Գրքեր

Սիրիահայ համայնքի ամանորյա տոնախմբությունը

Դեկտեմբերի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Mantalun ռեստորանում նշեց Ամանորը՝ իրենց բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով: Ամանորյա տոնախմբությունը սկսվեց Տերունական աղոթքով:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը: «Այսօր բոլորս միաբանվել ենք նշելու գալիք Ամանորը: Մաղթում եմ, որ միաբան լինենք թե՛ ուրախության և թե՛ դժվարության մեջ: Ս. Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ ուրախ եղեք, Քրիստոսի հավատով ուրախ եղեք: Կյանքում կան և՛ փոթորիկներ, և՛ լուսավոր օրեր: Ամեն մի փոթորիկ մեզ կրթում է, դաստիարակում և մաքրում, ինչպես կրակն է մաքրում ոսկին և արծաթը: Մաղթանքս է, որ ամեն մի փոթորկի մեջ ոչ թե խոչընդոտ, այլ հնարավորություն տեսնենք: Թող ուրախությունը, երջանկությունը, անսահման սերն ու միաբանությունն անպակաս լինեն ձեզանից և ընթանանք դեպի Աստված Մայր եկեղեցու առաջնորդությամբ, որ հայի համար եղել է, կա և կլինի միակ հոգևոր երջանկության աղբյուրը»,- ասաց Վաչագան սարկավագը:

Ապա ներկաներին իր խոսքն ուղղեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միության ատենապետուհի Զարուհի Համալյանը. «Աստծո ողորմությամբ կրկին Ամանորի նախաշեմին ենք: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և մեր համայնքի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի աջակցությամբ ու գլխավորությամբ վերհիշում և նշում ենք մեր Ամանորը: Սիրելի և խորհրդավոր տոնին յուրաքանչյուրս նոր սպասումներ և հույսեր ունենք: Մեր խնդրանքն է, որ Տերն Ամանորին սովյալին հաց տա, հիվանդին՝ առողջություն, որբին՝ ծնող, անհավատին՝ հավատ և մեր հայաշունչ օջախներին՝ ժպիտ, հաղթանակ և երջանկություն: Սիրիայի տագնապներից փրկված՝ այսօր մեր անկախ հայրենիքում ենք ապրում, ստեղծագործում՝ մեր հոգևոր սնունդն առնելով Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ կամարներից ներս»:

Ամանորյա տոնախմբությանը մասնակից յուրաքանչյուր սիրիահայ իր տոմսն ուներ և երեկոյի ընթացքում վիճակահանությամբ ընտրվեցին թե՛ օրվա բախտավորը և թե՛ այն տասնչորս անձինք, որոնց տրվեցին կենաց ծառի խորհրդանիշը համարվող փոքրիկ տոնածառներ: Սիրիահայ համայնքի ամանորյա երեկոն ազգային և արտասահմանյան երգերով համեմեց սիրիահայ երգիչ Հովսեփ Գասպարյանը: Ապա ժամանեց երեկոյի սպասելի հյուրը՝ Կաղանդ պապը, ով կրկնապատկեց ներկաների ուրախությունը, պարեց իր սիրելի թոռնիկների՝ սիրիահայ երեխաների հետ և նրանց հանձնեց ԱՀԹ-ի կողմից պատրաստված ամանորյա նվերներ:

Կաղանդ պապն ուզում էր իր սիրասուն թոռնիկներից իմանալ, թե ո՞վ է եղել Հայոց առաջին Կաղանդ պապը: Այնինչ թոռնիկները դժվարացան պատասխանել, և Կաղանդ պապը, ի զարմանս բոլորի, նշեց, որ Հայոց առաջին Կաղանդ պապը եղել է ոսկեդարյան շրջանի Հայոց կաթողիկոս Ս. Սահակ Պարթևը:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միության ջանքերով կազմակերպված ամանորյա տոնախմբությունը, խաղերը, անակնկալները և Կաղանդ պապի ներկայությունն իրապես տոնական դարձրեցին յուրաքանչյուր սիրիահայի օրը:

Նշենք, որ Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով 2012 թ-ից բազում հայ ընտանիքներ ներգաղթեցին Հայաստան, ձևավորվեց սիրիահայ համայնք և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

«Այս տարիների ընթացքում ուրախալի է տեսնել, որ սիրիահայերը ներգրավվել են եկեղեցու համայնքային կյանքից ներս, ձևավորվել է «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միությունը, ամեն ուրբաթ Առավոտյան ժամերգությունից հետո նրանք մասնակցում են քարոզխոսությանը, մեծ թվով սիրիահայ փոքրիկներ մեր կիրակնօրյա դպրոցի սաներն են: Սրբազան Հոր օրհնությամբ մի շարք եկեղեցական տոներին սիրիահայ համայնքը կյանքի է կոչում իրենց գեղեցիկ ավանդույթները: Ամանորի կապակցությամբ մաղթանքս է մեր սիրիահայ համայնքին, որ Աստծո հանդեպ լիառատ հույսով և անսասան հավատքով ապրեն իրենց կյանքի յուրաքանչյուր մի օրը, քանի որ ըստ սաղմոսերգուի՝ Տիրոջ վրա հույս դնողը հավիտյան չի սասանվի ինչպես լեռը Սիոնի, որ գտնվում է Երուսաղեմում (Սաղմոս 124:1)»,- ասաց Տեր Գրիգորը:

 

 

Կարինե Սուգիկյան

21.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․