13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր

Սանդուղք դեպի վար

Գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին աստիճանականությունն է: Կարելի է նաև «հերթականություն» կամ «առաջընթացություն» ասել: Ինչպես սանդուղքի սկզբունքն է՝ քայլ առ քայլ վեր ես բարձրանում, իսկ սանդղավանդակները ցատկելով անցել չի հաջողվում: Այդպես էլ օրերն են միմյանց հաջորդում, և հասունությունը՝ պատանեկությանը: Եվ ըստ էության՝ կյանքում ամեն ինչ իր ժամանակն ու հերթական ժամկետներն ունի: Ամենուրեք պետք է սպասել, համբերել և քայլելով գնալ, այլ ոչ թե՝ ցատկելով:

Բետո՞ն եք լցրել՝ թող հանգստանա: Այլապես կառուցածը փուլ կգա կամ կթեքվի: Եթե հղիացել եք, ուրեմն, պետք է համբերությամբ հղիությունը տանել, թե չէ ինը հղի կին մեկ ամսում երեխա չեն բերի: Եվ այդպես ամենուր:

Հոգևոր հարցերում աստիճանականություն է պետք: Զուր չեն ասում՝ համառորեն դեպի Երկինք մագլցող պատանու տեսնես, ոտքերից ցած քաշիր: Այսինքն՝ դեռ շուտ է: Արյունն է նրա մեջ խոսում, այլ ոչ թե Հոգին՝ գործում: Ամեն ինչ իր ժամանակին: Պողոսն էլ եպիսկոպոսների մասին ասում է, որ լավ բան է, բայց ոչ նորադարձների համար: Այլապես կգոռոզանան և սատանայի հետ միասին կդատապարտվեն (տե՛ս Ա Տիմ. 3:6):

Հերթականություն կա նաև Աստծուն մերձենալու, փրկության և աստվածնմանության մեջ: Աղոթքի մեջ աճելու, ավանդության մեջ խորամուխ լինելու, կրքերն ու տկարությունները հատելու համար ժամանակ և աստիճանականություն է պահանջվում: Հակառակ պրոցեսը՝ կյանքի դիվականացումը, մարդու անբարոյականացումն ու քայքայումը ևս իր փուլերն ունի: Այն կարելի է սանդուղք դեպի ցած անվանել, որով իջնելը նույնպես աստիճանաբար է կատարվում, քայլ առ քայլ:

Չարը, որից փրկելու մասին խնդրում ենք «Հայր մեր»-ում, կուզենար ձեռքի մի շարժումով մարդկային ողջ կատակերգությունը սեղանի վրայի փշրանքների պես անդունդը թափել: Սակայն, չի կարող: Նրա գործում ևս աստիճանականությունից և հերթականությունից ոչ մի տեղ չես փախչի: Նա ստիպված է փուլ առ փուլ, երկար հարյուրամյակների ընթացքում անբարոյացնել, հիմարացնել մարդկանց, խաբեությամբ իրեն ծառայեցնել նրանց ու իր նման դարձնել:

Մի ժամանակ, դեռ վերջերս, փողոցում ծխող և չթաքնվող կնոջ կամ աղջկա տեսքը կցնցեր տեսնողներին: Այժմ այդ կենցաղային «անմեղությունը» այնքան սովորական է, որ ոչ ոք, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, չի կարողանա զարմանալ: Գործվածքից ավելի շատ անցքեր ունեցող ջինսե տաբատներով մարդուն դեռ վերջերս մի լավ կծաղրեին: Բայց ահա, շրջում են փողոցներում ցնցոտիավոր մարդիկ, ինչպես Անդերսենի հեքիաթում մերկ թագավորը, և չկա այն տղան, որ կհամարձակվի տվյալ

իրադրության անհեթեթության մասին ճշմարտությունն ասել: Բանսարկուն երկար է աշխատել նման անհեթեթության վրա: Ավելի արագ չէր կարող:

Այս օրինակները բավականին անմեղ բաներ են, եթե համեմատենք գիտակցության ընդհանուր քայքայվածության այլ օրինակների հետ: Գլխավորն այն է, որ մեզ վիճակված է ապրել այնպիսի ժամանակներում, երբ մարդկային ցեղի պլանաչափ քայքայման աշխատանքը շատ մեծ հաջողությունների է հասել: Բաբելոնյան աշտարակի կառուցումը համարյա հասել է ամպերի մեջ մխրճվող սրածայր տանիքին: Բանսարկուն արդեն չի ցանկանում թաքնվել, շշնջալ, քողարկվել: Նա ցանկանում է բացեիբաց գործել, աղմկել, իր քմահաճույքներին ծառայեցնել ողջ մարդկությանը, այլ ոչ թե առանձին մեղավորների, ինչպես նախկինում: Առանձին մեղավորներն այլևս բավարար չեն նրան: Սա, անկասկած, դարի վառ առանձնահատկությունն է:

Ահա անցյալ հազարամյակի պատմության կարճ ակնարկը աստառի կողմից:

Հազար տարի առաջ աստվածամարտության սայլը ճռռում էր ու դանդաղ գնում առաջ: Չէր կարելի միանգամից ըմբոստանալ Աստծու դեմ: Նախ պետք էր Եկեղեցու դեմ ելնել: Եթե մարդկային միտքը քթից այն կողմ չի տեսնում, ապա անկյալ ոգու հրեշտակային միտքը գիտի՝ թուլացրեցիր Եկեղեցին՝ հավատն ինքն իրեն կթուլանա ու կգոլորշիանա: Միայն թե ստիպված պիտի լինես սպասել:

Այնուհետև, երբ Եկեղեցին համատարած թուլացել է, լցվել տարօրինակ ու կասկածելի սպասավորներով, դարձել ծաղրի ու արհամարհանքի առարկա, երբ մասնավոր կարծիքներն ու հերետիկոսական երևակայությունները, աղանդներն ու պառակտումները սկսեցին այն պատառոտել, արդեն կարելի էր նաև Աստծու գոյությունը կասկածի տակ առնել: Դրա համար նույնպես հարյուրամյակներ պահանջվեցին:

Տաճարները դատարկվում էին: Համալսարաններում սովորեցնում էին, որ Աստված չկա: Արդեն հաղթանա՞կ է: Ո՛չ: Դեռևս պրոբլեմատիկ էր մարդուն բարոյապես քայքայելը: Հին ու բարի բարոյականությունը, նույնիսկ աստվածային աղբյուրից հրաժարվելով, միանգամից չի ուզում ոչ մի տեղ անհետանալ: Արդեն չաղոթող ու մեղքերի համար չզղջացող մարդը դեռևս հավատում է, որ գթությունը, հավատարմությունը, աշխատասիրությունը, ազնվությունը մեծ նշանակություն ունեն: Մարդը չի ուզում մի վայրկյանում դիվոտել: Եվ ահա, համաշխարհային անաստված ներկայացման ռեժիսորը կրկին ստիպված է սպասել: Սպասել և շարունակել գործել:

Նրան պատերազմներ են պետք, ավելի մասշտաբային ու արյունոտ: Հեղափոխություններ են պետք ամենուրեք, ավելի բուռն ու անողոք: Պետք է ամուսնությունը խարխլել, կանանց՝ անամոթ, իսկ տղամարդկանց ծույլ դարձնել:

Պետք է թունավորել արվեստը, օրինականացնել ամուսնալուծությունն ու աբորտը, համալսարաններում շարունակել աշխատել աթեիզմի ուղղությամբ: Աշխատանքն ավելի ու ավելի շատ է: Եվ բանսարկուն գործում է հանուն իրեն և ընդդեմ Աստծու: Սակայն, միևնույն է, չնայած հաջողությունների թափին, նա ստիպված է թաքնվել: Նա ստիպված քողարկվում է լաթերի մեջ, որոնց վրա գրված է «Ազատություն: Արդարություն: Մարդու իրավունքներ և այլն»: Դեռևս վաղ է բացահայտ գործել:

Խնդիրն այն է, որպեսզի մարդկությունն ընդհանրապես հրաժարվի Արարչից: Որպեսզի մեկ հոգու պես ենթարկվի երկնային պաշտոնակարգության մեջ իր տեղը կորցրած ոգուն: Եվ միայն այդժամ նա կկարողանա դիմակը հանել, դուրս գալ ստվերից և հաղթականորեն գոչել. «Ահա՛ ես: Նա, ով անտեսանելի մնալով, մի ամբողջ հազարամյակ օձիքից բռնած քաշում էր համառող եվրոպացուն: Քաշում էր այստեղ, որտեղից հետդարձ չկա: Իսկ եվրոպացու հետևից նաև մյուս բոլոր մայրցամաքների բնակիչներին: Ե՛ս: Քաղաքական գործիչների հովանավորը, գրողների ու ռեժիսորների ոգեշնչողը, զինվորական ռազմագետն ու գիտական ֆանտաստիկայի հանճարը: Ահա՛ ես: Իսկ ահա՛ դուք, ոտքերիս մոտ: Խնդրեմ հանե՛ք գլխարկներն ու խոնարհեք գլուխներդ: Չէ՛: Ավելի լավ է ծնկի՛ իջեք»:

Ընդհանուր գծերով արդեն նշմարվում է նման վերջաբանը: Չնայած, նրան դեռ տրված չէ իրականություն մտնել: Իսկ ի՞նչն է խանգարում: Նախ և առաջ, Աստծու անունն է խանգարում և Եկեղեցին: Մոռացությունից խուսափած Աստծու անունը, և խիստ հալումաշ եղած, սակայն ոչ մի տեղ չանհետացած Քրիստոսի Եկեղեցին:

Նման կենսունակությունը չի կարող չզայրացնել: Եվ նշանակում է՝ պետք է շարունակել պատերազմն ու դրա նորանոր ձևեր հորինել: Օրինակ, ուղղել նպատակը: Պայքարել ոչ միայն Եկեղեցու և Աստծու եմ, այլ նաև՝ մարդու: Այժմ կփորձեմ պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ:

Քրիստոս եկավ մարդկանց փրկելու, ցույց տալու երկրային տառապանքն ու երկիմաստությունը գերազանցող ուղին և դեպի այլ իրականություն տանող դուռը: Քրիստոսի արյունը մարդկանցից բացի ուրիշ ոչ ոքի համար չի թափվել: Ինչպես հաստատում է պատմությունը, մարդու համար դժվար է խղճից ազատվել, համարյա անհնար՝ Աստծուն բոլորովին մոռացության մատնել, և չէ-չէ, բայց մեկ էլ տեսար, եկեղեցի կմտնի: Նախ ուղղակի մոմ վառելու համար, իսկ հետո կբռնի ու խոստովանության կգնա: Դժվար է նրա հետ:

Իսկ ի՞նչ կպատահի, եթե մարդուն իր արժանապատվության բարձունքից որևէ ստորին աստիճանի իջեցնել, այնպես որ դադարի նույնիսկ մարդ լինելուց: Արդյո՞ք դա Քրիստոսի ողջ գործն անօգուտ չի դարձնի: Չէ՞ որ Քրիստոս չեկավ խոզերին կամ դևերին փրկելու: Մարդիկ հարաշարժ էակներ են: Ինչ ուզում ես կարող են դառնալ: Ե՛վ օձեր, և՛ գայլեր, և՛ առնետներ, և՛ հրեշտակներ: Բայց եթե դևեր դառնան, ապա դուրս կգան այն սրբազան ընթացքի փակագծերից, որ փրկություն է կոչվում: Նույնը

կպատահի, եթե մարդը կենդանու մակարդակի իջնի: Օրինակ՝ խոզի: Քրիստոս չեկավ խոզերին փրկելու: Եվ հետո ո՛չ Եկեղեցու դեմ պայքարելու կարիք կլինի, ո՛չ աթեիզմի համար նոր գաղափարական հարթակներ որոնելու: Դևերին ու խոզերին ո՛չ Տերն է պետք, ո՛չ՝ Նրա Եկեղեցին: Նրանց համար օտար են նաև (տարբեր պատճառներով) և՛ ապաշխարութունը, և՛ աղոթքը, և՛ ընդհանրապես ամեն սուրբ բան: Ե՛վ մեկը, և՛ մյուսը փրկարար տապանից դուրս են: Հետևաբար, խավար պատերազմը կհաղթանակի, և գործն արված կլինի:

Ահա հին պատերազմի նոր փուլի գաղափարը: Կենտավրոսներին թողնել դիցաբանության մեջ, սարդ-մարդուն՝ էկրանին, Կառլսոնին՝ տանիքին: Իսկ կյանքում տալիս ես մարդ-դևին և (կամ) մարդ-խոզին: Նպատակին հասնելու համար օգտագործել բժշկական նորագույն տեխնոլոգիաները, հին մոգությունը, աթեիստական փիլիսոփայությունը և աղավաղված արվեստը: Ամե՛ն ինչ օգտագործել: Թող կոչնազանգը հնչի՛ և սկսվի հաջորդ ռաունդը:

Սա ձեզ համար զանազան իմաստունների գաղտնի արձանագրություններ չեն: Սա դարի ոգին է, որում ապրում ենք: Մենք միանգամից չենք էլ ճանաչում այդ ոգին, որովհետև դրա հոտին վարժվել ենք: Բանսարկուն իր սուրը գութանով չի փոխարինել, այլ դրա սայրն այլ կողմ է ուղղել: Նրա համար շատ ավելի շահավետ է մարդուն հասցնել մինչև Ավետարանը չընկալելու աստիճանի: Մի որոշակի բթացման կամ բարոյազրկման, որի դեպքում մարդկանց ներաշխարհը լիովին խորթ կլինի Սուրբ Հոգու ներգործության համար: Այդ ժամանակ Եկեղեցին կսկսի մեռնել ու հետզհետե փոքրանալ: Մարդկանց ճնշող մեծամասնությանն այն ուղղակի պետք չի լինի: Իսկ Աստված, օբյեկտիվ գերբնական իրականություն լինելով, թեկուզ ոչ մի տեղ չի անհետանա (անհնար է, որ Նա անհետանա), բայց այլևս դեպի մարդկային սիրտն ու գիտակցությունը տանող ճանապարհ չի գտնի:

Հենց սա է անկյալ հրեշտակի նպատակը: Այդ նպատակը ձևակերպելու համար մարդկությունը կամաց-կամաց հաղթահարել է իր հոգևոր պատմության երկար հարյուրամյակները:

Դատե՛ք ինքներդ: Ո՞վ է Ստալինից սարսափելի: Խրուշչովից՝ լպիրշ: Ի՞նչն է փոփ-մշակույթից ու շլյագերի մեղեդուց ավելի քայքայիչ:

Եվ Ստալինը խոստացավ, որ «Աստված» բառը անաստվածության հնգամյակի վերջում կվերանա բառապաշարից:

Իսկ Խրուշչովը խոստացավ վերջին տիրացուին հեռուստացույցով ցույց տալ:

Բիթլերն էլ քրիստոնությանը մոտալուտ ու անխուսափելի փլուզում էին խոստանում, իսկ իրենց մոտ ապագայում Հիսուս Քրիստոսից ավելի հանրահայտ էին տեսնում:

Բայց ահա, բոլորը բեմից կուլիսներ հեռացան, և մենք, բարեբախտաբար, չենք լսում նրանց ճիչերն այնտեղ՝ կուլիսներում: Իսկ Եկեղեցին չանհետացավ, և հավատն էլ մնում է:

Նշանակում է պայքարն այժմ այլ կերպ կընթանա: Այսինքն, ինչո՞ւ «կընթանա»: Վաղուց արդեն գործն արվում է:

Քրիստոնյաների ու նրանց հավատի դեմ բացահայտ ագրեսիան ոչ մի տեղ չի անհետանա: Կշարունակվեն թշնամական ելույթները, տեղեկատվական գրոհները, գաղափարական դավերը: Հնարավորության դեպքում և՛ հետապնդում կլինի, և՛ ահաբեկում, և՛ բացահայտ բռնություն: Սակայն թշնամին գլխավոր պտուղը սպասելու է այլ պայքարից՝ մարդուն կենդանու կամ դևի վերածելու պայքարից:

Ըստ ճաշակի: Ով որին է ավելի հակված: Հետո այդ երկու ծայրահեղությունները կհանդիպեն: Ինչպես գերգեսացի դիվահարի պատմության մեջ՝ դևերը կենդանիների մեջ մտան, և դրանք ժայռից վայր նետվելով՝ կործանվեցին:

Խոզություն ու դիվականություն: Սրանք նոր մարդկության խորհրդանշանների հերալդիկ նշանակներն են: Վաղ, թե ուշ խոզությունն ու դիվականությունը հանդիպում են, միահյուսվում: Նա, ով երկնքին չի նայում, այլ ողջ կյանքը միայն դնչով հողն է փորում, և նա, ով այրվում է ողջ աշխարհն իրենով անելու, իսկ հետո Աստծու հետ դեմ առ դեմ ելնելու ցանկությամբ, երկուսն էլ միևնույն շքանշանի երեսներն են: Բարոյապես կեղտոտ կյանքն ու դիվական հպարտությունը գաղտնի կերպով կապված են միմյանց հետ: Արժե ուշադրությամբ վերընթերցել և նորովի արժևորել գերգեսացի դիվահարի մասին ավետարանական պատմությունը: Նույն գործող անձինք են այսօր պատմության բեմահարթակում: Խոզեր, անմարմին թշնամիներ, դիվոտած մարդ ու Քրիստոս:

Հիմա պարտադիր էլ չէ, որ դևերը մարդու գլուխը քարե դագաղի պատերին ծեծեն: Կարող են նրան ասել. «Նայի՛ր կենդանիներին: Երջանիկ ու անխռով են: Ծամում են ու խռխռացնում: Հոգևոր ոչ մի տառապանք չունեն: Ապրի՛ր նրանց պես ու երջանիկ կլինես: Իսկ եթե չես ուզում, ապա մեզ երկրպագիր: Որպես պարգև կստանաս երկրային թագավորությունների փառքի ու դրանց հարստության մի մասը: Աշխարհի ոչ բոլոր թագավորություններն իհարկե: Բոլոր թագավորությունները մեր ավագը ձեր Գլխավորին էր սարի վրա առաջարկում: Բայց նույնիսկ այն, ինչ կստանաս, կգերազանցի բոլոր երազանքներդ: Լսո՞ւմ ես: Երկրպագիր և վերջ: Ընտրիր երկու տարբերակներից մեկը»

Մարդու նկատմամբ կիրառվող գործելակերպի այս փոփոխությունն ավելի վտանգավոր է, քան դիվահարության տանող կոշտ բռնությունը:

Գնահատեք թշնամու հաջողությունների աստիճանը:

Մենք արդեն ո՛չ վախենում, ո՛չ էլ ծիծաղում ենք սեռափոխության, սուռոգատ մայրության, ապագա վերակենդանացման նպատակով խորը սառեցման, փոխպատվաստման նպատակով մարդուն օրգանների բաժանելու, միասեռական ամուսնությունների և այլնի մասին լսելիս կամ կարդալիս: Սուռոգատ մայրն «ուղղակի գումար է վաստակում», երկու տղամարդկանց միջև «խորը զգացմունքներ» են, դիակիզումն ու հետո մոխիրը երկնաքերի տանիքից շաղ տալը «թաղման այլընտրանքային տարբերակ» է: Վայրի նորամուծությունների իններորդ ալիքը ծածկել է մեզ, և մենք ուղղակի հոգնել ենք զարմանալուց կամ զայրանալուց:

Իսկ մենք դեռ սնունդ արտադրող ընկերությունների քիմիական լաբորատորիաներում չենք եղել: Մենք ուղղակի տեղյակ չենք, թե ինչով են մեզ կերակրում: Գենետիկների լաբորատորիաներում էլ չենք եղել: Զինվորական գաղտնի լաբորատորիաներում՝ նույնպես: Թե ինչ Գոլեմ կամ Իխտիանդր են աճեցնում հաստ ապակիներով ակնոցներով խելացի մարդիկ, չգիտենք: Մենք միայն լսում ու տեսնում ենք, որ, օրինակ, մերկ կրծքով կանայք շարժիչով աշխատող սղոցով խաչեր են կտրում, իսկ հետո կախվում են: Եվ նույնիսկ դա է դժվարությամբ զարմացնում մեզ: Օրեցօր նոր տեղեկատվությունը շտապում է հնին դուրս մղել գիտակցություններից, և այդ նորը ավելի վայրի ու անհեթեթ է լինելու:

Այդպես ձևախախտվելով՝ մարդն անհետանում է: Այդպես կոնկրետությամբ են լցվում Հովհաննեսի Հայտնության գրքի առանձին կերպարները: Թող ինչ-որ մեկը սա քաղաքակրթության զարգացման անխուսափելի հիվանդություններ կամ առաջընթաց անվանի: Հայացքներս Ավետարանի էջերից դարձնելով աշխարհին, և աշխարհից՝ ավետարանական էջերին, հասկանում ենք, որ սա խնձորի մեջ մտած որդի պես մարդու ներսը թափանցած պատերազմ է: Սա մարդու կործանման ու նրա դեգրադացիայի պլանաչափ ու ղեկավարվող պրոցեսներ են:

Ներքև տանող սանդուղքն այդ աստիճանին է հասել:

 

Ավագ երեց Անդրեյ Տկաչյով

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

06.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․