Գրքեր

Սաղմոս ՃԷ

Դավթի օրհնության սաղմոսը

Սաղմոսը մարգարեություն է հրեաների դարձի և հեթանոսների փրկության մասին: Երբ Դավիթը ուղարկեց Հովաբին եդոմացիների որդիների վրա և վեց ամիս կոտորեց նրանց բոլոր արուներին և ետ վերադարձավ, երգեց Դավիթը: Սա ընդհանրություններ ունի 56 և 59 սաղմոսների հետ:

1. Պատրաստ է սիրտ իմ, Աստուած, պատրաստ է սիրտ իմ օրհնել և սաղմոս ասել քեզ փառօք իմովք:

Պատրաստ է սիրտն իմ, Աստվա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու և սաղմոսերգելու քեզ իմ փառաբանությամբ:

Այսպես են ասում իմաստուն կույսերը, իմաստուն տնտեսը և հավատարմ ծառան: Սիմաքոսը ասում է՝ կազմ [ու պատրաստ] է սիրտն իմ, խիստ լավագույններն են համարձակվում այսպես ասել: Օրհնելու և սաղմոսերգելու քեզ իմ փառաբանությամբ. մարգարեությունն է փառք կոչում, նաև՝ թագավորի և քահանայի փառքը ժողովուրդն է, երբ նրանց նկատի ունենալով են երգում այս, ապա պատրաստ են ու անմեղ:

2. Զարթի՛ք փառք իմ, զարթի՛ք սաղմոսիւք և օրհնութեամբ և ես զարթեայց առաւօտուց:

Արթնացի՛ր փառք իմ, արթնացի՛ր սաղմոսով և օրհնությամբ, և ես կարթնանամ առավոտյան:

Մարգարության շնորհն արթնացնում է աղոթքով, եբրայերենով՝ զարթնի՛ր տավիղ, զարթնի՛ր քնար, որը մեռած վիծակի, մեռելությունից զարթնելն է նշանակում: Զարթնի՛ր, քնարն արթնացնում է հոգին և մարմինը, և ծնգծնգոցով կարծես բարի բանի է դրդում, և գործով՝ Աստծուն երգելու: Եվ ես կարթնանամ առավոտյան՝ բնությունը՝ թմրությունից՝ առավոտյան գալով մեր Քրիստոս Աստծու՝ լույսի մոտ:

3. Խոստովան եղէց քեզ ի ժողովուրդս, Տէր, և սաղմոս ասացից քեզ յազինս:

Գոհություն կմատուցեմ քեզ ժողովուրդների մեջ, Տե՛ր, և ազգերի մեջ սաղմոս կերգեմ քեզ:

Ժողովուրդների մեջ՝ հրեաների, և ազգերի՝ հեթանոսների, ինչպես որ Դավիթն է երգում բոլորի բերանով: Նաև մեր հույսն է, թեև մենք երգում ենք կյանքում և մահվանից հետո՝ քրիստոնյա եկեղեցականների և աշխարհականների բերանով:

4. Մեծ եղեւ մինչեւ յերկինս ողորմութիւն քո, մինչև յամպս ճշմարտութիւն քո:

Մեծ է քո ողորմությունը և երկնքից բարձր, և քո ճշմարտությունը հասնում է ամպերին:

Երկնքից բարձր, ուր Հայրը ողորմեց Որդու գալստյամբ, հասնում է ամպերին, երբ ամպով գա ճշմարտությամբ դատելու համար:

5. Բարձրեալ ես դու յերկինս, Աստուած, և յամենայն երկրի են փառք քո:

Դու երկինք ես բարձրացած, Աստվա՛ծ, և ողջ աշխարհն է բռնել փառքը քո:

Ամբողջ աշխարհին ցույց տո՛ւր քո բարձրությունը. Տերը մարմնով համբարձվեց երկինք, և տեսան երկրավորները, և ողջ աշխարհն է բռնել նրա փառքի պատմությունը: Եբրայերենում ասվում է՝ բա՛րձր եղիր, Աստվա՛ծ:

6. Որպէս փրկեցան սիրելիք քո, կեցո՛ աջով քոյ՝ և լո՛ւր մեզ:

Որպեսզի սիրելիներդ փրկվեն, պահպանի՛ր քո աջով և լսի՛ր մեզ:

Սիրելիներդ՝ Աբրահամը, Իսահակը, Հակոբը, և արդ՝ նոր Իսրայելը: Պահպանի՛ր քո աջով՝ խնամակալությամբ:

7. Աստուած խօսեցաւ ի սրբութենէ իւրմէ, բարձր եղէց՝ բաժանեցայց զՍիւքէմ, և զհովիտսն յարկաց չափեցից:

Աստված խոսեց իր սրբարանից. «Ես պիտի բարձրանամ, բաժանեմ Սյուքեմը և վրանների հովիտը պիտի չափեմ»:

Մարգարեն է խնդրում՝ բա՛րձր եղիր, Աստվա՛ծ, և պատասխան է ստանում Սուրբ Հոգու շնորհով. «Ես կցնծամ քո  խնդրանքով, կբարձրանամ՝ խաչով, կբաժանեմ Սյուքեմը»: Հրաշալի քաղաք է [Սյուքեմը], որ Հակոբը տվեց Հովսեփին, և որը դարձի ժամանակ ասում են բաժանվեց տասներկու ցեղերի միջև: Եվ վրանների հովիտը չափով պիտի տա՝ բնակարաններ կառուցելու համար, իսկ ամբողջ աշխարհը քարոզիչների միջև բաժանեց: Աստված խոսեց իր սրբարանից՝ խաչից՝ ավազակի հետ. «Այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23:43), և Հոր հետ, թե. «Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին» (Ղուկ. 23:46): Ցնծաց մահվամբ, բարձրացավ երկինք, բաժանեց դրախտը՝ հոգու հովիտը, որ դժոխքում չափեց երեք օր, թե դևերը որքան չարիք գործեցին իմ պատկերի դեմ, և հատուցեց նրանց:

8. Իմ է Գաղայադ և իմ է Մանասէ, Եփրեմ հզօրիչ գլխոյ իմոյ:

Իմն է Գաղաադն ու իմն է Մանասեն, Եփրեմն իմ գլխի սաղավարտն է:

Գաղաադը երկրի անուն է, Մանասեն՝ այն ցեղի, որ հնազանդ է ինձ, որը Հուդայի ցեղն է, Եփրեմը թագավորի գլխապահն է:

9. Հուդա թագաւոր իմ. Մովաբ աւազան յուսոյ իմոյ:

Հուդան թագավորս է, Մովաբը՝ ավազանը հույսի:

Հուդան թագավորս է. ամբողջ Իսրայելը չընդդիմացավ դարձին, ասում է, Հուդայի թագավորը Զորաբաբելն է, Մովաբը՝ ավազանը հույսի, այսինքն՝ հույս կա, որ դարձի ժամանակ Մովաբը կտրորենք, և մեր ոտքերը կլվանանք նրանց արյամբ, ինչպես ավազանում: Նաև Հուդայից ծագեց Տերը, և որ Աստված խոստովանվում է եկեղեցիներում, իսկ Մովաբը՝ ավազան. Հոր կամքով է մկրտության շնորհը, որը աստվածանալու մեծ հույս է:

10. Յեդովմէ ուղղեցից զգնացս իմ, և ինձ այլազգիք հնազանդ եղէն:

Դեպի Եդոմե պիտի ուղղեմ երթն իմ. և այլազգիներն ինձ հնազանդվեցին:

[Նկատի ունի] դարձը, և այլազգիները՝ փղշտացիները, հնազանդվում են: Եբրայերենում՝ Եդոմեն՝ իմ կոշիկները հանողը, և փղշտացիների [երկիրը], որին ձայն եմ տալիս: Եդոմեն կտրորեմ հնձանի պես, իսկ փղշտացիներին՝ կհնազանդեցնեմ: Դարձյալ՝ Եդոմեն մարմնավոր մահն է ասում, որովհետև մարմնին է կոշիկ կոչում, իսկ փղշտացիներին ձայն է տալիս, այսինքն՝ դժոխքին, որտեղ այլազգիներն ու դևերը տանջում են հոգիներին, ձայն է տալիս՝ ասելով. «նրանք, ովքեր կապանքների մեջ են, թող ազատ արձակվեն»:

11. Ո՞ տարցէ զիս ի քաղաք ամուր, կամ ո՞ առաջնորդեսցէ ինձ մինչև յԵդովմէ:

Ո՞վ ինձ կտանի բերդաքաղաք, կամ ո՞վ ինձ կառաջնորդի մինչև Եդոմե:

Ո՞վ ինձ կտանի, գերին ցանկանում է գնալ մինչև Երուսաղեմ և տեսնել այն պարսպով ամրացած, իսկ բնությունը՝ դրախտում, որովհետև ամրացած այլևս դուրս չի գա այնտեղից, կամ ո՞վ կառաջնորդի, մինչև անարատությամբ այս երկրից ելնելը:

12. Թէ ոչ դու, Աստուած, որ մերժեցեր զմեզ և ո՛չ ելեր Աստուած ընդ զօրս մեր:

Եթե ոչ դու, Աստվա՛ծ, որ լքեցիր մեզ, և մեր զորքերի հետ դուրս չելար, Աստվա՛ծ:

Ուրիշ էլ ո՞վ զորություն ունի, ասում է, եթե ոչ դու, որ դրախտից և Երուսաղեմից մերժեցիր, և մեր զորքերի հետ դուրս չելար որպես զորքի գլուխ, ինչպես հրեշտակների հետ՝ թմբուկով:

13. Տո՛ւր մեզ օգնութիւն ի նեղութեան, զի սուտ է փրկութիւն մարդոյ:

Նեղության մեջ օգնությո՛ւն տուր մեզ, քանզի ունայն է փրկությունը մարդու:

Քո Հիսուսին [տուր], քանզի ունայն է փրկությունը մարդու, որովհետև եղբայրը չի կարող փրկել, և ոչ էլ [որևէ այլ] մարդ:

14. Աստուծով արասցուք զօրութիւն. և նա յամօթ արասցէ զթշնամիս մեր:

Աստծով զորություն կստեղծենք, և նա ամոթահար կանի մեր թշնամիներին:

Այսուհետև մկրտության ավազանով զորություն կստեղծենք մեզ համար Հոգուն և հրեշտակների բանակը, և նա ամոթահար կանի մեր թշնամիներին՝ երևելի և աներևույթ:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

02.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․