19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Սաղմոս ՂԵ

Սաղմոս Դավթի այն ժամանակ, երբ տաճարը կառուցվեց։

[Գերությունից] դուրս գալուց հետո նավակատիք արեցին, ինչը խորհրդանշում է Քրիստոսի գալստյամբ արարածների և բնության նորոգումը:

1. Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նոր. օրհնեցէք զՏէր ամենայն երկիր:

Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգով, օրհնեցե՛ք Տիրոջը, համայն աշխարհի մարդիկ:

Իրերի նորոգությամբ, որ Աստծուց է և նորոգող զորությամբ, որն այստեղ հավատքն է առ Սուրբ Երրորդությունը, և օրհնությունը՝ նորածնի ծննդյան ավազանով, հրաժարվելով հնից՝ նոր կյանքի ու նոր դավանության սկիզբն է դրվում ոչ միայն Հրեաստանում, այլև ամբողջ աշխարհում:

2. Օրհնեցէ՛ք զՏէր և օրհնեցէ՛ք զանուն նորա. աւետարանեցէ՛ք  օրըստօրէ զփրկութիւն նորա:

 Օրհնեցե՛ք Տիրոջն ու օրհնեցե՛ք անունը նրա, օրըստօրե ավետեցե՛ք փրկությունը նրա:

Քանզի ըստ անվան և ըստ իր էության Տեր է, ոչ թե կուռքերի նման, որ անուն ունեին, սակայն տեր չէին, կուռքերը թեև ճշմարտի անունն են կրում, սակայն անիծյալ են, և օրհնյալի անունը պետք չէ դնել, այն անունը, որով Աստված պատիվ է ընդունում և ներում նրանց: Ավետարանեցե՛ք. ավետիս տվեք, ավետարանիչնե՛ր, օրըստօրե՝  ամեն օր ըստ կարգի, նրա փրկությունը Հիսուսն է:

3. Պատմեցէ՛ք ի հեթանոսս զփառս նորա, զամենայն ժողովուրդս սքանչելիս նորա:

Հեթանոսների մեջ փա՛ռքը պատմեցեք նրա, և բոլոր ժողովուրդների մեջ՝ սքանչելագործությունները նրա:

Փառքը խաչն է, և նրանից է դատաստանը։ Բոլոր ժողովուրդների մեջ՝  հրեաների, սքանչելագործությունները նրա,  որ գործեց նրանց մեջ, քանզի նշաններ էին ուզում։

4. Մեծ է Տէր, և օրհնեալ է յոյժ, ահարկու է նա ի վերայ ամենայն կռոց։
Մեծ է Տերն ու անչափ օրհնյալ, ահարկու է նա բոլոր կուռքերից ավելի։

Հայտնի է, որ անչափ օրհնյալ է, ահարկու է նա բոլոր կուռքերից առավել, քանզի նրա ահից չխաղաղվեցին, երբ մտավ Եգիպտոս, սասանվեցին ձեռակերտները, և խաչելության օրը շատերը կործանվեցին, ինչպես նաև առաքյալների քարոզչությամբ և վկաների միջոցով։

5. Ամենայն կուռք հեթանոսաց դևք են, և Տէր զերկինս արար։

Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են, իսկ Տերն արարիչն է երկնքի։

Կուռքերը վնասատու են և դևերին են կրում իրենց մեջ, իսկ Տերը երկինքը ստեղծեց, որ բովանդակում է երկիրը և կղզիները, որտեղ կուռքերն են գտնվում։

6. Խոստովանութիւն և վայելչութիւն է առաջի նորա, սրբութիւն և մեծ վայելչութիւն ի սրբութեան նորա։

Խոստովանություն և վայելչություն կա նրա առջև, սրբություն և մեծափառություն՝ նրա սրբարանում։

Խոստովանություն և վայելչություն կա նրա առջև, հազարավոր հրեշտակներ կային նրա առջև, որ ասում էին այս վայելչականը. սուրբ, սուրբ, սուրբ Տեր զորությունների։ Սրբություն, որը վայել է նրա մեծությանը, երկնքում սերովբեների միջոցով ճանաչվեց և սրբությունների վերակացուներով, և թեև Որդին նվաստացավ, սակայն ունի փառքի վայելչությունը, օրհնությունն ու սրբությունը՝ սուրբ մարդեղությամբ, ըստ այս խոսքի. «Նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է» (Ղուկ. 1։35)։

7. Մատուցէ՛ք Տեառն, տոհմք աղանց, մատուցէ՛ք Տեառն զփառս և զպատիւ, մատուցէք Տեառն զփառս անուան նորա։

Մատուցեցե՛ք Տիրոջը, ազգատոհմե՛ր, մատուցեցե՛ք Տիրոջը փառք ու պատիվ: Մատուցեցե՛ք Տիրոջը փառքն իր անվան։

Հեթանոսներին է ուղղված այս պատվերը՝ պատարագ մատուցել Սուրբ Երրորդությանը, և ոչ թե ոչխար կամ զվարակ, այլ՝ փառք և պատիվ։ Փառք իր անվան, քանի որ Տեր է Հիսուս Քրիստոսը՝ ի փառս Աստծու, Հոր և Սուրբ Հոգու։

8. Առէ՛ք պատարագս և մտէ՛ք ի սրահս նորա. երկիր պագէք Տեառն ի գաւիթս սրբութեան նորա. և խռովեսցի յերեսաց նորա ամենայն երկիր։

Ընծաներ վերցրեք ու մտե՛ք սրահները նրա։ Երկրպագեցե՛ք Տիրոջն իր սրբարանի գավիթներում, քանզի ամբողջ երկիրը պիտի խռովվի նրա ներկայությունից։

Վերցրե՛ք ձեր զոհաբերություններն ու մտե՛ք սրահները նրա, այսինքն՝ եկեղեցի։ Երկրպագեցե՛ք Տիրոջն իր սրբարանի գավիթներում, նախ՝ սրահներում, թերևս՝ հրեական տաճարում, և ապա՝ գավիթներում, որ մոտ է երկնքին՝ սուրբ եկեղեցում, քանզի ամբողջ երկիրը պիտի խռովվի նրա ներկայությունից. յոթանասունից թարգմանությունում պիտի սասանվի ասում է, որը առաջին օրենքն է՝ խռովելով առաջին ընթացքից։

9. Ասացէ՛ք ի հեթանոսս, թէ Տէր թագաւորեաց, հաստատեաց զաշխարհս, զի մի՛ սասանեսցի, և դատի զժողովուրդս իւր ուղղութեամբ։

Հեթանոսների մեջ ասացե՛ք, թե՝ «Տերը թագավորեց, նա աշխարհն հաստատեց, որ չսասանվի, և նա իր ժողովրդին արդարությամբ պիտի դատի»։

Ինչպես Քրիստոս հեթանոսների մեջ հրամայեց քարոզել՝ ասելով. «Աշակերտ դարձրեք բոլոր ազգերին» (Մատթ. 28։19)։ Հաստատեց աշխարհը, որ սասանվել էր և խռովվել, թե ո՞ւմ պիտի պաշտի։

10. Ուրա՛խ եղիցին երկինք և ցնծասցէ երկիր զուարճասցի ծով լրիւ իւրով, ցնծասցեն դաշտք և ամենայն, որ է ի նոսա։

Թող ուրախ լինի երկինքն ու ցնծա  երկիրը, թող  զվարճանա ծովն իր մեջ եղած բոլոր կենդանի էակներով։ Թող հրճվեն դաշտերը և նրանցում եղած ամեն ինչ։

Թող ուրախ լինի երկինքը, քանզի, եթե մի մեղավորի դարձի համար ցնծում է, ապա որքան առավել՝ բոլորի։ Երկիրը թող ցնծա, որովհետև Քրիստոսը քայլեց նրա վրայով։ Թող զվարճանա ծովը, քանզի Տերը հանդարտեցրեց նրա ալիքները, և ընդունեց Հոգուն և ծնվելու է Աստծու Որդին։ Թող զվարճանա ծովն իր մեջ եղած բոլոր կենդանի էակներով, որ դևերով էր լի, իսկ այժմ ահա՝ Սուրբ Հոգով։ Թող հրճվեն դաշտերը՝  Սիմաքոսը արտ է ասում, ինչպես որ Տերն ասաց. «Իսկ արտը այս աշխարհն է» (Մատթ. 13:38): Ուրախացավ երկինքը՝ հրեշտակները, ցնծաց երկիրը՝ սրբերի ու արդարների հոգիները, որ երկրում էին։  Թող զվարճանա ծովը՝  մարդկանց բազմությունը, Սիմաքոսն ասում է՝ թող գոչի ծովը, թող երկինք բարձրանա օրհնությունը։ Թող հրճվեն դաշտերը՝ տալով հաց և գինի՝ պատարագի համար անհրաժեշտ նյութը։

11. Յայնժամ ցնծասցեն ամենայն ծառք անտառի յերեսաց Տեառն, զի գայ, և գայ նա ի դատել զերկիր։

Թող այնժամ ցնծան անտառի բոլոր ծառերը Տիրոջ առջև, որ գալիս է, գալիս է դատելու երկիրը։

[Անտառի] ծառերը, թեև անպտուղ են, սակայն Տիրոջը խաչի համար փայտ տվեցին, և մշտապես եկեղեցի կառուցելու համար նյութ են տալիս, իսկ դաշտի ծառերը՝ որթատունկն ու ձիթենին՝ նյութ մյուռոնի և խնկի, և այլ բույսերը նույնպես, ինչպես նաև սերմերը նվեր են Աստծուն։ Անտառի ծառերը, քանզի սիրով նայեց խաչափայտին և ուսերի վրա կրեց։ Ուստի և գալիս էր առաջի գալստյամբ ոչ թե դատելու, այլ՝ հաստատելու, և նորից՝ երկրորդ անգամ գալու է դատելու համար։

12. Դատի զտիեզերս իրաւամբ, և զժողովուրդս ամենայն ճշմարտութեամբ իւրով։

Նա պիտի դատի տիեզերքն արդարությամբ, և բոլոր ժողովուրդներին՝ իր ճշմարտությամբ։

Տիեզերքը՝ աշխարհի չորս կողմերը՝ հեթանոսներին և բոլոր ժողովրդին` իր ճշմարտությամբ՝ օրենքով և մարգարեներով, քանզի առաջնորդ էին մարգարեներն ու առաքյալները, և հրեաներին, որ չհավատացին Հիսուսի՝ Աստծու դատին։

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

10.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․