Գրքեր

Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն

Փետրվարի 21-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին ժամանել Հայոց Եկեղեցու թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ:

Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ պարգևաբաշխման արարողություն:

Տերունական միասնական աղոթքից հետո հոգևորականաց դասին ողջունեց քահանաների հավաքի կազմակերպիչ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Բերկրաշատ տոնի առիթով շնորհավորելով Նորին Սրբությանը և Հայ Եկեղեցու ողջ հոգևորականաց դասին` Միքայել եպիսկոպոսն ընդգծեց, որ Ս. Ղևոնդյանց տոնը նորոգության կոչ է բոլոր հոգևորականներին, որպեսզի նրանք իրենց կյանքի ուղեկից ունենան Ս. Ղևոնդյանց սխրանքը և նրանց բարի օրինակով իրենց պատերազմը մղեն՝ դիմագրավելու արդի մարտահրավերները:

Հավարտ Սրբազան Հոր բացման խոսքի, տեղի ունեցավ պարգևաբաշխությունը, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Արարատյան հայրապետական թեմից Արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց Արժանապատիվ Տ. Մատաթիա քահանա Գասպարյանը, Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ. Սարգիս քահանա Սարգսյանը և Արժանապատիվ Տ. Թադե քահանա Թախմազյանը, Վայոց Ձորի թեմից Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը, Սյունյաց թեմից Արժանապատիվ Տ. Վահան քահանա Հեբոյանը և Արժանապատիվ Տ. Պարգև քահանա Զեյնալյանը, Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մարտիրոսյանը և Արժանապատիվ Տ. Գրիգորիս քահանա Դերմենջյանը, Տավուշի թեմից Արժանապատիվ Տ. Սմբատ քահանա Աբրահամյանը և Արժանապատիվ Տ. Արշավիր քահանա Ասատրյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունից Արժանապատիվ Տ. Շնորհք քահանա Շահինյանը և Արժանապատիվ Տ. Արիս քահանա Խաչատրյանը, ինչպես նաև Արժանապատիվ Տ. Վաղարշ քահանա Իսախանյանը (Կենտրոնական Եվրոպայի պատվիրակություն) և Արժանապատիվ Տ. Կարապետ քահանա Ղարիբյանը (Ուկրաինայի հայոց թեմ):

Պարգևաբաշխությունից հետո ներկաներին իր օրհնությունն ու հայրապետական պատգամը բերեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց արդեն ավանդույթ դարձած համախմբման համար, երբ Ս. Ղևոնդյանց տոնի առիթով տարբեր թեմերում

սպասավորող եկեղեցականներ ժամանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ վերանորոգելու իրենց քահանայական ու ծառայական ուխտը:

Հայոց Հայրապետը նշեց, որ տոնը թե՛ Եկեղեցու սպասավորներին, թե՛ հավատացյալներին առիթ է ընձեռում` ոգեշնչվելու Ս. Ղևոնդյանց քահանաների պայծառ օրինակով, նմանվելու նրանց՝ առ Քրիստոս ունեցած իրենց հավատքով և առ հայրենին ունեցած սիրով ու նվիրումով:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ այս տոնը եկեղեցականներին նաև առաջնորդում է անդրադառնալու իրենց կոչմանն ու առաքելությանը: Վկայակոչելով առաքելական խոսքը` «Քանզի ո՞վ է մեր հույսը, կամ ուրախությունը, կամ մեր պարծանքի պսակը, եթե ոչ դուք ի Տեր» (Ա Թես. Բ 19)` Վեհափառ Հայրապետը պատգամեց, որ եկեղեցականները հոգևոր ծառայության արդյունքում ևս կարողանան առաքյալի նմանողությամբ հպարտանալ իրենց խնամքի ներքո գտնվողների առաքինի վարքով և քրիստոնեավայել կյանքով:

«Քահանայի հպարտությունը, արդարև, իրեն հանձնված հոտի անդամների քրիստոնեական բարի ընթացքն է, զորեղ, նվիրյալ հավատքն առ Տերը և հավատարմությունը, նախանձախնդիր ծառայանվիրումը հանդեպ հայրենին:

Մենք գիտենք, որ անհավատության ութսուն տարիները մեծ հարված բերեցին մեր երկրին ու ժողովրդին, սակայն, փառք Աստծո, անցնող քսանհինգ տարիների ընթացքին մեծ աշխատանք տարվեց մեր Եկեղեցու և եկեղեցականաց կողմից, որպեսզի մեր զավակները վերստին իրենց հայացքով դառնան դեպի մեր Ս. Եկեղեցին, դեպի իրենց հայրերի սրբազան հավատքը և իրենց կյանքն ապրեն Քրիստոսի պատգամների ու պատվիրանների համաձայն», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով նաև ներկայիս հոգևոր կյանքից ներս արձանագրված ձեռքբերումներին:

Այսօրվա կյանքի տարբեր փորձությունների և դժվարությունների պարագայում Հայոց Հովվապետը հոգևոր հովիվներին պատգամեց մշտապես լինել իրենց հավատացյալ զավակների կողքին` նրանց և՛ մխիթարել, և՛, ի պահանջել հարկին, հանդիմանել, որպեսզի անսայթաք կերպով ընթանան Ավետարանի ճշմարիտ վարդապետության շավիղներով, կրողը լինեն այն բոլոր բարոյական արժեքների, որոնք արժանի են դարձնում Տիրոջ օրհնությանն ու ողորմությանը, հնարավորություն ընձեռում Աստծու առջև կանգնելու զորեղ հավատքով ու առ հայրենին ունեցած սիրո հպարտությամբ:

Ողջունելով Մայր Աթոռ ժամանած Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ներկայությունը` Ամենայն Հայոց Հայրապետն ի դեմս նրանց իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեց նաև Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներում և Սփյուռքի հայոց թեմերում սպասավորող բոլոր եկեղեցականներին:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին` նրանց ուժ և կորով մաղթելով հետագա առաքելության մեջ:

Նորին Սրբությունը նաև իր հայրական սերն ու օրհնությունը բերեց քահանայից դասին` հորդորելով իբրև նոր Ղևոնդ երեցներ աներեր հավատով շարունակել իրենց քաջարի, նախանձախնդիր և նվիրյալ ծառայությունն ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի շենացումն Հայրենիքի:

Վերջում, Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով վերստին շնորհավորելով հոգևորականաց դասին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երկնավորից հայցեց, որ Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի հայրենի երկիրը և հայ ժողովրդին` սիրով միաբան` միասնաբար լծվելու Հայրենիքի շինության և հոգևոր կյանքի կերտման նվիրական գործին:

Արարողությունն ամփոփվեց Հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:

21.02.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․