14 Օգոստոս, Ուր, Աստվածածնի պահքի Ե օր

Գրքեր

«Սպասի՛ր Տիրոջը և քաջալերվի՛ր»

«Համբեր Տեառն և քաջալերեաց․ զօրասցի սիրտ քո և համբեր Տեառն»։

«Սպասի՛ր Տիրոջը և քաջալերվի՛ր, թող զորանա քո սիրտը և սպասիր Տիրոջը» (Սաղմոս 26։14)։

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․

Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյամբ մեր ակնկալիքն այն է, որ Քրիստոս ծնվի մեր սրտերում, որ գա և վերափոխի ու վերակերտի մեզ։ Քրիստոնեական հավատքն այն հրաշագործ կրոնն է, որ փոխում է մարդու էությունը։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ոչ միայն բժշկեց կաղերին, կույրերին, անդամալույծներին, այլև մարդկանց հոգիները բուժեց։ Եսայի մարգարեն ասում է Աստծո Միածին Որդու մասին․«Նա մեր հիվանդությունները իր վրա վերցրեց և մեր ցավերը կրեց» (Մատթեոս 8։17)։ Բուժեց Մարիամ Մագդաղենացուն, Զակքեոս մաքսապետին և բազմաթիվ մարդկանց։

Երբ Քրիստոս Երիքով է գնում, Զակքեոսը, որ մեծահարուստ մաքսապետ էր, ցանկանում է տեսնել Հիսուսին։ Կարճահասակ լինելու պատճառով բարձրանում է ժանտաթզենու վրա, որպեսզի տեսնի Նրան։ Քրիստոսն անցնելիս նրան տեսնում է և ասում․«Զակքեո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետև այսօր պետք է, որ ես քո տանը գիշերեմ»։ Զակքեոսը իջավ և Նրան ընդունեց ուրախությամբ։ Մարդիկ տեսնելով դա, ինչպես Ավետարանն է ասում, «տրտնջում էին և ասում, որ մեղավոր մարդու մոտ մտավ գիշերելու»։ Մինչդեռ Զակքեոսի համար դա հոգու փրկության օր էր, քանի որ այդ հյուրընկալության ժամանակ Նա Քրիստոսին ասաց․«Տե՛ր, ահա իմ ինչքերի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։ Հիսուս ասաց․«Այսօր այս տան համար փրկություն եղավ, քանի որ սա ևս Աբրահամի որդի է, որովհետև մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին» (Ղուկաս 19։ 1-10)։ Այսպես՝ Աստծո Որդու այցելությամբ, ունկնդրելով և ցանկանալով կատարել Աստվածային պատվիրանները՝ փրկվեց Զակքեոսը։

Սիրելինե՛ր, մեծերից մեկն ասել է․«Աստվածաշունչը տրված չէ այն բանի համար, որպեսզի ավելանան գիտելիքները, այլ տրված է այն բանի համար, որպեսզի փոխվի կյանքը»։ Այո՛, Աստվածաշունչն այն գիրքն է, որ իր հրաշագործ ազդեցությամբ փոխում է մեզ, փոխում դեպի լավն ու բարին։ Այն կարդալով՝ մենք չենք կարող մնալ նույնը։ Այն կարդալով՝ մենք նոր շապիկ ենք ձեռք բերում՝ մաքուր ու լուսավոր, որովհետև մեր Տերը մաքրում է մեզ, լուսավորում է մեր միտքն ու խորհուրդները, բուժում է մեր հիվանդ հոգին ու սիրտը, կազդուրում ու հիմնանորոգում է այն։

Եվ մենք իսկապես ունենք վերափոխության կարիք։ Քրիստոս մեզ պատվիրում է․«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայությունը չեք մտնի» (Մատթեոս 18։3)։ Հիսուսը տաճար մտավ, իսկ «Տաճարի մեջ վաճառում ու գնումներ էին անում և շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները։ Եվ նրանց ասաց․«Գրված է՝ իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք արել այդ» (Մատթեոս 21։12, 13)։ Մենք պիտի նախանձախնդրություն ցուցաբերենք, որ Տերը մեր հոգիներն ու սրտերը մաքրի և սրբագործի։ Աշխարհիկ զանազան հարցերում մենք մեծ նախանձախնդրությամբ հասնում ենք մեր նպատակներին, ջանքեր չենք խնայում մեր ցանկությունների իրագործման համար, սակայն Տերը ցանկանում է նաև, որ մենք խանդավառ կերպով մեր հոգու փրկության համար ևս ջանանք։ Ցանկանում է, որ մենք հետևողական լինենք և խնդրենք, որ Նա գա և մաքրի մեզ, զորացնի մեզ՝ մեղքերից հեռու մնալու, մեղքերին չտրվելու։ Գա և մեր տկարությունը բուժի, Իր հոգու շնորհներով զարդարի մեզ, որպեսզի կարողանանք արժանավոր քրիստոնյաներ լինել, բժշկվել և քաջալերվել։ Մենք բոլորս Աստծո բժշկության, մխիթարության և շնորհների կարիքն ունենք, առանց որոնց բուժվել և թոթափել մեր մեղքերը չենք կարող։ Չենք կարող առաջանալ բարի գործերի մեջ, չենք կարող հոգևոր վերելք ունենալ։

Մենք պիտի Երիքովի երկու կույրերի պես Քրիստոսին աղաղակենք․«Ողորմի՛ր մեզ, Հիսո՛ւս, Դավթի Որդի»։ Եվ կլսենք Տիրոջ ձայնը․«Ի՞նչ եք կամենում, որ ձեզ անեմ» (Մատթեոս 20։30-32)։ Եվ Տերը, ինչպես այդ կույրերին գթաց, այնպես էլ կգթա մեզ։ Մենք պիտի կարողանանք ճշմարիտ խոստովանողի պես բացել մեր հոգու ցավերը։ Ամոթը չպիտի խոչընդոտի մեզ, որ մենք մեր վերքերն ու խոցերը բացենք Աստծո Որդու առաջ։ Հակառակը, պետք է մեր բժշկի առաջ խոստովանենք մեր տկարությունները, ցույց տանք Նրան մեր խոցերը, որոնք պղտորում են մեր հոգին։ Կարող ենք խաբել ինքներս մեզ, բայց Աստծուն խաբել չենք կարող։ Պիտի նախ և առաջ Աստծուց ուժ խնդրենք՝ տեսնելու և բաց աչքերով նայելու մեր վերքերին։ Ինքներս մեզ չհամոզենք, որ մեր հոգին հիվանդ չէ և խնդիրներ չունի։ Ո՛չ, ունի և Աստված գիտի դրանց մասին։ Մեզ անհրաժեշտ է քաջություն, որպեսզի չխուսափենք մեր հոգու աղտոտվածությանը նայելուց, խոստովանելուց և Աստծո առաջ բաց անելուց, որովհետև Նա մեզանից դա է ուզում։ Նա կշտապի դեպի մեզ և կբուժի մեր հոգին, սիրտն ու միտքը։

Ամեն բան հաղթահարելի է Աստծով։ Աստված մեզ անվախ է դարձնում նույնիսկ մեր տկարություններով հանդերձ։ Աստծո ուժն ու զորությունը այն անհրաժեշտ ազդակներն են, որոնք հրաշքներ են գործում նույնիսկ ամենաանհավանական իրավիճակներում։ Աստծո շնորհով և զորությամբ շտկվում են մեր բնավորության գծերը, փոխվում է մեր էությունը, այնպես որ հետադարձ հայացք նետելիս մենք կարող ենք զարմանալ, թե ինչպես ստացվեց, որ հաղթահարեցինք այս կամ այն իրողությունը։

Այնպես որ եկեք աղոթենք, համբերենք ու սպասենք Տիրոջ փրկությանը, Տիրոջ օգնությանը։ Մեր կյանքը դեռևս ընթացքի մեջ է, և մենք՝ իբրև քրիստոնյաներ, մեր վարքն ու բնավորությունը, մեր հոգին ու սիրտը ուղղելու և մաքրելու կարիք ունենք։ Աստված մեզ հետ է և կօգնի մեզ։ Սուրբ Պետրոս Առաքյալը Քրիստոսի աշակերտն էր, շրջում էր Նրա հետ և անընդհատ սովորում էր, Աստծուց խրատվում էր, թե՛ դրվատանք էր լսում Տիրոջից և թե՛ նախատվում էր սխալ խոսքերի համար։ Աստված գիտի և ճանաչում է մեզ։ Աստծուն սեփական մեղքերի խոստովանությունը կօգնի հաղթահարել դրանք, որովհետև Աստված չի դատապարտում, այլ իբրև Սիրող Հայր մեզ օգնում է, մեզ քաջալերում է, մխիթարում է, ընկած տեղից վեր է բարձրացնում, աջակցում է, հետևում է մեր քայլերին, տեղյակ է մեր բոլոր արարքներից։ Նա հոգատար է մեր նկատմամբ, մեզանից առավել հոգ է տանում մեզ համար, ուստի վախենալու ոչինչ չկա։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

12.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․