Գրքեր

«Սերը այն միակ ուժն է, որ տրվելով չի սպառվում, այլ ավելանում է»

Դարեր ի վեր, այսօր էլ քրիստոնեական եկեղեցին՝ որպես համայնք, ապրում է և գործում: Թեև կան մարդիկ, որ եկեղեցին նույնացնում են հոգևորականության հետ, այնինչ եկեղեցին նաև այն ժողովուրդն է՝ համայնքը, որ, հաճախելով եկեղեցի, մասնակից է դառնում եկեղեցական կյանքին: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը քրիստոնեութունը նախ և առաջ եկեղեցական համայնքային կյանք է համարում, ըստ Վեհափառ Հայրապետի՝ եկեղեցին համայնք է և քրիստոնեական հավատքը համայնքային ձևով կարելի է ապրել:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ծրագրերի շրջանակներում: Թե՛ համայնքի անդամները, և թե՛ արտերկրում բնակվող հավատավոր հայորդիները ջանասիրաբար կյանքի են կոչում Տիրոջ այն պատգամը, որ հորդորում է. «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես» (Մատթ. 22:39):

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Անդրանիկ Բաբոյանի համար ավանդույթ է դարձել ամեն տարի՝ Ս. Ծննդյան տոնին ընդառաջ, իր աջակցությունը բերել սոցիալական ծրագրին՝ տրամադրելով սննդամթերք: Այս տարի 365 000 դրամի արժողությամբ սննդամթերքը՝ ալյուր, մակարոնեղեն և շաքարավազ, բաշխվեց եկեղեցու աշխատակիցներին, համայնքի կարիքավոր անդամներին և սիրիահայ ընտանիքներին:

«Սերը այն միակ ուժն է, որ տրվելով չի սպառվում, այլ ավելանում է: Այն նվերները, որ մենք ենք նվիրում՝ ժամանակ, տաղանդ, ձիրք, ուժ, դրամ, նյութական հարստություններ, այսպիսով շաղախվում են մեր ինքնության հետ: Այս դեպքում մենք անձնապես հրճվում ենք, որովհետև անձնապես մասնակից ենք դառնում Աստծո կողմից մեզ տրվածին՝ տալով մեր եղբայրներին և նմանակիցներին, մեր՝ հայերիս պարագայում՝ մեր ազգին, մեր եկեղեցուն, մեր դպրոցին, մեր մշակույթին, մեկ խոսքով, մեր անհատական գոյությունից վեր՝ մեր հասարակաց համայնությանը և ընդհանրական ու անանց արժեքներին»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը:

 

Կարինե Սուգիկյան

 

16.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․