Գրքեր

Սաղմոս ԿԳ

Ի կատարած. սաղմոս Դավթի: Նույն միտքն ու զորությունն ունի [ինչ նախորդ սաղմոսինն էր]:

1. Լուր, Աստուած, աղօթից իմոց յաղաչել ինձ առ քեզ. յերկիւղէ թշնամւոյն փրկեա՛ զանձն իմ:

Աստվա՛ծ, երբ աղաչեմ քեզ, աղոթքս լսի՛ր, թշնամու սարսափից փրկի՛ր ինձ:

Ի դեմս Դավթի և եկեղեցու, և այն բոլոր սրբերի, որոնք աղոթքով խոսում էին Աստծո հետ: Թշնամու սարսափից փրկի՛ր ինձ, քանզի միայն քեզանից եմ երկյուղում, ինչպես որ դու ասացիր օրենքի և Ավետարանի միջոցով:

2. Ծածկեսցես զիս ի ժողովոց չարեաց, ի բազմութենէ ոյք գործեն զանօրէնութիւն:

Թաքցրո՛ւ ինձ չարագործների ամբոխից և անօրինություն գործողների բազմությունից:

Ինչպես ամպով՝ Իսրայելին, և Մովսեսին՝ Խորանով, երբ ժողովուրդը ցանկանում էր նրան քարկոծել: Եվ Տերն էլ իր աղթոքի ավարտին սովորեցրեց ասել. «փրկիր չարից» (Մատթ. 6:13), քանզի նա է չարը, ով յուրայիններին պատերազմի է հանում սրբերի դեմ:

3. Ոյք սրեցին որպէս սուսեր զլեզուս իւրեանց. լարեցին զաղեղունս իւրեանց յիրս դառնութեան:

Նրանք սուսերի պես սրեցին իրենց լեզուները և իրենց աղեղները լարեցին դառը գործի համար:

Նախ սովորեցնում են, թե ինչ են ուզում ասել. իրենց աղեղները լարեցին. սատանան իր ձեռքում աղեղներ ունի պահած, որոնցով որսում է մարդկանց: Դառը գործերի համար՝ գործերը աղեղն է, և ում ձեռքը կա այդ գործը, նրա համար է այդ վայրը դառը, որ դառնանում  է և վերածվում վնասակար գործեր, և որ չարություն է գործում իր աղեղով և այն ձգած պահում:

4. Ձգել ի գաղտնիս այնոցիկ, ոյք ուղիղ են սրտիւք. յանկարծակի ձգեսցեն ի նոսա, և մի՛ երկիցեն:

Որպեսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, հանկարծակի նետահարեն նրանց առանց երկյուղի:

Խոսքը լեզվի միջոցով նետի պես հանկարծակի՝ ակնթարթի պես արձակում են: Չեն երկյուղի նրանք, ովքեր ուղիղ են սրտով:

5. Ոյք զօրացուցին յանձինս իւրեանց զբանս չարութեան. խորհեցան թագուցանել ինձ որոգայթ. և ասացին՝ ո՛չ տեսանէ զայս Տէր:

Նրանք զորացան իրենց չարախոսությամբ, մտածեցին իմ դեմ որոգայթ լարել և ասացին. «Տերը դա չի տեսնի»:

Համախոհներով հավաքվեցին և ապականվեցին, խորհեցին Դավթի և Քրիստոսի դեմ, իսկ դևերը՝ բոլոր սրբերի դեմ, իրենց վստահեցնելով, թե Տերը մոտ չէ և նրա աչքը չի ատում չարությունը:

6. Քննեցին զանօրէնութիւն, պատրաստեցան ի քննել զքննութիւն:

Անօրինություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց ու քննելուց:

Մտքեր հղացան թե՛ տանը և թե՛ դրսում և թե՛ այլազգիների մեջ՝ ինձ որսալու համար: Հոգնեցին, ուժասպառ եղան և սպառվեցին նրանց հնարքները, բայց չզղջացին:

7. Մատիցէ այր ի խորութիւն սրտի իւրոյ և բարձր եղիցի Աստուած:

Թող մարդ մերձենա իր սրտի խորությամբ, և Աստված թող բարձր լինի:

Հնարներ գտնելու և արդարների դեմ որոգայթ լարելու համար, բայց Աստծու խորհուրդները բարձր են՝ պահելու համար իրեններին:

8. Նետք տղայոց եղեն վէրք նոցա, տկարացան ի նոսա լեզուք իւրեանց, և խռովեսցին ամենեքեան, ոյք հայէին ընդ նոսա:

Մանուկների նետարձակումները խոցեցին նրանց, նրանց լեզուները տկարացան, և բոլոր նրանց տեսնողները պիտի խռովվեն:

Շատ քիչ վերք կարող են պատճառել սրբերին, կտկարանան նրանց նետերը և բոլորը կխռովվեն՝ ապշելով Աստծու հրաշագործություններով: Ինչպես, երբ երեխաները նետ են արձակում երկինք, այն երկինք չի հասնում, և երեխաներից նրանք, ովքեր վերև են նայում, նետը ներքև ընկնելով՝ վիրավորում է իրենց աչքերը և նրանք խռովում են, այսպես է պատահում նաև նրանց հետ, ովքեր խորհում են վնասել սրբերին:

9. Երկեաւ ամենայն մարդ. և պատմեցին զգործս Աստուծոյ, և զարարածս նորա ի միտ առին:

Բոլոր մարդիկ վախեցան և պատմեցին Աստծու գործերը և հասու եղան նրա արածներին:

Տեսնելով Փարավոնին, Նաբուգոդոնոսորին, Սավուղին և խաչողներին, և սկսեցին պատմել Աստծո գործերի մասին, և ովքեր չգիտեին Աստծո գործերի մասին, այսուհետև բոլորը իմացան:

10. Ուրախ եղիցի արդար ի Տէր, և յուսասցի ի նա. նովավ գովեսցին ամենեքեան, ոյք ուղիղ են սրտիւք:

Արդարը պիտի ուրախանա Տիրոջով՝ հույսը դնելով նրա վրա. սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով:

Արդարը, զերծ մնալով որոգայթից, առավել ևս պիտի հուսա [Աստծուն]: Պիտի պարծենան նրանով. մեկի փրկությամբ պիտի պարծենան բոլոր նրանք, ովքեր նրա հետ ուղղել էին իրենց սրտերը. Դավթի հետ և մեր Տիրոջ հետ՝ ուղղափառ եկեղեցին:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

03.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․