Գրքեր

Սրտից բխած օրհնությունն աստվածային օրհնություն է

․․․․Դե, իսկ հիմա ես էլ ձեզ «կանիծեմ»: Ահա. «Թող Աստված ձեր սիրտն Իր բարեգթությամբ և Իր մեծ սիրով լցնի, այնքան, որ խենթանաք, որ ձեր միտքը կտրվի երկրից ու այսուհետ Նրա մոտ՝ Երկնքում մնա: Արդ, խենթացե՛ք Աստծու սիրո աստվածային խենթությունից: Թող Աստված ձեր սրտերն այրի Իր սիրով»: Ահա, թե ինչպիսի «անեծք» եմ տալիս ձեզ և մի ստիպեք, որ կրկնեմ այն, քանի որ իմ բարի «անեծքը» սրտիցս է բխում, ուստի և զորավոր է: Կարեկցում էի ձեզ, երբ դեռ առողջարանում էի գտնվում (1): Ձեզնից ոմանք ութ տարի սպասեցին՝ ասելով՝ վանք կհիմնենք, բայց այն չկար ու չկար: Լրիվ ուժասպառ եղաք: Այդ ժամանակ ասացի ձեզ. «Հենց ինձ դուրս գրեն հիվանդանոցից՝ վանքն այնպես կաճի, ինչպես սնկերն են անձրևից հետո աճում: Մեկ տարի անց արդեն վանքում կլինեք»: Եվ իսկապես, մեկ տարում վանքը ստեղծվեց: Այն ժամանակ՝ առողջարանում, ես դա սրտանց ասացի, և դուք էլ բարի մտայնություն ունեիք, այդ պատճառով էլ Աստված չթողեց ձեզ: Այլ բացատրություն չեմ գտնում:

Եթե սիրտդ ցավի մի մարդու համար, որը խոնարհություն ունի և ի սրտե խնդրում է քեզ աղոթել իր համար, օրինակ, որպեսզի ազատվի իրեն տանջող որևէ կրքից և դու նրան ասես. «Մի՛ վախեցիր, դու ավելի լավը կդառնաս», ապա [դրանով] աստվածային օրհնություն կտաս նրան: Այդ բարի մաղթանքի մեջ շատ սեր, շատ ցավ կա և այդ պատճառով էլ զորավոր է: Դա հաճո է Աստծուն և Նա իրականացնում է օրհնությունը: Այսինքն՝ այն ցավը, որ մեկն ապրում է մյուսի համար, արդեն իսկ օրհնություն է:

Մի անգամ, երբ զինվոր էի, այն բանից հետո, երբ սուրբ Հովհաննես Մկրտիչն օգնեց մեզ պատերազմի ժամանակ, մեր հրամանատարն ինձ ուղարկեց նրան տրված խոստումը կատարելու: Մենք ուխտ էինք արել Սուրբ Հովհաննես Մկրտիչ փոքրիկ եկեղեցու համար երկու մեծ մոմակալ գնել: Պետք է մոմակալները գնեի և մեր ծառայակիցներից մեկին Նավպակտոս (2) ուղեկցեի՝ ռազմական տրիբունալին հանձնելու: Հիշում եմ՝ մյուս սպաները հրամանատարին ասում էին. «Համա՜, թե ուղեկցորդ պահակ ես գտել նրա համար»: Այդ խեղճը, որին պետք է ուղեկցեի, ծնունդով Էպիրից էր (3), մասնագիտությամբ՝ երաժիշտ, աղքատ մարդ էր, ամուսնացած և երեխաների տեր: Նա մեղադրվում էր «ինքնախեղման» մեջ, այսինքն՝ միտումնավոր կերպով ինքն իրեն վերք հասցնելու մեջ, որպեսզի թիկունք ուղարկեին: «Ավելի լավ է մեկ ոտքով ապրել,- մտածել էր նա,- քան սպանված լինել»: Նրա հետ նախ Ագրինիոս (4) հասանք, որտեղ նա ծանոթներ ուներ: «Գնանք նրանց այցելության»,- ասաց նա: «Գնանք»,- պատասխանեցի: «Այստեղ գնանք, այնտեղ գնանք»,- ինչ արած, ստիպված էի ամենուր գնալ նրա հետ: Ի՜նչ տանջանք էր: Ընդորում, նա չէր ուզում, որ իրեն տրիբունալ հանձնեմ: Ես էլ էի խղճում դժբախտին, սիրտս շատ ցավեց նրա համար ու ասացի. «Ա՛յ կտեսնես՝ ամեն ինչ կհարթվի և գործերդ բոլորից լավ կընթանան: Մեր հրամանատարը բացատրական գրություն կուղարկի քո գործի առնչությամբ և քեզ մի հանգիստ տեղ կտանեն, այնպես որ երեխաներիդ էլ կկարողանաս օգնել, կյանքիդ էլ վտանգ չի սպառնա»: Երբ վերջապես Նավպակտոս հասանք, իմացանք, որ հրամանատարից արդեն նամակ է եկել տրիբունալ և մեր ինքնախեղողի գործը կարճվել է: Իսկ նրան գնդակահարություն էր սպառնում, քանի որ ռազմական, խիստ ժամանակներ էին: Հրամանատարը խղճացել էր նրան, քանի որ ընտանիք էր պահում ու նշանակել էր նորակոչիկների բաշխման կենտրոնի խոհարար: Նրա ընտանիքն էլ տեղափոխվեց այդ կենտրոնին մոտ, և նա պատերազմը բոլորից լավ անցկացրեց, իսկ քանի որ զինվորները երբեմն ճաշարան չէին գնում ճաշելու՝ ուտելիք էր մնում, և նա իր երեխաներին էր կերակրում: Պատերազմից հետո բոլորն ասում էին. «Քո վիճակը բոլորից լավ էր»: Որովհետև մենք սարերում էինք եղել, ձյուների մեջ: Այն, ինչ ցանկացել էի նրան՝ հաճո էր Աստծուն, որովհետև սրտի ցավով էի ասել: Այդ պատճառով էլ Աստված իրականացրել էր այդ օրհնությունը:

Մեկ այլ նմանատիպ դեպք էլ եմ հիշում, երբ Ստոմիոն վանքում էի՝ Կոնիցայում: Սեպտեմբերի ութին վանքում տոն էր՝ Սուրբ Աստվածամոր Ծնունդը: Տոնից հետո ուխտավորներն ամեն ինչ գլխիվայր էին թողել: Ես սկսեցի կամաց-կամաց ամեն ինչ կարգավորել: Տեսնեմ՝ քույրս և էլի մի աղջիկ մնացել են ինձ օգնելու: Այդ աղջիկը երկու քույր էլ ուներ՝ ավագ և կրտսեր: Երկուսն էլ արդեն ամուսնացել էին, իսկ նա դեռ ոչ: Որքա՜ն բարեպաշտություն կար նրա մեջ: Մնաց օգնելու ու երբ ամեն ինչ մաքրեցինք, հավաքեցինք՝ ասաց. «Հա՛յր, եթե ուրիշ գործ էլ կա անելու, ապա կմնանք ու կանենք»: «Ինչպիսի՜ բարեպաշտություն»,- մտածեցի ես: Եկեղեցի մտա ու ի սրտե ասացի. «Սուրբ Աստվածամայր, Դու հատուցիր նրան: Ես տալու ոչինչ չունեմ»: Եվ եթե նույնիսկ ունենայի, միևնույն է, ոչինչ չէր վերցնի: Եվ ի՞նչ. նա տուն է վերադառնում, իսկ այնտեղ նրան իմ նախկին ծառայակիցն է սպասում, մի ոսկի տղա, շատ լավն ու հրաշալի ընտանիքից: Նրանք ամուսնացան ու ապրեցին երջանիկ: Տեսնո՞ւմ եք, թե Սուրբ Աստվածամայրն ինչպես պարգևատրեց նրան:

 

1) 1966թ.-ին:

2) Նավահանգստային քաղաք հարավ-արևմտյան Հունաստանում:

3) Արևմտյան Հունաստանի շրջան:

4) Քաղաք հարավ-արևմտյան Հունաստանում:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

03.06.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․