Գրքեր

Շրջանցելով եկեղեցին՝ շրջանցում ենք մեր փրկությունը

Եկեղեցուց դուրս և առանց եկեղեցու, ըստ Սուրբ Գրքի, անհնար է փրկվել, անհնար է նաև քրիստոնեական կյանք ունենալ: Միայն եկեղեցում է, որ մարդիկ ապրելու, հոգևոր առումով աճելու և փրկվելու հնարավորություն ունեն՝ մարդու օրգանիզմի անդամների նման, որ չեն գործում մեկը մյուսից առանձին, այլ անխզելի կերպով կապված են ողջ օրգանիզմի հետ: Հոգևոր կյանքը հնարավոր է միայն եկեղեցու հետ օրգանական կապով, այդ կապի խզվելուն պես, անպատճառ և սպառվում է քրիստոնեական կյանքը: Առանձին անհատը և քրիստոնեական համայնքը այնքանով է կենդանի, որքանով ապրում է Քրիստոսի կյանքով, որքանով միացած է ընդհանրական եկեղեցուն: Կան մարդիկ, որ ասում են՝ Աստված իմ մեջ է և ես եկեղեցու կարիք չունեմ: Ըստ եկեղեցու հայրերի՝ նման մարդկանց համար դա նույնն է, ինչ ճառագայթն առանձնանա արևից, առվակը՝ աղբյուրից, ճյուղը՝ բնից:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Ով եկեղեցու գլուխն է համարվում, յուրաքանչյուրի փրկությունը պատրաստել է Իր Մարմնի՝ եկեղեցու (Կողոսացիներ 1:18) միջոցով. «ով որ հավատա և մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդատապարտվի» (Մարկոս 16:16), ինչպես նաև՝ «եթե չուտեք Մարդու Որդու Մարմնից և չխմեք Նրա Արյունից, կյանք չեք ունենա ձեր մեջ» (Հովհաննես 6:53):

Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Ով որ ձեզ լսի, Ի՛նձ լսած կլինի, և ով որ ձեզ մերժի, Ի՛նձ մերժած կլինի, իսկ ով որ Ինձ մերժի, մերժած կլինի նաև Ինձ Ուղարկողին» (Ղուկաս 10:16): Հոգեգալստյան տոնին առաքյալները ստացան Ս. Հոգին, նրանցից հետո Ս. Հոգու օրհնությանը յուրաքանչյուր ոք հաղորդակից է լինում ոչ այլ կերպ, եթե ոչ հատուկ միջնորդության՝ եկեղեցում իրականացվող արարողությունների միջոցով, որ կատարում են առաքյալների հաջորդները՝ հոգևորականները: Ամեն անձ կարող է ճանաչել ու հավատալ Ճշմարտությանը Աստծո ընտանիքում, այսինքն՝ եկեղեցում, որը, Ս. Պողոս առաքյալի խոսքի համաձայն, ճշմարտության սյունն է և խարիսխը (Ա Տիմոթեոս 3:15): Ս. Կիպրիանոս Կարթագենացին ու Ս. Օգոստինոսը նշել են, որ եկեղեցուց դուրս չկա փրկություն: Մարդկանց փրկում է նրանց սերը, որը Նոր ուխտի շնորհն է: Եկեղեցուց դուրս սերը հնարավոր չէ պահպանել, քանզի այնտեղ հնարավոր չէ ստանալ նաև Սուրբ Հոգի:

«Նա չի կարող ունենալ Հայր Աստծուն, ով չունի Մայր եկեղեցին: Եթե նայենք նրանց հավատին, ովքեր հավատում են եկեղեցուց դուրս, ապա պարզ է դառնում, որ բոլոր հերետիկոսներն ունեն բոլորվին այլ հավատ, նրանց բոլորի մոտ նույն մոլեռանդությունն է, աստվածանարգությունը՝ սրբության և ճշմարտության դեմ թշնամությամբ լի: Եկեղեցուց դուրս չկա կյանք, Աստծո տունը մեկն է, և ոչ ոք չի կարող փրկվել որևէ այլ տեղ, եթե ոչ եկեղեցում»,- ասել է Ս. Կիպրիանոսը: Փրկության կարևոր նախապայմանն է եկեղեցու անդամ լինելը: Այսօր բազմաթիվ կրոնական կազմակերպություններ են գործում, ովքեր թշնամությամբ են լցված միմյանց հանդեպ, բայց նրանք մեկ հարցում են միասնական, նրանց համար անհաշտելի թշնամի է ուղղափառ եկեղեցին:

Աստվածաշնչի առաջին գրքում՝ Ծննդոցում կարդում ենք, որ երկրի ապականության պատճառով Աստված որոշեց ոչնչացնել այն ջրհեղեղով, այդ մասին Տերը հայտնեց արդար Նոյին և պատգամեց տապան կառուցել: Նոյն ու իր ընտանիքը մեկ դար համբերությամբ կառուցում էին տապանը, միաժամանակ հիշեցնելով սպասվելիք պատուհասի՝ ջրհեղեղի մասին, բայց այդպես էլ մարդիկ անփույթ էին և անտարբեր: Նրանց անտարբերությունը հատվեց այն օրը, երբ իրենց համար այդքան օրերի ծաղրվելիքն արդեն իրականություն էր, գուցե մեծ ցանկություն կար փրկվելու ջրհեղեղից, բայց արդեն ուշ էր. տապանի դուռն Աստված փակել էր: Եկեղեցու հայրերը եկեղեցին նմանեցնում են փրկության տապանի, եթե Նոյի ժամանակ մուրճի հարվածներն էին հիշեցնում ջրհեղեղի մոտալուտ լինելը, ապա այսօր եկեղեցին է իր զանգերի ղողանջով հիշեցնում Քրիստոսի Երկրորդ Գալուստն ու ահեղ դատաստանը` ապաշխարության կոչելով բոլորին: Փրկության տապանը՝ եկեղեցին, կյանքի փոթորկալից ծովով ընթանում է ապահով, քանի որ տապանի նավավարը Ինքը՝ Քրիստոսն է: Տապանից՝ եկեղեցուց դուրս, միայն տախտակով փոթորկալից ծովն անցնողն իրեն ենթարկում է անդառանալի մահվան:

Իլարիոն արքեպիսկոպոս Տրոիցկու «Քրիստոնեություն չկա առանց եկեղեցու» աշխատության մեջ կարդում ենք. «Փրկության հույսը կորցնում է ոչ միայն նա, ով աղավաղում է քրիստոնեության հիմնական ճշմարտությունները. այդ հույսից զրկված է յուրաքանչյուր ոք, ով անջատվում է ընդհանրապես եկեղեցուց, Քրիստոսի Մարմնի մեկ ամբողջական օրգանիզմի ընդհանուր կյանքից: Եթե մարդ հեռացել է կամ հեռացվել է եկեղեցուց, նա վախճանված է, մեռած է Աստծո և հավիտենականության համար»:

Քրիստոսի հետևորդն ընթանում է Տիրոջ ուղենշած ճանապարհով, քանի որ Քրիստոսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհաննես 14:6), և նա քաջատեղյակ է Տիրոջ այն խոսքին, որ նախազգուշացնում է. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով միացած է Ինձ, և Ես՝ նրան, նա առատ պտուղ կտա, որովհետև առանձ Ինձ դուք ոչինչ անել չեք կարող: Ով որ Ինձ միացած չի մնա, նա կտրվելով դուրս կնետվի և կչորանա այն ճյուղերի նման, որ հավաքում և կրակը նետելով այրում են» (Հովհաննես 15:5-6): Այսպիսով, աստվածահիմն եկեղեցում Քրիստոսին հաղորդակից եղողը կատարում է մի ընտրություն, որ առաջնորդելու է իրեն դեպի հավիտենական կյանք:

 

 

Կարինե Սուգիկյան

22.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․