Գրքեր

«Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առջև»

Սուտն առաջ եկավ այն ժամանակ, երբ առաջ եկավ չարը: Սուտը չարից է, քանի որ նա «սուտ է և ստի հայր» (Հովհ. 8:44): Մարդն աստվածային բարիքից հեռացավ այն ժամանակ, երբ հեռացավ Աստծուց՝ կեղծ բարիք փնտրելով: Աստվածային բարիքից առաջինը հեռացավ անկյալ հրեշտակը՝ չարը՝ ինքն իրեն խաբելով: Հետագայում նրան հաջողվեց իր հետևից տանել առաջին մարդկանց (Ծննդ. 3): Նա նրանց գայթակղեցրեց ստով: Սուտն այնտեղ է, որտեղ բացակայում է ճշմարտությունը: Այն չար հերյուրանք է, երևակայություն, խաբկանք և զրպարտանք: Չարից խաբված նախածնողները ստեցին Աստծուն, հետո միմյանց և իրենք իրենց: Վերադառնալով ստին՝ մարդը հեռանում է Նոր Ադամից՝ Քրիստոսից, որ ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14:6): Մի վանական ասել է՝ սուտը հին մարդն է, իսկ ճշմարտությունը՝ նոր մարդը: Սուտը հակադիր է մարդկային բնությանը, որը կրում է Աստծո պատկերն ու նմանությունը: Նայե՛նք երեխաներին. նրանք աշխարհ են գալիս, ստել չգիտեն, որը սովորում են մեծանալուն զուգընթաց: Ստելիս նրանք հաճախակի շփոթվում են և կարմրում, ինչը ցույց է տալիս, որ մաքուր հոգին աղտոտվում է և ապականվում:  

Այսօր մարդիկ դժվարությամբ են միմյանց վստահում, քանի որ սուտը դարձել է ժամանակակից «բարոյականության» մի մասը և որոշ մարդկանց համար առանց այդ «հմտության» դժվար է որևէ հաջողության կամ պաշտոնի հասնել: Ստախոսության մեղքի մեջ ընկնում է նա, ով խոստում է տալիս, ապա մոռանում այդ մասին: Ստի տեսակներից մեկն է նաև կեղծավորությունը: «Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առջև»,- ասում է առակագիրը (Առակ. 12:29): Հայր Պաիսիոս Աթոսացին դարաշրջանի ամենածանր հիվանդություններից մեկը համարում է անհիմն և սխալ մտքերը. «Մարդիկ ամեն ինչ ունեն, բացի բարի մտքերից: Նրանք տանջվում են, քանի որ իրադրությունների նկատմամբ հոգևոր մոտեցում չունեն: Օրինակ՝ մարդը մեքենայով ինչ-որ տեղ է գնում, ճանապարհին շարժիչը սկսում է վատ աշխատել, և նա ուշացումով է տեղ հասնում: Եթե նա բարի միտք ունենա, կասի՝ հավանաբար, Աստված կասեցրեց ընթացքս, ով գիտի, եթե այդ ուշացումը չլիներ, գուցե ավտովթարի ենթարկվեի: Այդպիսի մարդը փառաբանում է Աստծուն, որ իրեն հեռու պահեց վտանգից: Իսկ նա, ով չունի բարի միտք և իրադրությունների հանդեպ հոգևոր մոտեցում, ուշացման համար կսկսի մեղադրել Աստծուն»:    

Հին Կտակարանի Ելք գրքում կարդում ենք, որ երբ Եգիպտոսի փարավոնը մանկաբարձներին հրամայեց եբրայեցի նորածին արուներին սպանել, նրանք, աստվածավախ լինելով, չկատարեցին փարավոնի հրամանը, ստեցին և ասացին, որ եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք ծննդաբերում են մինչ մանկաբարձների՝ իրենց մոտ գնալը, և Աստված բարություն արեց մանկաբարձներին (Ելք 1:15-21): Մի՞թե Աստված օրհնեց նրանց սուտը: Իհարկե ո՛չ: Աստված օրհնեց մանկաբարձներին այն պատճառով, որ նրանք, իրենց կյանքը վտանգելով, չսպանեցին երեխաներին:

Դեռևս քրիստոնեության արշալույսին առաջին քրիստոնյաները գերադասում էին մահը, քան ճշմարտությունից հեռանալը: Տերտուղիանոսի խոսքի համաձայն՝ հեթանոսների մեջ կային այնպիսիք, որոնք քրիստոնյաներին առաջարկում էին խոսքով ուրանալ, բայց հոգով հավատարիմ մնալ Քրիստոսին: Բայց քրիստոնյաները հասկանում էին, որ նրանց առաջարկը՝ ստով պահպանելու հավատը, չարից է գալիս, այդ պատճառով վճռականորեն մերժում էին այդ ուղին: Սուտը չարի նախընտրած զենքերից մեկն է քրիստոնյաների դեմ պայքարում: Այդպես չարը դրդեց առաջին քրիստոնյաներից Անանիային և Սափիրային ստել, ինչի դիմաց նրանք կյանքով վճարեցին (Գործք Առաքելոց 5:1-11): Եկեղեցու հայրերը սուտը համարում են հոգևոր և ֆիզիկական մահվան պատճառ, այն աղբյուրն է և պատճառը հավիտենական մահվան, իսկ հերետիկոսությունը նրանք դիտում են որպես սուտ ուսուցում՝ մերժված հոգիների և մարդկանց կողմից հորինված:

«Ո՞ւմից ենք հեռանում և ո՞ւմ միավորվում ստով,- ասում է երանելի աբբա Դորոթեոսը,- զգո՛ն լինենք, որ չհափշտակվենք ստի կողմից, քանի որ ստախոսը չունի Աստծո հետ հաղորդակցություն: Սուտը օտար է Աստծուն»: Երանելին նշում է, որ  ստի երեք տեսակներ կան՝ երբ մարդը ստում է մտքով, խոսքով և կյանքով: Մտքով ստում է նա, ով իր ենթադրությունները, դատարկ կասկածները որպես ճշմարտություն է ընդունում, այդպիսին, երբ տեսնում է, որ ինչ-որ մեկը զրուցում է իր եղբոր հետ, ենթադրություն է անում և ասում՝ նա իմ մասին է խոսում: Եթե դադարեցնում է զրույցը, նորից է ենթադրում՝ թե իմ պատճառով դադարեցրին զրույցը: Եթե ինչ-որ մեկը խոսք է ասում, նա կրկին կասկածում է, որ դա ասվեց իրեն վիրավորելու համար: Եվ ընդհանրապես նա իր մերձավորին միայն այդ տեսանկյունից է դիտում ՝ ասելով, թե  հանուն ինձ ասաց կամ արեց: Այդպիսինը ստում է մտքով, քանի որ ոչ մի ճշմարտություն չի ասում, այլ, միայն իր կասկածի վրա հիմնվելով՝ չարախոսում է, դատում և թշնամություն տարածում: Ձգտենք երբեք չհավատալ մեր ենթադրություններին, քանի որ ոչինչ մարդուն այնպես չի հեռացնում Աստծուց և մեղքի նկատմամբ ուշադրությունից, որքան այս կիրքը: Եթե հավատանք մեր ենթադրություններին, ապա նրանք վերջ չունեն և երբեք էլ թույլ չեն տա հոգուն խաղաղություն ունենալ:

Խոսքով ստելու մասին երանելին ասում է, որ յուրաքանչյուր մեղք ծնվում է կա՛մ ցանկասիրությունից, կա՛մ դրամասիրությունից, կա՛մ փառասիրությունից: Մարդը ստում է, որպեսզի չհնազանդվի, որպեսզի իր ցանկությունն իրականացնի և այնքան ժամանակ է խոսքով խորամանկում, քանի դեռ չի իրականացրել իր ցանկությունը: Այդպիսի մեկին ոչ ոք չի հավատում, անգամ եթե նա ճիշտ էլ խոսի: Իսկ երբ ճշմարիտ խոսքից հրաժարվելու մեծ անհրաժեշտություն է առաջ գալիս, ապա այդ դեպքում մարդ պետք է անտրտում մնա, ապաշխարի և Աստծո առջև լաց լինի՝ այդ դեպքը ժամանակավոր փորձություն համարելով: Երանելին նշում է, որ նման դեպքերը չպետք է հաճախակի լինեն, այլ միայն բացառիկ դեպքերում, այլ խոսքով ասած՝ նա, ով ստիպված է եղել ստել, պետք է ապաշխարի:

Կյանքով ստում է նա, ով, շահասեր լինելով, խոսում է ողորմության մասին և գովում այն, կամ ամբարտավան լինելով՝ հիանում է խոնարհամտությամբ: Այդպիսի մեկը գովաբանում է առաքինությունը, որպեսզի ծածկի իր ամոթը կամ որևէ մեկին գայթակղեցնի և վնասի: Հերետիկոսը կամ դևը չի կարող այլ կերպ գայթակղեցնել, եթե ոչ՝ առաքինության քողի ներքո: Առաքյալն ասում է, որ ինքը դևն էլ «կերպարանավորվում է որպես լուսո հրեշտակ», այդ պատճառով զարմանալի չէ, որ «նրա պաշտոնյաներն էլ կերպարանավորվեն որպես արդարության պաշտոնյաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի» (Բ Կորնթ. 11:14-15): Այդպես և ստախոս մարդը կա՛մ վախենում է ամոթից, որպեսզի չխոնարհվի, կա՛մ, ինչպես ասացինք, ցանկանալով որևէ մեկին գայթակղեցնել կամ վնասել, գովաբանում է առաքինությունը և հիանում, կարծես թե ինքն է այդպես վարվել և իր փորձառությամբ է ծանոթ առաքինություններին: Այդպիսինն իր կյանքով է ստում:

Այսպիսով փախչենք ստից, քանի որ ստախոսների բաժինը, ըստ Ս. Գրքի, «ծծմբով և հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է» (Հովհ. 21:8) և ձեռք բերենք ճշմարտությունը, որպեսզի Աստծո հետ միավորյալ կյանք ունենանք, քանի որ Աստված է ճշմարտությունը (Հովհ. 14:6):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

08.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․