Գրքեր

Սաղմոս Ծ

Ի կատարած Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ նրա մոտ եկավ Նաթան մարգարեն, երբ ինքը մերձեցել էր Բերսաբեին:

Վերնագիրը ցույց է տալիս սաղմոսի բնույթն ու պատճառը, քանզի սա վերքերի դեղ է նման ձևով բոլոր մեղանչողների և զղջացողների համար: Սաղմոսի վերջին մասը նաև Բաբելոնի գերության խորհուրդն ունի՝ հիշելով Երուսաղեմը, որին փափագում էին, դրա համար էլ ասում է.

1. Ողորմեա՛ ինձ Աստուած ըստ մեծի ողորմութեան քում, ըստ բազում գթութեան քում քաւեա՛ զանօրինութիւնս իմ:

Ողորմի՛ր ինձ, Աստված, ըստ քո մեծ ողորմության, ըստ քո բազում գթության քավի՛ր անօրինություններն իմ:

Թեև մեծ են իմ հանցանքները, ասում է, սակայն չեն կարող հավասարվել քո մեծ ողորմության հետ: Ըստ քո բազում գթության, այսինքն՝ իմ մեղքերի բազմությունը չի կարող հասնել քո բազում գթությանը: Ողորմություն ցուցաբերիր հանցավոր ծառայիդ և գութ՝ անառակ որդուդ:

2. Առաւել լուա՛ զիս յանօրէնութենէ իմմէ, և ի մեղաց իմոց սուրբ արա զիս:

Առավել ևս լվա՛ ինձ իմ անօրենություններից և իմ մեղքերից մաքրի՛ր ինձ:

Ուրիայի սպանությունը, որ այնքան մեծ էր, որովհետև երկնքից մինչև Սինա գոչում էր. «Մի՛ սպանիր» (Ելից 20:13): Եվ իմ մեղքերից, այսինքն՝ շնությունից, որ Տերն իր ձեռքով գրեց, թե. «Մի՛ շնացիր» (Ելից 20:14): Առավել լվա և սուրբ դարձրու, որպեսզի հետքը ևս մաքրվի:

3. Զանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ. և մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ:

Իմ անօրինություններն ես ինքս գիտեմ և իմ մեղքերը միշտ առջևս են:

Թեև Նաթանն ասաց, թե Տերը ներեց քո մեղքը, այլ գիտեմ իմ մեղքի մեծությունը և անօրինություններս միշտ իմ առջև են:

4. Քեզ միայն մեղայ, Տէր, և չար առաջի քո արարի:

Քո դեմ միայն մեղանչեցի, Տեր, և չարիք գործեցի քո առջև:

Թեև ուրիշները վնասվեցին, սակայն քո դեմ մեղանչեցի, որովհետև [նրանք] քոնն են և եթե նույնիսկ նրանք չիմանան էլ, միևնույն է, քեզանից հնարավոր չէ թաքցնել:

5. Որպէս արդար եղիցես ի բան քո և յաղթող ի դատել քեզ:

Այնպես որ արդար կլինես քո խոսքերում, և հաղթող՝ քո դատաստանի մեջ:

Եթե հանդիմանես, կհաղթես և արդարացի պատժելով նույնպես հաղթող կլինես:

6. Անօրէնութեամբ յղացաւ, և ի մեղս ծնաւ զիս մայր իմ:

Անօրենությամբ հղացավ և մեղքի մեջ ծնեց ինձ մայրն իմ:

Նախքան ծնվելը ժառանգեց Եվայից մեղքը և մեղքով հղացավ, և հնուց է գալիս այս ցավը: Նաև ես ինքս ինձ համար անօրենության մայր եղա. իմ մեջ ցանկություն հղացնելով: Եվ մեղքով ծնեց ինձ որպես մեղսագործ զավակ:

7. Դու, Տէ՛ր, զճշմարտութիւն սիրեցեր, զանյայտս և զծածկեալս իմաստութեամբ քով յայտնեցեր ինձ:

Դու, Տե՛ր, ճշմարտությունը սիրեցիր և քո իմաստությամբ անհայտն ու ծածուկն ինձ հայտնեցիր:

Որպեսզի ազնիվ լինեի: Անհայտը, որ ծածուկ մեղանչեցի, Նաթանի միջոցով հայտնեցիր ինձ: Նորից՝ մարգարեական կանխասացությունն իմաստությամբ հայտնեցիր ինձ:

8. Ցօղեա՛ յիս մշտկաւ, և սուրբ եղէց, լուա՛, և քան զձիւն սպիտակ եղէց:

Ցողիր ինձ մշտիկով՝ և ես կմաքրվեմ, լվա՛՝ ու ձյունից ճերմակ կլինեմ:

Դավիթը գիտեր, որ ըստ օրենքի իր մեղքը մշտիկով ցողվելով չի մաքրվի, այլ՝ մկրտության շնորհին է ապավինում, քանզի նա է մշտիկով մաքրողը, հավիտենական Հոգին մաքրում է այն, ինչ վեր է բնությունից: Եվ չի ասում ձյան պես սպիտակ, այլ՝ ձյունից էլ սպիտակ, որպեսզի ոչ միայն ժանգը մաքրի, այլև՝ սուրբ դարձնի:

9. Լսելի՛ արա ինձ ցնծութիւն և զուրախութիւն, և ցնծասցէն ոսկերք իմ տառապեալք:

Լսել տո՛ւր ինձ ցնծություն և ուրախություն և կցնծան ոսկորներն իմ տառապյալ:

Սուրբ Հոգու կամ այլ մարգարեի միջոցով: Եվ կցնծան ոսկորներն իմ, որ հյուծվել էին խղճմտանքի պատճառով: Նաև հարության մասին է ասում, որ ոսկորները հարության ձայնից ցնծալու են՝ հարությամբ նորոգվելով, երբ լսեն Աստծո Որդու ձայնը:

10. Դարձո՛ զերեսս քո ի մեղաց իմոց. և զամենայն անօրէնութիւնս իմ քաւեա՛ յինէն:

Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից և իմ բոլոր հանցանքները ջնջիր ինձնից:

Մի՛ թվարկիր, թե որքան ես տեսել, այլ գթությամբ նայիր ինձ, որպեսզի մաքրվեմ, որպեսզի քո աչքն իմ մեջ աղտեղություն չգտնի: Իմ բոլոր հանցանքները, քանզի իմ բոլոր զգայարաններն անօրինացան՝ թե՛ հոգով և թե՛ մարմնով:

11.  Սիրտ սուրբ հաստատեա՛ յիս, Աստուած, և հոգի ուղիղ նորոգեա՛ ի փորի իմում:

Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստված, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում:

Մաքուր սիրտ, որ շարժվի ըստ խղճմտանքի, և չի ասում, թե արդար հոգի տուր, այլ՝ նորոգի՛ր, թերևս բանական հոգուն է աղտեղացած կոչում, որովհետև Սուրբ Հոգին նորոգող է և չի կարող նորոգվել: Եվ արդար է ասում, որպեսզի այսուհետև արդար մնա և չշեղվի: Իմ որովայնում, որովհետև խորհուրդների գիտակցությունը նշան կլինի, թե մաքրվել եմ:

12. Մի՛ ընկենուր զիս, Տէր, յերեսաց քոց, և զհոգի քո սուրբ մի՛ հաներ յինէն:

Մի՛ գցիր ինձ, Տե՛ր, քո երեսից և Սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից:

Այսինքն՝ մարգարեության հոգին, քանզի վախենում է, որ հեռանա իրենից, և քանի դեռ չի հանել, դա է երեսը:

13. Տո՛ւր ինձ ցնծութիւն փրկութեան քոյ, և հոգւով պետութեան քոյ հաստատեա՛ զիս:

Տո՛ւր ինձ փրկության ցնծություն, և քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ:

Որովհետև տրտմության ու սգի մեջ էր: Ցնծություն կլինի, երբ ազատվի խղճմտանքից: Եվ քո տիրական Հոգով. այսինքն՝ թագավորության հոգին, որով օծվեց:

14. Ուսուցից անօրինաց զճանապարհս քո. և ամբարիշտք առ քեզ դարձցին:

Անօրեններին կսովորեցնեմ քո ճանապարհները, և ամբարիշտները դեպի քեզ կդառնան:

Իմ օրինակով վստահություն ձեռք բերելով կապրեն Իսրայելի մեղավորները, իսկ ամբարիշտները՝ կռապաշտներն ու օտարազգիներն են:

15. Փրկեա զիս յարենէ, Աստուած, Աստուած փրկութեան իմոյ, ցնծասցէ լեզու իմ յարդարութեան քում:

Փրկի՛ր ինձ արյունից, Աստվա՛ծ, իմ փրկության Աստված. լեզուս կցնծա քո արդարությամբ:

Ուրիայի արյունից, որից առավել սարսափում եմ: Լեզուս կցնծա արդարանալով և մարգարեանալով և գոհություն մատուցելով քեզ:

16. Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քո:

Տեր, եթե շրթներս բանաս, բերանն իմ կերգի օրհնությունը քո:

Համարձակություն է խնդրում նրան օրհնելու համար, որ նախքան այդ անօրենին պատվիրել էր չպատմել Տիրոջ արդարության մասին:

17. Թէ կամեցեալ էիր պատարագս մատուցանէաք, բայց դու ընդ ողջակէզս իսկ ո՛չ հաճեցար:

Թե կամենայիր՝ պատարագ կմատուցեինք, բայց ողջակեզներն իսկ քեզ հաճելի չեղան:

Այլ ասացիր, թե չեմ ընդունի և ողջակեզներ չեմ ուզում:

18. Պատարագ Աստուծոյ՝ հոգի խոնարհ, զսիրտ սուրբ և զհոգի խոնարհ Աստուած ո՛չ արհամարհէ:

Խոնարհ հոգին է պատարագն Աստծո, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում:

Ոչ այնպես, ինչպես անանիայենք մատուցեցին, այլ խնդրում է մաքրել սիրտը, քանզի մաքուր սրտով մատուցածը նա չի արհամարհում:

19. Բարի՛ արա, Տէր, կամօք քովք Սիովնի. և շինեսցին պարիսպք Երուսաղէմի:

Քո բարեհաճությամբ բարիք գործիր Սիոնին, Տեր, և Երուսաղեմի պարիսպները թող կառուցվեն:

Ահա լսեց Տերը, և ցույց տվեց նրան, որ տասնչորս սերունդ հետո կործանվելու է Երուսաղեմը, ինչպես նաև գերությունից վերադարձը: Եվ պարիսպները թող կառուցվեն, որ քարուքանդ էին եղել տաճարի և քաղաքի հետ:

20. Յայնժամ հաճեսցիս ընդ պատարագս արդարութեան, ուխտից պատարագս հանցեն ի սեղան քո զուարակս:

Այնժամ դու կհաճես արդարության պատարագները, և զվարակները, որպես ուխտի պատարագներ, կմատուցվեն քո սեղանին:

Երբ կառուցվի Երուսաղեմը և սեղանները հաստատվեն, և այն պատարագը, որ ուխտել էինք, այստեղ կմատուցենք մեր վերադարձի առթիվ: Նաև եկեղեցուն է աղոթում՝ բարեհաճ լինել և նորոգել մեր բնությունը, և առաքինությամբ պարսպել, և Երուսաղեմի միջոցով խաղաղություն գտնել և ուխտի պատարագներ մատուցել, ինչպես որ Տերն ասաց. «Սա Նոր Ուխտ է իմ արյունով» (Ղուկ. 22:20) և դու ինքդ ես զվարակը:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

30.04.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․