Գրքեր

Սրբերի բարեխոսություն. Հայ եկեղեցին երբեք չի շփոթում Աստծո փառքն ու պատիվը սրբերի պատվի հետ

Բարեխոսություն նշանակում է միջնորդություն՝ ի նպաստ ուրիշի, հետևաբար, բարեխոսել նշանակում է միջնորդել կամ խնդրել ուրիշի բարիքի համար: Աստվածաշունչ Մատյանում հանդիպում ենք բազում անձանց օրինակների, ովքեր աղոթել և բարեխոսել են ուրիշների համար: Օրինակ՝ Մովսես մարգարեն բազմիցս բարեխոսել է Իսրայելի ժողովրդի համար: Սամվել մարգարեն իր ազգի փրկության համար աղաղակելով աղոթել է: Հոբը իր երեք ընկերների համար աղոթեց ու բարեխոսեց և Աստված Հոբի բարեխոսական աղոթքը ընդունելով՝ ներեց նրանց (Հոբ ԽԲ 7-9): Եղիան, Եղիսեն, Երեմիան և մյուս մարգարեները նույնպես աղոթել ու բարեխոսել են իրենց ժողովրդի համար: Նոր Կտակարանում նույնպես կարդում ենք, որ թե՛ առաքյալներն աղոթում էին Աստծուն իրենց հոտի համար, և թե՛ հայցում էին հավատացյալների աղոթքն իրենց համար:

Մարդկանց փոխադարձ աղոթքները ապացույցն է նրանց միջև կատարյալ սիրո առկայության: Աստծո համար պատվելի են Իր սրբերը: Աստված հօգուտ մարդկանց թույլ է տալիս բարեխոսական աղոթքներ: Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վարդապետության՝ բոլոր այն սրբերը, ովքեր այս աշխարհից հանդերձյալ կյանք են տեղափոխվել, մաս են կազմում Հաղթական եկեղեցու, որ կոչվում է նաև Անդրանկաց Ժողով և այնտեղ դարձյալ մեզ համար աղոթում են, որպեսզի մենք էլ իրենց նման հաղթանակ տանենք մեղքի դեմ և ժառանգենք Երկնքի Արքայությունը: Իսկ այս աշխարհում ապրող հավատացյալները կազմում են Զինվորյալ եկեղեցին, որ նաև կոչվում է Մարտնչող եկեղեցի: Ուստի, սրբերից բարեխոսություն խնդրել նշանակում է հավատալ հանդերձյալ կյանքի գոյությանը:

Բացի սրբերի բարեխոսությունից, մեզ համար բարեխոսում են նաև հրեշտակները: Զաքարիայի մարգարեության մեջ նշված է հրեշտակի բարեխոսությունը Երուսաղեմի համար. «Տե՛ր Ամենակալ, մինչև ե՞րբ չես ողորմելու Երուսաղեմին և Հուդայի երկրի քաղաքներին, որոնց այս յոթանասուն տարի է, ինչ անտես ես արել» (Զաքարիա 1:12): Հրեշտակները բոլոր սրբերի հետ աղոթում են առ Աստված. «Մի ուրիշ հրեշտակ էլ, որ ձեռքին ոսկե խնկաման ուներ, եկավ ու կանգնեց զոհասեղանի մոտ: Նրան առատ խունկ տրվեց, որպեսզի Աստծո բոլոր ընտրյալների աղոթքները մատուցի ոսկեղեն զոհասեղանի վրա, որը գտնվում է գահի դիմաց: Եվ խնկի ծուխը, որ Աստծո ընտրյալների աղոթքն է, հրեշտակի ձեռքից բարձրացավ Աստծո առջև» (Հայտ. 8:3-4):

Սրբերի բարեխոսությունը մեզ համար աղերս է՝ ուղղված մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Եվ այն չպետք է շփոթել Քրիստոսի աստվածային և մշտնջենական բարեխոսության ու միջնորդության հետ, ինչը անում են այսօր կրոնական կազմակերպությունները: Վերջիններս հրաժարվում են սրբերին հիշատակելուց և կտրականապես մերժում՝ ցանկացած բարեխոսություն և նշում են, որ իրենց երկնային բարեխոսներ կամ մահկանացու միջնորդներ պետք չեն, որովհետև Աստծո և մարդկանց միջև կա միայն մեկ միջնորդ՝ Հիսուս Քրիստոս: Նրանք խզում են ամեն կապ երկրային և երկնային եկեղեցու միջև: Իրենց տեսակետը նրանք հիմնավորում են հետևյալ խոսքերով. «Մե՛կ Աստված կա միայն, և մե՛կ միջնորդ Աստծո և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը, որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլոր մարդկանց համար: Դրա վկայությունը տվեց Աստված իր ժամանակին» (Ա Տիմոթեոս 2:5-6): Աղանդավորները ավելորդ են համարում սրբերից բարեխոսություն խնդրել, քանի որ, աղոթելով Աստծուն, իրենց խնդրանքները միայն Իրեն են ներկայացնում: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին վերոհիշյալ համարին չի հակադրում: Սրբերի բարեխոսությունը մեզ համար մարդկային, աղաչական բարեխոսություն է: Նրանց բարեխոսությունը ձայնակցությունն է մեր աղոթքների: Մենք խնդրում ենք, որ սրբերը մեզ համար բարեխոսական աղոթք ուղղեն առ Աստված: Նրանք երկնքում մեզ համար աղոթում ու աղաչում են այնպես, ինչպես որ անում էին իրենց երկրավոր կյանքի ընթացքում: Եվ նրանց բարեխոսությունը ոչ մի ընդհանուր բան չունի Քրիստոսի միջնորդության հետ: Քրիստոսի միջնորդությունը քավչարար է: Տեր Հիսուս Քրիստոսը բարեխոսում է մեր մեղքերի թողության համար. Նա՝ Անձամբ լինելով Քավությունը, Ինքն Իրեն զոհաբերելով, մեր փոխարեն վճարեց մեղքի վարձքը: Ուստի, Պողոս առաքյալը այս միտքն է արտահայտում Քրիստոսի մասին վերոհիշյալ համարում, Ով միակ Միջնորդն է Աստծո և մարդկանց միջև: Անվիճելի է, որ նմանօրինակ միջնորդության և բարեխոսության իրավունքը պատկանում է միայն Քրիստոսին: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դավանում է, որ Սուրբ Պատարագի ընթացքում Հիսուս Քրիստոս Իր միջնորդությունն ու բարեխոսությունը կատարում է մշտնջենապես՝ Իր Մարմինն ու Արյունը ընծայելով Հոր Աստծուն՝ մեր մեղքերի քավության և թողության համար: Իսկ այն կրոնական կազմակերպությունները, ովքեր մերժում են սրբերի բարեխոսությունը, նշանակում է արհամարհում են հանդերձյալ աշխարհում գտնվողների և դեռևս այստեղ ապրողների փոխհարաբերությունների իրական, հարատև ու անխզելի կապը, արհամարհում են այն հրաշքները, որոնք տեղի են ունեցել որևիցե սրբի անվամբ կոչված եկեղեցում: Հայ եկեղեցին երբեք չի շփոթում Երկնավոր Թագավորի փառքն ու պատիվը սրբերի պատվի հետ:

Եվ եթե սրբերի բարեխոսություն խնդրելը ավելորդ համարենք, ապա կառարկենք աստվածային այն խոսքը, որ պատգամում է իրար համար աղոթել (Եփես. 6:18-20; Կող. 4:3; Բ Թես. 1:11-12; 3:1-2; Եբր. 13:18): Անգամ սրբերը հայցել են մարդկանց բարեխոսական աղոթքները: Խոնարհ սիրտ ունեցողը, ով իրեն մեղավոր և տկար է համարում, ակնկալում է սրբերի բարեխոսությունն Աստծո առջև:

Ս. Հովհան Ոսկեբերանը, խոսելով սրբերի բարեխոսության մասին, ասում է. «Սրբերին ուղղված աղոթքները շատ մեծ զորություն ունեն այն ժամանակ, երբ մենք ինքներս զղջում ենք, ապաշխարում ենք ու նորոգվում ենք… Բայց այս չեմ ասում նրա համար, որ չդիմենք սրբերին՝ մեր աղոթքներով… Այս իմանալով, սիրելինե՛ր, սրբերի հանդիսավոր ժողովին մոտենալով կոչ անենք, որպեսզի նրանք մեզ համար աղոթեն առ Աստված»:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

01.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․