Գրքեր

Սրբերի ներկայությունն իրական է

- Հա՛յր, կուզեի սուրբ Արսենին տեսնել:

- Սուրբ Արսենին տեսնելու ձգտումդ վտանգավոր է, քանի որ թշնամին կարող է քեզ երևակայական պատկեր ներկայացնել, իսկ միտքն էլ՝ ասել, թե իբր քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում, եթե սրբի տեսությանն ես արժանացել: Ապա, երբ ընդունես այդ «ինչ-որ բան ես ներկայացնում»-ը, թշնամին կսկսի երևակայության միջոցով մտքումդ անընդհատ ֆիլմեր պտտել: Ուստի մեծարիր սուրբ Արսենին, սակայն մի՛ ձգտիր նրան տեսնել: Իսկ նա կհայտնվի քեզ, թե ոչ, արդեն իր գործն է:

- Հա՛յր, երբ սուրբը որևէ մեկին հայտնվում է, ուրիշն է՞լ է նրան տեսնում:

- Այս հարցում կանոններ չկան: Երբեմն տեսնում է, երբեմն միայն ձայն է լսում, երբեմն էլ՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Միշտ տարբեր է լինում, անհնար է բացատրել: Սրբերի ներկայությունն իրական է: Նույնիսկ, երբ մենք նրանց չենք գտնում, նրանք իրենք են մեզ գտնում: Երբ ես Սուրբ Խաչի խցից Պանագուդա տեղափոխվեցի, այն լքված էր: Մի կերպ սենյակներից մեկը կարգի բերեցի, որպեսզի ապրելու համար տեղ լինի: Բոլոր իրերս հետս բերել էի: Մինեան* դեռ արկղերից մեկում էր: Երեկոյան ժամերգության ժամանակն էր, բայց այն որտեղի՞ց գտնեի… Օրացույցը վերցրի, որպեսզի տեսնեմ, թե վաղը որ սրբի հիշատակության օրն է: Բայց ակնոցս էլ չկար, իսկ օրացույցի տառերը մանր էին և չկարողացա սրբի անունը տեսնել, որպեսզի տերողորմյայով երեկոյան աղոթքն անեմ: Քառասունհինգ րոպե փնտրեցի, բայց ապարդյուն: «Այսպես ամբողջ ժամանակը կանցնի, մինչ ես փնտրում եմ: Ավելի լավ է «Օրվա սրբեր, աղաչեք Աստծուն մեզ համար»-ն ասեմ»,- մտածեցի ես: Տերողորմյայով Քրիստոսին ու Սուրբ Աստվածածնին աղոթեցի, ապա սկսեցի «Օրվա սրբեր, աղաչեք Աստծուն մեզ համար»-ն ասել: Գիշերն էլ, որպեսզի ժամանակ չկորցնեմ ակնոցս փնտրելու վրա, նույն կերպ աղոթեցի: Հանկարծ մի լուսավոր զինվորականի տեսա առջևս, որից սեր ու հայրական բարություն էր սփռվում: Նա մոտեցավ ինձ ու սրտումս անբացատրելի ուրախություն զգացի: Նրա բարությունը տեսնելով՝ քաջալերվեցի ու հարցրի. «Դուք որտե՞ղ եք ծառայել և ի՞նչ է Ձեր անունը»: Եվ նա ինձ պատասխանեց. «Ես սուրբ Լուկիլիանոսն եմ»: Լավ չլսեցի ու կրկին հարցրի. «Սուրբ Ղոնգինո՞սը»: «Ոչ,- պատասխանեց նա,- սուրբ Լուկիլիանոսը»: Անունն ինձ տարօրինակ թվաց, և ես կրկին հարցրի «Սուրբ Ղունկիանո՞սը»: «Ոչ,- կրկնեց նա,- սուրբ Լու-կի-լի-ա-նոս»: Այնժամ ասացի. «Ես էլ պատերազմից մնացած վերքեր ունեմ»: Սրբի կողքին սպիտակ գոգնոցով մի երիտասարդ բժիշկ էր կանգնած՝ սուրբ Պանտելեիմոնը, և Լուկիլիանոսը նրան խնդրեց զննել ինձ: Սուրբ Պանտելեիմոնը զննեց ու լսեցի, թե ինչպես սուրբ Լուկիլիանոսին ասաց. «Նրա բոլոր վերքերը սպիացել են, միայն կարելի է անձնական գործի համար դրանք հիշել»: Այնուհետև ես մեծ ուրախություն ապրեցի և կրկնակի առույգություն ու զորություն զգացի: Մի լավ փնտրեցի, ակնոցս գտա և օրացույցին նայեցի. սուրբ նահատակ Լուկիլիանոսի հիշատակության օրն էր: Երեկոյան ծանոթ հայրերի մոտ գնացի ու սրբի վարքը կարդացի:

Եվ մինչ օրս սուրբն իր սիրով լիացնում է ինձ, հոգիս ու մարմինս դրախտային այն խնդությամբ քաղցրացնում, որ ինքն է ինձ պարգևել:

 

* Մինեա – բյուզանդական եկեղեցու ամսական շարակնոց, որ բաղկացած է տասներկու հատորից (թրգմ.):

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

08.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․