Գրքեր

Սաղմոս ԿԸ

Այսուհետև՝ անցած օրերի մասին սաղմոս Դավթի:

Փոփոխումը մի վիճակից մի այլ վիճակի է լինում, ինչպես որ հրեաները փոխադրվեցին Բաբելոն: Բացի այդ Քրիստոսի չարչարանքների խորհուրդն ունի, ինչպես նաև՝ մակաբայեցիների և հույների:

1. Կեցո՛ զիս, Աստուած, զի հասին ջուրք յանձն իմ. ընկալայ ես ի խորս անդնդոց, ուր ո՛չ գոյ ինձ հանգիստ:

Փրկի՛ր ինձ, Աստվա՛ծ, քանզի ջրերը հասան իմ անձին, ես ընկղմվեցի խոր անդունդի մեջ, որտեղ ինձ համար հանգիստ չկա:

Ջուր ասելով նկատի ունի վշտերը: Ընկղմվեցի խոր անդունդի մեջ՝  հզոր իշխանության, իսկ բնությունը՝ դժոխքի: Նաև ասում են, թե երբ Դավիթը Աբիսողոմի սպանությունից հետո վերադառնում էր, խռովքի մատնվեցին տասը ցեղերը Բոքորի որդու հետ, և Դավիթը տարակուսանքի մեջ ընկավ ու ասաց այս [սաղմոսը]:

2. Եկի ես ի խորս ծովու, և շրջանք ընկղմեցին զիս:

Մտա ես խորքերը ծովի, և հորձանքներն ինձ ընկղմեցին:

Մտա ես՝ իմ մեղքերով հանդերձ: Եվ բաբելոնյան զորքերի անհուն հորձանքները, որ տարբեր վայրեր շրջելուց հետո եկան Երուսաղեմ, և ընկղմեցին, երեք անգամ տանելով Բաբելոն:

3. Վաստակեցի ես առ աղաղակել, և կերկերեցաւ կոկորդ իմ:

Ես հոգնեցի աղաղակելուց, կոկորդն իմ կերկերաց:

Բնությունը՝ վշտերից, այլ ոչ թե Տիրոջը [աղաղակելուց], և հրեաներն էլ՝ Աստծուն: Կոկորդն իմ կերկերաց՝ դառնացավ հառաչանքներից:

4. Նուաղեցին աչք իմ, առ յուսալ ինձ առ Տէր Աստուած իմ:

Աչքերս նվաղեցին քեզ վրա հույս դնելուց, Տե՛ր իմ Աստված:

Ինչպես որ մեկը հեռավոր վայրում է և նեղության մեջ է, իսկ ես՝ Աստծու վրա հույս դնելով:

5. Բազում եղեն քան զհեր գլխոյ իմոյ, ոյք ատէին զիս ի տարապարտուց:

Գլխիս մազերից շատ եղան նրանք, ովքեր հանիրավի ատում էին ինձ:

Ատում էին ինձ նրանք, որոնց ոչ մի վնաս չէի պատճառել: Գլխիս մազերից շատ. Երուսաղեմի գլխավոր քաղաքի [բնակիչներից] շատ էին բաբելոնացիները:

6. Զօրացան յիս թշնամիք իմ և ատելիք իմ ի նանիր. ինչ զոր ոչ յափշտակեալ էր՝ տուժէի նոցա:

Թշնամիներս և ինձ իզուր ատողները զորացան ինձնից ավելի, իմ չհափշտակած բաների համար ես վճարեցի նրանց:

Զորանալը իզուր բերելն ու պահանջելն էր, որ պետք չէր այդպես անեին:

7. Աստուած, դու ծանեար զանզգամութիւն իմ. և յանցանք իմ ի քէն ո՛չ ծածկեցան:

Աստվա՛ծ, դու իմացար անզգամությունն իմ, և հանցանքներս չծածկվեցին քեզնից:

Քո առջև միայն անզգամաբար մեղանչեցի, և հանցանքներս, որ ակամա գործեցի:

8. Մի՛ ամաչեսցեն վասն իմ, ոյք համբերին քեզ, Տէր, Տէր զօրութեանց. մի՛ պատկառեսցեն վասն իմ, ոյք խնդրեն զքեզ, Աստուած Իսրայէլի:

Թող իմ պատճառով չամաչեն քեզ սպասողները, Տե՛ր, զորությունների՛ Տեր. թող իմ պատճառով չամաչեն քեզ փնտրողները, Աստվա՛ծ Իսրայելի:

Ովքեր ցանկանում են գալ դեպի քեզ՝ սպասելով իրենց ընթացքին: Օտարները թող չտկարանան քո ժողովրդին գերության մեջ տեսնելով, և ամոթով ետ դառնան:

9. Վասն քո համբերի նախատանաց, և ծածկեաց ամօթ զերեսս իմ:

Քեզ համար նախատինք հանդուրժեցի, և ամոթը ծածկեց երեսն իմ:

Չէի պատասխանում, երբ հարցնում էին, թե ո՞ւր է քո Աստվածը, քեզ էի թողնում հատուցելը: Ամոթը ծածկեց. քանզի իրավացի էին:

10. Օտար եղէ ես յեղբարց իմոց, և հիւր որդւոց մօր իմոյ:

Եղբայրներիս համար ես օտար եղա, և մորս որդիների համար՝ հյուր:

Չէի համարձակվում ծանոթություն ցույց տալ, և ոչ էլ նրանք՝ ինձ, այլ օտարի պես էին ընդունում ինձ Երուսաղեմի՝ մորս բնակիչները:

11. Նախանձ տան քո եկեր զիս. նախատինք նախատչաց քոց անկան ի վերայ իմ:

Քո տան նախանձախնդրությունն ինձ կերավ, և նախատողներիդ նախատինքն ընկավ ինձ վրա:

Տաճարի ավերումը ցավ է ինձ համար, և մաշում են ինձ կսկծալի խորհուրդները: Նախատողներդ ինձ ցավ են պատճառում, որը առաքյալները նաև հիշեցին, երբ Տերը տաճարից դուրս հանեց արջառներին (տե՛ս Հովհ. 2:17), դա մեր ապականված բնության խորհուրդն ուներ, և որն էլ մաքրեց Քրիստոսն իր մարդեղությամբ՝ Հոր նախատիքն իրենը համարելով:

12. Խոնարհեցուցի պահօք զանձն իմ, և եղեն ինձ այս նախատինք. արարի զհանդերձս իմ քուրձ, և եղէ առակ նոցա:

Ծոմապահությամբ խոնարհեցրի ինձ, և դա ինձ համար նախատինք եղավ: Քուրձն ինձ հագուստ դարձրի, և նրանց համար ծաղրուծանակի առարկա եղա:

Իմ սուգը, պահքով և քուրձով աղոթքները ծաղր ու ծանակի առարկա էին դարձնում: Ծաղրուծանակի առարկա եղա. իրենց խաղերում իմ կերպարանքն էին ընդունում:

13. Զինէն խորհէին, ոյք նստէին առ դրունս, զիս այպն առնէին, ոյք ըմպէին գինի:

Ինձ չարախոսում էին դռանը նստողները, գինի խմողները ծաղրում էին ինձ:

Բաբելոնի դռան մոտ նստողները և գինի խմողները:

14. Ես յաղօթս կայի առ քեզ, Տէր, ի ժամանակ ընդունելի:

Ընդունելի ժամին ես աղոթում էի քեզ, Տե՛ր:

Ոչ թե ժամանակների մեջ խտրություն է դնում՝ ընդունելի ժամ ասելով, այլ՝ վշտերի սաստիկ հեծեծանքի պահին: Նաև մեղքերից հեռանալու շնորհիվ աղոթքներն ընդունելի են դառնում: Դարձյալ՝ յոթանասուն տարիների ավարտի ժամանակ:

15. Աստուած, ի բազում ողորմութեան քում լո՛ւր ինձ, ի ճշմարտութեան փրկութեան քո:

Լսի՛ր ինձ, Աստված, քո առատ ողորմությամբ, քո փրկության ճշմարտությամբ:

Այսպիսին էին աղոթքի խոսքերը, որ ճշմարիտ լինի խոստումը, թե՝ յոթանասուն տարի հետո ետ կդառնաս:

16. Ապրեցո՛ զիս ի կաւոյ՝ զի մի ընկլայց. ապրեցայց ես յատելեաց իմոց, և ի խորոց ջուրց բազմաց:

Ազատի՛ր ինձ ցեխից, որ չխրվեմ և փրկվեմ իմ ատելիներից ու խոր ջրերից:

Դյուրասահ և սայթաքուն մեղքերից: Նաև բաբելոնացիները թո՛ղ չգցեն ինձ ցեխի մեջ, այսինքն՝ իրենց գործերի և սպասավորության:

17. Մի՛ ընկլցեն զիս պտոյտք ջուրց. և մի՛ ընկղմեսցեն զիս անդունդք խորոց. ջրհոր մի՛ կափուսցե զբերան իւր ի վերա իմ:

Ջրերի հորձանքները թող չկլանեն ինձ, և անդունդներն ինձ թող չընկղմեն, ոչ էլ ջրհորն ինձ վրա բերանն իր փակի:

Հորձանքներով իշխաններն են սպառնում, ինչպես նաև աստղագետները, երազահանները և գուշակները, որոնք ամեն կողմից ցանկանում են կործանել, ինչն էլ հորձանք է կոչում, իսկ ջրհոր՝ կռապաշտությունը, քանզի դա անդառնալի կորուստ է:

18. Լո՛ւր ինձ, Տէր, զի քաղցր է ողորմութիւն քո. ըստ բազում գթութեան քո հայեա՛ յիս, և մի դարձուցաներ զերեսս քո ի ծառայէ քումմէ, զի նեղեալ եմ ես, վաղվաղակի լո՛ւր ինձ:

Լսի՛ր ինձ, Տե՛ր, քանզի քաղցր է ողորմությունը քո, նայի՛ր ինձ քո բազում գթությամբ: Եվ մի՛ շրջիր երեսդ քո ծառայից, փութով լսի՛ր ինձ, քանզի նեղության մեջ եմ ես:

Քանզի քաղցր ես քո ողորմությամբ, թեև ահարկու է քո ճշմարտությունը: Քո բազում գթությամբ, որ հայրական է:

19. Հայեա՛ զանձն իմ, և փրկեա՛ զիս. և վասն թշնամեաց իմոց ապրեցո՛ զիս:

Հայացքդ դարձրո՛ւ ինձ վրա ու փրկի՛ր ինձ, և իմ թշնամիներից ինձ պաշտպանի՛ր:

Քանի որ քո հայացքը կարող է ինձ կենդանություն պարգևել:

20. Զի դու գիտես զնախատինս իմ, զամօթ իմ, և զպատկառանս իմ:

Դու գիտես իմ կրած նախատինքն ու ամոթը և խայտառակությունն իմ:

Ինձանից իմանալու կարիք չունես, երբ մեղանչեմ, ու ամոթը, երբ մեղքերս հիշեմ, և խայտառակությունը, երբ ցանկանում են ինձ մեղքի մեջ գցել:

21. Առաջի քո են ամենայն նեղիչք անձին իմոյ. նախատանաց համբեր սիրտ իմ, և թշուառութեան:

Քո առջև են բոլոր ինձ նեղողները: Սիրտս համբերեց նախատինքների և թշվառության:

Երբ Եգիպտոսում էինք գտնվում, նախատինքների համբերեց սիրտս՝ խոսքի միջոցով, և թշվառության՝ մարմնավոր չարչարանքներով:

22. Ակն ունէի՝ թէ ո՛ տրտմեսցի ընդ իս, և ո՛չ ոք էր. և մխիթարիչ ինձ ոք ո՛չ գտաւ:

Սպասում էի, թե ո՞վ ինձ արդյոք պիտի վշտակցեր, բայց ոչ ոք չկար, և ինձ համար մխիթարիչ չգտնվեց:

Եդոմացիներից, մովաբացիներից կամ ամոնացիներից, որոնք իմ ազգից էին և գերության մեջ էին, սակայն նրանց կուռքերին պաշտելով ազատություն էին ստանում: Նաև Ադամը ոչ մի օգնական չգտավ, բացի նրանից, ում ստեղծեց իր համար:

23. Ետուն ի կերակուր ինձ լեղի. և ի ծարաւ իմ արբուցին ինձ քացախ:

Կերակրի տեղ ինձ լեղի տվին, և ծարավելիս քացախ խմեցրին:

Լեղին ու քացախը նախատինքի կերակուր և ըմպելիք էր համարվում: Նաև Տիրոջը խաչի վրա, երբ ծարավեց, լեղիով թանձրացրած քացախ տվեցին, մինչդեռ [լեղին] ծամելու էր, և քանի որ բաղարջակերաց օրեր էին, բաղարջով եղեգ կերավ Տերը, ըստ գրվածքի, և տվեցին ուտելու նաև չգրված բաներ:

24. Եղիցին սեղանք նոցա առաջի նոցա յորոգայթ, ի հատուցումն և ի գայթագղութիւն:

Թող նրանց սեղաններն իրենց առջև դառնան որոգայթ, պատիժ ու գայթակղություն:

Նույն տոնին երեսունյոթ տարի հետո պատժեց նրանց իրենց զատկի սեղանին: Գայթակղվեցին անսասան վեմի վրա հաստատվածները:

25. Խաւարեսցին աչք նոցա, զի մի՛ տեսցեն, և զթիկունս նոցա հանապազ կորացո՛:

Թող նրանց աչքերը խավարեն, որպեսզի չտեսնեն, և նրանց թիկունքը միշտ ծռա՛ծ պահիր:

Խավարեցին, որպեսզի չնայեն Տիրոջ մերկությանը: Եվ նրանց թիկունքը միշտ ծռա՛ծ պահիր, որպեսզի այլևս չկարողանան ուղիղ քայլել՝ բեռի և ամոթի պատճառով, փոխանակ նրա, որ խփեցին Տիրոջ թիկունքին:

26. Արկցես ի վերայ նոցա զբարկութիւն քո, սրտմտութիւն բարկութեան քոյ հասցէ ի վերայ նոցա:

Նրանց վրա թափի՛ր քո զայրույթը, և քո բարկության սաստկությունը թող հարվածի նրանց:

Քանզի հայտնվել է Աստծու բարկությունը:

27. Եղիցին բնակութիւնք նոցա աւերակ. և ի յարկս նոցա մի՛ ոք իցէ, որ բնակիցէ:

Նրանց բնակավայրերը թող ավերակ դառնան, և նրանց հարկերի տակ ոչ ոք չապրի:

Նրանց գավառները, որ գերության մեջ ունեին, և հարկերը՝ իրենց տանջանքների վայրը թող լինեն և միայն այդ ունենան:

28. Զի զոր դու հարեր, հալածեցին. և ի վէրս ցաւոց իմոց յաւելին:

Քանզի ում որ դու հարվածեցիր՝ նրանք հալածեցին, և իմ վերքերին ցավեր ավելացրին:

Քանզի ում որ դու հարվածեցիր, բարկությամբ հալածեցին, և իմ վերքերին ցավեր ավելացրին, ինչքան որ մեղանչեցի, ավելի տանջեցին, քան քո կամքով՝ բաբելոնացիները: Ադամի հարվածները ևս դևերը բազմացրին: Եվ Տիրոջն էլ, որ Հայրն ուղարկեց, տանջեցին մարգարեների ասածից առավել, չափազանց շատ նախատեցին, քան գրված էր, քանզի Դավթի մոտ գրված էր, թե եղեգ տվեցին ուտելու, սակայն նրանք լեղի տվեցին: Հիրավի, խավարեցին նրանց աչքերը, կոտորեցին մարգարեներին, և Տիրոջ բարկությունն իջավ [նրանց վրա] հռոմեացիների սրի տեսքով, և իրենց տաճարում նրանք այլևս չբնակվեցին:

29. Դի՛ր զմեղս ի վերայ մեղաց նոցա, զի մի՛ մտցեն յարդարութիւն քո:

Նրանց մեղքերին մեղքեր գումարի՛ր, որպեսզի մուտք չունենան քո արդարության մեջ:

Քանզի նույնիսկ խաչելությունից ու հարությունից հետո զրպարտեցին: Թող մուտք չունենան ապաշխարության և քավության մեջ, ովքեր իրենց կամքով չզղջացին:

30. Ջնջեսցին նոքա ի դպրութենէ քումմէ կենաց. և ընդ արդարս քո մի՛ գրեսցին:

Թող նրանք ջնջվեն կյանքի քո մատյանից, և քո արդարների շարքում չարձանագրվեն:

Կյանքի մատյանում է արդարների հիշատակը, որտեղ էլ Աստծու անմոռաց գութն է, ուր Աբրահամի շնորհիվ գրվեցին, սակայն նրա որդիները խաչելության պատճառով ջնջվեցին [այնտեղից]:

31. Աղքատ և ցաւած եմ ես, փրկութիւն քո, Աստուած, ընկալցի զիս:

Աղքատ ու վշտացած եմ ես. թող քո փրկությունն, Աստված, ինձ բռնած պահի:

Աղքատ ասելով նկատի ունի Ադամին և գերուն, ինչպես նաև խոնարհների հոգիները, ընդունի՛ր ինձ քո արքայությունում, որտեղ ցավ չկա:

32. Օրհնեցից զանուն Աստուծոյ իմոյ օրհնութեամբ, և բարձր արարից զնա գովութեամբ:

Օրհնությամբ պիտի օրհնեմ անունն իմ Աստծու, և գովաբանությամբ պիտի մեծարեմ նրան:

Նոր կտակարանով հինը նորոգելով: Անունն իմ Աստծու՝ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն օրհնելով: Եվ պիտի մեծարեմ նրան, երբ ես հեզությամբ խոնարհվեմ:

33. Հաճոյ եղիցի Աստուծոյ քան զորթ մատաղ, որ բերէ եղջիւրս և կճղակս:

Դա հաճելի կլինի Աստծուն՝ մատաղացու հորթից ավելի, որ եղջյուրներ ու կճղակներ ունի:

Հաճելի կլինի Աստծուն այս բանական պատարագն առավել, քան հորթը, որ Աբրահամն ու Մովսեսը մատուցեցին՝ դեն նետելով եղջյուրներն ու կճղակները:

34. Տեսցեն աղքատք և ուրախ եղիցին. խնդրեցէ՛ք զԱստուած, և կեցցեն անձինք ձեր:

Աղքատները կտեսնեն ու կուրախանան, փնտրեցե՛ք Աստծուն, և ձեր հոգիները կփրկվեն:

Ովքեր չունեն անասուն և ընտիր ալյուր, ապա գիտեն, որ բանական նվերն առավել մեծ է Տիրոջ համար: Փնտրեցե՛ք Աստծուն սրտով և խոսքով, և կփրկվեք, ասում է, դուք:

35. Զի լուաւ Տէր տնանկաց. և զկապեալս իւր ո՛չ արհամարհեաց:

Քանզի Տերը լսեց տնանկներին, և իր գերյալներին չարհամարհեց:

Բաբելոնից լսեց, քանզի յոթանասուն տարի գերյալի պես էր և գերյալ Եքոնիային չարհամարհեց, այլ ետ վերադարձրեց նրանց: Եվ մեր աղքատ բնությանը, որ կապված էր աղքատությունից ինչպես երկաթով: Դարձյալ՝ աղքատ և տնանկ հեթանոսներին և մեղավորներին է կոչում, իսկ գերյալ՝ դժոխքում գտնվող հոգիներին, որոնց չարհամարհեց և անպիտան չհամարեց:

36. Օրհնեսցեն զնա երկինք և երկիր, ծով և ամենայն որ զեռայ ի նոսա:

Թող նրան օրհնեն երկինքն ու երկիրը և ծովն ու նրանցում բոլոր վխտացողները:

Մարդու փրկության համար միաբանվելով ցնծում և օրհնում են Աստծուն, քանզի մարդն արարածների գլխավորն է:

37. Աստուած փրկէ զՍիովն, և շինեսցին քաղաք Հրէաստանի. շինեսցեն բնակեսցեն և ժառանգեսցեն ի նմա:

Աստված կփրկի Սիոնը, և Հրեաստանի քաղաքները կծաղկեն: Մարդիկ կկառուցեն, կբնակեցնեն ու կժառանգեն այն:

Սիոնը Երուսաղեմն է: Եվ քաղաքները կծաղկեն, երբ ետ վերադառնան, և կժառանգեն, նաև նկատի ունի եկեղեցին՝ հալածանքներից հետո:

38. Զաւակ ծառայից քոց հաստատեսցի անդ. և ոյք սիրեն զանուն քո, բնակեսցեն ի նմա:

Քո ծառաների սերունդները կհաստատվեն այնտեղ, և քո անունը սիրողները կբնակվեն նրա մեջ:

Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերունդները, ըստ մարմնի՝ Երուսաղեմի որդիները, և ըստ հոգու՝ այստեղ՝ եկեղեցին, որ սիրում են քո անունը:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

08.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․