Գրքեր

Սաղմոս ՁԲ

Ասափի օրհնության սաղմոսը: [Գերությունից] վերադարձից հետո ազգերը հավաքվեցին՝ պատերազմելու Երուսաղեմի դեմ, ինչն էլ Դավիթը Հոգով տեսնելով՝ ասաց.

1. Աստուած, ո՞ քեզ նմանիցէ. մի՛ լռեր և մի՛ դադարեր, Աստուած:

Աստվա՛ծ, ո՞վ է քեզ նման. Մի՛ լռիր ու կանգ մի՛ առ, Աստված:

Ո՞վ կարող է քեզ նման օգնական լինել մեզ մեծ պատերազմի ժամանակ: Նորից՝ ո՞վ է քեզ նման համբերատար, այլ այստեղ մի՛ լռիր և մի՛դադարիր լուծել մեր վրեժը:

2. Զի ահա թշնամիք քո գոչեցին, և ատելիք քո համբարձին զգլուխս իւրեանց:

Ահա թշնամիներդ աղաղակեցին, և ատելիներդ բարձրացրին իրենց գլուխները:

Միմյանց ձայն տվեցին նաև ատելիներդ, արդարև՝ հայտնի դարձան թշնամիներդ ու ատելիներդ, Երուսաղեմը հիմքից կառուցելու ժամանակ ծովի պես գոչեցին, և ալիքի պես խոյացան:

3. Ի վերայ ժողովրդեան քո խորամանկեցին զգիտութիւն. խորհեցան ի վերայ սրբոց քոց, և ասացին:

Քո ժողովրդի դեմ խորամանկություն մտածեցին, խորհուրդ արեցին քո սրբերի դեմ՝ ասելով.

Մեր մասին իմանալով խորամանկություն մտածեցին՝ ասելով. «Դուք չգիտեք, քանզի այլազգիները ձեր վրա պիտի հարձակվեն», և մեզ՝ Ղովտի որդիների համար, ասում են, մեծ սուգ է, ամովացիներն ու մովաբացիներն էին այսպես ասում և մտածում էին իրենց մեջ՝ ասելով.

4. Եկա՛յք սատակեսցուք զնոսա յազգաց, և մի՛ յիշեսցի անուն Իսրայէլի և ևս:

«Եկեք ազգերի միջից վերացնենք նրանց, որ այլևս Իսրայելի անունը չհիշվի»:

Թող այլևս չհիշվի որպես ազգ:

5. Խորհեցան միաբանութեամբ ի միասին. վասն քո ուխտ արարին:

Միաբանած՝ խորհեցին համատեղ, դաշինք կնքեցին քո դեմ:

Քո փառքը նվաստացնելու համար դաշինք կնքեցին միմյանց հետ:

6. Բանակք եդովմայեցւոց և իսմայելացիք, Մովաբ և հագարացիք:

Եդոմացիների բանակներն ու իսմայելացիները, մովաբացիներն ու հագարացիները:

Որոնք վրաններով բնակվում էին Իսավի կաղնու մոտ, որ աշխարհսիրության պատճառով Եդոմ կոչվեց. իսկ իսմայելացիները՝ Աբրահամի և Հագարի [սերունդն են], Մովաբը՝ Ղովտի, և հագարացիների, քանի որ Աբրահամից հետո Հագարը այլ մարդու հետ ամուսնացավ:

7. Գեբաղ՝ Ամովն՝ Ամաղէկ, և այլազգիքն ամենայն բնակչօքն հանդերձ Ծուրայ:

Գեբաղի, Ամոնի, Ամաղեկի բնակիչներն ու բոլոր այլազգիները՝ Տյուրոսի բնակիչներով հանդերձ:

Եսավի որդիներն են, ու բոլոր այլազգիները՝ փղշտացիներն են, որ ուրիշները պաղեստինացի են կոչում: Տյուրոսի բնակիչներով հանդերձ՝ փյունիկեցիները:

8. Նաև ասուր եկեալ էր ընդ նոսա. ամենեքեան սոքա զօրավիգն էին որդւոցն Ղովտայ:

Նաև Ասուրի բանակն էր եկել նրանց հետ. սրանք բոլորը զորավիգ էին Ղովտի որդիներին:

Ասուրի բանակն էր եկել՝ այն ժամանակվա ասորիների թագավորը: Սրանք բոլորը զորավիգ էին, քանզի նրանք հրահրեցին բոլորին:

9. Արա՛ զնոսա որպէս Մադիամ, որպէս Սիսարայ, որպէս զՅաբին ի ծործորան Կիսովնի:

Նրանց արա այնպես, ինչպես արեցիր Մադիամին, Սիսարային ու Հաբինին՝ Կիսոնի հեղեղատներում:

Հաբին արքայի իշխաններն էին, որ եկան Իսրայելի վրա Բարակ դատավորի օրոք: Կիսոնի հեղեղատներում. ուր ձորի հովտում կոտորվեցին, և սպանվեց Սիսարան՝ Մովսեսի աներ Քաբերի կնոջ՝ Հայելի ձեռքով:

10. Սատակեցան նոքա յականս Դովրայ, և եղեն որպէս զաղբ երկրի:

Նրանք կոտորվեցին Դորի ակունքներում և եղան ինչպես գետնի աղբ:

Դեբորան մարգարե էր և զորացրեց Բարակին: Ակունքներում՝ այն տեսնելով հոգու աչքերով, և եղան ինչպես գետնի աղբ, որ խառնվում է հողի հետ՝ պարարտացնելով երկիրը:

11. Արա՛ զիշխանս նոցա որպէս զՈվրէբն, Զէբն, զԶէբէէ, զՍաղմանա, և զամենայն իշխանս նոցա:

Նրանց իշխաններին արա՛ այնպես, ինչպես արեցիր Օրեբին, Զեբին, Զեբեին, Սաղմանային ու նրանց բոլոր իշխաններին:

Մեծագույն իշխաններ էին, որոնք բռնվեցին Գեդեոնի կողմից:

12. Ոյք ասացին՝ ժառանգեսցուք ի մեզ զսրբութիւն Աստուծոյ:

Որոնք ասացին. «Մեր ժառանգությունը դարձնենք Աստծու սրբարանը»:

Դևերը՝ [մարդկային] բնությանը, իսկ նրանք՝ Երուսաղեմը:

13. Աստուած իմ, արա՛ զնոսա որպէս զանիւ, որպէս զեղէգն առաջի հողմոյ:

Աստվա՛ծ իմ, նրանց արա՛ ինչպես անիվ, ինչպես եղեգ՝ քամու հանդեպ:

Որից շատ կրակ է թափվում և այրում սայլը ընթացքի ժամանակ, և եղեգն էլ քամու հանդեպ ուժգին շարժումից նույնպես բորբոքվում է, և ասում է՝ դրանցով շրջապատիր նրանց, և իրենց չարիքներով: Ոմանք ասում են, թե անիվն այստեղ փշի է նմանեցնում, որ կառքի ծայրին գտնվելով՝ չորանալով ընկնում է:

14. Որպէս հուր՝ զի այրէ զանտառս, որպէս բոց, զի կիզու զլերինս:

Ինչպես հուր, որ անտառն է այրում, ինչպես բոց, որ լեռներն է խանձում:

Ինչպես որ դա երբեմն տեղի է ունենում, երբ ուժեղ քամուց հրդեհ է առաջանում և այրում անտառները, և նրանց էլ, ասում է, անպտղության պատճառով իրենց իսկ չարիքներով հյուծիր, որպեսզի իրենց-իրենց ոչնչանան:

15. Այսպէս հալածեսցես զնոսա մրրկաւ քով. և բարկութեամբ քով խռովեցուսցես զնոսա:

Այսպես հալածի՛ր նրանց քո մրրիկով, ու քո բարկությամբ խռովեցրո՛ւ նրանց:

Նախ սպառնալիքով, ինչը մրրիկ է կոչում, և քո բարկությամբ խռովություն կգցես նրանց մեջ:

16. Լից զերեսս նոցա անարգանօք, և խնդրեսցեն զանուն քո, Տէր:

Նրանց երեսն անարգանքո՛վ պատիր, որ քո անունը փնտրեն, Տեր:

Որ ամոթահար ետ դառնան, փնտրեն և սովորեն, որովհետև քո անունը ահարկու է, քանզի Տեր է: Նորից՝ նրանց երեսը մոխրով պատված, արտասուքով թրջված թող լինի, և թող քո ողորմությունը փնտրեն ապաշխարությամբ:

17. Ամաչեսցեն և խռովեսցին յաւիտենից, և ամօթալից կորիցեն:

Թող ամաչեն ու խռովվեն հավիտյանս հավիտենից, և ամոթահար թող կորստյան մատնվեն:

Քո ահից և երկյուղից, և հավիտյանս հավիտենից, եթե չզղջան:

18. Ծանիցեն զի անուն քո Տէր է. և դու միայն Բարձրեալ ես ի վերայ ամենայն երկրի:

Թող իմանան, որ քո անունը Տեր է, և դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա:

Իրենց կուռքերի և չաստվածների պես չէ, որ նվաստ են և անգո:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

04.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․