Գրքեր

Սաղմոս ՃԼԸ

Այսուհետև՝ սաղմոս Դավթի:

Օրինակներից կեսում Զաքարիայի [տասներկու ցեղերի] սփռման մասին աղոթք է, թե Բաբելոնից վերադառնալով, ասում է, սփռվեցին Աստծու առաջ, նաև Դավթին է վերաբերվում, երբ փախչում էր Աբիսողոմից: Նաև ունի Ովսիա բարեպաշտի աստվածսիրության խորհուրդը, որովհետև առաջինը նա պատմեց Աստծու կանխատեսության մասին և կարծես թե ի դեմս նրա է ասում.

1. Տէ՛ր, փորձեցեր զիս և ծանեար զիս,

2. դու ծանեար զնստելն իմ, և զյառնել իմ:

Տե՛ր, ինձ փորձեցիր ու ճանաչեցիր ինձ: Դու իմացար իմ նիստուկացը:

Մարդիկ փորձվում են ոչ միայն աղքատությամբ և ցավերով, այլև հարստությամբ, թագավորությամբ և առողջությամբ, ինչպես մեծահարուստն ու աղքատ Ղազարոսը, բայց Աստված ոչ թե փորձով է իմանում, այլ՝ անսխալ գիտությամբ, ըստ Պողոսի. «Նա, որ դատում է ինձ, Տերն է» (Ա Կորնթ. 4:4), այսինքն՝ որ ամեն ինչ գիտե, «որովհետև, ասում է, ինքս իմ մասին բան չգիտեմ»: Դու իմացար իմ նիստուկացը, այսինքն՝ ամբողջ կյանքը, ինչպես սովոր ենք ասել՝ գիտեմ սրա նիստուկացը: Նաև՝ հրեաների Երուսաղեմում նստելը և այնտեղից հեռանալն ու գերի ընկնելը:

3. Ի միտ առեր զխորհուրդս իմ ի հեռաստանէ, զշաւիղս իմ և զվիճակս իմ դու քննեցեր,

4. և զամենայն ճանապարհս իմ յառաջագոյն տեսեր, զի ոչ գոյ նենգութիւն ի լեզուի իմում:

Հեռվից հասկացար իմ խորհուրդները: Իմ շավիղներն ու վիճակը դու քննեցիր, և բոլոր ճանապարհներս նախապես տեսար: Իմացար, որ լեզվիս տակ նենգություն չկա:

Հերոբովամի օրերին, երբ Հուդայի [երկրից] Սամարիա եկած մարգարեն զոհասեղանին ասաց, թե Հուդայում Ոսիա անունով մի որդի կծնվի, որ կհանի քո քրմերի ոսկորները և կայրի քեզ վրա (տե՛ս. Գ Թագ. 13:1-2): Նաև մարգարեների միջոցով նախապես ասում էր բաբելոնացիների գերողների մասին, ինչպես նաև Դավթի մասին, որ որդու կողմից փորձության ենթարկվեց: Իմ վիճակը դու քննեցիր, իսկ յոթանասունից թարգմանության մեջ «լարավիճակ» է ասվում, որը նշանակում է առաքինության շինվածքը իբրև օրենքի լարի միջոցով ճշմարիտ վարքով հաստատված, որը Աստծու սրբերի  վիճակն է և շավիղն է նուրբ և նեղ ճանապարհի, որը ոչ բոլորին է հասանելի: Եվ բոլոր ճանապարհներս նախապես տեսար, որովհետև բազմաթիվ են վարքի դրսևորումներն ըստ օթևանների, քանզի լեզվիս տակ նենգություն չկա, որովհետև, ասում է, ստությամբ չեմ պարծենում, իսկ աննենգ լեզուն կատարյալ և մեծագույն բարի է, ինչպես անմեղ մանուկներինն է, ուստի և նրանցն է արքայությունը (տե՛ս Մատթ. 19:14):

5. Ահա դու, Տէ՛ր, ծանեցար զյետին իմ, և զառաջին իմ, դու ստեղծեր զիս և եդիր զձեռն քո ի վերայ իմ:

Ահա դու, Տե՛ր, իմացար իմ սկիզբն ու վերջը, դու ինձ ստեղծեցիր և ձեռքդ դրիր ինձ վրա:

Ամբողջ կյանքն է ասում, որովհետև Աստված վերջին ավելի շատ է նայում, քան սկզբին:

Նաև Բաբելոնի գերությունը վերջինն է, իսկ Եգիպտոսինը՝ առաջինը, ինչպես որ Աստված Աբրահամին ասաց, թե որդիներդ կծառայեն մի երկրի համար, որը իրենցը չի լինի՝ այդ երկուսն էլ նկատի ունենալով: Դու ինձ ստեղծեցիր՝ Ադամի միջոցով, և ձեռքդ դրիր ինձ վրա, որովհետև ձեռքերով ստեղծեց, ձեռքը դրեց այնպես, ինչպես թագավորն է [ձեռքը] դնում [արքունի] գրության վրա: Նաև ձեռք դնելը նախախնամությունն է, ինչպես պահելը, կերակրելը, հագցնելը: Նույնն է նաև Հոսիայի վրա ձեռք դնելն ու նրան թագավոր ձեռնադրելը:

6. Սքանչելի եղև գիտութիւն քո յինէն, զօրացաւ, և ոչ յանդարտեմ սմա:

Զարմանալի է քո իմացությունն իմ մասին, այնքան զորեղ, որ չեմ կարող հասու լինել դրան:

Ես ինքս ինձ չեմ կարողանում հասկանալ, ուր մնաց այլ արարածներին, թե ով եմ ես, միտքս, հոգիս, մարմինս, ինչ մասերից եմ բաղկացած, թե յուրաքանչյուրն առանձին ինչ գործ է անում, կամ երկուսն ու երեքը միասին ինչ են անում, մեծ եմ և փոքր, անմարմին և մարմնավոր, անմահ և մահկանացու, շատ անբացատրելի բաներ կան իմ մեջ, և չեմ խաղաղվում, չեմ կարողանում հասու լինել դրանց: Դարձյալ՝ զարմանալի է քո իմացությունն իմ մասին, ինձնով խրատվեցին բոլոր ազգերը: Նաև՝ այնքան զորեղ է Բաբելոնը, որ չեմ կարող հասու լինել նրան:

7. Յո՞ երթայց ես յոգւոյ քումմէ, կամ յերեսաց քոց ես յո՞ փախեայց:

Ո՞ւր գնամ ես քո Հոգուց, կամ քեզանից ո՞ւր փախչեմ:

Հոգի ու երես ասելով նկատի ունի աստվածությունը, երեսը մեր Հիսուսն է, իսկ Հոգին Աստվածը մեր, ուր էլ գնանք, այնտեղ է, եթե նույնիսկ մեղանչենք ո՞ւմ մոտ պիտի գնանք քավություն ստանալու, եթե ոչ Տիրոջ արյամբ և Արարչի Սուրբ Հոգով, և ո՞ւմ մոտ պիտի փնտրենք կյանք ու անմահություն, փառք, լույս և մխիթարություն, մի՞թե հոր, եղբոր, որդու մոտ, կամ ո՞ւմ մոտ, եթե ոչ նրա, որ ասաց. «Ես եմ կյանքը» (Հովհ. 11:25), և «Հոգին է կենդանարար» (Հովհ. 6:64):

8. Թէ ելանեմ յերկինս, դու անդ ես, և թէ իջանեմ ի դժոխս, և անդր մօտ ես:

Եթե երկինք ելնեմ, այնտեղ ես դու, եթե դժոխք իջնեմ, դրան էլ մոտ ես:

[Եթե երկինք ելնեմ]` ինչպես Եղիան, [այնտեղ ես դու]՝ դու ստեղծեցիր հրեշտակներին, եթե իջնեմ, ինչպես Եղիսեն՝ գերեզման, այնտեղ էլ կկենդանացնես մեռելներին, և դժոխքում էլ՝ գերեվարված հոգիներին: Մի թարգմանիչ ասում է, թե անկողինս երկրի վրա գցեց, որպեսզի հանգիստ առնեմ և հավիտյան մնամ, ինչպես հսկաները, որ ջրի մեջ խեղդվեցին:

9.  Թէ առից զթեւս իմ ընդ առաւօտս, և բնակեցայց յեզերս ծովու:

Եթե առավոտյան թևեր առնեմ ու բնակվեմ ծովի եզերքին:

Մարգարեությունն է թևեր կոչում, առավոտյան, որը արևելքն է, և բնակվեմ ծովի եզերքին, որը արևմուտքն է, հյուսիսն ու հարավը, որոնք բոլորը ծովեզերքներ են, [և ուր էլ որ գնանք]՝ Հովնանի պես, [Տերն ամենուր է]:

10. Սակայն և անդ ձեռն քո առաջնորդեսցէ ինձ, և աջ քո ընկալցի զիս:

Այնտեղ էլ քո ձեռքն ինձ կառաջնորդի, և աջդ ինձ կընդունի:

Առաջնորդում է դեպի նավ, քամի է տալիս և ձուկ, իսկ այնուհետև՝ աջդ ինձ կընդունի՝ վեր բարձրացնելով, և սրանով ցույց է տալիս նրա անբավ ու բոլորի Արարիչ լինելը, քանզի չասաց, թե իմ հետ ես գալիս, այլ՝ այնտեղ ես: Նաև որևէ հավատացյալ թող չասի իր սրտում, թե՝ «Ո՞վ է ելնելու երկինք»: Այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար: Կամ՝ «Ո՞վ է իջնելու անդունդ»: Այսինքն՝ Քրիստոսին վեր հանելու համար մեռելներից (Հռոմ. 10:6-7), և կամ ծովեզերքից Հիսուսին տեսնել ծովի խորքերը գնացած և կամ ալիքներին սաստելուց կամ ձկան փորից դրամ հանելուց, այլ դյուրինն անել՝ բերանով ասել և սրտով հավատալ նրա մասին բոլոր գրվածքներին, որոնք նրա անբավ զորության մի մասն են՝ միայն հավատալու համար գրված:

11. Ասացի՝ խաւար ուրեմն արդեօք ծածկեաց զիս, կամ գիշեր փոխանակ լուսոյ փափկութեան իմոյ:

Ասացի՝ գուցե խավարն ինձ ծածկի, կամ գիշերը պատի ինձ իմ վայելքի լույսի փոխարեն:

Այն, որ նախքան «թո՛ղ լինի լույս» ասելն էր, թե այնտեղ չկա գիշերը, որ պատի ինձ իմ վայելքի լույսի փոխարեն, այս գիշերը, որ փոխարինում է ցերեկին, մեզ փափկեցնող է: Սիմաքոսն ասում է. «Եվ գիշերն էլ լուսավոր իմ շուրջն է, ինչպես Իսրայելի որդիներին՝ հրե սյունը»: Եվ մեկ ուրիշը. «Մութ խավարն իմ՝ թշվառ անձիս շուրջն էր, և ես չգիտեի, ուստի և փափկության լույս էի կարծում»: Եթե ոմանք իրենց հեշտության փափկությունների մատնեն՝ ասելով, թե ուտելուց և խմելուց առավել բարի բան չկա, ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք, այդպիսիների շուրջբոլորը անհավատության խավարն է, իսկ հարությունից հետո հուսահատություն է: Ասվածի իմաստն այն է, որ Աստված անսահման է և ոչինչ չի կարող ծածկվել նրանից, դրա համար էլ ասում է.

12. Խաւարն՝ ի քէն ոչ խաւարեսցի. և գիշերն որպէս տիւ լուսաւոր եղիցի, և խաւար նորա որպէս զլոյս նորա:

Խավարը քեզ համար խավար չի լինի, և գիշերը լուսավոր ցերեկ կդառնա, ու նրա մթությունն ինչպես լույս կերևա:

Իմն է, ասում է, լույսի և խավարի ընտրությունը, օդի և զգայարանների միջոցով, այլ ոչ թե քո մոտ է: Խավար է կոչում նաև վշտերի նեղությունները, որովհետև նեղություն կրողները կարծում են, թե Աստված իրենց լքել է, կամ չի կարող փրկել, ինչպես Եգիպտոսում և Բաբելոնում նեղության մեջ գտնվողները, սակայն մոտ է Աստված և կարող է [օգնել], որ ոչ միայն ազատելով՝ նեղությունից հեշտացնում է, այլ այնտեղ էլ՝ վշտերի մեջ, ինչպես երեք մանուկներին և Դանիելին, նաև Եգիպտոսում՝ Իսրայելի լույսն էր, իսկ Եգիպտոսի համար՝ թանձրամած խավար, ինչպես որ ասում է. նրա մթությունն ինչպես լույս կերևա: Ինչպես որ Հովսեփի գերության խավարը լույսի պես էր երևում՝ հոր ազատության համար և ի փառս սիրո, առավել ևս այնտեղ՝ փարավոնից: Դարձյալ, որ գրված է Աստծու խավարի մասին, թե «Խավարն իր համար ծածկույթ դարձրեց» (Սղմ. 17:12), ինչպես այն, որ ասում է, թե բնակվում է անմատչելի լույսերում, որովհետև երկուսն էլ ցույց են տալիս անհայտություն. խավարը, որ թույլ չի տալիս տեսնել և անմատչելի լույսը, որ տեսնողին թույլ չի տալիս մոտենալ:

13. Դու ստացար զերիկամունս իմ. և ընկալար զիս յորովայնէ մօր իմոյ:

Դու ստեղծեցիր երիկամներն իմ, և մորս որովայնից ինձ ընդունեցիր:

Որ բոլորի ստեղծողն է, բայց մեկն է [շեշտում], որպեսզի ոչ ոք չասի, թե այն ամենն, ինչ իմ մեջ կա, նրա անսահման բարերարությունից է, որովհետև մեր գոյության պատճառը սերմից է և ցանկությունից, որի ափսեն երիկամներն են, ինչպես նաև խոհեմությունը, սակայն նրա նախախնամությամբ են ստանում այդ ամենը, ինչպես Հոբն է ասում. «Մի՞թե չես կաթի պես կթել ինձ, և պանրի պես մակարդել» (Հոբ 10:10): Նաև մոր որովայնից ծնունդով ընդունեցիր՝ գոյություն տալուց հետո և սնուցեցիր անսխալ, և որպես ճշմարիտ Հայր խնամակալ գիրկդ առար:

14. Խոստովան եղէց քեզ, Տէր, զի ահեղ եւ սքանչելի ես, սքանչելի են գործք քո, և անձն իմ սիրեաց յոյժ:

Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր, քանզի ահեղ ու սքանչելի ես դու, սքանչելի են գործերը քո, որոնք ես շատ սիրեցի:

Կա սքանչելի մի բան, որ ահեղ չէ, ինչպես ծաղիկը, գեղեցիկ դեմքն ու նկարը, իսկ ահեղ և սքանչելի են ինչպես ծովի կուտակված ալիքները, որովհետև մեծ է առանց մեղքերի համար զղջալու գնացողների երկյուղը՝ Աստծու ձեռքն ընկնելու: Սքանչելի են գործերը քո, ոչ միայն այն բանի համար, որ արարածներին ես տեսնում, այլ որ փորձություններից առաջացած վշտերի ժամանակ ծագեցնում ես լույսդ և փրկում ես: Որոնք ես շատ սիրեցի. նեղությունների միջոցով փորձվել ինչպես ոսկին հնոցնում, ըստ առաքյալի. «Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրև որդիների» (Եբր. 12:7):

15. Ոչ թագեաւ ոսկր իմ ի քէն, զոր արարեր ի ծածուկ. և կար զօրութեան իմոյ ընդ ստորինս երկրի:

Չծածկվեց քեզնից իմ ոսկորը, որն ստեղծեցիր դու թաքուն, ոչ էլ ծածկվեց կարողությունն իմ երկրի խորքերում:

Ցույց է տալիս արվեստի տարատեսակությունը, ինչպես որ մեկը երկրի խորքերի հողից անոթ է պատրաստում, այդպես էլ մորս որովայնում՝ թանձր, նեղ և խավարչտին վայրում ստեղծեց՝ չշփոթելով ոսկորների, երակների թիվը և ոչ էլ ջլերի, աջի և ձախի, արուի և էգի, ինչպես որ ասում են, թե երեք հարյուր վաթսուն ոսկոր կա, երեք հարյուր վաթսունհինգ երակ, իսկ ստուգաբանները՝ երկու հարյուր հիսուն ոսկոր, երկու հարյուր հիսուն երակ, հարյուր յոթանասուն ջիլ, ավելի շատ մկանային ջիլերը, նաև զորությունը ջիլերի ու ոսկորների մեջ է, որտեղ որ Ստեղծիչը դրեց:

16. Զանգործս իմ տեսին աչք քո, և ի գիրս քո ամենեքեան գրեցան:

Իմ անկատարությունները տեսան քո աչքերը, և այդ բոլորը գրվեցին քո գրքում:

Ստեղծելուց առաջ գիտես, թե ինչ եմ անելու, ինչպես Եսավի և Հակոբի մասին գիտեիր, և ինչպես առաքյալն է ասում. «Քանի դեռ բարի կամ չար բան չէր գործվել... Հակոբին սիրեց և Եսավին ատեց, որպեսզի Աստծու ծրագիրն ըստ ընտրության հաստատվի» (հմմտ. Հռոմ 9:10-13): Եվ այդ բոլորը գրվեցին քո գրքում, այսինքն՝ Աստծու հիշատակն արձանագրվեց, որի մասին Դանիելն ասում է, թե դատաստանի օրը դպրությունը բացվելու է և լավն ու վատն ընթերցվելու է (տե՛ս Դանիել 12:1):

Ի տուէ մորոլեցան, և ոչ ոք էր որ առաջնորդէր նոցա:

Ցերեկը նրանք մոլորվեցին, ու չկար մեկը, որ առաջնորդեր նրանց:

Շատ արվեստավորներ  ցերեկը մոլորվեցին ինչ-որ բան ստեղծելով, որովհետև ոչ ոք քո պես տեսողություն չունի, Տե՛ր, որ անսխալ առաջնորդի նրանց: Սիմաքոսն ասում է. «Ցերեկվա ստեղծվածները ոչ մի պակասություն չունեցան», ինչպես որ Աստծու ստեղծածը՝ մոր արգանդը ոչ մի պակասություն չունի, ապա առավել երբ արարածներին ստեղծեց՝ «Թո՛ղ լույս լինի» ասելուց հետո, որը ցերեկն է և արևի ընթացքը: Հրեաները ցերեկին և կյանքի առաջնորդին ունենալով՝ մոլորվեցին և սպանեցին: Եվ ահա, [այժմ] ոչ թագավոր ունեն և ոչ էլ մարգարե, որ առաջնորդի իրենց:

17. Ինձ յոյժ մեծարոյ եղեն բարեկամք քո, Աստուած, և յոյժ զօրացան իշխանք նոցա:

Ինձ համար խիստ պատվական եղան քո բարեկամներն, Աստվա՛ծ, և շատ զորացան նրանց իշխանները:

Խիստ պատվական եղավ Օսիան՝ Աստծու բարեկամը, և զորացան իշխանները, որոնց Սիմաքոսը տառապյալներ է կոչում, որովհետև չար թագավորներն աստվածասերներին տկար ու տառապյալ դարձրեցին, իսկ սուրբ թագավորը մեծ պատվի արժանացրեց:

18. Թուեցի զնոսա և քան զաւազ բազմացան, զարթեայ և արդ ընդ քեզ եմ:

Հաշվեցի նրանց, և ավազից շատ դուրս եկան. արթնացա և ահա քեզ հետ եմ:

Չկարողացավ հաշվել, որովհետև ավազի պես էին՝ ըստ Աբրահամին խոստացած զավակների, կամ առաջիններն ավազի պես էին, և աստղերի պես դարձան, կամ բաբելոնացիների իշխանները, կամ ովքեր Սինա անապատում էին՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսունապետներ, տասնապետներ կամ Աստծու առաջին բարեկամներ: Եվ արդ, ատելիներն ավազի պես շատացան: Մեծարգո իշխաններն առաքյալներն ու տառապյալներն էին և քիչ, սակայն հավատացյալները բազմացան որոնք անթիվ էին, բացի նրանցից նաև հիմա, որ ծովի ավազների պես ենք: Արթնացա, և ահա քեզ հետ եմ. Իսրայելն ասում է, թե ապաշխարեցի, և ահա քեզ հետ եմ անմեղությամբ: Նաև Օսիան, Երկրորդ օրենքը կարդալուց հետո, որպես քնից արթնացած, ամեն ինչ ըստ օրենքի էր անում, ըստ Աստծու կամքի:

19. Թէ սպանանես զմեղաւորս, Աստուած, արք արեան ի բաց եղերուք յինէն:

Դու, Աստվա՛ծ, պիտի սպանես մեղավորներին. արյունարբու մարդիկ, հեռացե՛ք ինձնից:

Պիտի սպանես մեղավորներին ըստ օրենքի, արյունարբու մարդիկ կհեռանան ինձնից, ինչպես որ այլ վայրում է ասում. «Առավոտներն սպանում էի երկրի բոլոր մեղավորներին» (Սղմ. 100:8), որոնք ոչ [մի բարի գործ] չունեին ապրելու համար:

20. Ի հակառակութիւն և ի նախանձ, առցեն ի նանիր զքաղաքս քո:

Հակառակութեամբ ու նախանձով նրանք իզուր պիտի տիրեն քո քաղաքներին:

Քո քաղաքները ոչ մի պիտանի բան չունեն, և խռովությամբ են լցված, ինչպես հերձվածողները՝ եկեղեցում:

21. Զատելիս քո, Տէ՛ր, ատեցի, և ի վէր թշնամեաց քոց մաշեցայ:

Քեզ ատողներին ատեցի, Տե՛ր, և քո թշնամիների պատճառով մաշվեցի:

Այսինքն՝ ոչ միայն ատում եմ որպես Աստծուն ատողների, այլ ողորմում և մաշում եմ նրանց համար՝ գթալով նրանց որպես մարդ, և ողբալով, թե ինչպես են համարձակվում թշնամի դառնալ նրան, ով ստեղծեց իրենց:

22. Ատելութիւն կատարեալ ատեցի զնոսա, եւ եղեն ինձ թշնամիք:

Կատարյալ ատելությամբ ատեցի նրանց, և նրանք թշնամի դարձան ինձ:

Երբ չխրատվեցին և դարձի չեկան, և նրանց հանդեպ ունեցած իմ ողորմության փոխարեն նրանք թշնամի դարձան ինձ:

23. Փորձեա՛ զիս աստուած և ծանի՛ր զսիրտ իմ, քննեա՛ զիս և ծանի՛ր զշաւիղս իմ.

24. և տե՛ս, թէ իցեն անօրէնութիւնք ի ճանապարհս իմ. և առաջնորդեա՛ ինձ ի ճանապարհս քո յաւիտենից:

Փորձի՛ր ինձ, Աստվա՛ծ,  ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շավիղները, և տե՛ս, եթե իմ ճանապարհին անօրինություններ կան, առաջնորդի՛ր ինձ քո հավիտենական ճանապարհներով:

Ես այսպես եմ կարծում, ասում է, և պատկառում եմ, սակայն դու վեր ես մեր մտքի գիտակցությունից, փորձի՛ր քո մարդասիրության բովով, և պակասն ուղղի՛ր, ու այսուհետև առաջնորդի՛ր ինձ հավիտենական ճանապարհներով: Նկատի ունի Ավետարանը, որովհետև նա է օրենքի ու մարգարեների լրումը: Հավիտենական, քանի որ ասաց. «Ես եմ ճանապարհը» (Հովհ. 14:6), և հավիտենական, քանի որ չունի սկիզբ և վախճան:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

13.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․