Գրքեր

Սաղմոս ՃԹ

Այսուհետև՝ սաղմոս Դավթի: Մարգարեանում է Որդու՝ Հորից ծնված լինելը, չարչարանքներից հետո հարությունը և Հոր աջ կողմում նստելը:

1. Ասաց Տէր ցՏէր իմ, նի՛ստ ընդ աջմէ իմմէ, մինչև եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց:

Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ»:

Պետրոսը «Գործ առաքելոց»-ի սկզբում ասում է. «Դավիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է. «Տերն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր իմ աջ կողմը»» (Գործք. 2:34), և քանի որ Տերն իրենից հազար տարի առաջ Դավթի միջոցով խոսել տվեց իր մասին, և Հիսուսը եկավ կատարելու օրենքը, փարիսեցիներին հարցրեց. «Ի՞նչ կարծիք ունեք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է» (Մատթ. 22:42), և երբ ասացին, թե Դավթի, այսպես ասաց նրանց. «Իսկ Դավիթն ինչպե՞ս է  նրան Սուրբ Հոգով կոչում Տեր» (Մատթ. 22:43), ոչ թե ժխտում է այն, որ գիտեին, թե [Դավթի] որդին է, այլ սովորեցնում է այն, ինչ չգիտեին՝ ասելով, որ նրա Տերն եմ և Որդին, քանզի Տերը և Տիրոջը ասելով միևնույն բնության հաղորդակցությունն է ցույց տալիս: Նստի՛ր իմ աջ կողմում, մեծագույն [պատիվ է սա], սակայն մարդեղությանն է ասում, որն ուներ որպես Աստված, և վերցրեց որպես մարդ, քանզի աստվածությունն արեգակի պես է, և նրա մասին աջ ու ձախ չի ասվի: Իսկ մինչևը Աստվածային գրքում դրվածի օրինակն է, անսահմանելիի սահմանը: Նաև, ըստ Դանիելի, գազանների [իշխանությունը] վերացնելուց հետո թագավորելու է անվախճան (տե՛ս Դան. 8:12-15), և չցանկացողներին նույնպես հատուցելու է այդ օրը, որոնք էլ  թշնամիներն ու դևերն են, ապա այնուհետև, անկասկած, թագավորելու է:

2. Գաւազան զօրութեան առաքեսցէ քեզ Տէր ի Սիովնէ. և տիրեսցես դու ի մէջ թշնամեաց քոց:

Տերը քեզ իշխանության գավազան կուղարկի Սիոնից, և դու կիշխես քո թշնամիների մեջ:

Ինչպես որ Եսային է ասում. «Հեսեեի արմատից գավազան պիտի ընձյուղվի» (Ես. 11:1)` նկատի ունենալով Կույսին, և Հոր սրտից բխած անժամանակ Բանն, անախտորեն Մարիամի միջոցով երևալով, մի է դառնում, «և ծաղիկ պիտի բուսնի» (Ես. 11:1)`հրաշագործությունները և Թաբոր լեռան պայծառակերպությունը: Նորից՝ գավազանը խաչն է, որ Սիոնում բարձրացավ, գավազան՝ Սիոնից. ինչո՞ւ են սա վերագրում Աբրահամին, որից էլ իննը հարյուր տարի հետո Դավթի կողմից կառուցվեց Սիոնը, իսկ այստեղ իշխանության գավազան է ասում, քանզի նրանով զորացան բոլոր նախահայրերը, և նույնիսկ մենք՝ մեր տկարությամբ, քանզի Հոր իշխանությունը՝ Քրիստոսը, նրանում է հավիտյան, և նա գործում էր և գործում է մեծագույն հրաշքներ: Եվ դու կիշխես, քանզի խաչի քարոզչությունը հեշտությամբ չեղավ և սիրելիների մոտ չգնացին, այլ՝ հեթանոսներով և բարբարոսներով շրջապատվեցին, բայց խաչի զորությամբ զորանում էին, հաղթում, տիրում և մատուցում խաչյալ թագավորին: Սիոնից ուղարկված է ասում, և ոչ թե երկրից, այլ՝ վերին Սիոնից, որ նախ իրենք գիտեին նրա մասին:

3. Ընդ քեզ է ինձ սկիզբն աւուրց զօրութեան, ի վայելչութիւն սրբոց քոց՝ յարգանդէ յառաջ քան զարուսեակ ծնայ զքեզ:

Քեզնով է սկսվում զորացումն իմ օրերի, քո սրբերի վայելչությամբ. քեզ արշալույսից առաջ ծնեցի արգանդից:

Զորության օրը երկրորդ գալուստն է, երբ Փրկիչը Հոր փառքով գա, և նա է օրերի սկիզբը և վերջին մեծ կիրակին, և զորությունն այդ ժամանակ առավել է երևալու, թեև ի սկզբանե մշտապես նրա հետ է, և օրերի զորացումը նրանից է, և ինքն օրից ու ժամանակից առաջ է և հետո՝ ունենալով իր զորությունը: Քեզ արշալույսից առաջ ծնեցի արգանդից. ցույց է տալիս էությունն ու աստվածությունը, ինչպես որ որովայնից են ծնվում որդիները և ունեն ծնողի բնությունը: Անժամանակ, անախտ, անբաժանորեն ծնվեց անմատույց լույսը, ասում է, աստվածության գեղեցիկ բնությամբ, անարատ և անախտ արգանդից: Եվ ծնվելով կոչվեց ժամանակից առաջ՝ Հոր ծոցից հավիտենական ծագման շնորհիվ, որովհետև արշալույսը արեգակից առաջ է, որ Տերը ստեղծեց և սահմանեց նրանց ընթացքը: Քո սրբերի վայելչությամբ ասելով ցույց է տալիս, որ այս անճառելի իմաստությունը՝ Որդու անճառելի ծննդյան օրինակը, միայն սրբերին է վայել հասկանալ, որն էլ առաքյալների առջև էր: Մեծ զորություն է, որ հողեղեն բնությունը միավորվի Աստծու հետ, և տեսնի ու վայելի:

4. Երդուաւ Տէր և ոչ ևս զղջասցի, թէ դու ես քահանայ յաւիտեան ըստ կարգին Մելքիսեդեկի. և Տէր ընդ աջմէ քումմէ:

Երդվեց Տերը և չի զղջա, որ դու հավիտենական քահանա ես ըստ Մելքիսեդեկի կարգի: Եվ Տերը, որ քո աջ կողմում է:

Նա, որ ծնեց նրան արշալույսից առաջ, երդվեց նրան [Քրիստոսի քահանայության համար] նախքան մարդանալը: Աստված թագավորություն տվեց հրեաներին և հեթանոսներին, քաղդեացիներին, մարերին, պարսիկներին, մակեդոնացիներին, հռոմեացիներին, հայերին, ասորիներին և հույներին, իսկ հրեաներին՝ քահանայություն ևս, և հաստատուն չմնացին, որովհետև առանց երդվելու տվեց, իսկ Քրիստոսի թագավորությունն ու քահանայությունը անսահման ու հավիտենական է, քանզի երդմամբ է [հաստատված]: Քանի որ երկուսն էր, թագավորությունը կույսից սկսեց, և Կույսն էլ Հուդայի ցեղից էր, իսկ քահանայությունը՝ Հորդանանում Հովհաննեսի կողմից ստացավ՝ կարծես թե ձեռնադրությամբ, որն էլ ցույց տվեց Վերնատանը հաց բաժանելով: Եվ քանի որ Մելքիսեդեկը Երուսաղեմը կառուցեց և այնտեղ թագավորեց, և հաց ու գինի նվիրեց Աբրահամին, Տերն էլ նորոգեց Երուսաղեմը, և նույն բանը բաժանեց, [այսինքն՝ հաց ու գինի], այլ ոչ թե կենդանի անասուն: Մելիք [նշանակում է] թագավոր, սեդեկ՝ քահանա, թագավոր՝ խաղաղություն, այսինքն՝ թագավոր Սաղեմի, թագավոր արդարության, որը Սեդեկն է, քանզի արդարություն է կոչվում, առաջին [ծննդյամբ] անմայր, երկրորդին՝ անհայր, հավիտյան, որը ո՛չ օրերի սկիզբ ունի և ո՛չ էլ կյանքի վախճան, որը, սակայն, փոխեց ինքը՝ Ղևիի տան թագավորությունն ու քահանայությունը, թագավորության պատվական ազգը տալով հեթանոսներին, ուր և միշտ մատուցում է իրեն Հորը՝ հացի ու գինու միջոցով, և այլ մատուցող անդամների համար որպես գլուխ է, և ընդունողը Հոր և Սուրբ Հոգու հետ: Եվ Տերը, որ քո աջ կողմում է. Որդին Հոր աջ կողմում, իսկ Հոգին՝ Որդու աջ կողմում, քանզի Հոգին Տեր է, և այնտեղ ամբողջովին աջ է, և ձախ չկա:

5. Խորտակեսցէ յաւուր բարկութեան զթագաւորս. դատի զհեթանոսս, և բազում առնէ զհարուածս. և խորտակեսցէ զգլուխս բազմաց յերկրի:

Բարկության օրը կկործանի թագավորներին: Կդատի հեթանոսներին ու կբազմացնի իր հարվածները, և շատերի գլուխը կջախջախի երկրի վրա:

Աբրահամի միջոցով՝ Սոդոմ-Գոմորը, և վերադարձից հետո՝ Գոգը: Բարկության օրը, քանզի աշխարհի վերջում է հայտնելու բարկությունը, և դևերի ու չարերի չար իշխանությունը, երբ դադարեցնի ամեն իշխանություն և պետություն: Կդատի հեթանոսներին, ինչպես խաչելությունից հետո՝ Երուսաղեմը, իսկ հրեաներին՝ հռոմեացիների միջոցով, և այնտեղ բոլոր ձախակողմյան բազմությունները՝ հալածելով և անշեջ հուրը գցելով: Շատերի գլուխը կջախջախի. գլուխը զանազան աղանդների ու հերետիկոսությունների, քանզի Տերը միայն մի եկեղեցու գլխին է կանգնած:

6. Զուղխս ի ճանապարհի արբուսցէ. վասն այսորիկ և բարձր արասցէ զգլուխս:

Ճանապարհին նա կխմեցնի հեղեղատի ջրերից, և դրա համար էլ գլուխները վեր կպահի:

Հրեաներինը հեղեղատ էր, այլ ոչ թե կայուն. օրենքը, մարգարեները, քահանայությունը, թագավորությունը, տաճարը և բոլոր բարիքները, որոնցից կարճ ժամանակով օգտվեցին ինչպես ճանապարհորդներ, անցանկալի և անմաքուր, քանզի մաղձով լի էին, և ցանկալի չէր թվում ինչպես հեղեղատի ջուրը, և ահա ցամաքեցին: Դրա համար էլ սուրբ եկեղեցին ջինջ է՝ միշտ կայուն լինելով, քանզի ծարավ էր մաքուր ցանկությամբ, օրհնում է և բարձրացնում իր գլխին՝ Քրիստոսին, խոսքով և խորհրդով՝ մինչև միանա նրա հասակին՝ վերցնելով գլուխը, անվախճան, հավիտյան՝ Հոր հաճությամբ:

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

16.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․