Գրքեր

Սուրբ Անանիա Առաքյալ

Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար. նրան տեսիլքի մեջ Տերն ասաց՝ Անանիա՛: Սա ասաց. «Այստեղ եմ, Տե՛ր» (Գործք 9։10):

Հավատակից եղբայրներ և քույրեր, սիրելի ուխտավորներ,

Տեր Հիսուս Քրիստոսի անհատնում մարդասիրությամբ այս տարի ևս մեծ օրհնության ենք արժանացել՝ Անանիա առաքյալի սուրբ աջի մասունքին խոնարհվելու և հաղորդակցվելու հնարավորություն ունենալով։ Փա՜ռք Երկնային Բարերարին և որդիական խոնարհումս Վեհափառ Հորն ու մեր թեմակալ առաջնորդին իրենց հայրական օրհնության և թույլտվության համար։

Սրբությունը, որ Աստվածնմանությունն է, այն մեծագույն պատիվն ու կարելի է ասել մենաշնորհն է, որ արարածների մեջ տրված է մարդուն։ Մահկանացու, անկատար ու մեղավոր մարդը կանգնած է Աստծու և կենդանու միջև։ Սրբությունը, դրա գիտակցումը, դրան ձգտելու ցանկությունն ու կամքը մարդուն առանձնացնում, վեր է բարձրացնում կենդանուց, և ավելի մոտեցնում է Աստծուն։ Իսկ սրբություն չունեցող, սրբության չձգտող մարդը հետզհետե հեռանալով Աստծուց՝ իր վարք ու բարքով, հատկանիշներով մոտենում է կենդանուն և սկսում ավելի շուտ բնազդներով առաջնորդվող կենդանի հիշեցնել։ Թող Քրիստոս Աստված ողորմի մեզ և հեռու պահի նման ամոթալի ու անպատիվ վիճակում հայտնվելուց, քանի որ շատ ավելի հեշտ է կանխարգելել նման դրությունը, քան այն շտկելը։

Այս հարցում Տեր Աստված մեզ բազմաթիվ օգնականներ է տվել՝ բանականությունը, խիղճը, Իր Խոսքը, հայրաբանությունը, սրբերի կենդանի օրինակները և այլն։ Եվ այսօր կատարելով սուրբ Անանիա առաքյալի հիշատակությունը՝ մենք ոչ միայն պատվում ենք Քրիստոսի հավատարիմ աշակերտին, այլև հոգեշահ մեծ օգուտ ենք ստանում՝ նրա իմաստուն, խոնարհ, քաջասիրտ ու հաստատակամ կերպարից ուսանելով։

«Երկյուղած ըստ օրենքի և վկայված Դամասկոսում բնակվող բոլոր հրեաների կողմից»,- այսպես է երանելի առաքյալին նկարագրել սուրբ Պողոսը (Գործք․ 22։12)։ Իսկ նրան մահվան դատապարտած դատավորը մի փոքր ավելի պերճախոս է գտնվել՝ նրան անվանելով՝ սքանչելատեսիլ իմաստուն և հանճարեղ այր։ Եվ որքան էլ սուղ են առաջին դարերի սրբերի մասին մեզ հասած տեղեկությունները, նրանց սուրբ լինելն արդեն իսկ խոսում է Աստծու սրբագործ շնորհներով նրանց հոգու առատորեն զարդարված լինելու մասին։ Հնարավորինս մաքրված և անապական Լույսին առավելագույնս մոտեցած հոգին է միայն, որ ի զորու է ակնթարթորեն ու աներկբա կերպով ենթարկվել Աստծու կամքին, որը նրան ուղարկում է իր թշնամուն բժշկելու։ Սրբացած հոգին է, որ անվեհերորեն քարոզում է Խաչյալին մոլեռանդ հրեաների ու հեթանոսների առջև։ Չի երկյուղում թշնամական հարձակումից և չի ընկրկում դահճի չարչարանքների գործիքներից։ «Գիտության Լույս Քրիստոսին» նախընտրում է «խուլ ու համր կուռքերից» և գերադասում չարչարվել ու մեռնել հանուն ճշմարտության, քան մոլորվել խաբեությամբ։ Լսո՞ւմ եք, սիրելի՛ հավատացյալներ, թե ինչ է պատմում վկայաբանը․ սուրբ Անանիայի առջև դրված էր տանջալից մահն ու տեսակ-տեսակ պատիվներով կյանքը, նրանից պահանջվում էր միայն հրաժարվել ճշմարտությունից և առոք-փառոք վայելել իր տարիները։ Իսկ նա նախընտրեց անողոքաբար ծեծվել չոր արջառաջլերով, երկաթե քերիչներով քերվել մինչև ոսկորները, ապա դիմանալ նաև այդ սոսկալի վերքերը այրելուն և ի վերջո՝ քարկոծվելով մահանալ։

Մենք՝ փափկակենցաղներս, որքան էլ ջանանք ու զոռ տանք մեր երևակայությանը, երբևէ չենք կարող պատկերացնել, թե սուրբն իրականում ինչպիսի անմարդկային տանջանքներ է կրել, ինչպիսի աննկարագրելի ցավի է դիմացել, ինչպես է անվախորեն նայել սոսկալի մահվան աչքերին, միայն թե չդավաճանի Քրիստոսին ու Նրա տված ճշմարտությանը։ Նրա նահատակությունից քսան դար է անցել, սակայն անթիվ ու անհամար սրտեր շարունակում են ամեն օր խոնարհվել սրբի գերեզմանի առջև, և նա էլ վստահաբար Աստծու անգին վարձքին է արժանացել իր պաշտելի Քրիստոսի կողքին։ Իսկ ո՞ւր են նրա դահիճները, նրան մահվան դատապարտելու իշխանություն ունեցող դատավորը։ Ո՞վ է հիշում նրանց և ինչի՞ են արժանացել արդյոք հավիտենության մեջ։ Կարծում եմ այս հարցերի պատասխաններն ակնհայտ են մեզ համար և լուրջ մտորելու առիթ պիտի հանդիսանան հատկապես մեր օրերում, երբ սաստիկ պատերազմ է մղվում ճշմարտության դեմ բոլոր ոլորտներում։ Համառորեն անտեսվում և ամեն հնարավոր ու անհնարին միջոցներով փորձ է արվում քողարկել, աղավաղել ու կեղծել այն։ Ստի հայրը՝ Աստծու և մարդկության ոխերիմ թշնամին, խորամանկ ու բազմաշերտ պայքար է մղում իր արբանյակների միջոցով մարդկանց ամեն կերպ մոլորեցնելու, ճշմարտությունից կտրելու ու հեռացնելու համար, դրանով իսկ նրանց ուղղորդելով ստույգ կործանման։ Եվ մեզ՝ Քրիստոսի հետևորդներիս, սուրբ Անանիայի և մյուս սրբերի եղբայրակիցների առջև այսօր մահու խնդիր է դրված նրանց օրինակով ճշմարտությանը անդավաճան մնալու և ամեն կերպ այն սատարելու համար։ Զուր չէ, որ հայրերը սովորեցնում են, որ յուրաքանչյուր ոք իր տեղում է փրկվում և պետք չէ այն այլուր փնտրել։ Ուստի յուրաքանչյուրս իր երկրում, իր աշխատավայրում, իր ընտանիքում, իր շրջապատում և առաջին հերթին իր մտքում, խոսքում և գործերում պիտի քրիստոնյա մնա ու ճշմարտության ջատագով լինի։ Ես հասկանում եմ, որ դա դժվար է այսօր, երբ ամեն կողմից փորձ է արվում Աստծուն հանել մեր կյանքից, փոխարինել տարատեսակ կեղծ ուսմունքներով, կուռքերով ու զվարճություններով, և ճշմարտությունը հալածվում է, բայց և հենց դա էլ պիտի խթանի մեզ առավել ամրանալու մեր հավատքի ու մեր համոզմունքների մեջ։ Սուրբ Անանիան, սուրբ Պողոսն ու մյուսները չէին վախենում չհասկացվելուց, ծաղրվելուց ու հալածվելուց, քանի որ Քրիստոսին ունեին իրենց սրտում և հավիտենական կյանքն՝ իրենց աչքերի առջև։ Նրանք հարատևում էին Աստծու հետ կենդանի կապի՝ աղոթքի մեջ և ամեն օր կերակրվում ու զորանում էին Նրա Խոսքով։ Նրանք անբաժան էին Աստծու Եկեղեցուց, միասնական էին համայնքի հետ և աճում էին աստվածգիտության ու մերձավորի հանդեպ սիրո մեջ։ Ամենօրյա հոգևոր այս փորձառությունը ամրացնում էր նրանց կենսատու արմատները կյանքի հողմերին անվախորեն առճակատվելու և դիմակայելու համար։ Նրանք հավատարիմ էին Ճշմարտությանը ծառայելու իրենց ուխտին, իսկ Քրիստոս Իր հավատարիմների կողքին է։ Միշտ հիշեք սա, սիրելի՛ հավատացյալներ։

Եվ վերջում․ ռուս գեղանկարիչ Նիկոլայ Գեն մի կտավ ունի՝ «Ի՞նչ է ճշմարտությունը» անվանումով։ Հետաքրքիր երևույթ է․ անվանումը հարց է առանց պատասխանի։ Այս նկարի սյուժեի հիմքում Հովհաննեսի ավետարանի տասնութերորդ գլխում նկարագրված երկխոսությունն է Քրիստոսի և Պիղատոսի միջև որտեղ ասվում է․ «Պիղատոսը դարձյալ ապարանք մտավ, կանչեց Հիսուսին և ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»: ․․․․ Հիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել եմ և դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ: Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»: Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտությունը»» (33-38): Եվ այս կարևորագույն կետում երկխոսությունն ավարտվում է․ Տեր Հիսուս անպատասխան է թողնում հարցը Պիղատոսի համար, քանի որ, ըստ հայրերի՝ պատասխանը՝ «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը», անպտուղ ու անհասանելի պիտի մնար վերջինիս հոգու համար, եթե այդ պահին փակ էին նրա հոգևոր աչքերը և չէր տեսնում իր առջև կանգնած կենդանի Ճշմարտությունը։

Մենք ունենք այդ ապրեցնող պատասխանը, սիրելինե՛ր, և ունենք զորավոր օրինակներ՝ ի դեմս սուրբ Անանիայի, թե ինչպես է պետք սիրել, նվիրվել ու պայքարել հանուն Ճշմարտության։ Արդ, չերկմտե՛նք ու չվախենա՛նք։ Հաստատո՛ւն մնանք մեր հավատի ու քրիստոնեական ընթացքի մեջ։ Աստվածային ճշմարտությամբ զինված պայքարե՛նք ստի հոր կեղծիքների ու մոլորությունների դեմ։ Աստվածային լույսով բացահայտե՛նք դրանք ու Նրա ամենակարող զորությամբ փոշիացնենք։ Աստծու կանչին մեր պատասխանն էլ թող լինի միայն․ «Այստեղ եմ, Տե՛ր», և թող սուրբ Անանիա, սուրբ Պողոս առաքյալները, Քրիստոսի մյուս բոլոր սուրբ մարտիկները բարեխոս, առաջնորդ ու զորավիգ լինեն մեր ազնիվ պայքարում․ ամեն։

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

12.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․