նոցա:

Քանդենք նրանց կապանքները և թոթափենք նրանց լուծը մեզանից:

Հրեաները քանդեցին Քրիստոսի լուծը, իսկ հեթանոսները՝ Մովսեսի: Հավատացյալներն են ասում, թե քանդենք հեթանոսների կապանքները, այսինքն՝ կուռքերի, և թոթափենք հրեաների լուծը, այսինքն՝ օրենքի, ըստ այնմ, թե ինչո՞ւ մեր աշակերտների պարանոցների վրա դնենք մի լուծ, որը ոչ մենք և ոչ էլ մեր հայրերը չկարողացան վերցնել: Կամ այսպես են ասում երկրի թագավորներն ու իշխանները, որոնք խորհրդանշում են խաչ հանողներին, ովքեր չմտան Տիրոջ ուռկանի մեջ և չվերցրեցին այն քաղցր լուծը, որ առաքյալները հաստատեցին և չկապվեցին Աստծո սիրով և չեղան որպես որթատունկի ճյուղեր: Ոմանք էլ ասում են, թե հրեշտակներն այդ սարսափելի օրը զարհուրած միմյանց ասացին, թե քանդենք կապանքները և թոթափենք խաչի լուծը, որ Տերը դրեց իր ուսերի վրա:

4. Բնակեալն յերկինս ծիծաղեսցի զնոքաւք, եւ Տէր արհամարհեսցէ զնոսա:

Երկնքում բնակվողը կծիծաղի նրանց վրա և Տերը կարհամարհի նրանց:

Երկնքում բնակվողի մասին էին ասում, թե գողացան աշակերտները և դրանով ծիծաղելի էին դառնում փարիսեցիները, քանզի նրանց գործերն էին ծաղրում իրենց: Նաև ոչ թե ուրախությամբ է ծիծաղում, այլ՝ տրտմելով և ոչ էլ հեգնելով, քանզի նրանք իրենց գործերով ծիծաղելի և արհամարհելի եղան դևերի կողմից և դա էր Տիրոջ խռովության և տրտմության պատճառը մահվանից առաջ՝ հրեաների և խաչը հանողների, ինչպես նաև առաքյալներին ու իրեն հավատացողներին հալածողների և սպանողների կորուստը:

5. Յայնժամ խաւսեսցի ընդ նոսա բարկութեամբ իւրով, եւ սրտմտութեամբ իւրով խռովեցուսցէ զնոսա:

Այնժամ կխոսի նրանց հետ իր բարկությամբ և իր զայրույթով կսարսափեցնի նրանց:

Երբ նրանց քառասուն տարի ժամանակ է տալիս ապաշխարության և չեն զղջում, նրանց հետ հռոմեացիների միջոցով է խոսում, ովքեր ասում էին, թե կայսրից բացի ուրիշ թագավոր չունենք: Քանզի նախ հեզությամբ էր խոսում նրանց հետ՝ ասելով, թե սովորեք ինձանից, որ հեզ եմ: Ապա դատաստանի ժամանակ էլ կասի, թե գնացեք ինձանից դեպի հավիտենական կրակները, ըստ ձեր արժանիքների:

6. Ես կացի թագաւոր ի նմանէ ի վերայ Սիօնի լերին սրբոյ նորա, պատմել ինձ զհրամանս տեառն:

Ես թագավոր կարգվեցի նրանից իր սուրբ լեռան՝ Սիոնի վրա, որ հռչակեմ Տիրոջ հրամանները:

Ոմանք գտնում են, թե սա Հորն է վերաբերում, բայց սա ավելի ճիշտ է Որդուն վերագրել, ով ըստ Հոր կամքի Դավթի Որդի կոչվեց և որպես թագավոր եկավ ոչ թե մի օտար երկիր, այլ՝ նստելու հենց Դավթի աթոռին՝ Երուսաղեմում: Թեև անզգամ թագադիրները փշով պսակեցին նրան, բայց հեռավոր իմաստուններն ավանդեցին Երուսաղեմի դուստրերին՝ այդտեղ տեսնել պսակի խորհուրդն իր փեսայության օրը և նրա սրտի ուրախությունը, քանի որ դրանով վերցվեցին մեր հանցանքների փշերը: Եվ ուսուցանեց, որ եթե հրամանն ու կամքը Հորն է, ապա ոչ թե միայն Որդուց, այլև Հորից պետք է շնորհակալ լինենք:

7. Տէր ասաց ցիս որդի իմ ես դու, ես այսաւր ծնայ զքեզ:

Տերն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ»:

Օրը լույս է, ինչպես որ Հայրն ասաց, թե ես իմ այս բնությամբ, անմայր, անմատույց լուսով, անօրինակ, անճառ և անիմանալի ծնեցի քեզ: Այս խոսքերը Որդուց բացի ոչ ոք չլսեց, քանզի միայն նրան ասաց: Եվ նորից՝ այսօր ասելով չի հայտնում ժամանակը, ինչպես որ ասում է, թե նախքան արուսյակը ծնեցի քեզ կամ բոլոր բլուրներից առաջ ծնեցի քեզ, կամ թե՝ արևից առաջ կար նրա անունը: Տիրոջ ժամանակը երեք կերպ պետք է հասկանալ. նախքան մարդու ստեղծվելը, մարդու ստեղծումից հետո մինչև հարություն, ապա այդտեղից էլ մինչև հավիտենության օրը, քանզի այսօրը սկիզբ ցույց չի տալիս, որովհետև Աստված ժամանակի մեջ չի տեղավորվում, ինչը գիշեր և ցերեկ ունի, ինչպես նաև վաղվա օրը, որովհետև Հիսուս Քրիստոսը երեկ, այսօր և հավիտյան նույնն է: Այսօր է ասում, որպեսզի լսեք նրա ձայնը, քանզի նա միշտ Հայր է և միշտ ասելով՝ նրան լսեք, ցանկանում է, որ ընդունենք նրան որպես Սիոնի թագավոր և պատմենք եկեղեցուն, թե՝ «Ես և Հայրս մեկ ենք» և Տերն ասաց ինձ՝ «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ»:

8. Խնդրեա յինէն եւ տաց քեզ զհեթանոսս ի ժառանգութիւն, եւ իշխանութիւն քեզ զամենայն ծագս երկրի:

Խնդրի՛ր ինձնից՝ և հեթանոսներին քեզ կտամ որպես ժառանգություն, ու իշխանություն՝ երկրի բոլոր ծագերում:

Այսօրածին և կուսածին մանկանն է ասում Հայրը՝ միավորված մեր բնությանը, որպես Հորից ծնված, իբրև Բանը, որ իրենն  է ամբողջ աշխարհն առանց խնդրելու, քանզի եթե հավիտյաններից առաջ գոյություն ունեցողը հանձն առավ լսել Հորից, թե այսօր ծնեցի քեզ, ըստ Պողոսի, թե «Աստված ուղարկեց իր Որդուն, որ ծնվեց կնոջից» (Գաղ. 4:4), սա ևս կլսի, թե խնդրի՛ր ինձնից, որովհետև ասաց, թե Հակոբի ժողովուրդը և  Իսրայելը՝ քեզ վիճակված ժառանգությունը, օտարացան և խաչը հանեցին Տիրոջը և նրանց փոխարեն եկան հեթանոսները, որոնց մասին հարությունից հետո ասաց աշակերտներին. «աշակերտեցե՛ք բոլոր հեթանոսներին» (Մատթ. 28:19) և իշխանություն եմ տալիս քեզ ոչ թե բոլոր ծագերում, այլ՝ երկրի բոլոր ծագերում, որովհետև նրանն են և նրա ձեռքում են երկրի բոլոր ծագերը և երկիրն իր ամբողջությամբ Տիրոջն է [պատկանում], որպեսզի երկրի բնակիչները ճանաչեն երկրի Տիրոջը: Խնդրելը խոսքով չի երևում, իսկ տալու մասին վկայում է՝ ասելով, թե ինձ ամեն իշխանություն իմ Հորից տրվեց (Տե՛ս Մատթ. 28:18): Թերևս խնդրել էր Հորից, որ մարմին առներ, որպեսզի մեր գլուխը լիներ և աղոթեր ու գոհություն հայտներ մեզ համար:

9. Հովուեսցես զնոսա գաւազանաւ երկաթեաւ. Որպէս զանաւթ բրտի փշրեսցես զնոսա:

Նրանց կհովվես երկաթյա գավազանով և բրուտի անոթի պես կփշրես նրանց:

Տերն իրեն քաջ հովիվ կոչեց, ով հավատացյալներին փափուկ գավազանով, Ավետարանով և խաչի ցուպով է հովվում, որին մխիթարիչ են կոչում՝ ասելով «Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն» (Սաղմ. 22:5): Իսկ խաչողներին ու անհավատներին՝ հռոմեացիների երկաթե գավազանով, ինչպիսին էին Տիտոսը և Վեսպիանոսը, որոնք գրավեցին Երուսաղեմը և խեցեղեն անոթի պես փշրեցին և Իսրայելի որդիները ցրվեցին ամբողջ աշխարհով մեկ: Դանիելն էլ երկաթի հետ համեմատեց հռոմեացիների թագավորությունը:

10. Արդ, թագաւորք, զայս ի միտ առէք, խրատեցարուք ամենեքեան ոյք դատիք զերկիր:

Արդ, թագավորնե՛ր, ո՛ւշ դարձրեք սրան և խրատվեցե՛ք ամենքդ, որ մարդկանց եք դատում:

Հեթանոսների թագավորներ, մի՛ նմանվեք հրեաների մոլեգին ազգին, այլ Տիրոջը ծառայեք երկյուղածությամբ, քանզի ձեր Տերը երկնքում է և անաչառ է նա, այլ՝ ինչպես որ դատում եք երկրում, այդպես էլ պիտի դատվեք, և ինչով որ չափում եք, դրանով էլ պիտի չափվեք:

11. Ծառայեցէք Տեառն երկիւղիւ, եւ ցնծացէք առաջի նորա դողութեամբ:

Ծառայեցե՛ք Տիրոջը երկյուղով և ցնծացեք նրա առջև դողալով:

Երկյուղով Տիրոջը ծառայե՛ք և մի՛ եղեք հրեաների պես, ովքեր լկտիությամբ Ակկարոնի Ճանճիկ [աստծուն ծառայեցին]: Եվ երկու բնությունը մեկ արեց [այսինքն՝ Աստված և մարդ միավորվելով դարձան մեկ բնություն՝ աստվածամարդ], պատվով պսակեց և երկրի տեր նշանակեց, մեծարեց իշխանությամբ, կենաց և մահու իշխանություն տվեց: Ցնծացե՛ք, քանզի Աստված է, նաև երկյուղե՛ք, որովհետև Տեր է և թափելու է իր բարկությունը բոլոր ամբարիշտ և անիրավ մարդկանց վրա:

12. Ընկալարուք զխրատ նորա՝ զի մի բարկասցի Տէր, եւ կորնչիցիք ի ճանապարհացն արդարութեան:

Ընդունեցե՛ք նրա խրատը, որ Տերը չբարկանա, որ դուք չկորչեք արդարության ճանապարհից,

Որպեսզի չբարկանա դատաստանի օրը: Խրատը նաև Ավետարանն է համարում և ասում է չկորչեք արդարության ճանապարհից, ըստ այնմ, թե ես եմ ճանապարհը և թերևս ապաշխարության է կանչում Տիրոջը խաչողներին և նրանց, ովքեր հակառակ են Ավետարանին: Նրանք, ովքեր ընդունեցին նրա խրատը, ինչպիսիք էին Տրդատն ու Կոստանդիանոսը, իսկ նրանցից առաջ՝ Աբգարը, ահով ու երկյուղով ցնծացին նրա առաջ: Իսկ ովքեր շեղվեցին արդարության ճանապարհից, հավիտենական կորստյան մատնվեցին, ինչպիսիք էին Դեկոսը, Դիոկղետիանոսը, Մաքսիմիանոսը և այլոք: Նորից ընդունեք, ասում է եբրայեցին, համբուրեք Որդուն ապաշխարությամբ, որպեսզի Հայրը չբարկանա, ինչպես որ պոռնիկը համբուրեց Հիսուսի ոտքերն արտասուքով, քանզի որտեղ զղջման արցունքներն են, այնտեղ էլ Քրիստոսի ոտքերն են:

13. Ի ժամանակի որպէս բորբոքեսցի բարկութիւն նորա:

Երբ նրա զայրույթը բորբոքված լինի:

Ինչպես որ մենք ենք նախ սրտմտության պատճառով բարկանում, ապա մարմնով բորբոքվում, այնուհետև դիմում գործնական քայլերի: Նույնն էլ Աստծո մասին է ասում. Նախ խրատում է բարկությամբ և չապաշխարելու պատճառով բորբոքվում է՝ պատժելու համար: Երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնապես գա իր զորությամբ և փառքով և նրա առաջ բորբոքվի կրակը, այդ ժամանակ, ասում է Եսային. «Ո՞վ պիտի պատմի ձեզ, թե կրակը բորբոքվել է» (Ես. 33:14): Քանզի այժմ քաղցրությամբ է կանչում՝ ասելով. «Թող ինձ մոտ գան բոլոր նրանք, ովքեր աշխատել են»:

14. Երանի ամենեցուն՝ ոյք յուսացեալ են ի Տէր:

Երանի բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Տիրոջ վրա:

Արդարև երանելի են նրանք, ովքեր իրենց հույսը Տիրոջ վրա են դնում, որովհետև հույսը երբեք չի ամաչեցնում: Եվ նրանցն է հույսը, ովքեր Պողոսի նման կարողանում են ասել. «Եվ հիմա ինձ է սպասում արդարության պսակը» (Բ. Տիմ. 4:8):

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

 

01.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․