Գրքեր

Սաղմոս ՀԵ

Այսուհետև՝ մի՛ ապականիր, Ասաբի օրհնության սաղմոսը. երգ ասորեստանցիների մասին: Որ ինչպես եղավ Եզեկիայի փրկությունը և Սենեքերիմի կործանումը, նաև Տիրոջ մահվան խորհուրդն ունի:

1. Յայտնի է ի Հրէաստանի Աստուած, և յԻսրայէլ մեծ է անուն նորա:

Աստված հայտնի է Հրեաստանում, և Իսրայելում մեծ է անունը նրա:

Հրաշագործություններով և Քրիստոսի խաչով հայտնի դարձավ, թե ով է սասանում արարածներին: Նաև իմանալի Հրեաստանը [Տիրոջը] խոստովանած բոլոր սրբերն են և վերին Սիոնը, որ տեսնում են Աստծուն, և մեծ է նրա անունը:

2. Եղև խաղաղութիւն տեղի նորա. և բնակութիւն նորա Սիովն:

Նրա տեղը խաղաղության մեջ է, և նրա բնակությունը՝ Սիոնում:

Վերին Երուսաղեմն է խաղաղություն կոչում, որտեղ չկան ցավեր և վշտեր:

3. Անդ խորտակեաց Տէր զզօրութիւն աղեղան, զզէն, զսուր և զճակատամարտ:

Այնտեղ խորտակեց Տերն աղեղի զորությունը և զենքը, սուրն ու ճակատամարտը:

Ասորեստանցիների [աղեղի զորությունը], քանզի վերին Սիոնում չի կարող չարը նետ արձակել և պատերազմել:

4. Լուսատու ես դու սքանչելապէս լերանցն յաւիտենից. խռովեսցին ամենեքեան, որ անմիտ են սրտիւք, ննջեսցին զքունս իւրեանց, և ինչ ո՛չ գտին:

Դու սքանչելի լուսատուն ես հավերժական լեռների: Բոլոր անմիտ սիրտ ունեցողները պիտի խռովվեն, պիտի ննջեն և ոչինչ պիտի չգտնեն:

Յոթանասունից թարգամության մեջ այսպես է. Սիոնի լեռներ լույս առե՛ք: Իսրայելի լեռները լույս առան՝ ցնծալով սփոփանքից, խռովքի մատնվեց անմիտ ասորին, ննջեցին և չգտան Երուսաղեմը: Նորից՝ հավերժական լեռները հրեշտակներն են, որոնց արեգակը Տերն է, իսկ անմիտները ննջում են և ծուլանում են այստեղ հրեշտակների պես արթուն մնալուց, իսկ այնտեղ էլ խռովքի են մատնվելու, և ոչ մի մասնակցություն չեն ունենալու արթուն բնությունների հետ: Լեռները նաև նահապետներն են, որոնք Քրիստոսից լույս վերցրեցին, տեսան և ցնծացին, ինչպես Աբրահամը, իսկ անմիտ հրեաները ծուլանալով՝ ոչինչ չիմացան: Նորից՝ լեռներն իմաստուն կույսերն են, քանզի ամանով ձեթ վերցրեցին, իսկ անմիտ հիմարները ննջեցին և ոչինչ չգտան:

5. Ամենայն արք ի մեծութիւն ձեռաց իւրեանց. ի սաստէ քումմէ, Աստուած Յակոբայ, ննջեցին, և ոյք հեծեալ էին ի ձիս:

Բոլոր մարդիկ, որոնց ձեռքում հարստություն կար, ննջեցին ու ոչինչ չգտան: Հակոբի Աստված, քո սաստից քուն մտան նաև ձի հեծնողները:

Բոլոր մարդիկ, որոնք Սենեքերիմին ու Ռափսակին էին ապավինում, քո սաստից քուն մտան, և հարյուր ութսունհինգ հազար հեծյալներ կոտորվեցին, և Գոգը նույնպես: Նաև նրանք, ովքեր իգամոլ ձիերի պես ցանկությունների հետևից են գնում:

6. Դու ահաւոր ես՝ և ո՞վ կարէ կալ առաջի քո,  որպէս երևեցար դու յերկնից, յայտնի եղև բարկութիւն քո:

Դու ահավոր ես, և ո՞վ կարող է կանգնել քո առջև: Երբ երևացիր դու երկնքից՝ հայտնվեց քո բարկությունը:

Արդ, իմացանք, որ կարող էիր նախքան նրանց հայհոյելը կոտորել նրանց, այլ, քանի որ նրանք հեգնեցին, այդ ժամանակ երևաց քո բարկությունը: Նաև երկրորդ գալստյան ժամանակ է հայտնելու իր բարկությունը:

7. Երկիր երկեաւ և սարսեաց ընդ յառնելն Աստուծոյ ի դատաստան. ընդ ապրեցուցանել զամենայն հեզս երկրի:

Երկիրը սարսափեց ու դողաց, երբ Աստված ելավ դատաստան տեսնելու, փրկելու աշխարհի բոլոր հեզերին:

Ասորեստանի դատաստանով: Նաև, երբ քո ծննդյան ժամանակ երկնքում երևաց քո նշանը՝ աստղը, ինչպես նաև Տիրոջ խաչելության և երկրորդ գալստյան ժամանակ: Ելնելը, գալը և երևալը մարդեղության մասին է ասում, [փրկելու] բոլոր հեզերին, որոնց երանի տվեց:

8. Խորհուրդք մարդկան խոստովան առնին առ քեզ, և ծածկեալք իմաստութեամբ օրհնեսցեն զքեզ:

Մարդկանց խորհուրդները պիտի խոստովանեն քեզ, և իմաստությամբ ծածկվածները պիտի օրհնեն քեզ:

Քանզի այնտեղ նաև խորհուրդների քննություն է լինելու, և այստեղ իմաստությամբ ծածկվածները, այսինքն՝ առաքինությունները պիտի հայտնի և պիտի օրհնի նրանց Աստված:

9. Ուխտս դի՛ք և կատարեցէ՛ք Տեառն Աստուծոյ մերոյ, ամենեքեան, որ շուրջ էք զնովաւ:

Ո՛ւխտ դրեք և կատարեցե՛ք այն մեր Տեր Աստծու համար, ամենքդ, որ շուրջն եք նրա:

Եզեկիայի հետ ուխտ արեցիք, որ Երուսաղեմի շուրջբոլորն եք գտնվում, նաև [բոլորդ], որ Աստծու հետ եք՝ նրան միայն պաշտել, որ օգնեց ձեզ: Նաև, որ նրա շուրջն եք և անդամն եք Տեր Աստծու՝ Քրիստոսի ավազանի ուխտով, կատարեցեք սատանայից հրաժարվելը:

10. Մատուցէ՛ք պատարագս ահաւորին. ո քաղէ զհոգիս իշխանաց, ահաւոր է նա քան զամենայն թագաւորս երկրի:

Ընծանե՛ր մատուցեցեք Ահավորին, Նրան, որ քաղում է հոգիներն իշխանների. ահավոր է Նա աշխարհի բոլոր թագավորներից ավելի:

Այնտեղ, որ անասուններին ուխտ մատուցեցին, իսկ այստեղ՝ բանական պաշտամունք ենք մատուցում: Նրան, որ քաղում է հոգիներն իշխանների. ոչ միայն ասորի իշխանների, այլ բոլոր բանականների, ովքեր ինքնակամ մեղանչում են, ըստ իրենց ազատ բնության:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

03.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․