Գրքեր

Սիրիահայերի միասնական աղոթքը հանուն խաղաղության

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքային ընտանիքը երեք տարի է ինչ համալրվել է մեր հայրենակիցներով՝ սիրիահայերով: Որպես համայնքի անդամներ՝ նկատելի է նրանց ակտիվ մասնակցությունը թե՛ եկեղեցական ծեսերին և արարողություններին, թե՛ եկեղեցական և ազգային տոներին, թե՛ ուխտագնացություններին և այլ համայնքային ծրագրերին:

Սբ. Թարգմանչաց տոնին` հունիսի 25-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ սիրիահայ համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ մեկնեցին ուխտի Գեղարդավանք` մինչ այդ այցելելով նաև Գառնիի հեթանոսական տաճար:

Մինչ մեկնելը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում թվով հիսուն ուխտավորները Տեր Գրիգորի գլխավորությամբ միասնաբար աղոթեցին և որոշեցին ուխտագնացությունը նվիրել Սիրիայում խաղաղության հաստատմանը: Ուխտագնացությունը հովանավորել էր սիրիահայ համայնքից Զեփյուռ Քահվեջյանը:

Ամեն մի ուխտի ճանապարհ, այնպես էլ այս ուխտավորների ուղին անցավ աղոթքով և շարականներով:

Նրանցից ոմանք առաջին անգամ էին անցնում այդ ճանապարհով, ուստի նրանց ուրախություն էր պատճառում հայրենիքում ամեն մի սրբավայր կամ այլ տեսարժան վայր տեսնելը:

Ինչպես այս ճանապարհով անցնող յուրաքանչյուրը, այնպես էլ նրանք չէին կարող կանգ չառնել ժողովրդի կողմից հայտնի «Չարենցի կամար» հուշակոթողի մոտ և չհիանալ հայոց երկրի գեղեցկությամբ, բիբլիական սարով՝ Արարատով՝ կամարին փորագրված մեծանուն բանաստեղծի՝ Չարենցի խոսքով ասած.

Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Որպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Հուշակոթողի մոտ ուխտավորներն առիթ ունեցան լսելու և միանալու «Լուսաբեր» երգչախմբի «Կիլիկիա», «Էրեբունի Երևան», «Հայաստան աշխարհ» երգերին:

Մինչ Գառնի հասնելը ճանապարհին համայնքի անդամ Սիրանուշ Գյումրույանը, ով մանրամասնորեն ուսումնասիրել էր տեղանքների, եկեղեցիների պատմությունները, ուխտավորներին ներկայացրեց Գառնիի գյուղերում տեղի ունեցած վերջին հնագիտական գտածոների մասին: Ըստ այդ տվյալների՝ Հացավան գյուղում 1-ին դարի բերդի ավերակներից հայտնաբերվել է Տիգրան Մեծ-ի պատկերով ոսկեդրամ, իսկ Գառնիում՝ վաղ երկաթեդարյա մի կնիք, որի վրա պատկերված է այծը կենաց ծառի առջև կանգնած: Արդեն Գառնիում Սիրանուշն ուխտավորներին ներկայացրեց հեթանոսական տաճարի, բաղնիքի և խոնարհված Սբ. Սիոն եկեղեցու պատմությունները:

Ուխտավորների ուղու վերջնակետն Այրիվանքն էր, որ 13-րդ դարից առ այսօր կոչվում է Գեղարդավանք: Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին բնական քարայրներից ժայռափոր վանքի վանահայր Տարոն վարդապետ Ղուլիկյանն ուխտավորներին ներկայացրեց վանքի պատմությունը, ապա զրուցեց ուխտագնացության կարևորության և ուխտավորի աղոթքի զորության մասին:

Գեղարդավանքում «Տեր ողորմյա» շարականն երգելուց հետո, ուխտավորներն օրհնություն ստացան, ապա ժայռափոր խաչքարերի միջանցքով բարձրացան դեպի քարանձավային գավիթ՝ Պռոշյանների դամբանատուն: Այնտեղ Սբ. Պատարագից հատվածներ երգեցին Սիրանուշ Գյումրույանը, Լուսին Բահարյանը, Էլիզաբեթ Էմիրխանյանը, Սիլվա Յագուբյանը և Կարո Արդյանը: Այնուհետև Տեր Գրիգորն ու Հայր Տարոնը հոգեհանգիստ կատարեցին Սիրիայում պատերազմի ժամանակ նահատակված հայորդիների համար:

Այնտեղ ներկա օտարազգիները խորապես հուզված և տպավորված էին սիրիահայերի կատարմամբ հոգևոր երգերի ելևէջներով:

Ազատ գետի ափին ուխտավորները սիրո ճաշ ունեցան: Հայրենիքի գեղեցկատեսիլ և անօրինակ գեղեցկության մեջ նրանք հնչեցրին ազգային և ժողովրդական երգեր, նրանց ակորդեոնով նվագակցում էր Ցոլինե Զաբախջուրյան- Փալանջյանը:

Ապա Տեր Գրիգորն իր շնորհակալությունը հայտնեց Զեփյուռ Քահվեջյանին ուխտագնացությունը հովանավորելու համար: Ամեն մի եկեղեցական ծեսի, տոնի, ուխտագնացության կամ որևէ այլ ծրագրի մասնակցության մեջ Տեր Հայրն անչափ կարևորում է մեկը մյուսին օգնելու, սիրո և համախմբվածության մթնոլորտը, քանի որ, ըստ նրա, Աստծո հետ միավորվելու, Նրա պատկերն ու նմանությունը կրելու առաջին պայմանը մեկը մյուսի հետ միասնական լինելու մեջ է: «Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ բոլորս, առանձին-առանձին անդամներ լինելով, միասնաբար կազմում ենք Քրիստոսի մարմինը: Աստվածահիմն եկեղեցու էությունն է միությունը: Մեր Տերը, աղոթելով եկեղեցու համար, խնդրում էր Հայր Աստծուց. «Աղոթում եմ, որ նրանք բոլորն էլ մի լինեն, ինչպես որ դու, ո՛վ Հայր, իմ մեջ ես, և Ես՝ Քո մեջ, այնպես էլ նրանք լինեն մեր մեջ, որպեսզի աշխարհը հավատա, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ» (Հովհաննես 17:21): Բոլորիս միավորել է մեր հավատքը և միավորման սրբազան վայրում՝ եկեղեցում, հանուն աշխարհի խաղաղության և նահատակ հայորդինների հոգիների հանգստության համար մեր միասնական աղոթքը հնչեցրինք առ Աստված»,- ասաց Տեր Գրիգորը:

«Ողջ ուխտի ժամանակ մեր փափագն էր աղոթել մեր նահատակների հոգիների համար, նաև նրանց համար, ովքեր այժմ Սիրիայում են, որպեսզի Աստված օգնական լինի իրենց և խաղաղություն պարգևի»,- ասաց ուխտավորներից Սիլվա Բեկմեզյանը:

Ուխտագնացությունը Մարի Քյոշկերյանի համար անցյալից իրենց հասած գեղեցիկ ավանդություն է, որին ինքն ամեն անգամ մեծ սիրով է մասնակցում: Իսկ Արփին երախտապարտ է իր նախնիներին, ովքեր, մեծ դժվարությամբ պահելով, իրենց են փոխանցել եկեղեցական և ազգային սովորությունները և որ իրենք այժմ անկախ հայրենիքում արդեն կրողն են այդ հարուստ ժառանգության: Նրան ուխտագնացությունը հոգեկան և մարմնական հանգստություն և խաղաղություն է պարգևում:

Առաջին անգամ Հալեպից Հայաստան ժամանած Ազիկ Մինասյանի երազանքն էր տեսնել հայրենիքն իր սրբավայրերով: Այս ուխտագնացությամբ նա անբացատրելի զգացողություն ունեցավ:

Թե՛ ուխտագնացությամբ և թե՛ «Չարենցի կամար» հուշակոթողի մոտ երգչախմբի հետ երգերի կատարումով Լուսինե Բահարյանը հոգեպես վերանորոգվեց և հանգստություն ապրեց:

Թիթեռ Քիլեջյանը հույսով է, որ աշխարհում խաղաղություն կհաստատվի: Ուխտագնացությամբ նա Տիրոջ ներկայությունն է վայելում և շնորհակալություն հայտնում Աստծուն և՛տրվածի, և՛ չտրվածի համար:

Սուրբ Թարգմանչաց միասնականության և համագործակցության խորհրդի շուրջ ուխտագնացությամբ միավորված սիրիահայերը մեկ ժայռից միասնական հավատքով ծնունդ առած Գեղարդավանքում իրենց միասնական աղոթքը բարձրացրեցին առ Աստված հանուն խաղաղության:

 

 

Կարինե Սուգիկյան

25.06.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․