Գրքեր

Սատանայից փորձվելը

«…Վարեցաւ Հիսուս յանապատ ի Հոգւոյն փորձուել ի սատանայէ» (Մտթ. 4:1):

Հիսուսն իր մկրտությունից հետո, Սուրբ Հոգով լցված, հեռացավ Հորդանանի գեղեցիկ ափերից և նույն Հոգու ազդեցությամբ գնաց դեպի անապատ, և այնտեղ, ինչպես ժամանակին Մովսեսը Սինայի բարձունքին և Եղիան իր առանձնության մեջ, քառասուն օր ծոմ պահեց: Ինքը, որ Հորդանանի ափերն էր եկել ընդունելու համար Իր Աստվածային պաշտոնը, որպես գերագույն Քահանա, Նոր Ուխտի Թագավոր ու Մարգարե, պետք էր, որ Իր փրկչական պաշտոնը [ընթացքը] սկսելուց առաջ Ինքն Իրեն պատրաստեր անապատի առանձնության, միայնության մեջ, ինչպես որ Իրենից առաջ մարգարեներն էին անում մինչ իրենց Աստվածային պաշտոնի գործադրումը:

Քրիստոսը որպես նոր հասարակության երկրորդ Ադամ, որպես նոր սերնդի Հայրը, միայն նրա երջանկությունը և փրկությունն է փնտրում: Առաջին Ադամը՝ մարդկության նախածնողը, փորձության ենթարկվելով՝ հաղթվեց և համայն մարդկության անկման պատճառը եղավ. առաջինի նման երկրորդ Ադամ էր պետք, որ նույնպես փորձվեր և իր հաղթանակով բարձրացներ և կենդանացներ համայն մարդկությանը: Առաջին Ադամն իր փորձությամբ դրախտն անապատային սարսափների էր փոխել, ծաղիկներն ու ծառերը փշերի և տատասկների էր վերածել. պետք էր մի նոր և երկրորդ Ադամ, որ անապատը դրախտի վերածեր և դևերի հանգստարանն ու բնակավայրը հրեշտակների բնակարանների դարձներ:

Սրանից բացի մեր Փրկիչը սատանայից փորձվեց, որպես մեզ օրինակ, թե ինչպես է պետք հաղթել փորձությանը, Քրիստոսը որպես Զորագլուխ, Հրամանատար, Ինքն Իրեն փորձության ենթարկեց, որպեսզի սովորեցնի Իր զինվորներին, թե ինչպես է պետք կռվել և հաղթել փորձությանը:

Հիսուսի ամբողջ կյանքն արդեն իսկ կարելի է համարել շարունակական և մի մեծ պատերազմ՝ ընդդեմ չարի, որի ձգտումը եղել է խոչնդոտել Երկնային Արքայությանը: Ավետարանական պատմությունը, որտեղ Հիսուսի պայքարը չարի դեմ կարծես ակնհայտ է դարձնում Նրա հրապարակային պաշտոնի սկիզբն ու վախճանը, գլխավորաբար երկու բան է նշանակում, առաջինի մեջ սատանան իր թշնամական պայքարն է մղում հրապուրելի առաջարկությամբ և ցանկալի փառասիրության միջոցով, երկրորդում ցանկանում է մահվան երկյուղով և արհավիրքներով փորձել և խանգարել. բայց այս ամենով հանդերձ, լինի թե՛ Հորդանանի ափերից հեռու՝ անապատի խորքերում, թե՛ Երուսաղեմից դուրս՝ Գեթսեմանիի պարտեզում, Հիսուսը հաղթող է հանդիսանում:

Մարդը կարող է փորձության ենթարկվել, եթե նույնիսկ մեղք չունենա և ամեն մի փորձվող մեղավոր չէ: Հավատում ենք, որ Քրիստոսն «առանց մեղքի» էր, բայց երբ ասենք, թե այնպիսի բնություն ուներ, որի մեղանչելն անհնար էր, տարօրինակ կլինի, և եթե Քրիստոսի փորձությունը միայն երևութական մի բան համարենք, ինչպես որ համարում էին Մանիքեականները, այդ փորձությունը, ինչպես նաև Հիսուսի ամբողջ կյանքի պատմությունը, մեզ համար ոչ մի օգուտ չի ունենա: Արդարև, Քրիստոս մեղք չուներ, բայց սա չի նշանակում, որ չէր կարող փորձվել, պետք է իմանանք, որ մի բան է փորձվելը և մեկ այլ բան՝ գլորվելը. չար հոգին խորհուրդ է տալիս և նրա գործը միշտ խորհուրդ տալն է. մեր գործն էլ երբեք չհամաձայնվելը պիտի լինի և եթե չենք համաձայնվում՝ չունենք մեղք, չկա այն: Արդ, Հիսուսը մարդկային բնություն ուներ, ուստի կարող էր և զգալ փորձության ամեն մի ազդեցությունն այնպես, ինչպես որ մարդիկ կարող են զգալ: Բնական և հոգեկան վշտերը, որ կային Նրա տնօրինության կատարման ճանապարհին, կային նաև ճանապարհից շեղող փորձություններ էլ, ինչպես որ անապատի փորձությունն էր՝ պատիվ, համբավ, իշխանություն, սրանք փորձություններ էին, որ Նա մեզ նման կարող էր զգալ, բայց քանի որ նրանց տեղի չտվեց՝ մեղք չգործեց: Ճշմարիտ է, որ սուրբ բնություն ուներ, սակայն սա չի նշանակում, որ Նա փորձությունից բոլորովին ազատ էր: Հայտնի է, որ Ադամը նույնպես, երբ ստեղծվեց, սուրբ էր, բայց և այնպես փորձվեց և ընկավ: Սա ճշմարիտ է նաև հրեշտակների առումով՝ որոնցից ոմանք չպահեցին իրենց նախնական սուրբ վիճակը: Եվ թեև Քրիստոս ճշմարիտ Աստված էր, նաև ճշմարիտ կատարալ մարդ էր, և այն փորձությունը, որին ենթարկվեց, ոչ թե Աստվածային բնությունով, այլ մարդկային բնությունով կրեց և որպես մարդ ընդդիմացավ և հաղթեց:

Երբ սատանան Քրիստոսի մոտ է գալիս՝ ասում է Նրան. «Ո՛չ հաց ես ուտում, ո՛չ ջուր ես խմում, անոթությունից հալվում և մաշվում ես, Քեզ համար ի՞նչ արժեք ունի անոթի մնալը, Քեզ ի՞նչ է պակասում հաց հայթայթելու համար, ահա՛ քարեր, որոնք կարող ես հացի վերածել»: Սատանայի նպատակը Նրան տկարությունը զգացնել տալն էր: Քարերը հացի վերափոխե՛լ, բնության օրենքում այսպիսի բաներ չեն կարող լինել, բնության օրենքները չի կարելի փոխել, քարերը երբեք հաց չեն կարող դառնալ, հրաշքները բնության շեղումները չեն, անբնական բաներ չեն, այլ գերբնական, սակայն քարերը հաց դարձնելը անբնական բան էր, բնության օրենքի բացարձակ հակասում: Հիսուսը կարող էր բազմացնել հացերը, ինչը որ հետո արեց անապատում, երբ հինգ հազար հոգու կերակրեց հինգ նկանակով, սակայն քարերը հաց դարձնելն անընդունելի էր Նրա համար, քանզի Աստվածն ու Որդին՝ մեր Փրկիչ Հիսուսը չի ցանկանում, որ բնության մեջ անբնական բան երևա, քանզի բնության օրենքը հաղթել և այն փոխել նշանակում է Աստծո կամքը հաղթել և այն փոխել: Հիսուսին պետք էր մեկ այլ չքնաղ մեծագործություն. քարերը հաց դարձնելը, նյութից նորից նյութ դարձնելն է, [նյութից] պիտի հոգիներ ելնեին՝ քարերից Աբրահամի զավակներ պիտի հառնեին, նյութին շունչ տալ, երակներ տալ, այն կենդանացնել. ահա՛ մեծությունը, ճշմարիտ մեծագործությունը: Հիսուսն Ինքը պիտի գերագույն Հացը տար, ոչ այնպես, ինչպես Իսրայելացիները երկնքից էին սպասում և մանանան վայելեցին, այլ այն երկնավոր Հացը, որը Հիսուսն Իր վարդապետությամբ և հոգով պիտի մատակարարեր:

Չար հոգին Նրան տարավ հանեց մի բարձրության վրա՝ Սուրբ քաղաքի Տաճարի աշտարակի վրա, որը վեր էր խոյանում Հովսափաթի ձորի վրա և ժայռերի լանջերին էր կառուցված: Սատանան ասում է Նրան. «Ահա Քեզ բարձրություն, կարող ես քեզ վայր նետել, քանզի գրված է, թե Իր հրեշտակներին Քեզ համար պատվիրված է, որ ձեռքերի վրա Քեզ առնեն, որպեսզի ոտքդ քարին չդիպչի»: Հիրավի կարող էին հրեշտակների գնդերը, սերովբեների և քերովբեների բազմությունները նրան շրջապատել, սակայն Նրա գործը մարդկանց հետ էր, որոնք կործանման եզրին էին, ընկել էին փորձիչի [սատանայի] ձեռքը. այժմ գործ չուներ հրեշտակների հետ, Ինքն ընկածներին բարձրացնելու համար արդեն երկնային բարձրություններից իջել էր:

Սատանան մի անմիտ առաջարկություն էլ է անում, նա հաճախ մարդկանց մեջ այս ճանապարհով առաջացնում է այնպիսի անբնական ցանկություններ, որոնք միայն կորստյան են տանում: Սատանան, մի բարձունքից Նրան ցույց տալով աշխարհի բոլոր թագավորությունները և նրանց փառքը, ցանկանում է հրապուրելով իրեն հպատակեցնել Փրկչին: Բայց Հիսուսը, որ հանձն էր առել անկյալի մոտ մնալ, Նա որ հանձն էր առել հպվել բորոտին՝ նրան բժշկելու համար, անդամալույծին հրամայել, որպեսզի քայլի, չէր ցանկանում, որ բարձրունքներում լիներ Իր գործը և իշխանությունը, Նա թագավորության և իշխանության կարիք չուներ, այլ Իր ցանկացածը մարդկությանը մեղքի գերությունից փրկելն էր: Հիսուսը սատանայի առաջարկությանը պատասխանում է. «Աստված Ինձ չի ուղարկել, որպեսզի հրեշտակների կողմից փառաբանվեմ, Աստված Ինձ չի ուղարկել, որ մարդկանց կողմից պաշտվեմ, այլ Ինձ մարդկանց սպասավորելու և փրկելու համար է ուղարկել, Ես թագավորների պես բեհեզներ հագնելու համար չեմ ուղարկված, քանզի նման բան միայն աշխարհը կարող է ունենալ, այլ ինձ ուղարկել է ասելով՝ կյանքերի փրկությունը թող քո ճակատագիրը [նպատակը] լինի, մինչև որ քեզ չարչարեն և խայտառակեն ու սպանեն: Ուրեմն ետևս անցիր սատանա, անզգա՛մ»:

Սատանան չի ցանկանում, որ մարդիկ այդքան շատ մոտենան Աստծուն: Սատանան, այսինքն չարի բնությունը, շատ բաներ է խոստանում, սակայն հակառակ դրանց՝ քեզ խեղճ վիճակի մեջ է թողնում, վրեժխնդրությունը շատ բան է խոստանում, բայց մոլորեցնում է քեզ, անիրավությունը նույնպես, սակայն մի օր քեզ բանտի խորքերում կհյուծի: Նրանք կապում են հոգիդ և դժոխային խեղկատակությամբ ծիծաղում են երեսիդ: Սատանան թե՛ օձի կերպարանքով շշնջա շուրջդ, թե՛ մարդու կերպարանքով է մոտդ գա, թե՛ հրեշտակի կերպարանքով գլխիդ վերևը սավառնի, ինչ ձևով էլ լինի, երբ տկարություն ես ունենում և չես կարողանում մաքառել դրա դեմ, երբ չես կարողանում հեռացնել քեզնից, նա քեզ բարձրություններով է ապշեցնում, առատություններով հուսադրում, սակայն հետո բարձրություններից անկման է դատապարտում և հացերը քարերի է վերածում, և բոլոր խոստումներին դժբախտություններն են հաջորդում: Դու [ցած ես] ընկնում քո ազնվությունից, երջանկությունից, կյանքից և խրախուսում ես այն ապականությունները, որոնք քո ներսում են բնակվում:

Սատանայի փորձության դեմ մեր Փրկչի դյուցազնական մարտը մի հաղթական գործ է, որը պետք է ուղեցույց, առաջնորդ լինի մեզ համար: Չարը ցանկանում է, որ մեր ներսում չար սերմեր ծնվեն, վրեժխնդրությունը ցանկանում է, որ այնտեղ ատելության ոգին արթնանա, չի ցանկանում, որ ազնվության գաղափարը մեր ներսում իր թևերը տարածի, չի ցանկանում, որ բոցեղեն հրեշտակը մեր հոգու դրախտը պահպանի. նա կործանում է մեր հավատքը, ավիրում՝ մեր մաքուր սիրտը:

Երանի՜ նրանց, ովքեր իրենց կյանքի անապատում մի կողմ են վանում այսպիսի չարիքները, երանի՜ նրանց, ովքեր ընդարձակ երազների մեջ աղտոտ մտքերը մի կողմ են վանում և ցանկանում են հավատարմորեն ծառայել Աստծուն: Քրիստոսի կատարածը որքա՜ն բնական է և որքա՜ն մարդկային: Ահա Քրիստոսից մի օրենք. ամեն մի քրիստոնյա իր տկարության մեջ զորանալու և հերքելու է չարի խորհուրդները՝ նույնիսկ իր հացի, ունեցվածքի կորստյան ժամանակ:

Չխաբվենք [չգայթակղվենք] այն խոստումներով, որոնք հետագայում մթության մեջ խարխափեցնելու են մեզ զուր թափառումներով: Զոհ չգնանք վրեժխնդրութանը, որը հետո ալեկոծվող ծովի նման խռովվելու և վնասելու է մեզ. պետք է Աստծո կամքը կատարելով՝ զգուշություն ցուցաբերենք մեր տկարության մեջ: Բարին և օգտակարը վայելելու համար Աստծո կամքը որպես առաջնորդ ընտրենք. երանի՜ Տերն արժանացներ մեզ այս փորձության անապատի միջից հաղթական դուրս գալու և երանի՜ չվտանգվեինք այն չարիքներից, որոնք միշտ հանդիպում են մեզ: Նրա հովանու տակ ապրելով՝ ապավինենք Նրա սիրուն, որպեսզի կարողանանք այս անապատային փորձությունների աշխարհը դրախտավայել տեսնել և արժանանանք Աստծո խոստացած փառքի և հաղթական պսակին. ամեն:

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

 

12.02.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․