Գրքեր

Սրբապատկերների, խաչվառների և վեմ քարերի օծման արարողություն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում

Դեկտեմբերի 15-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ և թեմի հոգևոր դասի ու հավատացյալների մասնակցությամբ, օծվեցին սրբապատկերներ, խաչվառներ և վեմ քարեր:  Համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնակարգված արարողության՝ սրբապատկերները,  խաչվառներն ու վեմ քարերը լվացվեցին նախ ջրով և գինով, ապա Սրբազան Հոր ձեռամբ օծվեցին Սրբալույս Մյուռոնով: Այսուհետ օծված սրբապատկերները և խաչվառները կզարդարեն առաջնորդանիստ Ս. Սարգիս, Զորավոր Ս. Աստվածածին, Քանաքեռի Ս. Հակոբ, Ներքին Դվինի Ս. Հակոբ և Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցիները, իսկ օծված վեմ քարերը Զորավոր Ս. Աստվածածին ու Ներքին Դվինի Ս. Հակոբ եկեղեցիների հոգևորականների կողմից կգործածվեն ուխտագնացությունների ժամանակ խոնարհված եկեղեցիներ այցելելիս:  

Արարողության ավարտին Սիոն Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին՝ օծման արարողությունը կատարելու հնարավորությունն իրեն ընձեռելու համար: Սրբազան Հայրը, օծման ուրախալի առիթով շնորհավորելով հոգևոր դասին և ներկաներին, ասաց. «Հայ եկեղեցին պատկերապաշտ չէ, քանզի մենք միայն մեր Տիրոջն ենք պաշտում: Հայ Եկեղեցին պատկերահարգ է, քանզի մենք միայն խնդրում ենք տվյալ սրբապատկերում պատկերված սրբի բարեխոսությունը։ Շնորհավորում եմ հոգևոր դասին, բոլոր նվիրատուներին ու հեղինակներին: Թող Աստված բարություն, սեր և խաղաղություն ներշնչի բոլորիս, որպեսզի Աստծո Սուրբ Աջի ներքո ապրենք խաղաղությամբ և կարողանանք մեր բարոյական ու նյութական աջակցությունը բերել եկեղեցու պայծառացման համար»:

Օծման հանդիսավոր արարողությունը հոգևոր մեծ ուրախություն էր պատճառել ներկաներին և առավելապես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքին: «Ս. Մովսես Տաթևացի հայրապետի և Ս. Անանիա առաքյալի պատկերներով զարդարված խաչվառի նվիրատվությունը մեր փոքրիկ լուման է մեզ համար հարազատ դարձած Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն»,- ասաց «Հույս միավոր» սիրիահայ տիկնանց միության ատենապետուհի Զարուհի Ամալյանը: Իսկ Աստվածամայրը Մանկան հետ սրբապատկերը  Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիա առաքյալի մատուռ-դամբարանին էր նվիրաբերել համայնքի անդամ Սոնա Եղիազարյանը, ով իր հավատի առաջին քայլերը սկսել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց:

Արարողության ավարտին հոգևոր դասը և ներկա հավատացյալ ժողովուրդը մոտեցան և համբուրեցին օծված սրբապատկերները, խաչվառները և վեմ քարերը՝ Աստծո օրհնությունը մաղթելով բոլոր նվիրատուներին: 

Չօծված պատկերները եկեղեցում բարեպաշտության առարկա չեն կարող լինել: Պատկերները օրհնվում և օծվում են Սուրբ Մյուռոնով՝ Մայր Մաշտոցի կանոնի համաձայն: Դեռևս քրիստոնեության ծագման արշալույսին հավատացյալները սովորություն դարձրին եկեղեցու պատերը զարդարել Տիրոջ, Աստվածամոր և սրբերի պատկերներով, որպեսզի ներշնչվեն և օրինակ վերցնեն նրանց կյանքից ու հավատքից:

Խաչվառը խաչագլուխ ձողի վրա ամրացված դրոշակ է: Այն սովորաբար երկու կողմից կրում է խաչելության, Աստվածամայրը Մանկան հետ, Քրիստոսի, սրբերի և որևէ տերունական պատկերները, երբեմն էլ տվյալ եկեղեցու սրբերի պատկերը: Խաչվառը զինվորյալ եկեղեցու դրոշակն է: Որպես դրոշակ խաչվառը տարվում է եկեղեցական մեծ թափորների, հանդեսների առջևից: Գործածվում է Ս. Պատարագի սկզբում խնկարկության, Անդաստանի, Նախատոնակի և հուղարկավորության ժամանակ:

 

Կարինե Սուգիկյան

 

 

 

15.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․