Գրքեր

«Սեր և սիրահարվածություն» թեմայի շուրջ բանախոսություն-զրույց՝ ընտանիքի տարվան նվիրված

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կարևորելով Աստվածօրհնյալ ընտանիքի արժեքը և հիմնարար առաքելությունը ազգային, պետական ու հասարակական կյանքում, 2019 թվականը հռչակել է որպես ընտանիքի տարի: Ի թիվս եկեղեցական մյուս համայնքների՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը ևս, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, կազմակերպում է ընտանիքին ուղղված մի շարք ծրագրեր և միջոցառումներ: Հունիսի 16-ին, ընտանիքի տարվա շրջանակներում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը երիցատան դահլիճում հանդիպեց «Զորավոր» երիտասարդաց միությանը՝ երիտասարդների հետ զրուցելով «Սեր և սիրահարվածություն» թեմայի շուրջ: Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով:

Զրույցի ընթացքում Տեր Հայրը նշեց, որ շատ երիտասարդ զույգեր և նույնիսկ երկար տարիներ ապրող ամուսիններ, ճիշտ չըմբռնելով սիրո և սիրահարվածության տարբերությունը, կանգնում են ամուսնալուծության առջև: Բոլորն էլ գիտեն, որ ամուսնության համար շատ կարևոր է սերը, բայց ներկաներին զարմացրեց Տեր Հոր ասած այն միտքը, որ ամուսնանալ սիրելով՝ անհնար է: Ի պատասխան երիտասարդների զարմանքի՝ Տեր Գրիգորը բացատրեց, թե ինչ է սերը՝ ներկայացնելով «սեր» և «սիրահարվածության զգացմունք» հասկացողություններն իրենց ակնառու տարբերություններով: Երիտասարդների համար հստակ դարձավ այն, որ եթե սիրահարվածության զգացումին հատուկ է էգոիզմը, սիրահարվածությունը ինչ-որ բանի և ժամանակավոր խանդավառությունը, ապա սիրուն՝ հավիտենական լինելը, առանց ինչ-որ բանի սիրելը և ինքնազոհաբերությունը:

Սիրո մասին խոսելիս Տեր Հայրը մասնավորաբար ասաց. «Սերն ինքը զգացմունք չէ, այլ վիճակը՝ իրար միացած երկու հոգիների: Սերը երբեք չի անհետանում, այդ պատճառով իրական ամուսնությունն էլ պետք է հավիտենական լինի: «Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ.19:6),- ասում է Տերը: Կինն ու ամուսինը մի մարմին են դառնում, ավելի հարազատ և մոտ իրար, քան՝ ծնողը և զավակը: Ծնողի և զավակի մեջ մեկ պորտ կա և նույնիսկ քրոջ և եղբոր մեջ, բայց ամուսինների մեջ` ոչ: Իսկական ամուսինը սիրում է իր կնոջը նրա համար, որ նա իր կինն է, որովհետև նրանք մի մարմին են: Եթե իրական սեր կա զույգերի մեջ, ուրեմն նրանք պետք է զգան միմյանց: Իսկական սերն անիմաստ է առանց զոհաբերության: Զոհաբերությունը դա այն է, երբ մեկը զրկում է իրեն ինչ-որ բանից` մյուսի համար»:

Զրույցն անկեղծ մթնոլորտ էր ձևավորել. մի շարք հարցերի վերաբերյալ թե՛ Տեր Գրիգորը և թե՛ շատ երիտասարդներ, իրենց կյանքից օրինակներ մեջբերելով, իրենց կարծիքները հայտնեցին: Զրույցը, ինչպես նշեց Տեր Հայրը, նպատակ ուներ ընտանիք կազմելու ճանապարհին գտնվող կամ արդեն ընտանիք կազմած երիտասարդներին ներկայացնել քրիստոնեական ամուր ընտանիք կազմելու կամ այն առավել ամրացնելու ու զորացնելու ուղիները: Ընտանիքի տարվա շրջանականերում կազմակերպված հանդիպումը Տեր Գրիգորն ավարտեց Տիրոջ հայտնի խոսքերով. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ՝ սիրեցե՛ք միմյանց: Ինչպես ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեք» (Հովհ.13:34):

 

Կարինե Սուգիկյան

16.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․