Գրքեր

Սերն առ Աստված և առ մարդիկ

«Սիրեսցես զՏեր Աստված քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձէ քումմէ եւ յամենայն մտաց քոց: Այս է մեծ և առաջին պատուիրան: Եւ երկրորդն՝ նման սմին. սիրեսցես զընկեր քո իբրև զանձն քո: Յայս երկուս պատուիրանս ամենայն օրէնք եւ մարգարէք կախեալ կան» (Մտթ. 22:37-40):

Հիսուսը հանդիսավորությամբ Երուսաղեմ էր մտել և ժողովրդի կողմից օվսաննաներով դիմավորվել: Փարիսեցիներն ու սադուկեցիները հաջորդաբար գալիս, գտնում էին Նրան Տաճարում և նենգ հարցադրումներ անում: Հիսուսը այնպիսի խորիմաստ պատասխաններ էր տալիս, որ հպարտ սադուկեցիներն իսկ հիանում էին, ժողովուրդը՝ ուրախանում, մինչև իսկ, երբ դպիրներից մի քանիսը տեղեկացան, թե իրենց հակառակորդ սադուկեցիները Հիսուսի պատասխաններին չեն կարողացել որևէ կերպ առարկել և պարտվել են, եկան Հիսուսին շնորհակալություն հայտնելու՝ «Վարդապետ լավ ասացիր»: Այս պահին, մի երիտասարդ, որ իր Թորան (օրենքների գիրքը) էր ուսումնասիրում, ցանկացավ փորձել Հիսուսի իմաստությունն ու գիտելիքները. մի այնպիսի հարցով դիմեց Նրան, որը ցույց տվեց նրա կեղծ և անձուկ [նեղսիրտ] մտադրությունը. «Վարդապետ, օրենքում ո՞ր պատվիրանն է մեծը»:

Ռաբբիական [hրեական կրոնական] դպրոցները Մովսիսական օրենքի վերաբերյալ բազում մանր-մունր նրբություններ հնարեցին և շատ հաճախ վիճաբանություն էր լինում, թե օրենքում առկա կանոններից ո՞րն է մեծն ու առաջինը: Այդ բոլոր կանոնները թվով 613 հատ էին, այսինքն Տասնաբանյա Պատվիրանների տառերի [թվային] գումարին համապատասխան:

Եվ երբ օրենսգետը մոտեցավ, որպեսզի հարցնի, թե ո՞րն է օրենքում մեծ պատվիրանը, Հիսուսը, որ [բազմիցս] առիթ էր ունեցել հայտարարելու, այս անգամ ևս հայտարարում է. «Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ սրտով ու քո ամբողջ անձով և քո ամբողջ մտքով, այս է մեծ և առաջին պատվիրանը և երկրորդը սրա նման՝ քո ընկերոջը պիտի սիրես քո անձի պես»:

Հիսուսը սրանով իհարկե չցանկացավ պատվիրանների մեջ դասակարգում դնել և մեծ ու փոքր որոշել, մեկը առավել, իսկ մյուսը պակաս խստությամբ պահելու համար, ինչպես որ տարբերություն էին դնում դպիրները կամ օրենսգետները: Ընդհակառակը, անմիջապես հետևյալ խոսքը ավելացնելով. «այս երկու պատվիրաններից է կախված ամբողջ օրենքը…», ցույց է տալիս, որ Աստծո բոլոր պատվիրանները մեկ աղբյուրից են բխում, ընդհանուր սկիզբնավորում ունեն, որով առաջնորդվողը ինքնաբերաբար կատարում է մյուս պատվիրանները: Այս երկու պատվիրանները Հին Կտակարանում իրարից անջատված լինելով, Տերը դրանք միացնում է, ցույց տալու համար, որ դրանք իրենց իսկակական նշանակությունը պահած և իրոք կատարված կլինեն միայն այն ժամանակ, երբ մեկը մյուսին լրացնի, երբ մեկը մյուսի հիմքը դառնա և ուղղությունը որոշի: Այն ժամանակ նոր իմաստ և նոր բովանդակություն է ստանում և բարոյական կյանքի համար միակ առաջնորդող գաղափարը, ինչպես նաև բոլոր օրենքներին անուղղակիորեն փոխարինող պատվիրանն է դառնում:

Քրիստոս մեզ հավետ ուսուցանում է, որ առ Աստված մեր պարտականությունները առավելապես այն ժամանակ ենք միայն գեղեցիկ կերպով կատարած լինում, երբ առ ընկեր ունեցած պարտականությունները ամբողջովին կատարում ենք: Մեր Փրկիչը առ Աստված սերը համարում է բոլոր տեսակ արդարությունների աղբյուրը և հիմքը: Նա, Լեռան քարոզում դեպի Աստծո արքայություն տանող արդարության ուրվագիծը ներկայացնելուց հետո, մեր առջև բացահայտ պահանջ է դնում՝ ձգտել կատարյալ լինել, ինչպես, որ մեր Երկնավոր Հայրն է կատարյալ, որպեսզի Աստծո որդիներ կոչվելու և Իր արքայությունը ժառանգելու իրավունք ունենանք: Իսկ Աստծո նման կատարյալ լինել, հնարավոր է միայն այն ժամանակ, երբ սովորենք սիրել այնպես, ինչպես Աստված գիտե սիրել. «Սրանում է սերը,- բացատրում է Քրիստոսի սիրելի աշակերտը,- մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա՛ սիրեց մեզ և Իր Որդուն առաքեց մեր մեղքերի քավության համար». և ապա ավելացնում է. «Սիրե՛նք Աստծուն, քանզի նախ Նա սիրեց մեզ…», «Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանզի սերը Աստծուց է, և ամեն ոք, որ սիրում է Աստծուց է» (Ա Հովհ. Դ 10, 19, 7):

Ջանանք Քրիստոսի այս պատվիրանի կարևորությունը և առաջնությունը ևս լավ պարզել, որպեսզի մեզ համար անհասկանալի կողմ չմնա:

Ա. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն, այս է առաջին պատվիրանը»:

Աստծուն սիրելու պատվիրանը պատվիրաններից առաջինն է, քանզի Աստծո սերը հնագույնն է՝ առաջին մարդը ունեցավ այդ սերը և իր երջանկությունը կորցնելուց հետո էլ պահեց այն. սերը բնակվեց մարդկանց մեջ, սերը ապրեց՝ Աստծուց առ մարդ իջնելով և մարդուց առ Աստված բարձրանալով:

Աստծուն սիրելու պատվիրանը պատվիրաններից առաջինն է, քանզի մյուս բոլոր պատվիրանները բովանդակում է իր մեջ այնպես, ինչպես հսկա կաղնին իր ամբողջությամբ բովանդակվում է կաղնու սերմի մեջ: Նա, ով Աստծուն սիրում է, բնականաբար կատարում է Աստծո կամքը, չի նախանձում, չի ատում, չի հայհոյում, չի տրտնջում, չի չարախոսում, չի բամբասում, չի հպարտանում: Նա, ով Աստծուն է սիրում, իր ձեռքում երկնքի արքայության բանալին է պահում, և ընթանում է հավիտենական երջանկության մեջ:

Աստծուն սիրելու պատվիրանը պատվիրաններից առաջինն է, քանզի հոգևոր կյանքի համար իսկապես այն է, ինչ կենսահյութը՝ բուսական աշխարհի համար: Սիրտը, որ սեր չունի, նմանվում է երկնքին, որն արև չունի, նա, ով սեր չունի՝ սիրտ չունի, նրա ներսում դևեր են բնակվում:

Բ. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն, սա է մեծ պատվիրանը»:

Աստծուն սիրելու պատվիրանը պատվիրաններից մեծագույնն է, քանզի այն վեհ է, բարձր է, այն մեզ բարձրացնում է մինչև Աստված, մինչև գերագույն Բարին, և այսպես Նրա մեջ ենք բնակվում և Ինքն էլ մեր մեջ, մենք Նրան ենք տեսնում և Նա էլ մեզ է տեսնում:

Աստծուն սիրելու պատվիրանը պատվիրաններից մեծագույնն է. քանզի անհրաժեշտություն է բոլոր ժամանակների համար, ամեն միջավայրում և յուրաքանչյուր պարագայում:

Աստծուն սիրելու պատվիրանը պատվիրաններից մեծագույնն է. Բարեգործ և առաքինի լինելն առանց Աստծուն սիրելու և առանց Աստծուն սիրելու հավատք ունենալը, որևէ արժեք չպիտի ունենա և իր վսեմությունն ու օծությունն էլ պիտի կորցնի: Մեծագույնն է, քանզի այդ սիրո առարկան Ինքն Աստված է, գերագույն Բարին, Գեղեցիկը, Ճշմարիտը, Ստեղծիչը և համայն աշխարհի Հայրը:

Եվ նաև, ինչո՞ւ պիտի սիրենք Աստծուն. քանզի Ինքն է Սերը, Ինքն է, որ բոլորիս հավասարապես սիրում է և պահանջում, որ մենք էլ Իրեն սիրենք և Իր սերը մեր սրտի մեջ պահենք: Արդարև՝ սիրել բարին, գեղեցիկը, առաքինին շատ քաղցր և դյուրին է, կարևորն ու կենսականը այն է, որ սիրենք մեր Տիրոջը, երկնքի և երկրի Արարչին, քանզի Նա մեր Ստեղծիչն է, մեր Հայրը, մեր Փրկիչը, մեզ Վարձատրողը: Պետք է սիրենք Նրան, քանզի միայն Նա է, որ կարող է հագեցնել երջանկության մեր անհագ ծարավը, որ իր արևը ծագեցնում է բարիների համար էլ, չարերի համար էլ, աղքատների և հարուստների համար էլ: Այստեղ՝ այս անցավոր կյանքում պետք է սիրենք «մեր Աստծուն», «մեր Հորը». մի Աստված, որ Ինքն Իրեն նվիրել է մեզ, մեր կողքին է, մեր մեջ է, որ մեզ համար զոհվել է, որ խորնարհվել է բարձրունքներից: Մարդացել է մեզ համար, որպեսզի մեզ էլ աստվածացնի, հետևաբար Նրա հետ պիտի կապվենք սիրո ոսկե կապով, քանզի Նրա կողմից ենք ստեղծվել և Նրա կողմից սիրվեցինք:

Առ Աստված մեր սերը ճշմարիտ սեր չի կարող լինել, երբ մեր մեջ պակասում է ընկերոջ հանդեպ սերը. այլ խոսքով, երբ չենք սիրում մեր ընկերոջը, նրան մեր հոգու, մեր անձի պես չենք հարգում՝ Աստծուն սիրած չենք լինում, քազի գործադրած չենք լինում այն, ինչ Աստված մեզ պատվիրեց, այսինքն սիրել ընկերոջը. «Պիտի սիրես ընկերոջդ անձիդ պես»: Աստծուն սիրել նշանակում է կատարելապես և սիրով գործադրել Նրա բոլոր պատվիրանները. անհնար է ատել ընկերոջը և սիրել Աստծուն, և ընդհակառակը, երբ ճշմարտապես սիրում ենք Աստծուն, ճշմարտապես սիրում ենք նաև մեր ընկերոջը: Ինչպե՞ս կարող ենք անկեղծորեն սիրել Աստծուն, երբ չենք սիրում Նրա սիրելիներին, ինչպե՞ս կարելի է սիրել անտեսանելին, երբ մենք տեսանելին չենք սիրում:

Որքա՜ն դժբախտ է այն մարդը, որի ներսում չկա սեր առ Աստված և առ ընկեր, վա՜յ նրան, ում սիրտը ատելության բույն է և ոչ՝ սիրո, վա՜յ այն սրտին, որը մաքուր չէ, քանզի չպիտի տեսնի Աստծուն, վա՜յ այն սրտին, որի ճրագը մարել է, սիրո ճրագը, քանզի խավարի մեջ է և այնտեղ էլ պիտի մնա:

Եվ երանի՜ նրան, որ սրտով մաքուր է, որ սիրում է Աստծուն և իր ընկերոջը, քանզի նա պիտի տեսնի երկնային արքայությունը. երանի՜  նրան, որ թեև օրերը անցկացրած և մազերը ճերամակած է, սակայն տակավին չի կորցրել ճշմարիտ և կատարյալ սերը: Երանի՜ նրան, ով դեռ պատրաստ է անկեղծորեն աշխարհին հայտարարել, որ բարիքներից մեծագույնը և օրհնություններից լավագույնը սերն է: Երանի՜ նրան, ով թեև իր մարմնի կորովը կորցրած, թեև երակներում արյունը պաղած, թեև կրծքի տակ տրոփյունը թուլացած, սակայն սրտի ճրագը մարած չէ:

Ո՜վ հավատացյալներ, եթե ձեր սրտերը ատելության մեջ նիրհում են, արթնացրեք նրանց սիրո խթաններով, վառեք ձեր սրտի սիրո ճրագը, մաքրեք ձեր մռայլ սրտերը, սիրո և բարության արդյունքներով լցրեք այն, որպեսզի կարողանաք ժառանգել երկնային արքայությունը և վայելել Աստծո փառքը և Նրան փառավորել Որդու և Սուրբ Հոգու հետ միասին հավիտյանս հավիտենից. ամեն:

 

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

 

24.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․