Գրքեր

Սաղմոս ՃԾ

Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի:

Սա հաղթական օրհնություն է, որ բոլոր մարդիկ աստվածաճանաչ են դառնալու, ինչպես որ ասում է.

1. Օրհնեցէ՛ք զԱստուած ի սրբութեան նորա, օրհնեցէ՛ք զնա ի հաստատութեան ի զօրութեան նորա:

Օրհնեցե՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցե՛ք նրան իր զորության երկնային հաստատության մեջ:

Յոթանասունից թարգմանության մեջ ասվում է. «Օրհնեցե՛ք Աստծուն նրա սրբերի համար», որովհետև սրբերը մեծ և բավարար պատճառ են Աստծուն օրհնելու, որովհետև եթե բույսերի և գազանների համար ընդունեցիք Աստծուն օրհնելու հրահանգը, ապա որքան ևս առավել նրա սրբերի համար: Քանզի ո՞վ տեսնելով երանելի Պողոսին կամ աստվածընտիր Պետրոսին Խոսքի քարոզչությամբ պայծառացած, կամ հաղթական վկաներին կամ այժմյան առաքինության առաջնորդներին՝ չէր ցանկանա օրհնել կամ չէր օրհնի նրանց մեզ տվողին: Աստծուն ասելով՝ նկատի ունի հաշտեցնող և բարեգործ անունը, իսկ հաստատության մեջ՝ անմահ և հաստատուն կանգնած զորքերին, որոնք արթուն հսկում են մեզ աղոթքով և պաշտպանությամբ, որովհետև ինքն էլ անանց է և պահում է նրանց:

2. Օրհնեցէ՛ք զնա ի զօրութեան նորա, օրհնեցէ՛ք զնա ի բազում մեծութեան նորա:

Օրհնեցե՛ք նրան իր զորության մեջ, օրհնեցե՛ք նրան իր անչափ մեծության մեջ:

Յոթանասունից թարգմանության մեջ «փողի հնչմամբ» է ասվում, որովհետև սա էլ քահանայական գործիք էր՝ որպես Սինա լեռան հիշատակ: Գովեցե՛ք նրան տավիղով, գովեցե՛ք նրան բարձրաձայն ծնծղայով: Հրեաները եգիպտական մեհյաններից սովորել էին խաղասիրություն և անպատկառություն, և նրանց թույլ էր տրվել իրենց սովորությամբ միավորվել Տիրոջ հետ: Եվ հիմա ասում է. «Հեռացրո՛ւ ինձնից քո երգերի ձայնը, քո սրինգների նվագը ես չեմ լսի» (Ամոս 5:23): Օրհնեցե՛ք Տիրոջը, որ զորացրեց մեզ, որպեսզի ճանաչենք նրան իր անչափ մեծության մեջ, և ո՞վ կարող է նրա մեծությանը հարիր օրհնություն մատուցել, ոչ ոք, սակայն հարկավոր է պատշաճորեն ջանալ:

3. Օրհնեցէ՛ք զնա ի ձայն օրհնութեան, օրհնեցէ՛ք զնա սաղմոսիւք և օրհնութեամբ:

Գովաբանեցե՛ք նրան օրհնության ձայնով, գովաբանեցե՛ք նրան սաղմոսով և օրհներգությամբ:

Ձայնային գործիքներով, որ բնությունից է տրված, Դավթի սաղմոսներով և մյուս մարգարեների երգերով:

4. Օրհնեցէ՛ք զնա ցնծութեցամբ, գովեցէ՛ք զնա ուրախութեամբ:

Օրհնեցե՛ք նրանց ցնծությամբ, գովաբանեցե՛ք նրան ուրախությամբ:

Խղճմտանքից ազատ սիրտը ցնծությամբ է օրհնում Աստծուն:

5. Օրհնեցէ՛ք զնա ի բանս քաղցր, գովեցէ՛ք զնա ի բարբառ լսելի:

Օրհնեցե՛ք նրան քաղցր խոսքերով, գովաբանեցե՛ք նրան լսելի բառերով:

Ցածր ձայնով, ինչպես նաև մարդկային քաղցր վարքով: Լսելի բարբառով, որպեսզի սա էլ լինի բարեգթությամբ և ողորմությամբ, ինչպես որ ասաց. «Մինչև դու խոսես, նա պիտի լսի քեզ» (հմմտ. Ես. 58:9):

Օրհնեցէք զնա ի ձայն գոհութեան,

6. ամենայն հոգիք օրհնեցէք զՏէր:

Օրհնեցե՛ք նրան գոհության ձայնով: Բոլոր հոգիներ, օրհնեցե՛ք Տիրոջը:

Այսինքն՝ մարդկային ամբողջ ցեղը, որովհետև երբեմն մարմնի համար է բանական կոչվում, երբեմն էլ՝ հոգու, ըստ այդմ էլ թող բոլոր մարմիններն Աստծուն օրհնեն, և թող ամեն մարմին դեպի քեզ գա: Եվ այստեղ բանական հոգուց է համարում մարդկային ազգի կատարումը որպես թե խրատվելով ամբողջ՝ հարյուր հիսունմեկ սաղմոսներով, և մաքրվելով մարմնավոր ժանգից և աղտեղություններից, հոգեղեն դառնալով՝ հոգիների հետ օրհնում են Աստծուն, որովհետև այնտեղ է կատարվում Աստծու խորհուրդը, երբ նրանց դասը կարգվում է հողեղենների դասի հետ՝ հրեղեն նորոգմամբ, որի մասին մարգարեն իմանալով՝ երանության հիմնքերն է դնում, որ մկրտությամբ տնկվում են ջրերի մոտ, և ժամանակին պտուղ են տալիս, որն էլ ավարտվեց խաչով, ինչպես որ այս սաղմոսն է՝ ամեն ինչի լրումը, ինչպես որ խաչն է, որ ասաց. օրհնեցե՛ք Աստծուն իր սրբարանում, որովհետև խաչն է սրբարան կոչվում, և նրանով սրբեց մեր մեղքերը: Իր զորության երկնային հաստատություն ասելով՝ նկատի ունի եկեղեցին, որ կառուցված է նրա զորությամբ: Իսկ իր անչափ մեծության մեջ՝  որովհետև խոնարհ մարմինը երկնքից էլ վեր բարձրացրեց: Քաղցր խոսքերով, որովհետև մեղր ու կաթ կա հարս եկեղեցու լեզվի տակ (տե՛ս Երգ 4:11), որի մասին վկայում են նրա մանուկներն՝ ասելով. «Քո ստինքները գինուց քաղցր են» (Երգ. 1:1), և «Որքան քաղցր են քո խոսքերն իմ քիմքին՝ ավելի քաղցր, քան մեղրն իմ բերանին» (Սղմ. 118:103): Եվ լսելի բառերով ասելով՝ նկատի ունի այն, որ ասում է. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ» (Մատթ. 25:34), որտեղ բոլոր հոգիները հոգևոր կյանքում հոգևորապես օրհնում են Աստծուն գոհության ձայնով, և թող նրա համար քաղցր լինի մեր օրհնությունը, որովհետև պակասում են երկրի վրայի մեղավորները և սրբվում են բոլոր արտասուքներն ու դատապարտության կնիքը, ցավերը, հառաչանքներն ու տրտմությունները: Նախ 144 սաղմոսում ամեն մարմին է ասում, իսկ այստեղ՝ բոլոր հոգիներ, որովհետև հոգու և մարմնի Արարչին բոլոր արարածները պետք է օրհնություն մատուցեն: Նաև 150 սաղմոսն արժանապես երգողները հավանական է, որ հոգիանում են՝ հաղորդակից լինելով Ամենասուրբ Հոգուն՝ դասվելով հոգեղենների դասին, որոնց գործն է մշտնջենական ու հավիտենական բերկրանքով Աստծուն օրհնելը՝ երեք անձին և մի բնությանը՝ Հորը, Որդուն և Ամենասուրբ Հոգուն, այժմ և միշտ, և հավիտյանս հավիտենից. ամեն:

Այդ հույսով էլ ապավինելով հավատին՝ անկշիռ, անչափ, անթիվ, անեզր, անսահման ողորմած Աստծուն, Վարդան մեղսամածս, եկա երկնագնաց ճանապարհի մոտ՝ կառչելով Հիսուսի և նրա եկեղեցու ողորմած ձեռքերից, ավարտին հասցրի հարյուրը՝ իմ պարտքերի հազար քանքարը հատուցելով այս սաղմոսներով և այն հոգեկիր մարդկանց աղոթքներով, ովքեր մեզանից առաջ մեկնել էին: Եվ հիսուն թվով հույս ունեմ ազատվել [մեղքերիցս]՝ ազատարար և աստվածարար Սուրբ Հոգուն ապավինելով, և իմ ուրախությանը միավորելով նաև եկեղեցու մանուկների և բոլոր արարածների փառաբանությունը՝ կրկնապատկելով այն, և աղաչելով Տիրոջն ընդունել իմանալիներին և զգալիներին որքան կարող է և ցանկանում է՝ հանուն իմ փրկության, խնդություն, հոժարակամ ցնծությամբ օրհնություն, գոհություն, փառք, պատիվ և երկրպագություն արարածների սկզբից մինչև այսօր և մինչև արարածների վախճանը, մինչև երկնքի և երկրի նոր դառնալը և անվախճան հավիտենությունը: Նաև իր անժամանակ և անվախճան բարեբանությանը փառավորելով՝ թող օրհնվի անկարոտ բնությունը՝ լեցուն պահելով եկեղեցին և աշխարհը իր գթությամբ, ողորմությամբ և փառքով: Եվ նրա առջև համարձակություն ունեցողներն ու մերձավորները, երկնավոր և երկրավոր բոլոր սրբերը, որ էին և են և լինելու են, թող ասեն. ամեն և թող լինի՝ հաշտեցնելով մեր նվաստությունն իրենց միջնորդությամբ՝ խնդրելով Տիրոջը՝ ամենողորմ Աստծուն և բարեբուն բարուն, հավիտյանս. ամեն:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

05.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․