Գրքեր

Սաղմոս ԺԴ

Ի կատարած Սաղմոս Դավթի, երբ Սիոնում և տաճարում մեծ հրաշք կատարվեց ասորիների հետ և ժողովուրդը սաստիկ վախեցավ և ասաց.

1. Տէր, ո՞վ կացցէ ի խորանի քում. կամ ո՞վ բնակեսցէ ի լեառն սուրբ քո:

Տե՛ր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, կամ ո՞վ պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա:

Ո՞վ պիտի ապրի այն տաճարում և Երուսաղեմում, որոնք կառուցվել էին Սիոն լեռան վրա և կրում էին Բարձրյալ Աստծո անունը: Քահանան՝ տաճարում կամ թագավորը՝ Սիոն լեռան վրա: Նաև Սուրբ Հոգով մարգարեանալով ասում է, թե այնտեղից շնորհներն անցնելու են հեթանոսներին, ինչպես որ ձայնը լսվեց, թե. «Գնանք այստեղից, գնանք և այլևս չվերադառնանք»: Դարձյալ, ո՞վ է արժանի ժառանգել և հավիտյան բնակվել այնտեղ՝ անձեռակերտ խորանում՝ վերին Երուսաղեմում:

2. Որ գնայ անբիծ՝ գործէ զարդարութիւն, խօսի զճշմարտութիւն ի սրտի իւրում:

Նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում, ճշմարտություն խոսում իր սրտում:

Ով անբասիր է հոգով և մարմնավոր ոչ մի արատ չունի, նա արդարություն է գործում: Արդարություն ասելով նկատի ունի մարմնի բոլոր անդամներով արդար լինել և ճշմարտություն խոսել ոչ միայն լեզվով, այլև՝ սրտով:

3. Որ ոչ նենգաւորեաց լեզուաւ իւրով, և չար ընկերի իւրում նա ոչ արար:

Ով չի նենգել իր լեզվով և ընկերոջը վատություն չի արել:

Թեպետ և իր սրտում չունի նենգ հպարտություն, նաև հեգնությամբ չի նախատում միայն խոսքով ասելով, թե՝ զրկողը զրկվում է: Չար ընկերոջը գործնականում չարությամբ չի հատուցում:

4. Նախատինս ի մերձաւորաց նա ոչ առնու. արհամարհեալ է առաջի նորա չարագործն:

Մերձավորներից նախատինք նա չի ստանում, և չարագործն անարգված է նրա աչքում:

Որպեսզի ամեն ոք անուշահոտ պատարագ լինի, պետք է լացի լացողների հետ և ուրախանա ուրախացողների հետ: Անարգված է նրա աչքում, այսինքն՝ ոչ թե կեղծությամբ պետք է հաճելի լինել յուրաքանչյուրին, այլև՝ պարզ մտքով չարին ատել, բոլորին գովել և բնավ չնախատել:

5. Զերկիւղածս Տեառն փառաւար առնէ. որ երդնու ընկերի իւրում, և ո՛չ ստէ:

Այդպիսին փառաբանում է նրանց, ովքեր երկյուղ ունեն Տիրոջից, երդվում է իր բարեկամին և չի դրժում:

Ինչպես որ մեկ այլ տեղ ասում է. «Ով գնում էր անբիծ ճանապարհով» (Սաղմ. 100:6): Երդվում է և չի դրժում. նա, ով տեսել էր աստվածայինը և մարմնով մեզ նման եղավ: Այսպիսի մի բան է ասում նաև Հեսուն. «Ինը խորհրդի եմ երանի տալիս իմ մտքում, իսկ տասներորդը կասեմ լեզվով» (Սիրաք. 25:9): Նախ՝ դա այն մարդն է, որ ուրախ է որդիներով: Երկրորդ՝ դա այն մարդն է, որ իր կենդանության օրոք տեսնում է թշնամիների կործանումը: Երրորդ՝ ով ապրում է իմաստուն կնոջ հետ: Չորրորդ՝ որ իր լեզվով չի սխալվում: Հինգերորդ՝ իրեն անարժան մարդուն չի ծառայում: Վեցերորդ՝ ով իմաստություն է գտնում: Յոթերորդ՝ ով խոսում է լսողների համար: Ութերորդ՝ ում չի կործանում տգիտությունը: Իններորդ՝ ով երբեք չի երկմտում: Այս ամենի կատարման մեջ է Տիրոջ հանդեպ երկյուղ ունենալը, քանզի դա է Աստծո սիրո սկիզբը: Երդվում է և չի դրժում. ինչպես Հովնաթանը և ոչ թե ինչպես Սավուղը: Ինչպես նաև բոլոր քրիստոնյաները, որ [մկրտության] ավազանով են երդվում, չպիտի ստեն, քանզի Քրիստոսն իր մարմնով մեզ ընկերակից եղավ:

6. Զարծաթ իւր ի վարձու ո՛չ տայ, և կաշառս ի վերայ իրաւանց ո՛չ առնու. որ զայս արասցէ, նա մի՛ սասանեսցի յաւիտեան:

Իր արծաթը վաշխով չի տալիս, իրավունքի դեմ կաշառք չի վերցնում: Ով անում է այս, նա հավիտյան չի սասանվի:

Նա, ով ո՛չ նյութականն է վաշխով տալիս և ո՛չ էլ աննյութականը: Իրավունքի համար կաշառք չի վերցնում. լինելով իրավունքի տերը՝ նա կաշառք չի վերցնում ո՛չ մարմնական ինչքերի ակնկալիքով և ո՛չ էլ իր անձի գովքի համար: Ով անում է այս թվով տասը բաները, նա չի սասանվի խորանի ճանապարհից և ոչ էլ հավիտյան նրա մեջ բնակվելուց: Նախ՝ որ անբիծ ընթացք ունի: Երկրորդ՝ որ արդարություն  է գործում: Երրորդ՝ նա, ով սուրբ սիրտ ունի: Չորրորդ՝ որ նենգավոր չէ: Հինգերորդ՝ որ ընկերոջ հանդեպ չարություն չի գործում: Վեցերորդ՝ նա, ով ուրիշներին չի նախատում և փոխարենը նախատինք չի ստանում: Յոթերորդ՝ նա, ով արհամարհում է չարագործին և նրա հետ հաղորդակից չի լինում, թեկուզ վերջինս նշանավոր մարդ լինի: Ութերորդ՝ մեծարում է Տիրոջից երկյուղ կրողներին՝ գործակից լինելով նրանց: Իններորդ՝ իր արծաթը վաշխով չի տալիս և տասներորդ՝ ով կաշառք չի վերցնում, նա հավիտյանս չի սասանվի: Այս տասը սուրբ է և նվեր է Աստծո և լրացնում է հրեշտակների ինը դասերը, ինչպես դրամը և ոչխարը:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

14.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․