Գրքեր

Սատանան չի մոտենում Աստծու սրբակենցաղ արարածին

- Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ ստրկանում եմ կրքերին:

- Կրքերին հպատակվելով՝ մարդն իրավունքներ է տալիս սատանային իր նկատմամբ: Քո բոլոր կրքերը հավաքիր ու սատանայի մռութին հասցրու դրանցով: Աստված դա է կամենում, և դա քո սեփական շահերից է բխում: Այսինքն՝ զայրույթը, համառությունը և նման կրքերը թշնամու դեմ ուղղիր: Կամ, ավելի լավ է ասել, կրքերդ սատանային վաճառիր, իսկ ստացած գումարով գլաքարեր գնիր ու սատանայի վրա նետիր, որպեսզի քեզ նույնիսկ չմոտենա: Սովորաբար մենք՝ մարդիկս, մեր անուշադրությամբ կամ հպարտ մտքերով ինքներս ենք թույլ տալիս, որ թշնամին վնասի մեզ: Բանսարկուն կարող է միայն մեկ մտքից կամ բառից էլ օգտվել: Հիշում եմ, մի շատ համերաշխ ընտանիք կար: Մի անգամ, ամուսինը կատակով ասաց կնոջը. «Այ կվերցնեմ ու կբաժանվեմ քեզանից», իսկ կինը նույնպես կատակով պատասխանեց. «Այդ ես կբաժանվեմ քեզանից»: Հենց այնպես ասացին, առանց հետին մտքի, բայց սատանան օգտվեց դրանից: Նա մի թեթև դժվարություն առաջացրեց նրանց համար, և նրանք արդեն լրջորեն պատրաստ էին ամուսնալուծվել՝ առանց երեխաների կամ մեկ այլ բանի մասին մտածելու: Բարեբախտաբար մի հոգևորական գտնվեց, որ խոսեց նրանց հետ: «Ի՞նչ է,- ասաց նա,- այդ հիմարության պատճառով բաժանվելո՞ւ եք»:

Եթե մարդ շեղվում է Աստծու պատվիրաններից, կրքերը հաղթում են նրան: Եվ եթե մարդ կրքերին թույլ է տալիս հաղթել իրեն, հետագայում սատանայի կարիքն էլ չկա դրա համար: Քանի որ դևերն էլ «մասնագիտացում» ունեն: Նրանք թխկթխկացնում են մարդուն, փնտրում, թե ինչն է «ցավում», ձգտում են երևան հանել նրա թուլությունն ու այդ կերպ հաղթել նրան: Պետք է ուշադիր լինել, փակել դռներն ու պատուհանները, այսինքն՝ մեր զգացմունքները: Պետք չէ բանսարկուի համար բաց ճեղքեր թողնել, որպեսզի ներս չսողոսկի դրանց միջով: Մեր թույլ տեղերն են այդ ճեղքերի մեջ: Եթե նույնիսկ մի փոքր ճաք թողնենք թշնամու համար, ապա նա կարող է ներս խցկվել ու վնասել մեզ: Սատանան այն մարդու մեջ է մտնում, որի սիրտն աղտոտված է: Աստծու սրբակենցաղ արարածին սատանան չի մոտենում: Եթե մարդու սիրտը մաքրվում է աղտոտությունից, ապա թշնամին հեռու է փախչում, և կրկին Քրիստոսն է վերադառնում այնտեղ: Ինչպես խոզը, ցեխ չգտնելով, խռնչում է ու հեռանում, այդպես էլ սատանան չի մոտենում աղտոտությունից զերծ սրտին: Եվ իսկապես, ի՞նչ պիտի փնտրի մաքուր ու խոնարհ սրտում: Այսպիսով, եթե տեսնենք, որ մեր տունը, այսինքն՝ սիրտը, դարձել է թշնամու կացարանը՝ հավի տոտիկների վրա կանգնած խրճիթը, ապա անհապաղ պետք է քանդենք այն, որպեսզի մեր տան չար կենվորը՝ սատանան, հեռանա: Քանի որ եթե մեղքը երկար ժամանակ է բնակվում մարդու մեջ, ապա, բնականաբար, սատանան մեծ իրավունքներ է ստանում այդ մարդու նկատմամբ:  

- Հա՛յր, իսկ եթե մարդը նախկինում սխալ է ապրել՝ դրանով իսկ չարին իրավունքներ տալով իր նկատմամբ, բայց այժմ ցանկանում է ուղղվել, ավելի ուշադիր լինել, սատանան կհաղթի՞ նրան:

- Երբ մարդը դեպի Աստված է դառնում, ապա ուժ, լույս ու մխիթարություն է ստանում Նրանից, որ անհրաժեշտ է ճանապարհի սկզբում: Բայց հենց որ մարդը հոգևոր պայքար է սկսում, թշնամին էլ նրա դեմ է դաժան պատերազմ սկսում: Ահա այդ ժամանակ մի փոքր տոկունություն է անհրաժեշտ: Հակառակ պարագայում կրքերն ինչպե՞ս պետք է արմատախիլ արվեն: Ինչպե՞ս պետք է տեղի ունենա հին մարդու վերափոխումը: Ինչպե՞ս հեռանա հպարտությունը: Իսկ այդկերպ մարդը հասկանում է, որ ինքնուրույն, սեփական ուժերով ոչինչ անել չի կարող: Նա խոնարհաբար Աստծու ողորմածությունն է խնդրում և խոնարհություն է ստանում: Նույնն է տեղի ունենում, երբ մարդ ուզում է վատ սովորությունից ձերբազատվել, օրինակ՝ ծխելու, թմրանյութեր գործածելու, ալկոհոլամոլության սովորություններից: Սկզբում նա ուրախություն է զգում և թողնում է այդ սովորությունը: Հետո տեսնում է, որ ուրիշները ծխում են, խմում, թմրանյութեր օգտագործում և ուժեղ հարձակման է ենթարկվում: Եթե մարդ հաղթահարի այդ հարձակումն, ապա հետո դժվար չի լինի հրաժարվել այդ կրքից, թիկունք դարձնել դրան: Պետք է մի քիչ ճգնել, պայքարել: Սատանան իր գործն է անում, իսկ մենք ինչո՞ւ մերը չենք անում:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

19.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․