Գրքեր

Սաղմոս ԻԶ

Ի կատարած. սաղմոս Դավթի, երբ դեռ օծված չէր: Վեցօրինակ թարգմանության մեջ [երբ դեռ օծված չէր] չկա, քանզի քանի դեռ օծված չէր, ինչպե՞ս կարող էր սաղմոս ասել, որովհետև Հոգին օծումից ստացավ: Սակայն գրված է, որ Դավիթը երեք անգամ օծվեց, նախ՝ հոր տանը, երկրորդ՝ Հուդայի վրա, երրորդ՝ Իսրայելի վրա, այսինքն՝ խոսքն առաջին օծության մասին չէ: Երկրորդ՝ հայտնի է, որ նախքան թագավոր դառնալն ասաց այս սաղմոսը, երբ Աբիաթարը գնաց նրա մոտ: Եվ վերցրեց սուրն ու հացը և Դովեկը գնաց պատմեց Սավուղին և վերջինս պատրաստվեց պատերազմի Դավթի դեմ:

1. Տէր լոյս իմ և կեանք իմ՝ ես յումմէ՞ երկեայց. Տէր ապաւէն կենաց իմոց՝ ես յումմէ՞ դողացայց:

Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ո՞ւմից ես դողամ:

Եթե գիշերով գնամ, լույս է, եթե ցանկանան սպանել ինձ՝ կյանք, եթե ամրոցի կարիք լինի, ապավեն է: Ո՞ւմից վախենամ, մի՞թե փոքր է իմ ապավենը, կամ ո՞ւմից ես դողամ, ինչը երկյուղից ավելի մեծ է: Դարձյալ՝ Քրիստոսին է լույս կոչում, ով ասաց, թե Ես եմ լույսը և կյանքը և ամեն ինչը:

2. Ի մերձենալ առ իս չարաց ուտել զմարմին իմ. նեղիչք իմ և թշնամիք իմ, նոքա տկարացան և անկան:

Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մոտեցան ինձ՝ մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան:

Սավուղը և Աքիտոբելը և հեթանոսներից շատերը, որոնք Դավթի վրա հարձակվեցին, տկարացան, քանզի Սավուղն իր սրով մեռավ, Աքիտոբելը՝ խեղդվեց, իսկ հեթանոսները տկարանալով՝ Դավթի իշխանության տակ ընկան: Ինչպես նաև հրեաները և դևերը, որոնք հարձակվեցին Տիրոջ վրա, տկարացան և ընկան:

3. Թէ պատրաստեսցի ի վերայ իմ պատերազմ, ոչ երկիցէ սիրտ իմ. թէ յարիցէ ի վերայ իմ ճակատամարտ, սակայն և այսուիկ ի քեզ, Տէր, յուսացայ:

Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի սոսկա, եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն, միևնույն է, Տե՛ր, հույսս քեզ վրա եմ դնելու:

Նկատի ունի Սավուղին կամ հրեաներին, որոնք Տիրոջ դեմ ճակատամարտի ելան միայն Գողիաթի պես կռվելու, սակայն քեզ վրա դրած իմ հույսը հաստատուն է, որովհետև Տիրոջ հրեշտակների բանակն ինձ հետ է:

4. Զմի խնդրեցի ի Տեառնէ, և զսոյն աղաչեմ, բնակել ինձ ի տան Տեառն զամենայն աւուրս կենաց իմոց:

Մի բան եմ խնդրել Տիրոջից, և նույնն եմ աղաչում, որ կյանքիս բոլոր օրերին բնակվեմ Տիրոջ տանը:

Մի բան եմ խնդրել և ուրիշ ոչինչ. բնակվել Տիրոջ տանը.  Դավիթը՝ վրանում, իսկ Քրիստոսի անդամները՝ վերին վրանում, որտեղ օրը երկար է: Նաև Որդին է հայցում, որ հավիտյանս այդ տան մեջ է:

5. Տեսանել ինձ զվայելչութիւն Տեառն. և հրաման տալ ի տաճարի նորա:

Տեսնեմ Տիրոջ վայելչությունը և վերահսկեմ նրա տաճարում:

Տերն է վայելչությունը, քանզի բոլոր ժողովարանները, որտեղ էլ որ գտնվեն, այնտեղ է վայել Տիրոջը լինել: Նաև քահանաներին է ասում, որ օրենսդիր էին, կամ նրանց է ասում, որոնց տասներկու դասերով կարգեց որպես սաղմոսասացներ, սա նաև աղոթելու հորդոր է:

6. Ծածկեաց զիս ի խորանի իւրում յաւուր չարի. ընդ յարկաւ արար զիս ի ծածկոյթ խորանի իւրում:

Չար օրերին նա ինձ թաքցրեց իր վրանում, պատսպարեց ինձ իր վրանի ծածկի տակ:

Երբ գնաց ու աղոթեց խորանի մեջ, ազատվեց չարից:

7. Ի վիմէ բարձր արարէր զիս. և այժմ բարձր արա զգլուխ իմ ի վերայ թշնամեաց իմոց:

Ժայռից բարձր պահեցիր ինձ, այժմ էլ գլուխն իմ բարձրացրո՛ւ թշնամիներիս վրա:

Վեմը տապանակի տախտակներն են և այդտեղ հավատքի վեմի միջոցով բարձր է մնում որոգայթներից: Այժմ էլ գլուխն իմ բարձրացրո՛ւ՝ օծելով գլուխը և թագադրելով: Նաև Քրիստոսը՝ մեր գլուխը, հաղթեց մահվանը, դժոխքին և դևերին:

8. Շուրջ եղէց՝ և մատուցից ի խորանի նորա պատարագ օրհնութեան. օրհնեցից և սաղմոս ասացից Տեառն:

Շրջեմ և օրհնության պատարագ մատուցեմ Նրա վրանում, օրհներգեմ և սաղմոս երգեմ Տիրոջը:

Սեղանի շուրջ, ասում է և օրհնության պատարագ մատուցեմ, ոչ թե անասուններ [զոհաբերեմ], այլ օրհնություններ և սաղմոսներ մատուցեմ:

9. Լո՛ւր, Տէր, ձայնի իմում, զի կարդացի առ քեզ. ողորմեա՛ ինձ և լո՛ւր ինձ, զի քեզ ասաց սիրտ իմ. և խնդրեցին երեսք իմ, զերեսս քո, Տէր, խնդրեցին:

Լսի՛ր ձայնն իմ, Տե՛ր, քանզի քեզ կանչեցի, ողորմի՛ր ինձ և ակա՛նջ դիր, քանզի սիրտն իմ քեզ դիմեց, և հայացքն իմ փնտրեց, փնտրեց քո երեսը, Տեր:

Երբ գրեցի քո բոլոր արարածների և սքանչելիքների մասին, քեզ խնդրեցի, քանզի դու ես ստեղծել բոլորին և խնամում ես, զգեստավորում ես մեր բնությունը, որ քո պատկերն է, նաև ամբողջ աշխարհին՝ հեթանոսների փոքր խնդրվածքները, իսկ եկեղեցու՝ մեծ. իմանալի եկեղեցու և զգալի, հեթանոսներին՝ փրկություն, սա հատկապես լինելու է աշխարհի վերջում, երբ կբացվեն գրքերը: Քանզի սիրտն իմ քեզ դիմեց. լույս և կյանք, այլ ոչ թե լեզուս: Հայացքն իմ փնտրեց քո հայացքը, և ոչ թե միայն ականջներով լսել ցանկացավ: Եվ եռանդագին սիրով կրկնում է փնտրեց բառը և սա է Տիրոջ այն խոսքը, որ ասաց, թե բազում մարգարեներ ու թագավորներ ցանկացան տեսնել ինձ:

10. Մի՛ դարձուցաներ զերեսս քո յինէն. և մի՛ խոտորիր բարկութեամբ ի ծառայէ քումմէ:

Մի՛ դարձրու երեսդ ինձնից և բարկությամբ մի՛ շրջվիր քո ծառայից:

Իմ մեղավոր բնության պատճառով և մի՛ շրջվիր քո այն խոստումից, որ պիտի գաս և մեզ զավակ լինես:

11. Օգնական իմ լեր, Տէր, և մի՛ անարգեր զիս, և մի՛ թողուր զիս Աստուած փրկիչ իմ:

Իմ օգնականն եղիր, Տե՛ր, և մի՛ անարգի՛ր ինձ ու մի՛ լքիր, փրկիչ Աստվա՛ծ իմ:

Քանզի տկարացանք, և մի՛ անարգիր իբրև մարմին՝ չտալով քո Սուրբ Հոգին:

12. Հայր իմ և մայր իմ թողին զիս. և Տէր իմ ընկալաւ զիս:

Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տերն ինձ ընդունեց:

Չէին համարձակվում ինձ մոտ գալ Սավուղի ահից, ինչպես նաև Ադամն ու Եվան ինձ դուրս թողեցին դրախտից և Տերն ինձ նորից դրախտ ընդունեց ավազակի հետ՝ ասելով. «Այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23:43), լիովին կարող ենք ասել, թե հավատքի միջոցով նրա նման կլինենք:

13. Օրէնսգէ՛տ արա զիս, Տէր, ի ճանապարհի քում. և առաջնորդեա՛ ինձ ի շաւիղս քո ուղիղս:

Սովորեցրո՛ւ ինձ, Տե՛ր, քո ճանապարհը և առաջնորդի՛ր ինձ քո ուղիղ շավիղներով:

Ակյուղասն ու Թեոդիտոն «լուսավորի՛ր» են թարգմանել, Սիմաքոսը՝ «առաջնորդիր», քանզի Քրիստոսի լույսն է մեր օրենքը և առաջնորդը՝ կյանքի ուղիղ շավիղներով:

14. Վասն թշնամեաց իմոց, մի՛ մատներ զիս ի ձեռս նեղչաց իմոց:

Իմ թշնամիների պատճառով ինձ նեղողների ձեռքը մի՛ մատնիր.

Թշնամի ասելով նկատի ունի դևերին, որպեսզի սրանք չկարծեն, թե հաղթեցին:

15. Յարեան ի վերայ իմ վկայք մեղաց. և ստեցին ինձ յանօրէնութիւն իւրեանց:

Իմ դեմ մեղսագործ վկաներ ելան և չարախոսեցին ինձ իրենց անիրավությամբ:

Դովեկը և զիփացիները, ինչպես նաև Տիրոջ դեմ՝ սուտ վկաները, և իմ բարիքների փոխարեն չարությամբ հատուցեցին, ինչպես որ Դավթին՝ Սավուղը և Տիրոջը՝ հրեաները: Իսկ Սիմաքոսն այսպես է թարգմանում. «Իմ դեմ սուտ վկաներ ելան»:

16. Հաւատացի տեսանել զբարութիւն Տեառն՝ յերկրին կենդանեաց. համբեր Տեառն և քաջալերեաց, զօրասցի սիրտ քո՝ և համբեր Տեառն:

Հավատում եմ, որ կտեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում: Սպասի՛ր Տիրոջն ու քաջալերվի՛ր, սիրտդ թող ամրապնդվի, Տիրո՛ջը սպասիր:

Եվ չնայած որ ողջերի երկիր եկեղեցին է կոչվում, որտեղ պաշտում են կենդանի Աստծուն, սակայն խոսքն այստեղ հանդերձյալ կյանքի մասին է, որ հեզերը պիտի ժառանգեն: Սպասի՛ր Տիրոջը՝ հալածված եկեղեցի, որ նեղություն ես կրում հեթանոսների պատճառով, քանզի «ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:13): Ամրապնդվի՛ ր հավատքով և սպասի՛ր վրեժխնդրին ու հատուցողին:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

11.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․