Գրքեր

Սբ. Պատարագը Մեծ պահքի շրջանում

Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը նախորդող ամենաերկարատև պահեցողության՝ Մեծ պահքի շրջանում որոշ փոփոխություններ են տեղի ունենում եկեղեցում. փակվում է Սբ. Խորանի վարագույրը: Եկեղեցին դրախտի օրինակն է և Սբ. Խորանի վարագույրով փակվելը խորհրդանշում է Ադամի ու Եվայի դրախտից արտաքսումը: Երբ Աստված դուրս հանեց նրանց բերկրության դրախտից, հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները: Մեղքի պատճառով փակվեց մարդկանց առջև Երկնքի դուռը: Նախկինում Մեծ պահքի շրջանում փակվել է եկեղեցու դուռը, և հավատացյալները դռան առջև են աղոթել:

Մեծ պահքի ընթացքում փակ վարագույրով մատուցվող Սբ. Պատարագները հետևյալ տարբերություններն ունեն մյուս օրերին մատուցվող Սբ. Պատարագներից: Հրեշտակների փառաբանությունը խորհրդանշող քշոցների զվարթ հնչեղությունը դադարեցվում է:

Նշենք, որ Մեծ պահքի առաջին կիրակի օրվա Բուն բարեկենդանի նախօրեին՝ Կ. Պոլսի Սբ. ժողովին մասնակից 150 հայրապետների տոնի օրը, «Համբարձի» սաղմոսի երգեցողությունից հետո փակվում է Սբ. Սեղանի վարագույրը: Եվ պահոց շրջանում մինչ Սբ. Պատարագը, Ճաշու երեք ժամերգություններն են անցկացվում, այս ընթացքում պատարագիչ հոգևորականը, բարձրանալով Սբ. Խորան, զգեստավորվում է և «Առաջադրություն» համար նշխարի և գինու օրհնություն կատարում: Սբ. Պատարագի ընթացքում «Խորհուրդ խորին...» և «Բարեխօսութեան...» շարականները չեն երգվում և «Աշխարհագալոց» չի լինում: Ատյանում ժամօրհնողն արտասանում է «Տերունական աղոթք»-ը և սաղմոսերգությունը, որից հետո սարկավագը վարագույրի հետևից ձայնում է «Օրհնեա՛, Տեր»: Այնուհետև հաջորդում է ժամամուտը, հետո երգվում է Ճաշու շարականը և «Աղաղակեցեք...» սաղմոսը, Ավետարանի ընթերցումը և Սրբասացությունը: Սարկավագի՝ «Ողջոյն տուք միմեանց ի համբոյր սրբութեան» ազդարարումից հետո, ժողովրդին չի փոխանցվում ողջույնը:

Մեծ պահոց շրջանում, երբ եկեղեցու վարագույրը փակ է, Սբ. Պատարագի ժամանակ Սբ. Հաղորդություն, իսկ ավարտին՝ մաս չի տրվում: Սբ. Հաղորդություն և մաս տրվում է բոլոր բաց Պատարագների ժամանակ՝ Տերունի, սրբոց, մեռելոց և այլն: Մինչև Սբ. Զատիկ, Ավետարանը չի համբուրվում ի նշան նրա, որ Ադամը զրկվեց Կենաց ծառի ճաշակումից և «Հաւատամքի» ու «Կեցցոյի» ժամանակ, ի տես ժողովրդի, Ավետարանը չի բարձրացվում:

Մեծ պահքի ընթացքում Տեառնընդառաջի, Ավետումն Սբ. Մարիամ Աստվածածնի, Սբ. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապի և Ծաղկազարդի տոներին մատուցվում է բաց Պատարագ: Ավագ Հինգշաբթի օրը վարագույրը բացվում է «Հաւատամք»-ից հետո, իսկ Ավագ Շաբաթ օրը՝

Դանիելի մարգարեության ընթերցումից հետո, և այդուհետ մատուցվում են բաց Պատարագներ:

Պահքի շրջանում, մասնակից լինելով թե՛ անհատական և թե՛ ընդհանրական աղոթքներին, լավագույն առիթն ունենք քննելու մեր և Աստծո միջև եղած հարաբերությունը: Այս կարճ ժամանակահատվածում մեղքի պատճառով Երկնքի դուռը խորհրդանշող վարագույրի փակվելը կոչ է անում բոլորին ապաշխարության՝ գուցե նաև տխրություն պատճառելով: Բայց այս շինիչ տխրությունը պատրաստում է մեզ տոնելու մահվան դեմ հաղթանակի՝ Սբ. Հարության տոնը՝ Երկնքի դռան՝ վարագույրի բացվելով և Սբ. Հաղորդություն ճաշակելով: Միայն թե ինչպես Սբ. Գիրգոր Նարեկացին է ասում, չլինի թե ինքներս մեր ձեռքով, այսինքն՝ անզեղջ կյանքով, փակենք Երկինքը և վերելքի դուռը մեզ համար՝ որս դառնալով մահվան ծուղակին, թողած արահետը վստահելի:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

01.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․