Գրքեր

Սաղմոս ԻԸ

Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնությունը. քանի որ սաղմոսը տաճար մտնելու և ելնելու ու խորանի առջև սպասավորելու մասին է, ապա թվում է, թե վերնագիրն այդպես դրեց, երբ Դավիթը տապանակը Երուսաղեմ բերեց և այդ ժամանակ ասաց այս սաղմոսը: Սակայն սա Եզեկիային է վերաբերվում, երբ կոտորվեցին ասորիները և մեծ երկյուղի մեջ ընկան ու չհամարձակվեցին տաճար մտնել և սրբություններին մոտենալ, այլ թագավորը հրամայեց գավթում և սրահում վրան կանգնեցնել և նվերներ մատուցել, ինչպես որ ասվում է.

1. Մատուցէք Տեառնորդիք Աստուծոյ. մատուցէք Տեառն զորդիս խոյոց:

2. Մատուցէք Տեառն զփառս և զպատիւ. մատուցէք Տեառն զփառս անուան նորա և երկիր պագէք Տեառն  ի սրահ սրբութեան նորա:

Աստծո՛ւ որդիներ, մատուցեցե՛ք Տիրոջը, մատուցեցե՛ք Տիրոջը խոյերի ձագեր:

Մատուցեցե՛ք Տիրոջը փառք ու պատիվ, տվե՛ք Տիրոջը փառքն իր անվան և երկրպագեցե՛ք Տիրոջն իր սուրբ սրահում:

Քահանաներին կոչում է Աստծո որդիներ, իսկ խոյերի ձագեր՝ գառներին, նաև նրանք ըստ իրենց պաշտոնի փառք ու պատիվ են մատուցում Աստծուն, քանզի մեծարվեց նրա անունը հեթանոսների մեջ: Գրքում էլ է ասվում, թե մեր բնությունն արու և էգ ստեղծվեց ոչ միայն աճելու և բազմանալու համար, այլ նաև ուրիշ նպատակի համար, քանզի բարեգործն արու է, իսկ չարագործը՝ էգ, այդ պատճառով էլ խոյերի որդիներ է կոչում: Եվ երեք անգամ կրկնում է մատուցեք բառը, այսինքն՝ մատուցեք մտքով, հոգով և մարմնով: Ասորերենում չկա մատուցեք Տիրոջը խոյերի ձագեր: Եվ որպեսզի արժանի լինենք երրորդ երկնքին՝ Երրորդությանը նվեր մատուցելով: Երկրպագեցե՛ք եկեղեցու սրահում, որը վերին Երուսաղեմի սրահն է խորհրդանշում:

3. Ձայն Տեառն ի վերայ ջուրց և Աստուած փառաց որոտաց. և Տէր ինքն ի վերայ ջուրց բազմաց:

Տիրոջ ձայնը ջրերի վրա է. փառքի Աստվածը որոտաց, Տերն ինքն է անսպառ ջրերի վրա:

Հորդանանի և Թաբոր լեռան վրա է: Եվ փառքի Աստվածը որոտաց, այսինքն՝ Սուրբ Հոգին Հորդանանում և վերնատանը և Տերն ինքը՝ Հիսուսը, այնտեղ հայտնեց իր Սուրբ Երրորդության աստվածությունը, որտեղ բացվեց ավազանի արգանդը: Անսպառ ջրերի վրա է, որովհետև բոլոր ջրերն օրհնվեցին: Ինչպես որ, երբ հրաման տրվեց, թե թող ջրերը բխեն, այդպես էլ բոլոր ջրերը ծննդյան օրհնությունն ստացան: Նաև բոլոր ծնունդները ջրից են լինում՝ խոնավ սերմից, ըստ Տիրոջ հրամանի սահմանված:

4. Ձայն Տեառն զօրութեանց, և ձայն Տեառն մեծ վայելչութեանց:

Տիրոջ ձայնը ահարկու է, Տիրոջ ձայնը փառահեղ է:

Ահարկու է, որովհետև հրեշտակների Տերն է և վայելում են նրա մեծությունը:

5. Ձայն Տեառն փշրէ զմայրս. և մանրէ Տէր զմայրսն Լիբանանու:

Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, Տերը կոտրատում է մայրիները Լիբանանի:

Այսինքն՝ կռապաշտությունը, որ կարծում էին, թե անուշահոտ է և մնայուն: Լիբանանի, որովհետև սատանան է Լիբանան կոչվում, և իր բարձրությամբ կընկնի, քանզի նրանում էր արմատավորված կռապաշտությունը:

6. Մանրեսցէ զնոսա որպէս մատաղատունկն Լիբանանու, որ սիրելին է որպէս զորդիս միեղջերոյ:

Տերը կոտրատում է դրանք ինչպես Լիբանանի մատաղ տունկերը, որոնք սիրասուն են միեղջերուի ձագերի պես:

Այսինքն՝ հեշտությամբ ինչպես նորաբողբոջը, քանզի նոր է կռապաշտությունն, այլ ոչ թե ի սկզբանե կար և որդու պես սիրելի էր: Միեղջերուի եղջյուրը ծովի համար բժշկարար է. փղշտացիների մոտ, երբ թունավոր սողուններն իրենց թույնը թափում են խմելու ջրերի մեջ, ապա երբ մաքուր կենդանիները գալիս նստում են այնտեղ, չեն խմում այդ մահաբեր ջրից, մինչև որ չի գալիս միեղջյուրը և իր եղջյուրը մտցնում ջուրն ու բժշկում այն: Այդ պատճառով էլ բոլոր մաքուր կենդանիները սիրում են նրան և միեղջերուների ծնունդը նրանց համար խնդություն է և փայփայանքի պատճառ: Ինչպես այլ թարգմանիչներն են ասում. «Պարում են միեղջերուի ձագերի պես», քանզի պաշտոնյաները սիրում էին կուռքերին և պարում էին, և դևերին էին պարեցնում, ինչպես որ անապատում հրեաները հորթին էին պարեցնում և իրենք նույնպես պարում էին նրա առաջ, քանզի ոմանք կարծում են, թե ինչպես անապատի հորթին Մովսեսը կործանեց և դրա ջուրը տվեց, որ մեղավորները խմեն, այդպես էլ դատաստանի օրը Աստված կռապաշտության մեղքի հետ խառնելու է նրանց մյուս մեղսագործությունները և խմեցնելու է նրանց իրենց անձերի դառնությունները, ինչպես որ մենք ենք էլ վայելելու ենք մեր Տիրոջը:

7. Ձայն Տեառն հատանէ զբոց ի հրոյ. ձայն Տեառն շարժէ զանապատն, և խռովեցուցանէ Տէր զանապատն Կադէս:

Տիրոջ ձայնը ճեղքում է կրակի բոցը: Տիրոջ ձայնը ցնցում է անապատը, Տերը դողացնում է Կադեսի անապատը:

Սուրբ առաքյալների միջոցով ոմանց բոցով է պատժում, ինչպես Անանիային ու Սափիրային և ոմանց էլ մխիթարում լույսով՝ Տիրոջ սիրո հրով, որ եկավ երկրի վրա կրակ գցելու: Նաև աշխարհի վախճանին հուր է լցնելու երկրի վրա, և այնուհետև հեռացնելու է լուսավորությունը և կազմելու է արդարների պսակները, իսկ զայրույթով՝ մեղավորների տանջանքները: Տիրոջ ձայնը ցնցում է. Սիմաքոսն ասում է. «հղացնում է», Ակյուղոսը՝ «ծննդական է դարձնում», Թեոդիտոն՝ «հեթանոսների շնորհիվ բարիքներով ծաղկեցրեց անապատը»: Առաքյալների միջոցով հոգևոր հղություն և ծաղիկների ծնունդ եղավ, ըստ Եսայու, թե՝ «Թող ցնծա անապատը և ծաղկի ինչպես շուշան» (Ես. 35:2): Դողացնում է. նորից նույնն  է ցանկանում ցույց տալ, քանզի նախ դողացին, ապա խռովեցին ինչպես երկունքի մեջ գտնվողը և ծնեցին իրենց վերին աշխարհի համար: Իսկ Կադեսը սուրբ է կոչվում, որը սուրբ եկեղեցին է, որ արբեց ավազանի խոսքով:

8. Ձայն Տեառն հաստատէ զեղջերուս. և յայտնի առնէ զանտառս:

Տիրոջ ձայնը ոտքի է կանգնեցնում եղնիկներին և մերկացնում անտառները:

Քրիստոսի ձայնը ոտքի կանգնեցրեց առաքյալներին՝ տալով նրանց իշխանություն տրորելու օձերին և կարիճներին, ինչը եղնիկին է հատուկ: Եվ մերկացնում է անտառները. այսինքն՝ անպտուղ հեթանոսներին: Հատում են անպտղաբեր անտառները, որոնք չարիքների աղբյուր են և որպեսզի այնտեղ չդարանակալեն անտառի գազանները, հերկում են և պարտեզ սարքում, որպեսզի այնտեղ իջնի եղբորորդին:

9. Ի տաճարի նորա ամենեքեան ասասցեն զփառս նմա:

Նրա տաճարում բոլորը թող գովեն փառքը նրա:

Եկեղեցում են փառաբանում Աստծուն, այլ ոչ թե մեհյաններում:

10. Տէր զջրհեղեղս նստուցանէ և ցածուցանէ. թագաւորեսցէ Տէր յաւիտեանս:

Տերը զսպում և ցածրացնում է ջրհեղեղները, Տերը հավիտյան պիտի թագավորի:

Ինչպես Նոյի ժամանակ անցկացրեց հողմը և դադարեց ջրհեղեղը, նույնպես նաև այստեղ հոգու հողմով մեղքերի հեղեղն ու կռապաշտությունն է զսպում՝ թեթևակի հանդարտությամբ: Տերը հավիտյանս պիտի թագավորի. ովքեր հոժարակամ հավատացին նրան մինչև իր թշնամիներին ոտնակոխ անելը, նա թագավորելու է հավիտյանս և նրա թագավորությունը վախճան չի ունենալու:

11. Տէր զօրութիւն ժողովրդեան իւրոյ տացէ. և օրհնեսցէ զժողովուրդ իւր ի խաղաղութիւն:

Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգևելով:

Այսինքն՝ Սուրբ Հոգուն պիտի տա, ինչպես որ ասաց. «Նստեցե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք» (Ղուկ. 24:49): Եվ Տերը պիտի օրհնի, ինչպես որ ասաց. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհ. 14:27):

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

25.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․