Գրքեր

Սեռականություն և ամուսնություն

«Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:26-27):

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ ավանդական ընտանիքը և ընտանիքի ինստիտուտը ընդհանուր առմամբ վտանգված է: 

Աստծու պատկերը ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ մեջ է, այն արտացոլված է տղամարդու և կնոջ միջև աստվածային միությամբ, որը կատարելապես արտահայտում է Աստծո արարչական զորությունը, Իր կենսատու, Իր անձնազոհ և առաքինի բնությամբ: Եվ դա հնարավոր է միայն հետերոսեքսուալ միությամբ:

Երբ Աստված ստեղծեց Ադամին զուգընկեր, Նա ստեղծեց Եվային, և ոչ թե մեկ այլ Ադամի: Սա նշանակում է, որ տղամարդու և կնոջ կատարյալ միությունը պահանջում է որոշակի տարբերություններ, ինչպես նաև որոշակի հիասքանչ նմանություններ, որի պատճառով Ադամը կարող էր բացականչել. «Ահա, սա ոսկրն է իմ ոսկրերից և մարմինը իմ մարմնից»:

Տղամարդու և կնոջ ինտիմ կապը բնական միություն է երկուսի միջև (զգացմունքային և ֆիզիկական), այնպես որ այն համապատասխանում է մեր մարմինների կառուցվածքին և դա որդեծնության բնական ճանապարհն է:

Երբ Հիսուսին հարցրեցին ամուսնության մասին, նա միանգամից ետ գնաց Ծննդոց Գրքի այն հատվածները, որտեղ ասվում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև է, և այն պետք է լինի ողջ կյանքի համար: Նա Ծննդոց Գրքի արարչագործության հատվածները իբրև ճշմարտություն նկատեց Իր ժամանակի համար և այն, ինչը որը ճշմարիտ է Քրիստոսի համար, ճշմարիտ է նաև քրիստոնյաների համար: Հիսուս հատուկ միասեռականության մասին ոչինչ չասաց, սակայն այն փաստը, որ Նա հիշատակեց Ծննդոց Գրքի ամուսնության մասին հատվածները և դրանք համարեց ամուսնության համար հիմնական՝ առավել քան օրենքը, առիթ չտալով կասկածելու եզրահանգմանը:

Ամուսնությունը միություն է տղամարդու և կնոջ միջև և վերջ: Դարեր շարունակ, հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, բոլոր ավանդական կրոններում. հուդայականություն, քրիստոնեություն և իսլամ, ամուսնությունը եղել է տղամարդու և կնոջ միջև: Որոշ ձայներ Արևմուտքից (Եվրոպա, Հոլիվուդ) տարածում են առասպելն այն մասին, որ ամուսնանալու համար «այն ամենը, ինչ հարկավոր է՝ դա միայն սերն է» : Սա ուղղակի խաբեություն է:

Երբ մենք ասում ենք, որ ավանդական ընտանիքը հիմնված է ամուսնության վրա, իսկ ամուսնությունը դա միություն է տղամարդու և կնոջ միջև, ոմանք մեզ մեղադրում են ոչբավարար բաց, ոչբավարար ազատական և ոչբավարար հանդուրժողական լինելու մեջ: Մենք որևէ մեկի կամ որևէ խմբի դեմ չենք պայքարում, մենք պարզապես պաշտպանում և հավատարիմ ենք մնում Աստծու կողմից տրված բազմադարյա օրենքներին և պատվիրաններին:

Ամուսնությունը հիմնված է զգացմունքների վրա ոչ ավելի, քան որևէ այլ միություն կյանքում: Ամուսնությունը, ինչպես նաև մարդկային այլ հարաբերություններ, իր մեջ ունի հուզումներ, այն թերևս չի ստեղծվում ինչ-որ կոնկրետ հույզերի առաջացմամբ: Ես չեմ ժխտում, որ համասեռամոլները ունակ են ունենալ խորը զգացմունքներ իրենց զուգընկերների հանդեպ, բայց պնդում եմ, որ անկախ այն բանից, թե որքան խորը կլինեն նրանց զգացմունքները զուգընկերոջ նկատմամբ, այն, ինչ տեղի է ունենում նրանց միջև, չի կարելի անվանել ամուսնություն Աստծու առաջ. Սա մի գեղեցիկ ինքնախաբեություն է: Ավանդական ամուսնությունը առողջ ընտանիքի հիմնաքարն է: Ամուսնությունը դա հիմնարար սոցիալական ինստիտուտ է, որի նպատակը ոչ միայն երկու անհատների հուզումների բավարարումն է, այլ նաև հասարակությանը բարիք բերելը, որը Ամենազորի օրհնության կամ անեծքի տակ է: Հասարակությունները, որոնք հույզերի բավարարումը վեր են դասում (աստվածային) ճշմարտությունից և սկզբունքներից, շուտով կդառնան բազում ծայրահեղ հակումների, այլասերման վայրեր և կքայքայվեն: Տերը կդատի ցանկացած հասարակություն, որտեղ թույլատրելի է միասեռականների ամուսնությունը:

Ես հավատում եմ, որ Աստված կդատի նաև այն հասարակությունը, որտեղ թույլատրվում է միասեռ զույգերին երեխաներ որդեգրել և օգտվել դոնորական սերմնահեղուկից:

Աստծո Խոսքը հասարակությունից վեր է, և երբ այն միտումնավոր անտեսվում է հանուն առաջընթացի ու լուսավորության, դա արդեն լույս չէ, այլ խորը խավար:

Փոքրամասնություններին հարմարվելու համար մենք չենք կարող դրժել Աստծո Խոսքը:

Ոչ մի եկեղեցի, որը լրջորեն է ընդունում Աստվածաշունչը, չի կարող արտոնել միությունը միասեռ զույգերի միջև:

Երբ որոշ երկրներ օրինականացնում են այդ չարիքը, Աստծու ճշմարիտ և հավատարիմ զավակները պետք է հաստատակամ լինեն և երբեք թույլ չտան միասեռ ամուսնություններ եկեղեցում, սինագոգում կամ մզկիթում:

 

 Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյան

24.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․