Գրքեր

Սիրո օրենքը խախտող մոլությունը

Ամեն պարագայում և ամեն տեղ իր շահը փնտրողը հայտնվում է շահամոլության մեղքի մեջ, որը ոչ պակաս վտանգավոր է, քան ագահությունը: Սուրբ Գիրքը հորդորում է և ասում՝ ոչ ոք թող չմտածի միայն իր մասին, այլ նաև իր ընկերոջ մասին (Ա Կորնթ. 10:24): Հետևյալ պատմությունը շատ պարզ կերպով բնութագրում է այս մոլությունները. «Մի երիտասարդ ցանկանում է վանք ընդունվել: Վանականը սկսում է հարցեր տալ նրան՝ ցանկանալով փորձել, թե արդյո՞ք նա իրապես որոշել է աշխարհը թողնել:

- Եթե դու ունենայիր երեք ոսկեդրամ, կտայի՞ր աղքատին:

- Ողջ սրտով, Հայր:

- Իսկ երեք արծաթե դրամ:

- Սիրով:

- Իսկ եթե ունենայիր երեք պղնձե դրամ:

- Ո՛չ, Հայր:

- Իսկ ինչո՞ւ ոչ,- զարմացած բացականչեց վանահայրը:

- Քանի որ ես իրապես ունեմ երեք պղնձե դրամ»:

Պատմությունը հաստատում է, որ խնդիրը ոչ թե հարստության չափի, այլ մարդու կամքի մեջ է, որ ստրկանալով նյութին՝ զրկվում է աստվածապարգև ազատությունից: Մարդը, հեռանալով ճշմարիտ ու մնայուն արժեքից, ընդունում է նյութականը՝ որպես բարձրագույն արժեք, և հույսը դնելով նյութականի վրա՝ այն որպես կյանքի միակ հենարան և նույնիսկ գոյության իմաստ է համարում: Ցավոք սրտի, շատ ծնողներ գիտակցաբար թե անգիտակցաբար իրենց երեխաների մեջ սերմանում և զարգացնում են շահամոլությունն ու ագահությունը: Գաղտնիք չէ, որ շատ ընտանիքներում երեխաները համարյա ոչինչ չեն լսում, բացի շահավետ աշխատանքի, բարձր աշխատավարձի, հարստության, փողի և ունեցվածքի մասին: Տանն այս խոսակցությունները լսելուց զատ երեխաները հետևում են նաև իրենց շրջապատող մարդկանց մեծամասնությանը, որոնց միակ խնդիրը նյութականի ձեռքբերումն է: Աստիճանաբար նրանց մոտ ստեղծվում է այն տպավորությունը, նաև համոզումը, որ մարդն այս աշխարհում ապրում է, որպեսզի աշխատի և գումար վաստակի, որ փողն ու նյութական հարստությունն ամենակարևորն են այս աշխարհում: Զարմանալի չէ, որ շահամոլությունն ու անհագությունը երեխայի սրտում դեռ փոքր տարիքից է խոր արմատներ գցում:

Որպեսզի երեխաները չընկնեն շահամոլության կրքի մեջ, անհրաժեշտ է նրանց սրտում սերմանել այս մոլության հակադիր առաքինությունը՝ առատաձեռնությունը: Այս առաքինությանը երեխաները հեշտությամբ են ընտելանում, երբ նրանց սովորեցնում են իրենց ունեցածը դիմացինի հետ կիսել, ողորմություն տալ, օգնել ծերերին ու հիվանդներին: Երեխան պետք է սովորի, որ գթասիրտ պետք է լինի ոչ միայն կարեկցանքից ելնելով, այլ նախ և առաջ քրիստոնյա լինելով, և որ աղքատին ու կարիքավորին օգնություն ցուցաբերողը, տալիս է Աստծուն: Ագահության արտահայտման մի ձև է, երբ երեխան պահանջում է այն, ինչ չունի և սկսում է տրտնջալ, այս դեպքում ծնողի անելիքն է երեխային սովորեցնել գոհանալ իր ունեցածով: Ծնողը երեխային պետք է ուսուցանի նաև, որ աշխատանքը հաճելի է Աստծուն, որ մարդն իր աշխատանքով ոչ միայն իրեն, այլ նաև իր մերձավորներին է խնամում ու կերակրում (Բ Թես. 3:10) և իր աշխատանքով կարող է օգնել կարիքավորներին, տկարներին և հիվանդներին: Երեխան պետք է իմանա, որ աշխատելու պատվիրանն Աստված Ինքն է տվել (Ծննդ. 2:15):   

Անհրաժեշտ է երեխային խնայողության դասեր տալ, սակայն չափավոր, որպեսզի այն չուղղորդի նրան ագահության: Այսպիսով՝ ծնողը՝ որպես իր երեխայի առաջին մանկավարժ, պետք է ուսուցանի նրան խոսքով և գործով, ներշնչի, որ փողն ու ունեցվածքն ամենագլխավորը չեն աշխարհում, որ կան ավելի բարձր արժեքներ՝ առաքինություններ, որոնք հաճելի են Աստծուն, սովորեցնի նաև, որ մարդ օգուտ չունի, եթե նա, ըստ ավետարանական խոսքի, ձեռք բերի ողջ աշխարհը, բայց կորցնի իր հոգին (Մատթ. 16:26):

Շահամոլության ճանկերի մեջ ընկածի համար այս մոլությունը ժամանակի ընթացքում դառնում է ապրելակերպ և իր տեսակներով՝ ագահությամբ և անհագությամբ, ոչ միայն վնասում է հասարակությանը, այլև այն կրողին: Այս մոլությունները խախտում են արդարության ու սիրո օրենքները և բարոյազրկում մարդուն: Քրիստոս դատապարտեց ագահությունն ու հարստանալու վերաբերյալ հոգսը (Մատթ. 6:24-34) և իր առաքյալների ուշադրությունը գրավելով դեպի երկնային գանձերը՝ ասաց. «Ձեզ համար պատրաստե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցն է փչացնում, որովհետև որտեղ ձեր գանձնէ, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Ղուկ. 12:33-34):

Ագահության հիմնական պատճառը հոգու դատարկությունն է՝ հոգու քաղցն ու ծարավը, ինչն առաջ է գալիս մեղքի պատճառով: «Մարդու բոլոր աշխատանքներն իր բերանի համար են, բայց նրա հոգին չի հագենում» (Ժող. 6:7): Ագահ մարդը չհասկանալով, թե որն է իր անբավարարվածության պատճառը, փորձում է մեղմացնել այն նյութական հարստությամբ՝ չգիտակցելով, որ նման ծարավը հնարավոր չէ հագեցնել նյութականով: Այնինչ նրան անհրաժեշտ է միայն վերադառնալ առ Աստված, Ով համարվում է կյանքի ջրի աղբյուրը և ընդունակ է հագեցնել հոգու ծարավը: Միայն Տերն է ընդունակ հագեցնել հոգու քաղցն ու ծարավը. «Ես եմ կյանքի հացը: Ով գալիս է դեպի Ինձ, քաղց չի զգա բնավ, և ով հավատում է Ինձ, չի ծարավի երբեք» (Հովհ. 6:35):

Հնարավոր չէ շահամոլությունից և նրա տեսակներից մեկ օրվա մեջ ազատագրվել: Հին Կտակարանում Աստված Իր ընտրյալ ժողովրդին այս կերպ էր սովորեցնում հեռու մնալ ագահությունից. «Երբ քո արտը հնձելուց հետո խուրձ մոռանաս քո արտում, մի՛ վերադարձիր այն վերցնելու համար. դա թող պատկանի աղքատին, եկվորին, այրուն և որբին, որպեսզի քո Տեր Աստվածը քեզ օրհնի բոլոր այն գործերում, որոնց ձեռնարկում ես: Երբ քաղես քո այգին, քաղից հետո ճռաքաղ չանես. դա թող պատկանի եկվորին, որբին և այրուն» (Երկ. Օր. 24:19-20):

Այս մոլություններից ազատվելու համար պետք է ջանասիրաբար աղոթել և Աստծու օգնությունը հայցել. «Արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26:41): Անհրաժեշտ է փախչել ագահության որևէ դրսևորումից. «Սակայն դու, մա՛րդ Աստծու, հեռո՛ւ փախիր այդպիսի բաներից և հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության» (Ա Տիմոթ. 6:11): Անհրաժեշտ է զվարթառատ սրտով բարին գործել. «Հիշեցե՛ք՝ ով քիչ է սերմանում, քիչ էլ կհնձի, իսկ ով առատորեն է սերմանում, առատորեն էլ կհնձի: Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե չկամությամբ կամ պարտավորված զգալով, որովհետև Աստված սիրում է նրան, ով նվիրում է զվարթառատ կերպով» (Բ Կորնթ. 9:6-8): Անհրաժեշտ է ուշադիր լինել, թե մեր գլխավոր մտածումները հոգևորի թե նյութականի հետ է կապված. «Երկնավո՛ր բաների մասին խորհեցեք և ոչ թե երկրավոր բաների, որովհետև դուք այս աշխարհի համար մեռաք, որպեսզի Քրիստոսի հետ միասին ապրեք այն կյանքով, որ Աստված վերապահել է ձեզ» (Կող. 3:2-3): Անհրաժեշտ է գոհանալ Աստծուց ունեցածի համար և փառաբանել Նրան. «Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր կյանքում. բավարարվեցե՛ք ձեր ունեցածով, որովհետև Աստված Ինքն է ասում՝ քեզ երեսի վրա չեմ թողնելու և երբեք չեմ լքելու» (Եբր. 13:5): Բարի և առատաձեռն մարդկանց հետ հաղորդակցությունը լավագույն օրինակ կարող է հանդիսանալ յուրաքանչյուրի համար. «Չարը թող օրինակ չլինի քեզ, այլ բարո՛ւց օրինակ վերցերու, որովհետև ով բարին է գործում, Աստծուց է ծնված, մինչդեռ ով չարիք է գործում, նա Աստծուն երբեք չի տեսել» (Գ Հովհ. 1:11): Շահամոլության ճիրանի մեջ ընկածը կարող է ազատագրվել՝ հիշելով Տիրոջ հետևյալ խոսքը՝ ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը (Գործք Առ. 20:35):

 

Կարինե Սուգիկյան

 

03.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․