Գրքեր

Սաղմոս ՃԽ

Նույն միտքն ու խորհուրդն ունի նաև այս սաղմոսը, որի մասին նախապես ասվեց, սակայն պետք է նաև ասել, որ շատերը մանկությունից մինչև ավագության հասնելը երգում են, բայց իմաստը չեն ցանկանում ընկալել: Ուստի եթե մեկը ծարավի և մաքուր ջրի հանդիպի, մի՞թե չի կամենա հագեցնել ցանկությունը, կամ մտնելով ծաղկաստանի մեջ՝ չի՞ ցանկանա վայելել մրգերը կամ բույրը: Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք զերծ մնալ մեղադրանքից, եթե ծածկված գանձի մոտ գտնվելով, կամ ոսկով լի քսակի մոտ գտնվելով՝ չվայելենք այն, այլ միայն ծանրությունը զգանք: Արդ, այժմ պետք չէ այսպես լինել, այլ յուրաքանչյուր խորհրդի մասին պետք է մտածենք, ինչպես այս սաղմոսն է, որը միշտ՝ ամեն երեկո երգում ենք, որովհետև այստեղ է իմաստի ուժը, որով կարող ենք մարտնչել այն ամենի դեմ, ինչ ամբողջ օրվա ընթացքում կրեցինք կամա թե ակամա, և ոչ թե միայն որպես երեկոյան պատարագ, այլ ինչպես որ ասում է.

1. Տէր, կարդացի առ քեզ և լո՛ւր ինձ, նայեա՛ ի ձայն աղօթից իմոց ի կարդալ իմում առ քեզ:

Տե՛ր, ձայն տվի քեզ, լսի՛ր ինձ և ո՛ւշ դարձրու աղոթքիս ձայնին, երբ քեզ եմ կանչում:

Ինչպես գրքում է՝ կարդալ Տիրոջ առջև՝ նրա ահավոր դատաստանը սրբերի և անմաքուրների համար, որ խորհեցին, խոսեցին և գործեցին բարի ու չար, քանզի այնտեղ իրապես է կարդացվելու, լավ է այստեղ կարդալ և ջնջել ամեն անպիտան բան, որպեսզի չլինի թե մոռացության մատնվելով՝ ծածկվեն, ուստի և խնդրում է երկու զգայարաններով ընդունել՝ ականջներով և աչքերով: Լսի՛ր ինձ, Տեր, ինչպես իմաստուն կույսերին լսեցիր և բացեցիր առագաստի դուռը, ո՛ւշ դարձրու [աղոթքիս ձայնին], ոչ թե դատարկ ձայնին, այլ՝ ամբողջ ուժով արձակած ձայնին. կա զորեղ ձայն, որ ամբողջ ուժն այնտեղ է կուտակվում, նույնպես նաև աղոթքն է, այսինքն՝ Աստծու հետ խոսելը ամբողջ սրտով և ամբողջ խորհուրդներով, մտքի հոժարությամբ աղոթքին կենտրոնանալը, ինչպես ծննդաբերության ցավերի ժամանակ հոգու և մտքի ուժը միավորվում են և միևնույն հույսով սպասում մանկան ծնվելուն, և այնուհետև ծնողը հանգստանում է: Այդպես էլ նա, ով կարող է ասել. «Քո ահ ու երկյուղով հղացանք, երկունքով բռնվեցինք, ծնեցինք ու երկրի վրա ստեղծեցինք փրկության քո ոգին» (Ես. 26:18): Հղացանք, երկունքով բռնվեցինք ասելով՝ նկատի ունի ամբողջ բնությունն աղոթքի գործին վարժվելն ու երկյուղով Աստծու առջև գալը: Երբ քեզ եմ կանչում. իմ բազում մեղքերից հետո, և քո դատաստանն եմ կանչում ու քո բազում ողորմություններն ու սքանչելիքները զղջացողների հանդեպ, դրա համար էլ կրկնում է կանչելը, քանզի սա է աղոթքի կարգը:

2. Ուղիղ եղիցին աղօթք իմ որպէս խունկ առաջի քո, Տէ՛ր, համբարձումն ձեռաց իմոց՝ պատարագ երեկոյի:

Տե՛ր, թող աղոթքս քեզ ուղղվի որպես խունկ, ձեռքերիս կարկառումն՝ իբրև երեկոյան պատարագ:

Պաղատում է, որպեսզի աղոթքն Աստծուն հասնի, ինչպես հրեշտակը Կոռնելիոսին ասաց, թե քո աղոթքներն ու ողորմություններն Աստծու առջև բարձրացան: Նույնպես պետք է լծվել խոսքով և գործով, ու աղաչել, որպեսզի [աղոթքները], ներկայացնելով իբրև սրտի սենյակում փակված և իբրև անուշահոտ յուղ, բարձրանան դեպի վեր՝ առաքվելով Աստծուն: Քանզի, ըստ օրենքի, չորս անուշահոտ խունկ կար. քաղբան, ստաշխն, եղեգ ու կնդրուկ, ընտիր ու ազնիվ, որոնք մեզ համար չորս առաքինությունների խորհուրդն ունեն, որի մասին մեկ այլ տեղ է ասվել, որը և խնկաբույր աղոթքի բուրվառի է նման: Եվ որ պետք է մեր սրտերը բուրվառի պես լինեն. հուրը՝ Աստծու հանդեպ ունեցած ջերմությունն է, խունկը՝ բոլոր բանական էակներիս սուրբ վարքը, հավատքը, հույսն ու սերը: Բուրվառի նյութը պղինձն է, ոսկին, արծաթը, երկաթը, որոնցով էլ մեր սիրտն է զարդարվում. ոսկին՝ հավատն է, արծաթը՝ վարքը, պղինձը՝ հնչող աղոթքները, երկաթը՝ խոսքը, որի միջոցով ոչնչանում են ախտերը: Եվ այդ ամբողջը միասին արարածներս մեր ձեռքը վերցնելով իբրև սկուտեղ և ողջակեզի սեղան, բերանը դեպի երկինք, որից ծուխ է դուրս գալիս, մեր չորս նյութերից բաղկացած բնությունը վեր բարձրացնելու պարան, շղթայի վերին օղակը՝ իմացականը՝ դեպի մեզ, մարմնավոր բնության կառույցի ներքին մասը՝ բռնիչը՝ անմոռաց հիշողությունը, քահանան՝ միտքը, սեղանը, տաճարն ու բեմը, որտեղ խունկ են ծխում՝ քահանայապետության երեք կարգերը, երկնային ինը դասերը, իսկ որ հոտոտում են անուշահոտությունը՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, որոնցից էլ ստանալով պարգևները, անուշահոտությամբ ենք լցնում բոլոր երկնայիններին և երկրայիններին՝ հայցելով մասնակցություն ունենալ վերին և ներքին եկեղեցու լրմանն ու ճոխացմանը և մեր փրկությանը: [Այս ամենին] խնդրում ենք ավելացնել նաև սրբերի շնորհները, որպեսզի Բարերարի՝ նրանց հանդեպ ունեցած սերը մեզ՝ նվաստներիս էլ հասնի, որովհետև ասում ենք. թող մեր աղոթքները քեզ ուղղվեն որպես խունկ, մեր ձեռքերի կարկառումն՝ իբրև երեկոյան պատարագ:

Խնկի սեղանը մեկն էր այն չորս պատվավոր և հաստատուն սեղաններից, ինչն ըստ Հովհան Ոսկեբերանի՝ հաստատապինդ էր կոչվում: Քանի որ քավության սեղանը սրբության սրբոցում էր, որտեղ քահանայապետը մտնում էր տարվա մեջ մեկ անգամ՝ արյամբ ու խնկով: Եվ հացի սեղանը, որի վրա առավոտյան և երեկոյան դնում էին հաց ու մի գառ: Եվ խնկի ոսկե սեղանը՝ հարավային կողմում դրված, որի առջև երկու անգամ խնկարկում էին՝ առավոտյան և երեկոյան: Եվ ողջակեզների սեղանը, որը դռնից դուրս էր, և որի վրա մշտապես զոհեր ու պատարագներ էին մատուցում: Դավիթն այս չորս խորհուրդներից խնկի նվերն է հիշատակում, որը գառանն ու խնկինն է՝ երեկոյան պատարագ ասելով:

Եվ ինչո՞ւ առավոտյան չի ասում, քանի որ Դավիթը հալածանքների ու վշտերի մեջ էր, երբ սա ասաց երեկոյան հարմար պահին՝ լույսի նվազման ժամանակ: Նաև առավոտյան պատարագն է երեկոյան մատուցում, որտեղ կատարվում են օրվա բոլոր նվերները՝ բոլոր սեղաններին:

Նաև հոգով զգում է իր Տիրոջ սոսկալի խորհուրդը՝ ժամանակների վախճանին՝ երեկոյան դարում և սկսվում է ավագ հինգշաբթի օրը՝ երեկոյան վերնատան խորհրդով՝ հացն ու գինին միավորելով և տալով ընտրյալ ու սրբված աշակերտներին, որի մասին նախապես մարգարեանալով ասում է: Եվ իր ձեռքերի կարկառումը նման է Տիրոջ՝ խաչի վրա ձեռքերի տարածմանը, և երեկոյան ժամին հոգին Հորը նվիրաբերելը, այսինքն՝ ավանդումը որպես խնկի պտուղ, որով լցվելու էին արարածները՝ անուշաբույր Հոգով: Եվ համբարձման ժամանակ արարչական ձեռքերը բարձրացնելով՝ օրհնեց առաքյալներին: Մենք էլ պետք է այդպես անենք. աղոթք նվիրաբերելով կարկառենք մեր ձեռքերը՝ անուշահոտություն բերելով մաքուր վարքով և ճշմարտախոս լեզվով՝ հուսալով, որ մերն էլ միավորվի Քրիստոսի գլխի հետ՝ Հորը նվիրաբերելով անուշահոտ պատարագ:

3. Դի՛ր, Տէ՛ր, պահապան բերանոյ իմոյ, և դուռն ամուր շրթանց իմոց,

4. զի մի՛ խոտորեսցի սիրտ իմ բանիւ չարութեան:

Պահապան դի՛ր, Տե՛ր, իմ բերանին, և ամուր դուռ՝ իմ շրթներին, որ սիրտս չհակվի չարության խոսքին:

Արարիչը՝ ստեղծելով բերանը, պատշաճ համարեց լեզվի կրկնակի պահպանությունը ատամների և շուրթերի միջոցով, իմանալով, որ մեծ զգուշություն է պետք, քանզի բոլորս նրանով բազմաթիվ անգամներ մեղանչում ենք՝ ըստ Հակոբի և ըստ առակի, որ ասում է. «Մարդիկ կան, որ իրենց խոսքով խոցում են թրի պես» (Առակ. 12:18), և ամեն մարդ իր լեզվով է որոգայթներ լարում կամ կերակրում: Տերն էլ [ասում է]՝ «Քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. 12:37), և «Ինչ որ ելնում է բերանից՝ այն է պղծում մարդուն» (Մատթ. 15:11), և «Ով որ իր եղբորն ասի հիմար և ապուշ, ենթակա կլինի գեհենի կրակին» (Մատթ. 5:22): Արդ, մարգարեն երկու դռների փակման և ամրացման համար է հայցում Աստծուն: Ամուր դուռն ու պահապանը Աստծու երկյուղն է, քանզի այն քաղաքը, որ դուռ չունի և կամ չի փակվում, անօգուտ է պարիսպը, և եթե նույնիսկ փակվում է, նաև պահապանի կարիք ունի, քանզի միշտ չէ, որ պետք է փակ պահել կամ անընդհատ բացել, այլ՝ ըստ ժամանակի և ընտրելով սիրելիներին և թշնամիներին, ճանաչելով, թե ում առջև է պետք փակել և ում՝ բացել: Բերանի պահապանը իմաստությունն ու հանճարն է, որն Աստված է տալիս ոչ միայն բերանին, այլև սրտին՝ զգուշանալու տրամադրած խոսքից, քանզի ըստ Ավետարանի՝ ցանկանում է վերահասու լինել. «Որովհետև սրտից են, որ ելնում են չար խորհուրդները» (Մատթ. 15:19), և եթե սրտում շնացավ, կամ շարժվում է ուրիշների խոսքով և կամ ինքն է անպատեհ խոսքեր ծնում: Դարձյալ՝ պահապան դի՛ր, Տե՛ր, իմ բերանին. մարգարեն զարհուրում է հրեաների ասելուց, թե՝ «Խաչը հանի՛ր դրան» (Մարկ. 15:14), և «Դրա արյունը մեր վրա» (Մատթ. 27:25):

Պատճառել պատճառս մեղաց ընդ մարդս, որ գործեն զանօրէնութիւն եւ ոչ եղէց կցորդ ընտրելեաց նոցա:

Մեղքի պատճառ դառնալով անօրինություն գործող մարդկանց նման. ես նրանց հաճելի բաներին չեմ հաղորդակցվի:

Ինչպես որ Դավիթը [իմացավ] Սավուղի անօրինության և իրեն սպանելու մասին, կամ որ հրեաները Պիղատոսին ասացին, թե ըստ մեր օրենքի արժանի է մահվան, «Խա՛չը հանիր նրան» (Ղուկ. 23:21), և թե՝ «Արգելում է կայսրին հարկեր տալ» (Ղուկ. 23:2), և հենց Տիրոջն էին ասում. «Դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում» (Հովհ. 10:33): Նաև որ գողությունը պատճառաբանում է աղքատությամբ, սպանությունը՝ բարկությամբ, շնությունը՝ անառակ կնոջով և ցանկությամբ, մարդուն կարող է պատճառ բերել, սակայն ոչ Աստծուն: Ես նրանց հաճելի բաներին չեմ հաղորդակցվի. որ պատճառ են փնտրում, սակայն Դավիթն այդպես չեղավ, այլ Նաթանի հանդիմանությանը պատասխանեց. «Մեղանչեցի Տիրոջ առջև» (Բ Թագ. 12:13), և երբ հրեշտակը կոտորում էր Իսրայելին՝ [Դավիթն] ասաց. «Ես՝ հովիվս եմ հանցավոր, այս ոչխարներն ի՞նչ են արել» (Բ Թագ. 24:18):

5. Խրատեսցէ զիս արդարն ողորմութեամբ և յանդիման արասցէ, իւղ մեղաւորի մի՛ օծցէ զգլուխ իմ, և աղօթք իմ ի կամս նորա:

Թող արդարը խրատի ինձ ողորմությամբ ու հանդիմանի, բայց մեղավորի յուղը թող գլուխս չօծի, աղոթքս պիտի հակադրեմ նրա կամքին:

Արդարը ողորմությամբ կխրատի՝ սովորելով Տիրոջից, որ ասում էր. «Ո՛վ իմ ժողովուրդ, նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ» (Ես. 3:12), փաղաքշական խոսքերով կարծես թե շոյելով միտքս, ինչպես որ սուտ մարգարեներն էին ասում, թե երանի քեզ, Իսրայել, և սուտ առաքյալները, թե՝ հավատք միայն ընծայիր Աստծուն, այլ ոչ թե գործ, ինչպես որ ասում է. մեղավորի յուղը թող գլուխս չօծի, այլ արդարը՝ մեղադրելով, ինչպես Նաթանը՝ Դավթին, մարգարեները՝ հրեաներին, առաքյալները՝ քրիստոնյաներին: Նաև՝ աղոթքս պիտի հակադրեմ նրա կամքին. Սիմաքոսը՝ աղոթքս նրանց չարությունից դուրս, այսինքն՝ որ թշնամիներս չարության մեջ չլինեն: Իսկ նրանց կամքին ասելը հայտնի է Աստծուց, որ պատվիրեց աղոթել թշնամիների համար, ինչպես որ Երեմիան էր ջուր և արտասուքի աղբյուրներ հայցում իր գլխի համար (տե՛ս Երեմ. 9:1), և Պողոսն էլ լալով ողբում էր որկրամոլների համար, որպեսզի հեռանան չարությունից Աստծու կամքի համաձայն, ինչպես որ Տերն էր աղոթում խաչողների համար, և Ստեփաննոսն էլ՝ քարկոծողների համար: Մեղավորի յուղ ասելով, կարծում եմ, նկատի ունի հրեա քահանաներին: Թող չօծեն մեր քահանաները, որ մեր գլուխն են՝ յուղով և արյունով, այլ՝ Քրիստոսի Սուրբ Հոգով և սուրբ մեռոնով:

6. Արգելան մերձ առ վիմին դատաւորք նոցա. լուիցեն բանից իմոց և քաղցրասցին:

Նրանց դատավորները կուլ գնացին ժայռի մոտ, թող լսեն խոսքերն իմ, որ քաղցր են:

Մովսեսն ու Ահարոնը, որ տկարացան անապատում վեմին հարվածելիս և թույլ չտրվեց նրանց մտնել ավետյաց երկիր: Դարձյալ՝ գետերը քաղդեացիներին արգելեցին իմանալ թագավորի տեսիլքի մասին, վեմը, որ բացվեց առանց ձեռքի և ոչնչացրեց պատկերը և միայն Դանիելին հայտնեց: Նաև միտքը, որ դատավոր է մարդու համար, երբ չար է, և թույլ չի տալիս իմանալ, թե որն է իր համար օգուտ, որն է վեմը և շինության պատճառը, ինչպես Սավուղին, Աբիսողոմին, Հուդային և հերձվածողներին: Դարձյալ, աղաչում է Աստծուն որպես ջրով ծածկված վեմ, որ թույլ չի տալիս տեսնել և նավերը կործանվում են, նույնպես թող չտեսնեն, ասում է, [նրանք] իրենց որոգայթները, ովքեր իմ առջև այսպիսի որոգայթներ լարեցին: Այլ ճշմարտապես Քրիստոսին է պետք վեմ կոչել, որ ասաց. «Ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի» (Մատթ. 21:44)՝ զրկվելով կյանքից: Եվ կային դպիրներ ու փարիսեցիներ, որոնց թույլ չտրվեց հասկանալ Սուրբ Գրքի առակավոր իմաստը՝ նախքան Քրիստոսի գալը, և Տիրոջ եկած ժամանակ էլ նրանց թույլ չտրվեց հասկանալ, իսկ ովքեր լսեցին նրանցից, քաղցր էին իմանալու մեջ, ինչպիսիք էին Նաթանայելը, Նիկոդեմոսը, Պողոսը և իր վարդապետ Դամաղիելը:

7. Որպէս թանձրութիւն հողոյ, զի սփռեալ է ի վերա երկրի. ցրուեսցին ոսկերք նոցա մերձ ի դժոխս:

«Ինչպես թանձր հողը, որ սփռված է երկրի վրա, այնպես պիտի ցրվեն նրանց ոսկորները դժոխքի մոտերքում»:

Ինչպես անմշակ թանձր հողը հերկվելով՝ փափկացվում է կոշտուկներից և փխրեցվում, այդպես էլ Սավուղին՝ Գեղբուա լեռը, իսկ հրեաներին գերությունը, որ մոտ էր մահվան և կենդանի գերեզման իջնելուն, այսինքն՝ դժոխք, և Տիտոսի կողմից սպանվածների՝ խաչը հանողների հոգիները՝ դժոխքում, և ովքեր դեռ կենդանի են, մոտ են դժոխքին, եթե կենդանության օրոք չհավատան:

8. Առ քեզ, Տէ՛ր, Տէ՛ր, են աչք իմ, ի քեզ յուսացայ, մի՛ հանէր զհոգի յինէն:

Տե՛ր, Տե՛ր, քեզ են ուղղված աչքերն իմ, հույսս դրի քեզ վրա, մի՛ հանիր ինձնից իմ հոգին:

Կրկնելով «Տեր» բառը, ցույց է տալիս, որ հարաժամ երկյուղում է. թե՛ տանը, թե՛ դրսում, թե՛ նեղության մեջ, թե՛ ընդարձակության մեջ, թե՛ պատերազմում և թե՛ խաղաղության մեջ: Քեզ հուսալով, այլ ոչ թե ինձ կամ որևէ այլ մեկի, կամ հաջողության կամ փորձության ժամանակ որևէ մեկից հուսահատվելով: Մի՛ հանիր ինձնից իմ հոգին. նկատի ունի մարգարեական Սուրբ Հոգուն, ինչպես հիսուներորդ սաղմոսում ասաց. «Մի՛ հանիր ինձնից» (Սղմ. 50:13), թե՛ այս կյանքում և թե՛ այն, այս կյանքում որպես մխիթարիչ, իսկ այն կյանքում՝ հանգստություն պարգևող և պսակող:

9. Պահեա՛ զիս յորոգայթէ, որ թագուցաւ ինձ, ի գայթագղութենէ գործողին զանօրէնութիւն:

Պահպանի՛ր ինձ իմ դեմ լարված թակարդից և անօրինություն գործողների գայթակղությունից:

Սավուղի և սատանայի որոգայթներից [պահպանի՛ր] գերուն, Դանիելին և եկեղեցուն: Անօրինություն գործողների, այսինքն՝ օրենքից հեռացածների, որոնք մշտապես այսպիսի գործեր ունեն:

Անկցին ի ցանցս նորա մեղաւորք, միայն եմ ես մինչև անցից:

Թող մեղավորները նրա ցանցերն ընկնեն, և միայն ես անցնեմ գնամ:

Թակարդները գազանների համար են դնում, իսկ ցանցերը՝ հավերի, որ սատանան դնում է յուրայինների համար, որոնց մեջ արդարները չեն ընկնում, այլ՝ մեղավորները՝ գազանացածներն ու ամբարտավանները: Միայն ես [անցնեմ գնամ] միակ Աստծուն ունենալով ամեն ժամ և նրա վրա հույսս դնելով: Բոլոր սրբերը միայնակ են՝ իրենց հետ ունենալով միայն կենդանի Քրիստոսին, մինչև որ անցնեն որոգայթներով լի այս կյանքը և ելնեն դեպի անդրանիկների եկեղեցին ու բազմանան՝ խառնվելով նրանց և հրեշտակների լուսեղեն զորքերի հետ:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

27.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․