Գրքեր

Սաղմոս ԼԲ

Սաղմոս Դավթի. այս սաղմոսն ասվել է Եզեկիայի փրկության համար, որին ուրախակցելով հրամայում է զոհաբերություններով և քնարով գոհություն մատուցել Տիրոջը: Նաև Սուրբ Երրորդության խոստովանություն է, հավատքի պատգամ, ինչպես նաև հեթանոսների կոչում:

1. Ցնծացէք, արդարք, ի Տէր, ուղղոց վայելէ օրհնութիւն. խոստովան եղէրուք Տեառն օրհնութեամբ. տասնաղեաւ սաղմոսարանաւ սաղմոս ասացէք նմա:

Ցնծացե՛ք, արդարնե՛ր, Տիրոջով. արդարներին է վայել օրհնությունը: Գոհությո՛ւն հայտնեցեք Տիրոջը օրհներգությամբ, տասլարանի նվագարանով սաղմո՛ս երգեցեք նրան:

Ցնծացեք, Ակյուղասն «Օրհնեցեք» է ասում, Սիմաքոսը՝ «Երգեք և պատմեք»: Արդարներին է վայել օրհնությունը, այլ ոչ թե մեղավորներին. այնտեղ, որտեղ ավազանի միջոցով ձրի թողություն կա և զղջում, մեղավոր չի կարող լինել: Տիրոջն օրհներգելը նրան մեծ, անմահ, անեղ, բարի դավանելն է և արդարներին է վայել օրհնությունը, այստեղ առանց խղճմտանքի, այնտեղ՝ պսակի արժանանալով, քանզի նա միայն կարող է պահել կամեցողներին և պսակել վաստակածներին: Տասլարանի. այնտեղ այսպես էին երգում կարծես քնարին հպվելով տաս մատներով և ձայներ արձակելով: Նաև մարդն է տասլարանի քնար՝ հոգու և մարմնի զգայարաններով:

2. Օրհնեցէ՛ք զՏէր յօրհնութիւն նոր, զի բարի է. սաղմոս ասացէք նմա օրհնութեամբ:

Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի հաճելի է այն: Սաղմո՛ս երգեցեք նրան օրհնությամբ:

Նոր օրհնություն մատուցեք Աստծուն նոր շնորհներ ստացածներ՝ այնտեղ ասորիներից փրկվելով, այստեղ՝ դևերից և նոր եկեղեցի հաստատելով: Հաճելի է սաղմոսերգությունը, այլ ոչ թե սատանայական երգեր երգելը:

3. Ուղիղ են պատգամք Տեառն. և ամենայն գործք նորա հաւատովք են. և սիրէ զողորմութիւն և զիրաւունս Տէր:

Ճշմարիտ են Տիրոջ պատգամները, և հուսալի՝ նրա բոլոր գործերը: Տերը ողորմություն և իրավունք է սիրում:

Ճշմարիտ են, որ Որդուն ուղարկեց, ինչպես նաև առաքյալներին ու մարգարեներին և նրա բոլոր գործերը հուսալի են, քանզի հավատքի միջոցով ենք իմանում հավիտենականության մասին, նաև հավատքի միջոցով է գործում Աստված՝ մարդկանց վարձատրելով ոչ միայն նրանց առաքինությունների համար, այլև՝ հավատքի: Ողորմություն և իրավունք է սիրում, քանզի եթե իրավունքով չկարողանանք ապրել, ապա ողորմությանը դիմենք, որովհետև սատանան անդադար հակառակվում է, իսկ մարդն էլ պարտավոր է անդադար պատերազմ մղել նրա դեմ:

4. Ողորմութեամբ Տեառն լի եղեւ երկիր, և բանիւ Տեառն երկինք հաստատեցան. և հոգւով բերանոյ նորա ամենայն զօրութիւնք նոցա:

Տիրոջ ողորմությամբ է լցված երկիրը: Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և իր բերանի շնչով՝ նրա բոլոր զորությունները:

Քանզի ողորմությամբ ստեղծեց, ինչպես որ ասում է. «Աշխարհս ողորմությամբ պիտի շինվի» (Սաղմ. 88), և թեև երկայնամիտ է, բայց կործանեց ասորիներին՝ ողորմություն անելով Եզեկիային և այդ լուրի համբավից ամբողջ աշխարհը հասկացավ, [որ ողորմած է նա]: Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը. ասաց և եղավ, և այնտեղ ողորմություն չասաց, քանզի այնտեղ չկա ո՛չ մարմին և ո՛չ էլ սատանա: Եվ իր բերանի շնչով. անմարմին բանականները զորավոր եղան: Տիրոջ ողորմությամբ է լցված երկիրը. Հոր միջոցով երկիրը լցվեց ողորմությամբ, մարդասիրությամբ, քանզի մոտ է անառակին ողորմելու պահը: Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը. Միածնի խոսքով, ասում է, հաստատվեց երկինքը, քանզի խոսքով հալածեց ապստամբին՝ երկնքից երկիր գցելով նրան իր իշխանության հետ միասին և մյուսներն էլ հաստատում էին, որ նրանից երկյուղում էին: Եվ իր բերանի շնչով, քանզի հարկ եղավ նույն իր բերանի շնչով, որով որ ստեղծեց, գալ և խնամել ողորմելիիս: Ինչպես նաև այդ հպարտին տապալելով Տերը ողորմեց երկրին և երկնավորները հաստատորեն ճանաչեցին Աստծուն և չեն համարձակվի հայհոյել, նաև Հոգով լցված մարգարեները սովորեցին, թե զորավոր են երկնայինները՝ Սուրբ Հոգու շնորհով ստեղծված, որ լցվեցին Հոր ավետիսով, Բանի խոստմամբ, իսկ առաքյալները զորացան Հոգով: Եվ քանի որ երեք բնությունը, աստվածությունը և կամքը մեկ է, ապա մարգարեներից մեկն ասում է. «Տերն ինձ ուղարկեց, Տերը և նրա Հոգին» (Ես. 48:16), նույն կերպ բոլորին նախախնամում է նույն արարչագործը:

5. Ժողովեաց որպէս ի տիկս զջուրս ծովու. և դնէ ի խորս զգանձս իւր:

Ինչպես մի տիկի մեջ՝ հավաքեց ծովի ջրերը և իր գանձը դրեց անդունդների հատակը:

Վերինը վերում ամփոփելով և ներքևինն ամեն կողմից ամուր կապելով: Եվ իր գանձը դրեց անդունդների հատակը. ոսկի, թանկարժեք քարեր և մարգարիտներ: Դարձյալ՝ ջրերը հավաքեց ծովերում, գետերում և աղբյուրներում, և այդ ջրերը, ինչպես մի տիկի մեջ, հավաքում է նաև օդում, և երկրի անդունդներում է դնում, որպեսզի զորություն տա բույսերին, ցորենին և պտուղներին, ինչպես նաև որպես բժշկարար միջոց պահելով, քանզի Տիրոջ հրամանով ամպերից թափվում է մարդկանց և բոլոր կենդանիների կարիքների համար: Դարձյալ՝ ասորիները ջրի մասին որպես առակ ասում են, թե Երուսաղեմից հավաքելով ինչպես մի տիկի մեջ, հոգիները պահվեցին հրեշտակի մոտ, իսկ մարմինները հող դարձան, և գանձերն էլ պահվեցին թագավորի շտեմարաններում: Դարձյալ՝ ծովը Աստծո խորհուրդն ու իմաստությունն է, տիկը՝ մարգարեներն, առաքյալներն ու վարդապետներն են, ըստ այդմ էլ նոր գինին նոր տիկերում է պետք լցնել, այլ ոչ թե հին: Անդունդները՝ երկու կտակարաններն են, իսկ գանձերը՝ ծածկված հանճարն ու միտքն են, որ խորքերում են, և ինչպես ծովը տիկերի մեջ է առնված, այդպես էլ աստվածային խորիմաստությունն է, որ իրենց մեջ են պահում:

6. Երկիցէ ի Տեառնէ ամենայն երկիր. և ի նմանէ դողասցեն ամենայն բնակիչք աշխարհի:

Թող երկյուղ կրի Տիրոջից ողջ երկիրը, և նրանից թող դողան բոլոր բնակիչներն աշխարհի:

Քանզի նա, ով ստեղծեց նրանց ոչնչից, կարող է վերացնել նրանց, եթե բանական էակներն ահով ու երկյուղով չպահեն իրենց տրված սահմանները: Թող երկյուղ կրի Տիրոջից՝ նկատի ունի ասորիների կործանումը և հեթանոսների հավատքի գալը: Եվ նրանից թող դողան. Սիմաքոսը դողալու փոխարեն ասում է «Թող բարեպաշտ լինեն», իսկ Ակյուղասը՝ «Թող հնազանդվեն», քանզի բարու՝ Քրիստոսի մոտ եկան և պաշտեցին ու հնազանդվեցին նրան:

7. Զի նա ասաց՝ և եղեն, ինքն հրամայեաց՝ և հաստատեցան:

Քանզի նա ասաց՝ և ստեղծվեցին, նա հրամայեց՝ և հաստատվեցին:

Հայտնի է, որ արարածներին ասաց և ստեղծվեցին, նաև առաքյալներին ասաց, թե. «Աշակերտ դարձրե՛ք բոլոր հեթանոսներին» (Մատթ. 28:19): Նորից, թե. ձեզանից մեկը հազար հոգու կհալածի, իսկ երկուսը՝ հազարավորների կշարժի՝ Եզեկիայի և Եսայու աղոթքի միջոցով կործանելով:

8. Տէր ցրուէ զխորհուրդս հեթանոսաց, անարգէ Տէր զխորհուրդս ժողովրդոց. և արհամարհէ Տէր զխորհուրդս իշխանաց:

Տերը խափանում է հեթանոսների մտադրությունները, Տերն անարգում է ժողովուրդների դիտավորությունները, Տերն արհամարհում է իշխանների խորհուրդները:

Սենեքերիմին, ինչպես նաև բոլոր հեթանոսներին իրենց պաշտամունքներով հանդերձ, քանզի սուրբ առաքյալների քարոզչության միջոցով արհամարհում և անարգում է նրանց: Դարձյալ՝ Տերը խափանես Հերովդեսի և Պիղատոսի  մտադրությունները, անարգեց քահանայապետերի իշխանությունը և արհամարհեց անկարգ ամբոխին, որ Տիրոջ վրա էին հարձակվել: Երեք անգամ Տեր է ասում, ինչը Հոր, Որդու և Սուրբ Հոգու խորհուրդն ունի:

9. Խորհուրդ Տեառն յաւիտեան մնայ, խորհուրդ սրտի նորա ազգէ մինչև յազգ:

Տիրոջ խորհուրդը հավիտյան կմնա և նրա սրտի խորհուրդը՝ սերնդից սերունդ:

Որովհետև Տիրոջ խորհուրդը մեր խորհուրդների պես չէ, այլ հավիտյանս անփոփոխ է. խորհուրդ, որ ծածկված էր և հայտնի դարձավ և ազգից ազգ փոխանցվեց:

10. Երանի՛ ազգի, որոյ Տեր Աստուած օգնական է նմա. ժողովուրդ, զոր ընտրեաց ի ժառանգութիւն իւր:

Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է, երանի այն ժողովրդին, որին իր համար նա ժառանգություն ընտրեց:

Նկատի ունի քրիստոնյաներին, որ ասաց, թե ուրիշ ազգ է գալու և որ այս ազգն է, որ Տիրոջն է փնտրում: Այն ժողովրդին, որ ընտրեց նախքան աշխարհի լինելը, այնուհետև ասաց, թե իմ ժառանգը հաճելի եղավ ինձ:

11. Յերկնից նայեցաւ Տէր յամենայն որդիս մարդկան. ի պատրաստ բնակութենէ իւրմէ հայեցաւ յամենայն բնակիչս աշխարհի:

Տերը երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին: Իր պատրաստած բնակատեղից դիտեց աշխարհի բոլոր բնակիչներին:

Երկնքից նայեց և տեսավ, որ բոլորը խոտորվեցին և նոր ճանապարհ բացեց մարգարեների խոսքի միջոցով: Դարձյալ՝ գթությամբ նայեց, որովհետև ամեն ինչ ինքն էր ստեղծել և որ իր պատրաստած բնակատեղին է նաև երկիրը, գիտությամբ և անմեղությամբ, ինչպես որ երկինքն է և ինքը եկավ նրանց մոտ:

12. Ո ստեղծ առանձին զսիրտս նոցա, ի միտ առնու զամենայն գործս նոցա:

Նա, որ ստեղծել է նրանցից յուրաքանչյուրի սիրտը, հաշվի է առնում նրանց բոլոր գործերը:

Մի սիրտ է ասում, այլ ոչ թե բազում սրտեր, որովհետև նա կարող է յուրաքանչյուրի սիրտն առանձին ստեղծել և քննել: Եվ սա, ըստ Սողոմոնի, մեծ հրաշք է, թե ինչպես մարդկանց դեմքերն իրար նման չեն և ոչ էլ սրտերն են իրար նման: Քանզի ո՞վ կարող է իմանալ մեր հոգիները, որովհետև յուրաքանչյուրինը տարբեր է, որն իբրև մարմնի մաս, սիրտ է կոչում և Աստծուն են միայն հայտնի, սակայն ազատ կամքի շնորհիվ, եթե ցանկանան, կարող են և պատճաշ է, որ միանման լինել:

13. Ո՛չ թէ ի բազում զօրս իւր ապրեսցի թագաւոր, և ո՛չ սկայ ի բազում զօրութեան իւրում:

Թագավորն իր զորքի բազմությամբ չի փրկվի, և ոչ էլ հսկան՝ իր մեծ ուժով:

Ինչպես որ չփրկվեցին ո՛չ Սենեքերիմը, ո՛չ Ռափսակը և ո՛չ էլ մյուս թագավորներն իրենց ամբողջ զորքերով և չեն կարող փրկվել նաև Տիրոջ դատաստանից ո՛չ այստեղ և ո՛չ էլ դատաստանի մեծ օրը. իրենց հսկայական ուժերով չեն կարող ազատվել, ինչպես որ չազատվեցին առաջինները:

14. Սուտ է ձի ի փրկութեան իւրում. ի բազում զօրութեան իւրում ոչ ապրեցուցանէ զհեծեալն:

Ձին անօգուտ է փրկության համար, իր մեծ ուժով հանդերձ չի փրկի հեծյալին:

Ինչպես[չփրկեց] փարավոնին:

15. Աչք Տեառն ի վերայ երկիւղածաց իւրոց. և ոյք յուսան յողորմութիւն նորա:

Տիրոջ աչքն իր երկյուղածների  և իր ողորմությանը հուսացողների վրա է:

Երկյուղը և հույսը միայն կարող են փրկել:

16. Փրկել ի մահուանէ զանձինս նոցա. կերակրել զնոսա ի սովի:

Մահից փրկելու նրանց անձը և սովի ժամանակ կերակրելու համար նրանց:

Փրկելու ժամանակավոր և հավիտենական մահվանից: Այստեղ հոգում է կարիքները՝ բացելով ձեռքը և երբ այս սեղանները սպառվեն, Հոր սեղանից է կերակրելու:

17. Անձինք մեր համբերեսցեն Տեառն, զի օգնական և պաշտպան մեր է:

Մեր հոգիներն սպասում են Տիրոջը, քանզի նա մեր օգնականն է ու պաշտպանը:

Եթե նույնիսկ թույլ տա փորձությունների մեջ ընկնել, միևնույն է, նա մեր օգնականն է ինչպես որ նահատակներինն էր:

18. Ի նա ուրախ եղիցին սիրտք մեր, և յանուն սուրբ նորա յուսասցուք:

Նրանով թող ուրախանան մեր սրտերը, և մենք նրա սուրբ անվան վրա հույս դնենք:

Նույնիսկ եթե մարմնով տառապենք:

19. Եղիցի ողորմութիւն քո, Տէր, ի վերայ մեր. որպէս յուսացաք ի քեզ:

Թող ողորմությունդ, Տե՛ր, լինի մեզ վրա, ինչպես որ մեր հույսը դրինք քեզ վրա:

Ինչպես Եզեկիան էր և մեր բնությունը, նաև առաջին արդարները, հույսի չափից է կախված Տիրոջ ողորմությունը, թե որքան է հույսը դնում Տիրոջ վրա և ինչպեսը հենց այդ հույսի օրինակն է՝ հոգևոր կամ մարմնավոր:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

23.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․